«ՀԱՅԵՐ»-ի
հիմնադիր,
գլխավոր խմբագիր
Ժուռնալիստիկան
համարում է
սեփական
«ստորագրության
պատվի»
մասնագիտություն:
Հավատացած է, որ
«Հորինել
պետք չէ՝ ոչ
երկիր, ոչ
պետություն,
ոչ էլ
կենսագրություն:
Պատասխանատվությունն
ըստ ապրված
կյանքի է
լինելու:
Ոչ թե ըստ
հորինվածի»:
Իսկ անքննելի
այս սահմանումը
հեղինակել է իր
ամենաժուռնալիստ
ընկերը՝ Այդին
Մորիկյանը:
«․․․Ապրել ժառանգություն կրողի զգացողությունը»․ ՎԱՆԻԿ ՇԱՐԱՄԲԵՅԱՆԻ նոր «վերադարձը»
Երբ գիտակցում ես, որ կանգնած ես մի տան պատշգամբում, շքե՜ղ տան շքե՜ղ պատշգամբում, շա՜տ հայկական պատշգամբում, ուր կանգնել են Թումանյանը, Չարենցը, Սիրանույշը, Մարիամ Իշխանուհին, բացառապես այլ զգացողություններ ես ունենում, որևէ բանի հետ անհամեմատելի, անբաղդատելի զգացողություններ։

Իսկ այդ պատշգամբը Դիլիջանում է, 130 տարի առաջ՝ 1896-ին կառուցված հոյակերտ մի տանը, որի առաջին բնակիչը եղել է Հովհաննես Թումանյանի մտերմուհին՝ Արցախի մելիքներից սերված Իշխանուհի Մարիամ Թումանյանը՝ հայտնի հասարակական գործիչ, իրավաբան Մարկոս Դոլուխանյանի դուստրը։ Այն Իշխանուհին, որի բարեհաճությունից ու մեկենասությունից օգտվել են Թումանյանը, հայ թատրոնի ու գրականության բազում մշակներ, բազում հայ երիտասարդներ, որ կրթվել են արտերկրում, բազում որբեր ու գաղթականներ, որ սովորել են ազգային արհեստներ։

Այն Իշխանուհին, որի մասին էր Թումանյանն ասում՝ «․․․Մարիամ Մարկովնան․․․նոր ծրագիրներ է կազմել, տե՛ր Աստված։ Ես կարծում եմ այս ձմեռ նոր բաներ ենք տեսնելու։ Նա կանի, ես հավատում եմ։ Զարմանալի կին է։ Ափսոս, որ նրան լավ չեն ճանաչում առհասարակ։ Է՜հ, վերջումը կճանաչեն, միշտ վերջումը․․․»։

Իսկ այդ զարմանալի կինը, որին «վերջումը» նույնիսկ չճանաչեցին, որը «վերջումը» նույնիսկ թղթի կարիք ուներ իր հուշերը գրելու համար, Դիլիջանում, իր այդ անձեռակերտ թվացող ամառանոցում, շքեղաշուք այդ տանը ծրագրեր էր մտածում նաև Դիլիջանի համար, 1919-20-ական թվականներին գորգագործական ուսումնարան-արհեստանոցներ էր հիմնում՝ առերևույթ աշխատանք ապահովելու համար կանանց, իրականում՝ ստեղծելու խորքային ազգային-մշակութային ժառանգություն։
Եվ ահա այդ պատկառելի հետագծով տունը, որը մի մասն է հայոց երևելի պատմության, շա՜տ արժանիորեն իր ժամանակին հանձնվում է պատկառելի մի անհատի՝ Հովհաննես (Վանիկ) Շարամբեյան մեծ երևույթին, որն այդ տան վերջին բնակիչը եղավ, այն մեծարելի բնակիչը, Իշխանուհի Մարիամ Թումանյանի ակնածանքի ու խոնարհումի արժան գործի շարունակող բնակիչը, որը հայ ժողովրդական բազմաշերտ արվեստը ոչ միայն փրկեց անհայտությունից, անհետացումից, մոռացությունից, այլև ամենայն խնամքով ու հոգածությամբ, ամենայն նվիրումով ու անձնվիրությամբ ժառանգեց սերունդներին, ժառանգելով նաև իր տունը՝ այն վերադարձնելով պետությանը հանուն թանգարանի։
Նոր ստեղծվող թանգարանի, որը դարձավ Հայաստանի ժողովրդական արվեստի ներկայանալի թանգարան՝ իր պատերի ներսում ամբարելով ազգային հին ու նոր արհեստների բազում ստեղծագործություններ, որոնք խոսում են մեր անցյալի, մեր պատմության, մեր ժողովրդի ու մեր ինքնության ամենախորքային շերտերի մասին։
Բոլորը, ովքեր գիտեին Վանիկ Շարամբեյանին, ովքեր ճանաչում էին նրան, ովքեր նրա հետ շփվելու պատիվն էին ունեցել ու պատեհությունը, գիտեին, որ Վանիկն իր էությամբ անխաթար, մաքուր, անբիծ, անեղծ մարդ էր, հողից ծնված մարդ էր, երկնային մարդ էր, կարծես, և միայն նման մարդն էր կարող 70-ական թվականներին, երբ քաղքենիությունն արդեն խորը արմատներ էր գցում, երբ սպառողականությունը դառնում էր կենսակերպ, իր փառահեղ տունը, իրեն բաժին հասած պատմական տունը, ժառանգությունը վերադարձնել պետությանը՝ իր ժողովրդի ժառանգությունը փրկելու համար։
Եվ ահա քառասուն և ավելի տարի անց այդ զգայացունց իրադարձությունից, Հայաստանի կառավարության հոգածությամբ հիմնանորոգված տանը՝ Ժողովրդական արվեստի թանգարանում, որը երկա՜ր տարիներ մեր ինքնության շերտերն անբասիր ներկայացրել է հային ու աշխարհին, սկզբունքային նոր մոտեցմամբ, հայեցակարգային նոր էությամբ ծնվում է Հայկական գործվածքի թանգարանը՝ արդեն փառահեղորեն ներկայացնելով հազարամյակների հայկական գործվածքային ժառանգությունը՝ գորգագործությունից մինչև ժանյակագործություն։ Հյուսվածքային արվեստի այն բացառիկ ուղղությունը, որի արմատները ճյուղավորվում են հայկականության ամենախորքային շերտերով, հասնում դարերի խորքը ու գալիս մեր օրեր։
Գորգարվեստը, հյուսվածքային արվեստը կարևորագույն, բացառիկ նշանակություն ունի ժամանակի ինքնութենական մարտահրավերների համատեքստում։ Այն ոչ միայն ժառագություն է, արվեստային մեծագույն ժառանգություն, այլև ինքնութենական խնդիրների անհաշտ, դաժան պայքարում հայկականության, հայի ինքնության պահպանության տեսանկյունից արժեքային նշանակություն ունի և մեծ նշանակություն ռազմավարային, մշակութաբանական առումով։
Սա գիտակցել է ժամանակին Վանիկ Շարամբեյան մեծ անհատը, այս գիտակցությամբ առաջնորդվել են նրա ժառանգները, և պատահական չէ, որ Հայկական գործվածքի թանգարանի առանցքում արդեն Վանիկ Շարամբեյանի թոռն է՝ Նարեկ Վան Աշուղաթոյանը, որը եզակի արվեստագետ ու մարդ Հրազդան Թոքմաջյանի հետ ոչ միայն ցուցադրության համադրողն է, այլև այն հիմքը, որի վրա շարունակվում ու բարձրանում է ընձյուղված շյուղը։
Ցուցադրված նմուշները քեզ տանում են դեպի քո մեծ հայրենիքի, կորուսյալ հայրենիքի շեներն ու քաղաքները, տանում են դեպի քո մշակութային պատմության խորքերը, քո արմատները, դեպի քո դարավոր եկեղեցու գոյաբանական ակունքները՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից գնալով մինչև Նոր Ջուղա, մինչև Վան ու Նոր Բայազետ՝ ներկայիս գավառ, մինչև Մարաշ, Ուրֆա ու Արցախ և խոսում են՝ առարկայորեն են խոսում, ոչ միայն քո մշակույթի, արվեստի, այն ստեղծողների բացառիկ վարպետության, անշփոթելի ձեռագրի մասին, այլև խոսում են այն մշակույթի ու կենցաղի մասին, որում ապրել են մեր նախնիները։
Ժամերով կարող ես կանգնել Մարաշի ասեղնագործական հրաշքների մոտ, կարոտ, ջերմություն ու շունչ զգալ գորգերից, որոնք գորգարվեստի բացառիկ նմուշներ են գուցե այլազգիների համար, զգալ ու լսել քո մեծ հայրենիքի շեներից ու քաղաներից եկող ձայները, երգերը, կյանքն իր ելևէջներով։
Եթե կլինեք Դիլիջանում, անպայման մտեք այս պատկառելի տունը՝ Հայկական գործվածքի թանգարանը, մաքուր մի տաքության ու անաղմուկի մեջ հաղորդակցվեք ձեր ինքնության հետ, նստեք պատշգամբում, վայելեք դիլիջանյան օդն ու լսեք այն զրույցները, որ այդտեղ ունեցել են Թումանյանը, Չարենցը, Սիրանույշը, աղուհացով Վանիկ Շարամբեյանն իր անթիվ, անհամար նշանավոր հյուրերի հետ ու ապրեք ժառագություն կրողի զգացողությունը։
Եվ այս ամենի համար մեր խոնարհումը պետք է բերենք մարդկանց, որոնք նվիրյալի ջանասիրությամբ, պատասխանատվության ահռելի բեռով, ազգային արժեքներին ու մշակութային ժառանգությանն իրենց անսակարկ պատկանելիությամբ անում են իրենց գործը և անելու են, որովհետև ժառանգական կապ ունեն այն հողի հետ, որը ծնել է այդ մշակույթը։
Արայիկ Մանուկյան



Partly cloudy