Լիլիթ Ալեքսանյան
Լիլիթ Ալեքսանյան

«Առաջին անգամ թողարկվել են փոխադրումներս». ՌՈՒԲԵՆ ԿՈՍԵՄՅԱՆ

 

Առաջին անգամ թողարկվել են փոխադրումներս. Ռուբեն Կոսեմյան

Այս տարվա սկզբին թողարկվեց կանադահայ հանրահայտ ջութակահար, մենակատար Ռուբեն Կոսեմյանի նոր ձայնասկավառակը, որը ներառում է խոշոր կոմպոզիտորներ Անրի Վյոտանի, Կամիլ Սեն-Սանսի ստեղծագործությունները, ինչպես նաև Մորից Մաշկովսկու, Ալեքսանդր Սկրյաբինի, Սերգեյ Ռախմանինովի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների՝ Ռուբեն Կոսեմյանի հեղինակային փոխադրումները ջութակի և դաշնամուրի համար։

- Ռուբեն, շնորհավորում եմ Ձեր հերթական մասնագիտական ձեռքբերումը։ Ի՞նչ կպատմեք ձայնասկավառակի մասին։   

- Սա իմ հեղինակությամբ առաջին ձայնասկավառակն է, որում ներառված են իմ փոխադրումները ջութակի և դաշնամուրի համար։ Դրանց թվում են լեհ կոմպոզիտոր Մորից Մաշկովսկու «Կայծեր» (“Étincelles”) կոչվող դաշնամուրային համերգային պիեսը։ Փոխադրումը նվիրել եմ այս գործի անկրկնելի ու անմոռանալի կատարող վիրտուոզ դաշնակահար Վլադիմիր Հորովիցին։

Մաշկովսկու «Կայծերը» ջութակի և դաշնամուրի համար ժամանակին փոխադրել է նաև 20-րդ դարի ջութակի մեծագույն վարպետ Յաշա Հեյֆեցը։ Նոտաների՝ նրա աշխատանքային օրինակը ստացա Վաշինգտոնի Կոնգրեսի գրադարանից, երբ արդեն ինքս փոխադրել էի։ Պարզապես հետաքրքրիր էր, թե նա ինչպես է աշխատել։ Այն վերջնական տեսքի բերված չէ, և մինչ օրս չի էլ ձայնագրվել։

Ձայնասկավառակի մեջ ներկայացված հաջորդ ստեղծագործությունը Ալեքսանդր Սկրյաբինի դաշնամուրային էտյուդն է (Օպուս 65 N 2), որը նվիրել եմ ծագումով լեհ ամերիկացի ջութակահար, մենակատար Ադամ Հան-Գորսկուն՝ Յաշա Հեյֆեցի աշակերտին։ Նա նաև տվյալ գործի ջութակի պարտիայի խմբագիրն է։

Մեծանուն հայ կոմպոզիտոր և դաշնակահար Առնո Բաբաջանյանի՝ 1952 թվականին դաշնամուրի համար գրված «Կապրիչիոն», որը փոխադրել եմ ջութակի և դաշնամուրի համար, նույնպես ներառված է ձայնասկավառակում։ Կոմպոզիտորի տղան՝ Արա Բաբաջանյանը, ում պատկանում է Առնո Բաբաջանյանի ժառանգության իրավունքը, սիրով թույլ տվեց այս գործը փոխադրել, ձայնագրել և հրատարակել։ Այս փոխադրումն արել եմ հատուկ որպես «անկոր»։

Նշեմ նաև, որ ձայնասկավառակում ներառված՝ Սեն Սանսի Ջութակի կոնցերտ No. 3-ը կատարվել է Յաշա Հեյֆեցի հեղինակային նշումներով՝ ըստ նրա նշած աղեղների ու ապլիկատուրայի, ինչպես նաև նյուանսների ու կուպյուրների։ Ձայնագրությանը նախապատրաստվելիս՝ մասնագիտական շփումներ են եղել Հեյֆեցի աշակերտների հետ։

Հետաքրքրական է ձայնասկավառակի շապիկը, քանի որ ներկայացված մի քանի գործերից ձևավորվողներն ընտրեցին հայ նկարչի՝ Լիլիթ Ալեքսանյանի «Հալհլոց» կոչվող աբստրակտ աշխատանքը։

- Ի՞նչ կարևորություն ունի այս ձայնասկավառակը ձեզ համար։

- Ձայնասկավառակը նվիրել եմ ջութակահար, մենակատար Ադամ Հան - Գորսկուն, ում մասին արդեն խոսեցի։ Նրա հետ ծանոթ եմ երեք տարի, մինչ օրս շարունակվում են մասնագիտական շփումներս։ Արդյունքում՝ Սկրյաբինի «Օպուս 65 N 2»-ի ջութակի պարտիան հրատարակվեց Ադամ Հան-Գորսկու ցուցումներով ու նշումներով։ 

Կոնցերտմեյստեր ու մենակատար Ադամ Հան-Գորսկին իր հսկայական փորձը ձեռք է բերել Յաշա Հեյֆեցի մոտ չորս տարվա ուսումնառության ընթացքում, որի ավարտին Հեյֆեցը նրան տասնութերորդ դարի իտալական ջութակ է նվիրել։

Նրա ուսուցիչներն են եղել նաև 20-րդ դարի մեծագույն ջութակահարներ Օդեն Փարթոսը, Շանդոր Վեգը, Ջոզեֆ Գինգոլդը, Հովհաննես Գալամյանը և Ուիլիամ Փրիմրոուզը (Հուբայի, Աուերի և Իզայիի աշակերտները)։ Ուսուցիչների երեք սերունդներ Հան-Գորսկուն ուղիղ գծով կապում են 19-րդ դարի հսկաների՝ Վիենիավսկու, Վյոտանի և Յոահիմի հետ:

- Ռուբեն, մեր վերջին զրույցից հետո սա կարծեմ միակ նորությունը չէ։ Ուրիշ ի՞նչ ձեռքբերում ունեք։

- 2023 թվականի վերջում թողարկվեց ևս մեկ ձայնասկավառակ. Յոհաննես Բրամսի սոնատներն ու սկերցոն՝ մեկում։ Սկերցոն հետաքրքրական է նրանով, որ այն 19-րդ դարի կոմպոզիտոր Ռոբերտ Շումանի նախաձեռնությամբ ջութակի և դաշնամուրի համար գրված «F-A-E սոնատի» չորս մասերից մեկն է։ Սոնատի մասերը հեղինակել են ժամանակի երեք մեծագույն կոմպոզիտորներ Շումանը (2-րդ և 4-րդ մասեր), Բրամսը (Սկերցո) և Ալբերտ Դիտրիխը (1-ին մաս)։ Բրամսի հեղինակած «Սկերցոն» հետագայում որպես առանձին գործ հրատարակվել է նրա մահից շատ ժամանակ անց։

- Ի՞նչ կասեք նոր ծրագրերի, գաղափարների մասին, և ե՞րբ կարող ենք Ձեզ տեսնել, լսել բեմում։

- Այս պահին աշխատանքներ են ընթանում Սերգեյ Պրոկոֆևի՝ «Լեյտենանտ Կիժե» ստեղծագործության վրա։ Կոմպոզիտորը համանուն սև-սպիտակ կինոժապավենի համար գրված իր գործը հետագայում դարձրել է նվագախմբի համար սյուիտ, որն էլ ես փոխադրել եմ ջութակի և դաշնամուրի համար։ Ինչպես նոտաները, այնպես էլ ձայնասկավառակը նախապատրաստվում են թողարկման։

Մտադրություն ունեմ Հայաստանում Բախի՝ ջութակի համար գրված «Սոնատ և պարտիտներ»-ից մասեր նվագելու։ Համերգների սպասեք մոտակա ժամանակներում։

 

Լիլիթ Ալեքսանյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ