«Առաջին գրական պատումը Սարդարապատի մասին. «Փրկությունը»՝ ՀԱՅՏՆԻ ՈՒ ԱՆՀԱՅՏ...»
1974 թվականին հրատարակվում է մի վեպ՝ «Արևը գեղեցիկ է մայրամուտին» վերնագրով, որը նախնական մտահղացմամբ պետք է գեղարվեստորեն պատկերեր 11-րդ «փառապանծ» Կարմիր բանակի «փրկարար» մուտքը Հայաստան:
Բայց վեպի հեղինակին՝ Վազգեն Առաջին Ամենայն Հայոց Հայրապետի բնորշմամբ՝ «հայրենաշունչ» գրող Ռոբերտ Կարայանին հաջողվում է վեպը դարձնել առաջին գրական, գեղարվեստական պատումը Սարդարապատի հերոսամարտի մասին, լճացման այդ տարիներին հայ հասարակությանը ուրույն կերպավորմամբ պատմելով Առաջին Հանրապետության ծնունդի ու հայոց անկախ պետականության ակունքների մասին:
Նպատակային ջանքով կարողանալով աշխատանքի անցնել Սփյուռքահայության հետ կապի կոմիտեում, Ռոբերտ Կարայանն իր ապագա ստեղծագործության համար ջանադրաբար ուսումնասիրում է պատմական ու գեղարվեստական գրականությամբ հարուստ այն գրադարանը՝ աշխարհի 140 գաղթօջախներից առաքված գրքերով, որ կար այդ կոմիտեում:
«Արևը գեղեցիկ է մայրամուտին» վեպի հրատարակումից հետո սակայն, հասկանալի պատճառներով, տասը տարով հետաձգվում է գրքի երկրորդ հատորի հրատարակությունը և միայն 1983 թվականին, մի շարք երևելի մտավորականների ու մասնավորապես անվանի գիտնական, կուսակցական, հասրակական-քաղաքական գործիչ Կառլեն Դալլաքյանի ջանքերով այն լույս աշխարհ է գալիս «Փրկություն» վերնագրով, որի տիտղոսաթերթին էլ Վազգեն վեհափառը թողնում է հետևյալ գրությունը՝ «Հայրենաշունչ գրող Ռոբերտ Կարայանին՝ գնահատանքով և օրհնությամբ»:
Թեպետ Ռոբերտ Կարայանի «Փրկություն» վեպը հրատարակվել է նաև մեր օրերում, բայց այն քիչ հայտնի է մեր ընթերցողին, ուստի շնորհակալ ենք Ռոբերտ Կարայանի դստերը՝ Մարինե Կարայանին, որ սիրով «ՀԱՅԵՐ» մեդիահարթակին տրամադրեց մի հատված վեպից, որը հրապարակում ենք՝ նվիրելով այն Սարդարապատի հերոսամարտի բոլոր հերոսներին:
«... Ելավ լուսաբեր արեգակը եւ հմայիչ փայլով շողացրեց զինավառ հայր Մասիսի հասակը:
Ամպե ճերմակ ծվենները բազմախումբ աղավնիների նման շտապորեն թեւեցին դաշտն ի խոր, ասես երկնային մունետիկներ լինեին, որ պիտի արթնացնեին մարդկանց, ոտքի հանելու նրանց ստույգ չարիքի հանդիպման:
Շարունակվում էր ահեղ զանգականչը: Սարսուռոտ ղողանջներն արեւի անհամար շողերին դիպչելով ասես արձագանք են տալիս. «Ոտքի՛... Ոտքի՛...»: Դաշտի արեւասեր ծաղիկներն անգամ խստաբար այդ հարվածից պատրաստ՝ սպասում են իրենց բյուր փշիկներով...
Հյուսիսակողմից սեւ ամպեր երեւացին: Նրանց միջից ահեղ մի ձայն էր թնդում: Մերթ անհետանալով բլրալանջի ետեւում, մերթ հայտնվելով տեսանելի լանջերի վրա, սեւազգեստ ամպագունդը վերջապես ընդարձակվեց արձակ դաշտի մեջ...
- Գնդապետ Պապաշա՛,- երկյուղաձայն կանչեց մի դիրքապետ, եւ զինվորները խշրտոցով շարժեցին հրազենի փակաղակները,- դրանք տաճիկնե՛ր են, սեւ սքեմների տակից ուր որ է կարձակեն հրացաննե՛րը:
Պավել բեգ Փիրումյանը հանդարտությամբ ձեռքով նշան արեց հապաղելու: Նա դեռեւս հեռվից առաջին ձիավորի անվարժ ձիավարգից ճանաչեց երեւելի հայագետ եւ պերճախոս Գարեգին Հովսեփյանին:
Սա թեքվել է երեսնիվայր: Ասես վախենալով ամեն վայրկյան ընկնելուց, չի բարձրացնում խոհազարդ գլուխը: Դրանից ձին քայլաչափում է զգույշ եւ ջանադիր: Հակառակ՝ կողքից ձիավարողները՝ Զավեն առաջնորդը, Եզնիկ, Դանիել եւ Թադեւոս վարդապետները ջանում են զսպել երիվարներին, որոնք անբավականությամբ ձգում, թափահարում են սանձերը՝ ամեն պահ հանդգնելով արշավել...
Վերջապես, ներկաները հետզհետե ճանաչեցին մոտեցողներին: Գարեգին սրբազանը, տեղ հասնելուց, դադար լռությունից հետո, խոսեց այսպես.
- Զորական եղբայր, Պավել բեգ, եւ դուք իմ զինվոր-որդիք սիրեցյալնե՛ր...
Նա հուզվեց իրեն ուղղված բյուր հայացքներից: Այդ հուզումը կրկնակեց տասնհինգամյա մի պատանյակ, որը հայտնվելով զինվորների արանքից, կանգնեց դեմ առ դեմ՝ ձեռքում հսկա փոցխ-եռաժանի:
Եվ սրբազանը շարունակեց...
- Ահավասիկ, հինգ հարյուր կռվողներ եկել են ինձ հետ, եւ ձեր կողքին ենք հիմա, դառնագույժ այս ժամին: Նրանք պատանքավորներ են, ամեհի մահապարտներ՝ պատրաստ զոհվելու սուրբ հայրենյաց ազատության համար: Ուրեմն, չերկնչենք չարամիտ թշնամուց... Հիշենք սուրբ Խրիմյան հայրիկի «Հայ գույժը» եւ քաջամարտենք կորովի: Հիշենք քաջաբազուկ Մամիկոնյանին, եւ զարկենք հանուն հայրենյաց: Այս է մեր վճիռն հանապազօրյա... Վաղնջական ժամանակներից շատ բանակներ եկել-անցել են այստեղով: Եկել են Ուգարիտից եւ Բիբլոսից, Թալիշից եւ Տիրոսից, Լուրիստանից են եկել եւ այլ ծեգերից: Եկել են ու գնացել: Նորեն եկել են բյուրաթիվ անգամ... Առյուծասպան մեր նախնիք, ելել են՝ լանջակների վրա արեւի սուրբ նշանը եւ այդ նշանով քաջամարտել, ընկել են հերոսի վայել մահով: Արդ, դրուժան տաճիկն է եկել եւ քշել մեզ ծայրագավառի այս խորքը: Ի զեն, զավակնե՛ր իմ, ի վրե՛ժ... Այս ժամից մարտի ելնենք ամենքս: Ի վրե՛ժ...
Այս խոսքերից ոստոստեցին Գարեգին սրբազանի խոր ընկած աչքերը: Վտիտ ուսերը բարձրացել են, եւ նա հուզախռով ավետանքից հետո փայլփլում է արեւի տակ՝ ձեռքի խաչի ցոլանքների մեջ:
- Ի զե՛ն, ի վրե՛ժ, -կրկնեց նա տիրաբար:
Անսպասելիորեն հինգ հարյուր նորեկ պատանքավորներ ասպարեզ հանեցին թիկնոցների տակ պատսպարած զենքերը եւ միահամուռ ճոճեցին օդում...
Պավել բեգը խթանեց իր ձիուն, մոտեցավ.
- Շնորհակալ եմ, սրբազան, - դարձավ նա՝ գլխի թեթեւ խոնարհանքով:
Գարեգին սրբազանը շշնջաց լսելի ձայնով.
- Տեր, կեցո զհայս եւ արա զնոսա խիզախ եւ անընկճելի...
Նրա դալուկ հայացքը քիչ հետո անցավ պատանյակի վրա, ով փոցխ-եռաժանի է բռնել՝ իր հասակից կրկնաչափ երկար: Հարցրեց գորովանքով.
- Որտեղի՞ց ես, որդյակ:
- Սվասից, - պատասխանեց:
- Ծնողքդ կա՞ն:
Տղան «ոչ» ասելու փոխարեն տարուբերեց գլուխը, աչքերը՝ բոբիկ ոտքերին:
- Իսկ դո՞ւ, ջահել զինվոր, - դիմեց հաջորդ մարտիկին:
- Ես կարծես բախտավոր եմ, սրբազան: Իմ հարազատները զոհվեցին երկրաշարժի ժամանակ...
- Երանի քեզ, որդյակ, որ չեն մորթել աչքերիդ առաջ...
Արբակ ծերունուն հանդիպելիս մեծագութ եւ բարեխրատ Գարեգինը ակամա շրջեց երեսը՝ հասցնելով նկատել նրա մազածածկ կուրծքը, վրան հսկա մի ճանկախաչ... Ահազդու է հալիվորի կերպարանքը, եւ նա չկարողացավ երկար նայել:
Պավել բեգը կողքից հուշեց.
- Դիվահար մարդ է, պատվելի: Մի խումբ շուն տաճիկներ նրան տանջել են Կարսաճամփին: Հիմա սպասում է վրեժով լցված...
Այնտեղ հանկարծ շեփորեցին երկարորեն: Զորագո՛ւնդ, շա՛րք: Լեգեո՛ն առ լեգեո՛ն: Վա՛շտ առ վա՛շտ...
Գալարափողի ձայնակցությամբ Պավել բեգը սուրաց հավաք շարասյունն ի վար:
- Գնդապետ Պապաշա, հեռախոսի մոտ, - հեռու դիրքատեղից թռավ մի զինվոր, ընդառաջ վազեց Պավել բեգին:
- Ո՞վ է:
- Գեներալ Սիլիկյանը: Սկսվո՛ւմ է,- շտապեց ծեր զորականը եւ նետվեց դաշտային հեռախոսի մոտ:
Զանգերն առաջվա ձայնով ահաբեկիչ խրոխտում են: Դի՛նգ-դա՛նգ: Դի՛նգ-դա՛նգ...
Պրկված աղեղի նման բյուր աչքեր շանթաձիգ դարձան դեպի հանդիպակաց հորիզոնը: Վերադարձավ Պավել բեգը: Ընթացքի մեջ որոնելով ամենաբարձր հողաթումբը, նա պատվանդանի վրա ելավ, անշարժացավ: Թիկունքից բոլորը տեսան զորավարի ժիր կզակը, կաշեփոկերից նեղված նրա մեջքը, որն ամենեւին չէր փլվել առաջացող տարիքի ավերող ուժից: Ծերությունը ապրած կյանքի քանորդ-մնացորդն է:
Պավել բեգին արժանի այդ հասակը առլեցուն է հպարտությամբ եւ ասպետելու տենչը խտանում է նրա երակներում: Վեհ հայացքի դիմաց ծավալված դաշտը նրան այժմ որսարան է թվում, ուր պիտի հայտնվեին արյունածարավ եւ խուժադուժ տաճիկները... Եվ նա գոչեց՝ հսկա սուրը վեր պարզած.
- Հետեւա՛կ, կենտրոնից, աջից եւ ձախից պատրա՛ստ...
Արեւի շողերը վրա տվին՝ ասես փախցնելու նրա ձեռքից սուրը, եւ զորավարը, թվաց՝ ոչ թե վեր է ձգել, այլ ինքն է ամուր կախվել շողարձակ հսկա թրից:
- Դիրքապետե՛ր, գնդացիրներով՝ պատրա՛ստ...
Հետեւակից անանջատ, ծիրանուտի մեջ անհամբեր հեծյալ գունդը մեկեն խտացավ, ինչպես ցատկ անող վագրը, որն ուր որ է պիտի ելնի խորտակարար հարվածի: Առջեւում, արեւալույս ջերմող փայլերի տակ սպասում է հայրենի դաշտը: Գործգլուխ եւ դառնաշատ գյուղացին չի հասցրել այնտեղ տափանել շուռ տված հողը եւ անբեղուն թողած՝ հեռվից նայում է՝ լացը սրտի վրա: Նա, որ սամիթն ու տուխտը կհավաքեր օշարակ շինելու համար, այժմ ծնկներն է տրորում՝ տեսնելով ինչպես կծղվում, քարանում են անծայր-անքանակ ցելերը... Նա չի հասցրել անգամ տուն բերել առվամիջից քաղած նորաբուսիկ սեզն ու առվույտը, որ այժմ չորացած՝ տրցակ-տրցակ երեւում են այս ու այն կողմերում:
Ղողանջահար զանգերն ավետում են մայիսի քսաներկուսի առավոտը: Բախտորոշ հայոց պատերազմի առավոտը... Ծեր եւ իմաստուն սպարապետի նման՝ Մասիսը ոստնեց մշուշի միջից, հայտնվեց ադամանդե սաղավարտը գլխին...
***
Հակառակորդից թռած առաջին արկերը պայթեցին ոչ շատ մոտիկ: Հերթական եւ տեղատարափ արձակումներից քիչ անց, հակառակ դիրքատեղից հետեւող շնորհալի զորականն անշուշտ պիտի սեւեռեր փորձառու աչքը՝ հասկանալու համար, թե ի՞նչ է որոշել տաճիկը նույն նշանառությամբ անվերջ խոցելով ամայի դաշտի կենտրոնն ու ծայրամասերը: Եվ որովհետեւ համբերող զորապետին քաջածանոթ է ախոյանի տենչը, նա մի պահ պիտի համոզի իրեն, թե թշնամին դրան դիմել է հեռատեսությամբ՝ ստուգելու՝ արդյոք հայերը գնդացիրներով չե՞ն քողարկվել դաշտում, ցաք ու ցրիվ երեւացող տրցակ խոտերի մեջ... Եվ նա շարունակում էր խփել տասնյակ փողերից:
Յուրաքանչյուր պայթյունից դղրդում էր շրջապատը, եւ վայրագ արկերն այնտեղ խորտակում էին բազում հողաշեղջեր...
Թուրք հրաձիգները կարծես վճռել են դադար առնել այն ժամանակ, երբ իսպառ կոչնչացնեն հանդիպակաց կասկածելի դիրքատեղերը: Նպատակին, սակայն, ոչ մի արկ դեռ չէր հասնում: Դրանից Պավել բեգը արծվակերպ դարձավ թիկնապահին:
Սա ջահել նժույգին զսպելու ճիգից եւ ահաբեր մթնոլորտից բարակ քրտինք է հագել: Դրանից անուրախ ցոլում են պատանեկան բեղիկները:
- Ի՞նչ ասացիք, զորավար,- դիմեց, սակայն, քաղցրահնչյուն: Ինչո՞ւ է լռում դաշտային մեր հրետանին: Նկատելի չէ՞, որ տաճիկի լեռնային անկարող թնդանոթները այլ կերպ եւ հեռու չեն կրակելու: Սկսում են իրենց առաջշարժը...
Ծեր գնդապետը մտաբերեց Դանիել բեգի՝ մոտիկ գիշերվա անաչառելի փաստարկները.
«Պավել, մենք պիտի շահենք պատերազմը եւ գիտես ինչո՞ւ»:
«Չշահենք՝ կմեռնենք, Դանիել»:
«Նրանք այս պատրաստությամբ չեն սպասում մեզ: Բռնված լրտեսները խոստովանեցին: Նրանք հույս ունեն այստեղից Գանձակ եւ Բաքու մտնել առանց որեւէ դիմադրության»:
«Դե, որ հազար մղոններ խարդավանքով կտրել-հասել են առանց լուրջ արգելքի, ինչի՞ց պիտի երկյուղեն հիմա, երբ Երեւանը հանձնելու հայադավ լուրն էլ ականջներին է»:
«Մենք պիտի կանգնեցնենք, Պավել»:
«Քչաթիվ չե՞ն մեր ուժերը կատաղի «գելիբոլու»-ի հանդեպ, Շեւքի փաշայի հանդիման»:
«Մեր հույսը ժողովուրդն է, աշխարհագունդը, որ ելել, ահա, սպասում է մեր կողքին: Մեր ետեւում հարազատ գյուղերն են, թուրքերի առջեւում՝ մեր կրակը ...»
«Դանիել, վախենում եմ՝ Մյուրսել փաշան հարավից հանկարծ իջնի մեր թիկունքին»:
«Զուր չզոհեց իրեն ամրոցապետ Վասպուրը: Վարարած Արաքսը հավատարիմ մեզ պահպանում է թուրքի հարվածից: Այնտեղ է նաեւ Արմենակի եւ ուրիշ ուժեր»:
«Ուրեմն՝ մեր գործին հաջողություն, Դանիել»:
«Հաջողությո՛ւն»:
«Ե՞րբ կսկսի խփել մեր հրետանին»:
«Երբ դադարի զարկել տաճկական թնդանոթը»:
«Դանիել, մեզ ավիրելուց հետո՞»:
«Նրանք պիտի խփեն Սարդարապատից եւ մոտիկ Ղամշլուից, իսկ եղած լեռնային փողերով հազիվ դաշտի կեսը ձգտեն: Հաշված է ամեն բան: Տաճիկը մեր ուժին անտեղյակ է: Անհոգ գալիս է՝ բանակը Գանձակ տանելու համար: Այնժամ կորոտա ամենափող դաշտային մեր հրետանին»:
«Տաճիկն այդպես հեշտորեն վայր չի դնելու յուր գլուխը»:
«Սարդարապատից դուրս պրծնելուց հետո այլ ելք փնտրելու չէ: Նա ո՞ւր պիտի իրեն ապավինի հանկարծակի մեր հարվածից հետո: Ղարաբուրունու ղռե՞րը... Վայրէջքոտ այդ ճանապարհը ստույգ մահ է նրա համար: Այնտեղ անգամ մի թուփ չկա, որի ետեւում կարողանա պատսպարվել, մի ստվեր, որպեսզի պաշտպանվի տոթագին արեւից, մի կաթիլ ջուրն ի՞նչ է, այն էլ չի գտնելու եւ ստիպված՝ կարիճ ու օձ պիտի ճզմի, նրանց թույնով թրջելու ծարաված սիրտը»:
Պավել բեգը մտովի հարազատ երկխոսությունից տոգորված՝ մեկեն մտրակեց ծնկները: Ասես դա պետք էր զգաստանալու համար: Նա կտրուկ դարձավ թիկնապահին.
- Իսկապես, ժամանակը չէ՞, որ խփել սկսի մեր հրետանին:
Պատասխանը լսելուց առաջ ակամա ետ շրջվեց: Կարծես հրետանավորները վաղուց սպասում էին այդ ազդանշանին:
Գնդապետ Դանիել բե՛գը,- լսվեց շրջապատում:
Ներքեւից լանջամերձ ափով ձիարձակ թեւում էր Դանիել բեգը:
Նա քիչ հետո առանձնացավ խմբից եւ շտապով հայտնվեց վերեւում՝ ինչպես Դավիթը՝ Մարութա կատարին:
Պավել բեգը շտապեց դիրքերը՝ անձամբ գործադրելու արյունակից զինակցի կարգադրությունը:
Բարդու նման վեհացած, սպասում է Դանիել բեգը: Նա կանգնել է անհողդողդ եւ նժույգն անգամ իր հեծյալի կապարե խռովքից անշարժացել է տեղում:
Արեգակն ասես նույնպես անհամբերում էր: Նա սպասում էր գնդապետի թիկունքում՝ կարծես պատրաստ՝ ինքն էլ լսելու հոգսաշատ Դանիելի հրամանը:
Զորավարը, սակայն, հապաղում էր: Սաստիկ տարակուսա՞նքն է գամել նրան... Մի՞թե դեպի փոթորիկ կգնան՝ ինչպես անառագաստ նավը, թե՞ տասնապատիկ ստուգված վճռի աճող հուզումն է փաթաթվել նրան. դարաճակատ հայոց այս մարտում, եթե հաղթություն չլինի, կորած է ամեն բա՛ն: Ամեն բա՛ն...
Դանիել բեգը հայացք նետեց մոտիկ շարքերի վրա: Հաստարմատ կաղնու նման այնտեղ կանգնել է Արբակ ծերունին՝ խոժոռված երկարատեւ սպասումից: Կանգնածներից ոչ ոք այլ կերպ չէր նայում: Դանիելը մեկից զգաստացավ, երբ աջակողմից Գարեգին սրբազանը ողջունելու համար վեր պարզեց խաչը եւ վեղարի միջից վերուվարեց ծեր գլուխը:
- Քաջ Գարեգին,- շշնջաց Դանիել բեգը:
Նա պահ հետո դեպի վեր տարավ ազդու ձեռքը, որը նաեւ պերճամիտ սրբազանին պատասխանելու նշան էր: Սակայն դա առաջին հերթին ազդանշան էր հրանոթաձիգների համար...
Շրջապատը մեկեն փուլ եկավ կործանարար հարվածից: Հայոց հրետանին խփեց անդադար եւ կործանարար... Պավել բեգը շտապեց զորագունդը հանել մարտի...
- Ելի՛ր, իմ ետեւի՛ց...
Հայոց ազատագունդը մեկ մարդու պես ոտքի ելավ, ամրապարիսպ եւ գոտեպինդ՝ առաջացավ մարտական կարգով: Արագածակողմ Մոլա Բայազետից մինչեւ Արաքսամոտ Էվջիլար՝ ալիք-ալիք տվող շարքերը գնալով դարձան մանգաղաձեւ եւ դժվար է հավատալ, որ ամենաբազում այդ համագնդերը բարձրացան տափատերեւ թփուտների, գռուզ-գռուզ խաղողաթմբերի ետեւից: Նրանք դոփյուն քայլաչափերով արշավում են շեշտահար ու բարձրագլուխ, կարծես ետեւում թողած բուսական գոտիները թաքստոցներ չէին, այլ կանաչ վիրակապեր, որոնցով ամեն ոք պիտի ապաքինիր իրեն՝ զարկվելուց հետո...
Հեռվից ծանոթ մի երգ բռնկվեց. Երգը գնալով տասնապատկվեց բազմաբերան եւ գումար-գումար ձայնով տարածվեց հեռու...
Անտեր մնար Հասան Ղալեն,
Մեռնի Էնվեր փաշի բալեն:
Երգում են պատանքավորները: Երգում են չարացած ու ձիգ, եւ այդ երգը, ինչպես արորի քաշած գիծը դաշտում, երկարում էր:
Լուռ էր ճերմակահեր Գարեգինը: Նա գնում էր ջրակալած աչքերով ու հայացք էր դարձնում մերթ Պավել բեգին, մերթ Արբակ ծերունուն, մերթ եռաժանին առաջ բռնած պատանյակին, որին անվերջ ետ էր քաշում մեծգլուխ գյուղացին.
- Ադա, դեսը կաց, դու իմ քամակից արի,- նրա կյանքից վախեցած՝ բղավում էր Մուշեղ-գյուղացին՝ կրկին ու կրկին ետ պահելով խլրտուկին:
Պատանին, սակայն, քիչ հետո դարձյալ բսնում էր մի ճեղքից, կարծես փափագում էր. ե՞րբ կերեւա թշնամին եւ ինչպիսի՞ կերպարանք ունի նա:
Եվ հենց նա առաջինը ընկավ մոլորված գնդակից: Երկինքը սեւացավ աչքին: Հայացքը ծանոթ գյուղացուն, մեղավոր ժպիտն արյունազուրկ երեսին, նա հանդարտիկ հանգավ:
- Է՛յ-հե՛յ,- որոտաց գյուղացին, եւ շրջապատը մեկեն ալիք տվեց մեծ արձագանքով:
Խրտնած տաճիկը սանձազերծ հզոր նժույգի նման հայտնվեց Ղամշլու դաշտում...
Անսանձ եւ մոլեգին՝ նա հանկարծ ծառս եղավ հանդիպակաց պատնեշի հանդիման:
Երկյուղալի էր տեսարանը: Արյունած աչքերն այս ու այն կողմ շրջելով, նա մեկեն ետ դարձավ, ուռցրեց ահալի մեջքը եւ հապաղեց մի պահ: Ծավալուն գավակի վրա կրակե խարանները դեռ ծխում էին: Լեռնային ժխորով դեռ որոտում էր հայոց հրետանին.
Այնտեղ, քիչ առաջ, գոռոզ Շեւքի փաշայի հանդիման, գոչյունների աճական ալիքով հայերը հոլովեցին իրենց անխախտ շարքերի թիվը: Մեկեն ինչպե՞ս փոխվեց ամեն բան: Արյունոտ գլխով տաճիկները մեկեն ցցվեցին հարթ տարածության վրա... Որքան անսպասելի եւ ավերիչ էր գնդակոծությունը, նույնքան անգամ անհավատալի ելան բազմազինվոր հարձակվողները, որոնք ասես բարձրացան գետնի տակից եւ շարժվեցին հաստաշերտ ու չարակամ խոյանքով...
Բարձունքից, ինչպես ափի մեջ, նշմարելի է ամբողջ դաշտավայրը ... Գնալով խտանում էր Դանիել բեգի դեմքի մռայլը: Մոտիկ Սարդարապատ գյուղից անվերջ դաշտ լցվող ախոյանի նորախմբերն աստիճանաբար ստվարանում էին, եւ շատերը տաճկական լսելի ձայներով այնտեղ բղավում էին իրար...
Հանդուգն զինվորներն այդ բղավոցից պառկում էին գետնին՝ առաջ պարզելով հրազենները: Պահ հետո նրանք պիտի դառնային անմրցելի, անսանձ եւ համազարկող:
- Ո՞ւր է Կլիչը,- Դանիելը ելավ ասպանդակներին, անհամբեր՝ օդում շաչեց մտրակը:
Կապիտան Խորեն Իգիթխանյանի հրետանային մարտկոցը խփում է հարավային Սեւ բերդից: Սարդարապատի մեջ ավերակող նրա անկասելի ու դիպուկ կրակը չէր կարող երկարել ավելին: Եվ դա ոչ այնքան անկարելիությունից, թեպետ, իսկապես, անտեսանելի էր տեսադաշտը, որքան այն վտանգից, որ արձակվող արկերը կարող են հասնել յուրայիններին...
Այդ Կլիչն էր նկատելու արձակ դաշտ քշված տաճիկներին: Նա դիպուկ կրակով պիտի ոչ միայն կրկնակեր «Գելիբոլու» խուճապն ու սոսկումը, այլեւ բաժան-բաժան անելով՝ նրանից մի մեծ զորաբաժին պիտի առանձնացներ Պապաշայի ուժերի համար...
Եվ չուշացավ Կլիչը: Թռած բազմախումբ արկերն այնտեղ ախոյանին հողմացրիվ արին: Դա պատահեց ճիշտ այն պահին, երբ խճճված տաճիկը հանպատրաստի դիրքերից սկսեց խառնիխուռն գնդակոծել... Նա, որ քիչ առաջ պատրաստվում էր քաջակորով ընդունել մարտը, կրկնակի աղետից հետո հուսաբեկվեց... Մեռնողների անհույս հեծեծանքը, չարագուշակ բղավոցները, մանավանդ արկերի բազմաժխոր ավերմունքը դաշտը լցրել են դժոխային իրարանցումով: Այնտեղ զուր է հայհոյում թուրք վաշտապետը՝ արյունոտած դեմքն անվերջ դարձնելով աջ ու ձախ: Սա դադար չառավ անգամ մահացու երկրորդ գնդակից հետո, որին շատ հեռվից դարձյալ խոցեց նշանաձիգ Դանիել վարժապետը:
Թուրքը միայն մի պահ երերաց ձիու վրա: Նա մեկեն դարձավ սոսկալի, խելագար արձակումով գրոհեց առաջ, դեպի հայոց շարքերը: Նրա ետեւից ոչ ոք չերեւաց եւ ոչ ոք չիմացավ վայրախոս հանդուգնի կործանումը: Նորից վարդապետն էր, որը զարմացած եւ առավել զայրացած՝ նրան հավերժորեն տապալեց արդեն մոտիկից...
Տաճկական վաշտը մնաց առանց հոգատարի: Այլեւս չկար նա, ով ջղաձիգ ու անպատկառ բղավում էր.
«Էշօղլիներ, ո՞ւր, էնտեղ քողարկված գյավուրներն են, ետ դարձեք»:
Լեղապատառ փախչողները, սակայն, այլ ճանապարհ չունեին՝ գլուխներն ազատելու համար... Թեւիկի գնդացիրը մեկեն մերկացավ խրձի միջից ու հրակոծեց անվրեպ եւ ուժգնորեն: Հետեւորդները չուշացրին գնդակների տարափը: Ճիշտ եւ ճիշտ կատարվում էր այն, ինչ վաղօրոք ծրագրել էր Դանիել բեգը... Բազմաղետ եւ սատակիչ հարվածից հետո տաճիկն այլ ելք չգտավ, քան բնազդի դրդմամբ նահանջել դեպի Կարաբուրուն, որտեղից նա մի օր առաջ հասել էր Սարդարապատ... Տաճիկ բանակն արդ նմանվում է հոշոտված հսկա գազանի, որն ահարկու հրացանազարկերից զգուշացած, ետ-ետ ընթացքով՝ կռնակի համար ապահով պատնեշ է փնտրում՝ շարունակելու պայքարը մագիլաշատ թաթերով...
Այդ պատնեշը չկար ուղտափշերով լցված ամայի տարածության մեջ, եւ թուրքը չշտապեց Կարաբուրուն:
Օ՛, վատաբախտիկ հայոց ճակատագիր: Մի՞թե ստույգ եւ արդարացի հաղթանակդ պիտի դառնա անհնարին, եւ թշնամին վերընձյուղված՝ պարտությունից պիտի թաքցնի պիղծ գլուխը:
Դանիելը պրկվեց, քարացավ. «Ինչո՞ւ հապաղեց Պապաշան: Ո՞ւմ է սպասում Պերեկրեստովը: Հապա ինչո՞ւ չբարձրացան ազատաբերան աղաղակով: Ո՞ւր է աշխարհազորը: Ի՞նչ է անում Դոլուխանյանը: Ո՞ւր կորավ Ջհանգիր աղան: Պանդուխտի մշեցիները ո՞ւր քաշվեցին»:
Սոսկալին բռնկվել է առջեւում: Դրան չէր սպասում ոչ ոք: Ավելի շուտ՝ այդ ամենը կատարվեց ակնթարթային արագությամբ: Հայոց կողմը մի պահ շվարեց: Արյունալի տաճիկը չվրիպեց այս անգամ: Հրետակոծության ավարտի վրա նա անսպասելի եւ անկորուստ ցցվեց դաշտի երկարությամբ... Հիսունհինգ դարերի միջով մարդու հողագունդը աղավաղած տասնչորս հազար հինգ հարյուր պատերազմները հավանաբար քիչ են տեսել նման անձնազոհության օրինակներ: Կողոպտիչները նենգամիտ են եւ վախկոտաշատ: Սակայն, տաճիկն հանկարծ առաջ շարժեց հեծելազորը... Սա չարշավեց նահանջի ճանապարհով, ինչպես սպասվում էր: Այլ՝ տեղ հասնելուն պես մեկեն կանգ առավ սպառնալից: Հեծյալները սկսեցին համազարկել ոչ այնքան մարտնչելու, որքան ախոյանին շփոթ բերելու մտադրությամբ:
Անկարելի էր այդ պահին հասկանալ, առավել եւս՝ նկատել, թե մեկից ի՞նչ որոշեց տաճիկը եւ ի՞նչ է կատարվում նրա պատնեշած թիկունքում: Ճարճատող հայոց գնդացիրների հեղեղը եւ հայոց մարտագնդերի ավերիչ հրացանազարկը չհասցրին շուտափույթ քանդել, մերկացնել հանդիպակաց միաձույլ ձիաշարքերը: Գնդակվածների փոխարեն շտապ հայտնվում են նորերը եւ սրանք էլ աներկյուղ պատրաստ են ընկնելու մամլուկների մահով...
Նրանք դիմացան այնքան ժամանակ, մինչեւ ապահով միջանցքով գողունի հեռացան Շեւքի փաշան եւ նրա ետեւից այլ ծպտյալներ: Հայերի կորուստը միայն այդ չեղավ, սակայն: Թուրքերը կարողացան այդ ընթացքում ժողովել իրենց հետեւակը եւ տարբեր դիրքերում տեղավորել քսան գնդացիր, որոնք քիչ հետո մոլեգնորեն թնդացին հայոց դիրքերի վրա...
Ճղակտոր տաճիկը մեկեն վերակենդանացած՝ անսպասելիորեն սասանեց հայոց առաջապահներին:
- Դանիե՛լ,- տագնապած եւ ազդու դարձավ Սիլիկյանը, որ ամբողջ ժամանակ հետեւում էր մարտի ընթացքին,-թշնամու այս կրակը միայն մեծ կրակով կհանգչի: Ո՞ւր է Սակելյարին: Կլիչը թող չլռի...
Գեներալը մի պահ վախեցած նայեց դաշտակողմ: Ծայր հուզմունքից հանկարծ բղավեց Դանիելին: Այնտեղ Պապաշան ձիարձակ շտապում է այս ու այն կողմ: Ո՞ւմ է փնտրում...
Մանրամարմին ու ժրաջան Սակելյարին նշանավոր իր մարտկոցը քողարկել է ծիրանուտների մեջ, սպասում է: Սպասում է հրամանի: Սակայն զգալով վերահաս վտանգը եւ Պապաշային պաշարած նկատելի տագնապը, չհամբերեց: Նա չէր համբերել եւ մի այլ ժամանակ՝ Իգդիրը թողնելու օրերին... Բարձր հրամանատարությունը հատուկ նշեց նրա անձնական խիզախությունը՝ արժանացնելով պարգեւի, իսկ նույն հրամանի երկրորդ կետով՝ ինքնակամ գործելու համար ենթարկեց երեք օրվա տնային բանտարկության... Սակելյարին մշտապես պատժվում էր նաեւ մի այլ սովորույթի համար: Նա յուրաքանչյուր թեժ մարտից հետո, հրամանատարությանը ներկայանալու եւ հաշվետվություն տալու փոխարեն, մշտական ուղեկից այծենակաճը փռում էր որեւէ հրանոթի տակ՝ վայրկենապես տրվում ինքնամոռաց քնի հրապուրանքին... Տարօրինակ նման փաստանշումներն ամենեւին չեն ստվերել առաջնակարգ հրետանավորի բարի համբավը: Զորաբաժնում նա ճանաչվել ու գնահատվում է որպես նշանառու մարտկոցապետ, որի արձակած յուրաքանչյուր արկը կործանարար է եւ մահաբեր:
Այժմ նրա հրետանին դեւաթեւ որոտաց՝ հետզհետե գտնելով եւ ավերելով թուրքերի նորանոր կրակակետեր:
Կլիչի վերջին արկերը որոտացին որպես հակահարձակման նախանշան:
Անսպառ, սակայն այս անգամ անապավեն տաճիկն այլ որոշում չընդունեց, քան խանձված իր համատարած լեշը գաղտագողի քարշ տալ դաշտածայրամաս: Գորշ եւ սիսեռագույն վիթխարի այդ զանգվածը շարժվում էր աննկատ զգուշությամբ, ասես չցանկանալով ցուցադրել իր կռնակը, որտեղ հայերը պիտի կարդային նրա ստույգ նահանջի խայտառակ վճիռը...
Քաջարի բարձրացավ Պավել բեգը: Հրացանավորները մեկից կռացան փողերի վրա՝ չարագուշակ ու ձիգ, մեկից ցցվեցին սրերը, եւ խառնաձայն գոչերը թռան գնդակներից առաջ...
Շարժվեց հայոց ազատագունդը: Տաճիկների հասցրած հարվածը աննշմարելի չէր, բայց նա չէր խարխլել հայ քաջորդիների շարքերը, եւ այժմ նրանք գնում են մանգաղաձեւ շարվածքով...
... Հայոց արգասավոր գրոհի լուրը ոտքի էր հանել բոլորին: Նրանք ճախրում էին խուռներամ՝ իրենց թեւերին տանելով կժերով սառնորակ ջուր, հացակապոցներ: Տեղ հասնելով, տեղացի մամիկներն ու դեռատի աղջիկները գրկախառնվում էին յուրային զինվորներին: Նրանք իրենց հարազատների կարոտն էին առնում... Համարձակները շտապեցին ավելի ներքեւ, այնտեղ, որտեղից անցել էր մահն՝ իր կործանիչ գերանդիով...
- Վիրավորներին հասնե՛նք,- շրջապատին հորդորեց Սիրարփի մայրիկը եւ հայոց կանանց երամը տարավ իր ետեւից...
Մինչեւ ուշ երեկո նրանք ապահով ափ տեղափոխեցին վիրավորներին եւ նահատակներին ... Հուզումնաշատ տեսարանից արեգակը չէր ցանկանում լեռնային իր անկողինը իջնել: Քիչ անց վառվռուն աչքը պահեց տառապած հրճվողներին...
Դաշտամիջում զուռնան փչեց հաղթական եղանակ: Բոլորած բազմությունը առաջացավ, սկսեց օրորվել...»:
Հ.Գ.
«Սարդարապատ» երգը, ինչպես և «Էրեբունի-Երևան» երգը, որ հետագայում դարձավ հայոց մայրաքաղաքի հիմնը, ծնվել է մեծանուն հայ կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի և Պարույր Սևակի հրաշալի համագործակցությամբ, 1968 թվականին, երբ նշվել է Սարդարապատի հերոսամարտի 50-ամյակը և պետք է բացվեր Ռաֆայել Իսրայելյանի նախագծած հուշահամալրը:
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ