Թեմիկ Խալափյան
Թեմիկ Խալափյան

 


 

«Առաջին անգամ ինձ տղամարդ գրկեց...». ԹԵՄԻԿ ԽԱԼԱՓՅԱՆ

 

Կեսօրից հետո գալիս էր մի ժամ, որ կամաց-կամաց ձգվում էինք «Միջանցահովիկ», «Առագաստ», «Կազիրյոկ» կամ «Երևան» հյուրանոցի սրճարան, որտեղ հավաքվում էին Անիմանալին, Բաբելոնի աշտարակ կառուցող ճարտարապետը և իր շինարարական պռարաբն ու պատշարները, Հռոմը պաժառ տվողն ու Շեքսպիրի գերեզմանափորը, Օթելլոն ու Դեզդեմոնան, Էդիպուս արքան ու վերլուծողը, Սարոն ու Անուշը, Ռևազի ոչխարները մորթողներն ու ուտողները, տազիկի մեջ լողացողն ու լողացնողը, ղուշբազ միլիցեն, բնական գիտություններից՝ Խելոք մաթեմատիկոսն ու Չաղ ֆիզիկոսը, քանդակագործն ու քարտաշը, նկարիչն ու կտավ ներկողները, գիրք գրողն ու տպագրիչը, կրթված ու անկիրթ ակադեմիկոսները, անդաստիարակին դաստիարակողը, կրթվողն ու կրթվածը, թուջ ու պողպատ ձուլողները, մտածողներն ու դրանից զուրկերը, հոգևոր կյանքով ապրողներն ու աշխարհիկ կյանքով ապրող հոգևորականները, աշխատասերներն ու անբանները, հյուրասիրողներն ու հյուրասիրվողները, հայրենական պատերազմ չտեսած, բայց  դոշներին շքանշանները կախ՝ հերոսները, դատավորներն ու մատավորները, ֆլանը-ֆստանը, կոմսոմոլներն ու կոմունիստները, պրոլետարը և այլք, որոնք անցուդարձ անողներ էին:

Գարնան վերջերի այդ օրերից մի օր, այդ տեղերը ձգվողներից մեկն էլ ես էի՝ առաջին կուրսի ուսանողս, որ քայլում էի դեպի «Առագաստ» սրճարանի վերին հարկը: Իսահակյան և Լենինի (այժմ Մաշտոցի անվան) պողոտայի խաչմերուկի հատման մասում մի պուլպուլակ կար և մինչև հիմա դեռ կա, այդ պուլպուլակին մինչ իմ հասնելը՝ մի կին ինձնից առաջ կռացավ, ավելի շուտ շրթունքները թրջեց, քան կում արեց ու ցանկացավ պողոտան հատել:

Երկու-երեք քայլ չարած՝ մեքենայի արգելակած անիվների ճռռոցը լսեցի ու մեկ էլ  տեսա այդ կնոջ մի կողմ ընկնելը: Մեքենան «Վոլգա-21» էր, վարորդը մեքենան չկանգնեցրեց իր զոհին օգնելու համար, քշեց ու գնաց: Վազեցի կնոջ կողմը օգնության:

Ծե՜ր կին էր՝ զառամյալ, երբ գիրկս առա, այնքան թեթև էր, որ ծանրություն չզգացի: Գրկած՝ հետ վերադարձա: Խաչմերուկի անկյունի հացի խանութի կին աշխատողներն էլ դուրս թափվեցին կնոջն օգնելու համար:

Խանութի ներսից մեկը աթոռ դուրս բերեց, մյուսը՝ պուլպուլակից մի բաժակ ջուր, խանութի ներսում մնացածը շտապ օգնության հեռախոսահամարն էր հավաքում: Պատի տակ դրված աթոռին հարմարեցրի և տեղավորեցի խեղճ պառավ կնոջը:

Հավաքվածներից մի կին, թե տղամարդ՝ սրտի զարկերակը սկսեց ստուգել:

Փողոցի այն կողմից էլ սկսեցին մարդիկ հավաքվել: Մի գեր տղամարդ, որ կանգնել էր կողքիս, ասաց.

- Դե, ի՞նչ կասեք էդ տեսակ վարորդի մասին, հը՞:

Ոչ ոք ուշադրություն չդարձրեց մարդու տված հարցին:

- Աստված իմ,- ասաց շենքի երկրորդ հարկից իջած մի կին, ինձ մի կողմ հրելով,- տեսա՞ք էդ վարորդը ոնց անամոթաբար փախավ: Ու դա կատարվեց հենց քաղաքի ամենակենտրոն մասերից մեկում, Լենինի պրոսպեկտի, ուղիղ «Նաիրի» կինոթատրոնի մոտ: Դեռ այդպիսի բան չէր պատահել: Աստված իմ:

- Դե, ի՞նչ եք կարծում,- նորից հարցրեց կողքիս կանգնած գեր տղամարդը,- ո՞վ կարող է լինել էդ վարորդը: Շրջաններից եկած պետհամարանիշի մեքենա՞ էր, չնկատեցի՞ր:

- Գաղափար չունեմ,- ասացի,- ես էլ առաջին անգամ ականատես եղա, որ վրաերթի ենթարկող մեքենայի վարորդը թողներ ու փախչեր:

- Այ քեզ բա՜ն,- հառաչեց գիրուկը:

- Ես ուրախ եմ, որ դու վազելով հասար խեղճ կնոջը օգնելու,- ասաց երկրորդ հարկից իջած կինը,- վերևից տեսա ամեն ինչ: - Ես էլ նույնը կանեի:

Տուժածի շուրջը մոտ քսանից ավելի մարդ էր հավաքվել: Բոլորի տեսքը վախեցած էր:

Պառավ կինը ոտից գլուխ չորացած մի կին էր, մաշկն էլ էր չորացած, բերանն էլ, ձայնն էլ, ձեռքերն էլ: Նա ցածրահասակ էր, ուսերը կորացած:

- Կարծում եմ, ինչ-որ քաղաքային մի որոշում պիտի կայացնել այս կարգի բաների դեմ,- ասաց գիրուկ տղամարդը, թուլացած փողկապը ձգելով ծնոտի տակ:

- Այո, ճիշտ որ,- ասաց երկրորդ հարկից իջած տիկինը: - Հո չի կարելի օրը ցերեկով քշել քաղաքի գլխավոր պողոտայով ու մարդ գցել ավտոյի տակ:

- Իմ պարտքն է՝ վկա ու ականատես լինել այս բանին: Համոզված եմ, որ սրա դեմ անպայման  ինչ-որ որոշում պիտի լինի,- ասաց գիրուկը:

- Ոչ մի որոշում էլ չկա,- ասաց մեկը, որ այս երկուսին ականջալուր էր:

- Ես պիտի զեկուցագիր գրեմ եղածի մասին,- ասաց գիրուկն ու թաշկինակով սրբեց քրտնած երեսը:

- Ոչ ոք չտեսա՞վ էդ ավտոյի համարը,- ասաց երկրորդ հարկից իջած կինը:

Ոչ ոք չարձագանքեց տիկնոջ հարցին:

Ծեր կինը ջրով լի բաժակը տարավ անարյուն շրթունքներին, մի կում ջուր առավ բերանը, ապա բաժակը հետ վերադարձրեց իր գլխին թեքված հացավաճառ կապուտաչյա կնոջը, որն իր որպիսությունից էր հարցնում:

Կինը ձեռքի հակառակ մասով շրթունքները սրբեց, ապա աչքերով փնտրեց ինձ, գտավ ու ասաց.

- Իննսուն տարեկան կդառնամ, մի հիսուն տարի կլինի մարդս չկա, չեմ ամուսնացել, ոչ մի տղամարդու էլ մոտ չեմ թողել, և ոչ էլ ինձ գրկող է եղել: Հիսուն տարի հետո, առաջին անգամ ինձ տղամարդ գրկեց,- ասաց ու ինքն էլ ժպտաց ու բացեց իր անատամ բերանը, ապա ափով փակեց:

Կապուտակ աչքերով կինը ժպտալով ուղղվեց իմ կողմը ու մի ձեռքով չանչ արեց ծեր կնոջը: Բոլորով ժպտացինք, ապա ծիծաղեցինք բարձրաձայն, իսկ ամենավերջում քրքջացինք ու լրջացանք:

Ես, հեռանալուց առաջ, թեքվեցի դեպի ծեր կինը ու ճակատը պաչեցի:

- Պաչ էլ ստացար, տատի,- ասացին ներկաներից մի քանիսը ծիծաղելով:

Բազմության մի փոքր մասն էր միայն ցրվել այդ ընթացքում, մյուսները փոքր խմբերի բաժանված դեռ խոսում էին իրենց տեսածի ու լսածի մասին:

 

Թեմիկ Խալափյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ