Աթենքի
համալսա-
րանի քաղա-
քագիտության
և պետական
կառավարման
ֆակուլտետի
շրջանավարտ:
Բանա-
ստեղծ,
արձակա-
գիր:
«Անկում». ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Այն, ինչի ականատես ենք դարձել այսօր, կարելի է անվանել մեկ բառով՝ «անկում»:
Բարոյական զտիչները վաղուց կորցրած հանրությունը շարունակում է վտանգավոր պտույտներ գործել կախարդական շրջանի շուրջ: Կախարդական շրջանը ճշմարիտ վերլուծության չենթարկված ազգային մտածելակերպն է:
Պտույտ գործողները, սակայն, իրենք իրենց ազատ են համարում՝ սիրո և ամոթի զգացմունքներից, իմաստությունից, լրջությունից, հեռատեսությունից, ինքնակարգապահությունից:
Բարոյականությունից, հավատից իսպառ են զուրկ: Չեն մտածում, թե ինչպես են ծերանալու: Նրանք անզուսպ ու մանկամիտ են, չարամիտ ու հիշաչար: Խորհրդի, հորդորի կարիք չունեն: Այդ իսկ պատճառով ստիպված են լինելու կրկնել նախորդների սխալներմ ու վայելել սեփական ընտրության արգասիքը:
Գալու են արհավիրքը, պատերազմը, սովը (վարակն արդեն եկել է), բայց կախարդական շրջանի շուրջ պտույտներ գործող ու անկում ապրող հանրությունն ի վիճակի չի լինելու նվիրյալներ, հերոսներ, սպարապետներ ծնել: Բնական է՝ տարբեր հասարակական շերտերում բուն դրած ու կայուն լճացում սիրող միջակ քաղքենիներից, այստեղից-այնտեղից «մի բան կպցնող» մեծամիտ գեղցիներից, ազգի համար գիշեր-ցերեկ դարդ անող մեծապատիվ մուրացկաններից բաղկացած հանրությունը հեռու է անցյալի ու ապագայի նկատմամբ սեփական պատասխանատվությունը գիտակցելու ունակությունից:
Անպատասխանատու, վախկոտ, տգետ, կողմնակալ ու շահամոլ մարդիկ են:
Այդպիսի մարդիկ երբեք պատասխանատվություն չեն ստանձնում: Հետո զարմանում են՝ իսկ ինչո՞ւ մենք վատ ապրեցինք, ինչո՞ւ չարդարացան մեր հույսերը: Չէ՞ որ... ու սկսում են օրինակներ բերել այլ ազգերի պատմությունից, այլ լեզուներից՝ մոռանալով, որ օտարի մտածելակերպը ոչ մի կապ չունի իրենց մտածելակերպի հետ, որ օտարի պատմության բոլոր գաղտնիքներին չեն տիրապետում:
Եվ մեկ բան ևս. եթե դուք եք ընտրել վատ կյանքը, ուրեմն, դուք եք այն ապրելու: Դուք եք ձեր ընտրության հեղինակը, դուք եք ձեր ընտրության բոլոր հետևանքների կրողները: Ուրիշ ոչ ոք:
Թողնես՝ օրերով գլուխ են գովալու, թե ինչպիսի արժեքների կրող են: Բայց փորձի՛ր մեկին ասես՝ գնա, ծնողազուրկ երեխա որդեգրիր, գնա կամավոր՝ դեպի դիրքեր, դեպի խրամատ, գնա բարիք գործելու՝ առանց այստեղ-այնտեղ ինքնագովեստի, կնոսրանա այդ բաժակաճառ պաշտող գլուխգովանների շարքը:
Մինչև ազգային արժեքների մասին խոսելը հիշե՛ք, որ ավելի կարևոր՝ մարդկային, արժեքներից եք զուրկ:
Նա, ով այսօր ամուր կառչել է դեպի փակուղի տանող ազգայնական գաղափարներին, և նա, ով գլուխը կորցրել է «լիբերալիզմ», «ժողովրդավարություն», «ազատություն», «մարդու իրավունքներ» սխալ ընկալվող բառերից ու բառակապակցություններից, նույն՝ վախի ու տգիտության աղբյուրից են սնվում: Նրանք, ովքեր Աստվածաշունչ ընթերցելով՝ փարիսեցի են մնում ու չեն գիտակցում այդ, նրանք, ովքեր կռապաշտ են դառնում՝ կերակրատաշտից օգտվելու պատրվակով, նրանք, ովքեր թաքնվում են համազգեստի, անձնական շահերը քողարկող գեղեցիկ բառերի շղարշի ներքո, նույնպես սնվում են վախով և տգիտությամբ:
Փաստերի, օրվա հրամայականի հարմարեցումը իրենց ուզած տեսությանը՝ այդ է ժամանակակից հանրության ցնորածին ցանկությունը: Ժամանակակից հանրությունն ուշի-ուշով հետևում է արտարժույթի ելևէջներին, կարող է կանխատեսել, թե որքան գումար է անհրաժեշտ Նոր տարվա սեղան գցելու համար, Սև ուրբաթ օրը կարող է խանութներ գրոհել՝ հանուն տենչած զեղչերի: Բայց կենցաղային ոլորտից այն կողմ այս հանրությունը չի կարող անցնել: Չի կարող հաղթահարել Banana republic-ի համաշտանիշը:
Այս հանրությունը հարմարվող հանրություն է:
Եվ այդ է անկումը:
Արմեն Գրիգորյան