«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

«Առաջին կարգադրությունը եղավ՝ փակել համալսարանը...». ԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆ

 

Այս օրերին, երբ նշվում է Մայր բուհի՝ Երևանի պետական համալսարանի 100-ամյա հոբելյանը, պատմական իրադարձություններն ու պատմական անձերը գալիս են լույս սփռելու անցյալի դժվարին օրերի վրա:

Այդ պատմական անձերից է վեհաշուք Հառիճավանքում  նախնական կրթությունը ստացած պատմաբան, լեզվաբան, բառարանագետ, բանասիրության դոկտոր, պրոֆեսոր, մեծանուն գիտնական ԵՐՎԱՆԴ  ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆԸ, որը նաև հանճարեղ Կոմիտասի ուսանողական ընկերն էր ու մտերիմը, Կոմիտասին Հառիճավանքի ու Հառիճի հետ մտերմացրած երևելի այրը:

Եվ ահա, Երվանդ Տեր-Մինասյանը, որ կանգնած է Երևանի պետական համալսարանի հիմնադրման ակունքներում, որ անձամբ է ընտրել Գյումրիի այն պատմական շենքը, ուր հիմնադրվել է Մայր բուհը, որ արարողապետն է եղել համալսարանի հանդիսավոր բացման, իր հուշերում բացառիկ հետաքրքիր մանրամասներ է պատմում այդ աննախադեպ օրերից և համալսարանի սկզբի օրերից:

Եվ այսօր «ՀԱՅԵՐ» մեդիահարթակը տպագրում է եզակի հիշողություններով լեցուն մի հատված մեծանուն գիտնականի հուշերից, որը սիրով մեզ տրամադրելու համար շնորհակալություն ենք հայտնում գիտնականի թոռնուհուն՝ հայտնի ճարտարապետ, մշակութային գործիչ Անուշ Տեր-Մինասյանին:  

 

«... Երբ Անդրկովկասյան երեք ազգերի (վրացիների, հայերի և ադրբեջանցիների) միացյալ կառավարությունը երեք մասի բաժանվեց և կազմվեցին ազգային կառավարություններ Թիֆլիսում, Բաքվում և Երևանում, և դաշնակցականներից կազմված Հայոց ազգային խորհուրդն իր ամբողջ կազմով 1918 թ. առաջին ամիսներին տեղափոխվեց Երևան, Թիֆլիսում հայերի բազմաթվության պատճառով կազմակերպվեց «Վրաստանի հայոց ազգային խորհուրդը» - հայ ժողովրդի վերաբերյալ բոլոր գործերին (դպրոցներ, գաղթականություն և այլն) հսկելու և ղեկավարելու համար:

Այդ նոր ազգային խորհրդի կազմի մեջ մտնելու իրավունք ունեին այն ժամանակվա չորս խոշոր կուսակցությունների ներկայացուցիչները (սոցիալ-դեմոկրատներ, սոցիալ-հեղափոխականներ, հայ ժողովրդական կուսակցություն և դաշնակցականներ):

Ինձ հայ ժողովրդական կուսակցությունն ընտրեց որպես իր ներկայացուցիչը, և ես այդ պաշտոնը վարեցի մինչեւ 1919 թ. նոյեմբերը:

Պայմանավորվածության համաձայն՝ ես պետք է ղեկավարեի դպրոցական գործը:

Առհասարակ բոլոր գործերը «Վրաստանի հայոց Ազգային խորհրդում» կառավարվում էին կոլեգիալ հիմունքներով և նախագահները հերթափոխվում էին ամիսը մեկ անգամ:

Իմ նպատակը չէ այստեղ մտնել «Վրաստանի հայոց ազգային խորհրդի» գործունեության մանրամասնությունների մեջ, միայն հարկ եմ համարում այստեղ ավելացնել, որ այդ ազգային խորհրդի մեջ ամենաազդեցիկ և կարկառուն անձնավորությունը սոցիալ-դեմոկրատիայի ներկայացուցիչ Արամայիս Երզնկյանն էր, որ հետագայում մտավ բոլշևիկների շարքերը:

Ես հանգիստ շարունակում էի ինձ հանձնարարված գործը, այցելում էի Թիֆլիսի հայկական դպրոցները, խորհրդակցություններ ունենում այդ դպրոցներում դասավանդող ուսուցիչների հետ և աշխատում, որ ամեն ինչ կանոնավոր ընթանա և ոչ մի կոնֆլիկտ չառաջանա մեր և վրացական պետական վարչության միջև:

Այլև 4 ամիսը մի անգամ որպես նախագահ ղեկավարում էի Խորհրդի նիստերը:

Այդ պաշտոնից ես ազատվեցի 1919 թվականի վերջին ամիսներին, երբ Երևանի հայկական կառավարությունը հաստատեց ինձ «Հայաստանի պետական համալսարանի կազմակերպիչ հանձնաժողովի» ռոճկավոր անդամ, և ես ստիպված էի այժմ այդ ուղղությամբ աշխատել: Իմ պաշտոնը «Վրաստանի հայոց ազգային խորհրդում» ստանձնեց հայտնի հայ գրագետ և մանկավարժ Իսահակ Հարությունյանը:

«Հայաստանի համալսարանի կազմակերպիչ» նշանակված էր Դավիթ Զավրյանը՝ որպես միանձնյա ղեկավար, բայց որովհետև գործը շատ դանդաղ էր առաջ գնում, Հայաստանի կառավարությունը համալսարանի ռեկտոր նշանակեց հայտնի պրոֆեսոր Յուրի Ղամբարյանին և կազմակերպեց վերև հիշված հանձնաժողովը, որի անդամ էի նշանակված նաև ես:

... Կազմակերպիչ հանձնաժողովը ռեկտոր Ղամբարյանի առաջարկով որոշեց իր անդամներից մեկին գործուղել Հայաստան, որպեսզի մանրամասն ուսումնասիրի դրությունը Աղեքսանդրապոլում, Երևանում և Էջմիածնում և պարզի, թե այդ 3 վայրերից որտեղ հնարավոր է համալսարանի թեկուզ ժամանակավոր բացումը:

Այդ ծանր պարտականության կատարումը դրվեց ինձ վրա, և ես անմիջապես մեկնեցի Հայաստան՝ հարցը վերջնականապես պարզելու: Իմ գործուղումը երկու շաբաթից ավելի տևեց եւ դրական արդյունքների հասցրեց:

Ես նախ կանգ առա Աղեքսանդրապոլում՝ ծանոթանալու համար այնտեղի պայմաններին և հնարավորություններին: Ես բանակցություններ էի վարում և հաճախակի խորհրդակցություններ ունեցա Աղեքսանդրապոլի քաղաքային վարչության ղեկավարների, նաև քաղաքի ինտելիգենցիայի հետ, որ մեծ մասամբ դաշնակցականներից էր բաղկացած:

Նրանցից մեկը մի ժողովում ինձ մինչև անգամ այսպիսի հարց տվեց, թե այդ մեր համալսարանը կարո՞ղ է մրցել Մոսկվայի, Լենինգրադի կամ Բեռլինի ու Փարիզի համալսարանների հետ:

... Ես զգուշավոր պատասխան տվի, թե ոչ մի նորաստեղծ պետություն չի կարող միանգամից այնպիսի բարձրագույն ուսումնական հաստատություն հիմնել, որ կարողանա մրցել հարյուրավոր տարիների կյանք ունեցող և փորձառու հիմնարկների հետ: Բացի այդ՝ հարկավոր են շատ մեծ նյութական միջոցներ՝ ուսումնական շենքերի, գրադարանների, լաբորատորիաների, գործիքների համար և այլն,  որ նորաստեղծ պետությունը կարող է միայն որոշ ժամանակի ընթացքում և ոչ միանգամից հայթայթել:

Եթե մենք ուղիղ դնենք գործի սկիզբը և սիրով ու հոգատարությամբ վերաբերվենք նրան, ապա անկասկած ժամանակին կունենանք իսկական, ամեն ազգի պատիվ բերող ուսումնական հիմնարկություններ: Սրա դեմ առարկություններ չեղան, բոլորն էլ բնական համարեցին և միացան այդ բացատրությանը և որոշեցին նպաստել Հայաստանի համալսարանը Աղեքսանդրապոլում բաց անելուն, իրենց ուժերի չափով ազդելով Քաղաքային վարչության վրա:

Բայց Աղեքսանդրապոլի քաղաքային վարչությունն այնքան սրտանց ցանկանում էր համալսարանը բացված տեսնել հայրենի քաղաքում, որ կարիք անգամ չեղավ երկար բանակցություններ վարելու այդ վարչության հետ: Վարչության անդամները ինքնաբերաբար առաջարկեցին այնպիսի պայմաններ, որոնցից ավելի նպաստավորները իմ մտքով իսկ չէր անցնում:

Աղեքսանդրապոլի քաղաքային վարչությունը խոստանում էր-

1) Համլսարանի դասախոսությունների և պարապմունքների համար տրամադրել Աղեքսանդրապոլի Առևտրական դպրոցի դահլիճներն ու դասարանական սենյակները, որոնք միանգամայն նպատակահարմար էին այդ գործի համար: Պարապմունքները պետք է լինեին հետճաշյա, ժամը 4-5-ից սկսած:

2) Կազմակերպել ուսանողական հանրակացարան, որի համար հատկացնել առանձին հարմարավոր շենք, որը և ցույց տրվեց ինձ որպես համալսարանի ներկայացուցչի:

3) Հենց որ քաղաքային վարչությունն ստանա Մինիստրների խորհրդի որոշումը համալսարանը Աղեքսանդրապոլում բաց անելու մասին, նա անմիջապես կտրամադրի այն 7-8 սենյակը, որ անհրաժեշտ է դրսից եկող դասախոսներին տեղավորելու համար:

Ինձ ավելի ոչինչ հարկավոր չէր, և ես շնորհակալություն հայտնելով Քաղաքային վարչությանը՝ ուրախ սրտով մեկնեցի Երևան, տեսնելու, թե այնտեղ կամ Էջմիածնում հնարավոր է համալսարանը տեղավորել: Ասեմ նախապես, որ Էջմիածինը կտրականապես հրաժարվեց համալսարանը Էջմիածնում տեղավորելու մտքից, ուրեմն ինձ մնում էր ծանոթանալ Երևանում տիրող դրությանը:

Լուսավորության մինիստր Նիկ. Աղբալյանը ինձ ուղարկեց համապատասխան մարմինների մոտ՝ գործին ծանոթանալու և հնարավորությունները ճշտելու նպատակով: Հարկավոր էր հաստատուն տեղեկություններ ստանալ, թե ո՞ր շենքում պետք է տեղավորվի համալսարանը, եթե այն բացվի Երևանում և արդյոք Երևանի քաղաքային վարչությունը կարո՞ղ է իսկույն ևեթ համալսարանի դրսից եկող դասախոսների համար տրամադրել անհրաժեշտ 7-8 սենյակը:

Իմ ստացած վերջնական տեղեկությունների համաձայն՝ Երևանի քաղաքային վարչությունը մինչև այն ո՛չ համալսարանի համար շենք է նախատեսել և ո՛չ էլ դասախոսների համար բնակարաններ: Ճիշտ է, 2-3 ամիս առաջ գրավոր հայտնված է եղել Թիֆլիս՝ համալսարանի կազմակերպիչ հանձնաժողովին, որ համալսարանի կարիքների համար նախատեսված է 3-4 սենյակների բռնագրավում, բայց փաստորեն դրանք լոկ խոսքեր են եղել և իրապես ոչինչ արված չէ: Այս հուսահատական տեղեկություններով վերադառնալով Լուսավորության մինիստրի մոտ՝ ես նրան մանրամասն բացատրեցի, որ եթե Հայաստանի կառավարությունը իրոք ուզում է առաջիկա ամիսներին համալսարանը բաց անել, ապա այդ կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե Մինիստրների խորհուրդը որոշի համալսարանը բաց անել Աղեքսանդրապոլում:

Լուսավորության մինիստրը իմ այդ զեկուցումը հաղորդել էր Մինիստրների խորհրդին, և այդ խորհուրդը որոշել էր.

1) Հայաստանի համալսարանը «ժամանակավորապես» բաց անել Աղեքսանդրապոլում 1920 թվականի հունվարի 31-ին և 2) Կարգադրել, որ համալսարանի կազմակերպիչ հանձնաժողովը այդ համալսարանի գույքը և նրա վերաբերյալ բոլոր գործերը անմիջապես փոխադրի Աղեքսանդրապոլ, ինչպես և հրահանգի հրավիրված դասախոսներին 1920 թվականի հունվարի 31-ին լինել իրենց պաշտոնավայրերում՝ Աղեքսանդրապոլում:

Թյուրիմացությունների առիթ չտալու համար հարկ եմ համարում հարակցել, որ առաջիկա 1920 թվականի առաջին սեմեստրում (փետրվար-մայիս) նախատեսվում էր բաց անել միայն պատմագրական ֆակուլտետի առաջին կուրսը:

Կառավարության որոշման համաձայն համալսարանի հանդիսավոր բացումը իրոք տեղի ունեցավ 1920 թվականի հունվարի 31-ին, Աղեքսանդրապոլում:

Նախօրոք տպագրվեց միօրյա թերթ «Հայաստանի համալսարան» (31.1.1920), որի մեջ, ի միջի այլոց, հոդվածներ էին զետեղել համալսարանի ռեկտոր Յուրի Ղամբարյանը, Սարգիս Խանոյանը, համալսարանի գրեթե բոլոր դասախոսները. կար նույնիսկ Գևորգ Սուրենյան կաթողիկոսի «Օրհնության կոնդակը»:

Բացման հանդեսին մասնակցելու համար Երևանից հատուկ գնացքներով Աղեքսանդրապոլ էին ժամանել կառավարության անդամնները, բազմաթիվ պաշտոնատար անձինք և մտավորականներ:

Հանդիսավոր նիստն անցավ մեծ հաջողությամբ և շուքով: Արարողապետը տողերիս գրողն էր ռեկտորի կարգադրությամբ: Ճառերից և ողջույններից հետո ընթերցվեցին ստացված 300-ից ավելի շնորհավորական հեռագրերից միայն մի քանիսը. Անդրկովկասի համալսարանի բժշկական ֆակուլտետից, Կովկասյան բժկական ընկերությունից, Ռուսաց աշխարհագրական ընկերության Կովկասյան բաժանմունքից, Կովկասյան պատմա-հնագիտական ինստիտուտի գիտնական անդամների ժողովից, Բաքվի պետական համալսարանից, Թիֆլիսի Պոլիտեխնիկական ինստիտուտը հիմնարկող գլխավոր կոմիտեից, Թիֆլիսի Պոլիտեխնիկական ինստիտուտից և այլն և այլն:

Համալսարանի բացման հանդեսը վերջացավ Աղեքսանդրապոլի քաղաքային վարչության կազմակերպած շքեղ բանկետով, որից հետո հետևյալ օրն իսկ՝ փետրվարի 1-ին, սկսվեցին կանոնավոր պարապմունքները հետևյալ դասացուցակով.

1. Պրոֆեսոր Մեսրոպ Տեր-Մովսիսյան, Հայոց գրականության հին շրջանը, շաբաթական 2 ժամ.

2. Պրոֆեսոր Երվանդ Տեր-Մինասյան, Հայոց պատմություն, հին շրջանը, շաբաթական 2 ժամ.

3. Դոցենտ Ստեփան Մալխասյան, Հայոց լեզու (գրաբար) - շաբաթական 4 ժամ (2 ժամ սկսնակների և 2 ժամ պատրաստվածների համար),

4. Դոցենտ Գարեգին Հովսեփյան, Գրչության արվեստը հայոց մեջ - շաբաթական 2 ժամ.

5. Դոցենտի պաշտոնակատար Ռուբեն Աբրահամյան, Համեմատական լեզվաբանություն - շաբաթական 2 ժամ,

6. Դոցենտի պաշտոնակատար Սիրական Տիգրանյան, Հոգեբանություն - շաբաթական 2 ժամ.

7. Դասախոսուհի Ն. Սիմոնյան, Ընդհանուր պատմություն (Նոր դար) - շաբաթական 2 ժամ,

8. Դասախոսուհի Է. Ուսպենսկայա, ֆրանսերեն - շաբաթական 4 ժամ (2 ժամ սկսնակների և 2 ժամ ավելի պատրաստների համար).

Բացի այս դասերից՝ շաբաթական 2 ժամ նշանակված էր Արևելքի պատմություն, որ պետք է կարդար պրիվատ դոցենտ Աշխարհբեկ Քալանթարը, բայց այդ դասախոսությունները անհայտ պատճառներով տեղի չունեցան: Դրա փոխարեն սեմեստրի կեսից շաբաթական 2 ժամով տնտեսագիտությունից դասախոսություններ կարդաց Ռուսաստանի ժամանակավոր կառավարության Լուսավորության մինիստր, Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր, հայտնի կադետ Մանուիլովը:

Այս դասացուցակով 4 ամիս շարունակ շաբաթական 22-24 ժամ կանոնավոր և անխափան դասախոսություններ էին տեղի ունենում Հայաստանի համալսարանի Պատմագրական ֆակուլտետի 1 կուրսում:

Սեմեստրը վերջացնելուց հետո հունիս ամսին կառավարությունը համալսարանի ամբողջ կազմին՝ ռեկտորի հետ միասին, հրավիրեց Երևան, նրա հետ նիստ ունեցավ, բանկետով պատվեց Երևանի այգիներից մեկում և հայտարարեց, որ երկրորդ սեմեստրը տեղի է ունենալու արդեն Երևանում, և համալսարանի ամբողջ կազմը իր գույքով սեպտեմբերին կտեղափոխվի Երևան:

Եվ իրոք, ամառվա ամիսներն անցնելուց հետո համալսարանն իր ունեցած -  չունեցածով դասախոսական կազմի հետ միասին սեպտեմբերի վերջերին փոխադրվեց Երևան և զետեղվեց նախկին Ուսուցչական սեմինարիայի շենքում, որ հետո էլ երկար տարիներ ծառայեց համալսարանին, մինչև նոր ընդարձակ և հարմարավետ հատուկ շենքերի կառուցումը համալսարանի համար:

Մինչ համալսարանի վարչությունն ու խորհուրդը զբաղված էին համալսարանի ընդարձակ կանոնադրությունը կազմելով և հաստատել տալով, կազմում էին համալսարանի հաստիքների ցուցակը և նախահաշիվը 1920-21 թթ. համար, Մինիստրների խորհուրդը որոշումներ էր հանում համալսարանի ուսանողներին զինվորական ծառայությունից ազատելու և արտոնություններ տալու մասին, հետզհետե ավելի ու ավելի էր շիկանում քաղաքական մթնոլորտը, սրվում էին հարաբերություններն Հայաստանի կառավարության և թուրքերի միջև և անխուսափելի էր համարվում պատերազմը:

Այդ դրության հայտարարն էր նաև այն, որ մեզ, համալսարանի դասախոսներիս, օր ու մեջ տանում էին Փարաքարի բլուրներն ու դաշտերը՝ զինվորական վարժություններ ու խաղեր կատարելու համար, որպեսզի կարողանանք պատերազմի ժամանակ օգտակար լինել:

Պատերազմ իսկապես բռնկվեց երկու թշնամի բանակների միջև, բայց շատ արագ կերպով պարտություն կրեց հայոց զորաբանակը, խոշոր երկրամասեր (Կարսի ամբողջ շրջանը և այլն) գրավեցին թուրքերը և մոտենում էին կրկին Աղեքսանդրապոլին: Բայց հենց այդ օրերին էլ՝ 1920 թ. նոյեմբերի 29-ին Հայաստանը ռուսական զորքի օգնությամբ սովետական դարձավ:

Հայաստանի հեղկոմական բոլշևիկյան կառավարության գլուխ կանգնեց Սարգիս Կասյանը, իսկ ժողովրդական լուսավորության կոմիսարի պաշտոնն ստանձնեց Աշոտ Հովհաննիսյանը:

Զբաղվելով ժողովրդական լուսավորության գործերով՝ նրա առաջին կարգադրություններից մեկն այն եղավ, որ փակված հայտարարեց դաշնակցականների հիմնած համալսարանը և կարճ ժամանակի ընթացքում կազմակերպեց նոր, Ժողովրդական կոչված համալսարանը...»:

Հ.Գ.

Ի դեպ, Անուշ Տեր-Մինասյանը խոստացել է իր անձնական էջն ունենալ «ՀԱՅԵՐ» մեդիահարթակում և մեր ընթերցողին ներկայացնել նաև մեծանուն պապիկի հիշողությունները՝ կապված հանճարեղ Կոմիտասի կյանքի ու միասին ապրած օրերի մասին:

 

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ