«Արդյո՞ք ազատ էինք քայլում…». ԼԱԵՐՏ ՎԱՂԱՐՇՅԱՆ
Քսանյոթ տարի առաջ փոքրիկ տպաքանակով հրատարակվում է հայ կինոյի երևելի անուններից՝ կինոռեժիսոր Լաերտ Վաղարշյանի «Ուզում եմ պատմել ձեզ» եզակի հուշագրությունը:
Վստահ ենք, որ այն ծանոթ չէ շատ -շատերին, բայց այն ցավեցնելու աստիճան անկեղծ մի պատմություն է, բացառիկ դրվագներով, ցնցող բացահայտումներով, իր ժամանակի մեջ անհավատալի համարձակությամբ գրված մի պատմություն, որը երևակման աստիճան ուրվագծում է երեսնական թվականներն իր ողջ թշվառությամբ, «այլանդակված մարդկային հարաբերություններով», նրա անատոմիական շարունակությունը հանդիսացող ետպատերազմյան տարիները, թվացյալ զարթոնքի ու լճացման տարիները, որոնք մի ողջ կյանք են արժեցել միլիոնավորների, այդ թվում և Լաերտ Վաղարշան անհատի համար:
Այսօր մեծանուն արվեստագետի ծննդյան օրն է և մենք որոշեցինք այդ հուշագրությունից որոշ պատմություններ ու դրվագներ ներկայացնել՝ փոքրիկ մեկնություններով, թեպետ անհնար է դիմանալ գայթակղությանն ու չհրապարակել ողջ գիրքը, որտեղ երևում են բոլորն ու ամեն ինչ...
«…Բոթը Երևանում տարածվեց պայթյունի պես: Թերթերում գրված էր մի տող. «…խճճվելով բուրժուական կապերի մեջ…ինքնասպան եղավ…»:
…Կայարան տանող փողոցներն ամայի էին, միլիցիոներները, որ փողոցներում շարված էին ծայրեծայր, թույլ էին տալիս, որ անցնեն միայն կենտկոմի մեքենաները: Դրանցից մեկում՝ ավտոբուսում, նաև ես էի (ընկերս՝ Վաչիկը, կենտկոմի ցրիչն էր, ինձ տարավ իր հետ):
Կայարանում դագաղը վագոնից տեղափոխեցին բեռնատար մեքենայի վրա: Ժողկոմխորհրդի նախագահը ցանկացավ վերցնել Խանջյանի գլխարկը, որ դրված էր դագաղի վերնամասում, բայց գլխարկը չպոկվեց, մեխված էր դագաղին: Նախագահը մի քանի անգամ թափով քաշեց և վերջապես գլխարկը պատռելով, մի կողմ դրեց: Հետագայում, վերհիշելով դիպվածը, մտածում էի, թե ակամա ինչ ծանր վիճակի մեջ էր ընկել այդ մարդը. ուզում էր գլխարկը վերցնել՝ մարդկանց երևակայությունը չբորբոքելու համար, մի կողմ դնել և ստիպված եղավ այդպիսի դաժան գործողության դիմել. գործը սկսել էր՝ պետք է ավարտեր:
Եվ այդ դիպվածը դարձավ խորհրդանշական, ողբերգական մի մեծ շրջան ազդարարող: Անմարդկայնության շրջան:
Երևանցիները լուռ էին և ներամփոփ: Ասես քաղաքը ընկղմված էր գորշ նախազգացման մեջ: Ամբողջ ճանապարհին՝ կայարանից մինչև Խանջյանի տունը Կոնդում, տեսնում էի, թե ինչպես մարդիկ, իրար սեղմված, պատուհաններից, շքամուտքերից, պատշգամբներից, կտուրներից հետևում էին հուղարկավորությանը՝ մռայլ ու անշարժ: Սարսափելի զգացում էի ապրում, ամբողջ քաղաքի բնակչությունը ոտքի վրա էր, բայց ամենուր մեռյալ լռություն էր տիրում: Սարսռեցնող տեսարան էր…
Թաղումը տեղի ունեցավ հաջորդ օրը…
…Մի քանի հակիրճ, մտացածին խոսք ասվեց, հնարավորին չափ շուտ դագաղն իջեցվեց գերեզման, և անմիջապես փոսը լցվեց բետոնով: Դա ևս խորհրդանշական էր. ծածկել, կոծկել, բետոնապատել իրականությունը…
…Խանջյանի մահը եղերական էր և եղերական մի շրջանի սկիզբ եղավ, որը խորապես այլանդակեց մարդկային հարաբերությունները…»:
Ի՜նչ խորքայնությամբ է տասներեք տարեկան պատանին զգացել իրավիճակը, ի՜նչ զգացողություններ են դաջվել նրա ներաշխարհում, որ տարիներ անց, շատ տարիներ անց այս պատկերները շարադրել է կինեմատոգրաֆիական բացառիկ ընկալմամբ, դրամատուրգիական անկրկնելի շղթայով: Լաերտ Վաղարշանն իրականում չի նկարահանել այս ֆիլմը, ինչպես չի նկարահանել բազմաթիվ այլ ֆիլմեր, որոնք կցանկանար, քանզի կիսատ խոսքի ժամանակներ էին, պռատության ժամանակներ, սև գործերի ժամանակներ էին, և այդ սև գործը ստիպում էր «սերը ցուցադրել այնպես, որ սիրո նման չլինի, իսկ գերմանացի սպային այնպես՝ որ մարդու նման չլինի…»:
«… Փառք աստծո, ֆինանսական նկատառումներով ֆիլմը փակել չկարողացան, սակայն իրենց սև գործն արեցին՝ ստիպեցին սերը ցուցադրել այնպես, որ սիրո նման չլինի, իսկ գերմանացի սպային այնպես՝ որ մարդու նման չլինի…Այդպես էին այն ժամանակվա գաղափարական և գեղարվեստական (ներեցեք այս բառն օգտագործելու համար) սկզբունքները…».
Այսպես հուշագրությունում արտահայտվում է ռեժիսորը՝ անդրադառնալով իր «Կոչված են ապրելու» դրամատիկ պատմությամբ ֆիլմին:
«… Հայրս մի օր տուն եկավ ծայրաստիճան հուզված: Կանչեց ինձ ու Աշոտին իր աշխատասենյակը և առանց նախաբանի, միանգամից, տարօրինակ կերպով սկսեց համոզել, որ ինքը ժողովրդի թշնամի չէ, որ մենք չհավատանք, եթե այդպիսի բան ասեն, եթե իրեն ձերբակալեն: Թեև մեր մտքով անգամ չէր անցնում, որ նա այդպիսինը կարող է լինել, միևնույնն է, նորից ու նորից պնդում էր, որ մենք չհավատանք, չընդունենք նման զրպարտություն: Թույլ չտանք, որ այդպիսով ապականվի մեր տոհմի անունը: Մղձավանջային այդ օրերին նա հաճախ տենդի մեջ էր լինում: Մեկ մի բան էր ասում, մեկ՝ ուրիշ բան…:
…Եվ այսպես, Չարենցի կորստից մինչև Սախարովի կորուստը, 30-ական թվականներից մինչև 80-ական թվականները,- ողջ գիտակցական կյանքիս ընթացքում տեսել եմ և վերապրել, թե ինչպես են բռնապետության պայմաններում ոչնչացվել մարդկային արժեքներ…:
Իսկ ինչպե՞ս էինք զգում մենք՝ չձերբակալվածներս, չգնդակահարվածներս: Ինչպես եմ ես անցել իմ կյանքի ճանապարհը այդ «համակարգում»: Այդ մասին խոսելիս ակամա մտաբեում եմ այն ժամանակվա մի անեկդոտ: Բանտարկյալներից մեկը նստած է, իսկ մյուսն անընդհատ ետ ու առաջ է քայլում, նստածը նրան ասում է.
-Ման արի ինչքան ուզում ես, միևնույն է, նստած ես:
Մենք ազատ քայլում էինք կյանքում, սակայն արդյո՞ք ազատ էինք քայլում…:
…Մարդու կյանքը, ճակատագիրը, ինչպես և առողջությունը տնօրինում կամ հյուսում են նրա և շրջապատի մարդկանց հարաբերությունները: Ավելի ճիշտ, նրա պայքարը շրջապատի մարդկանց հետ…:
…Եվ ես գոհունակությամբ եմ հիշում, որ հայրս, սարսափը սրտում, իրեն դրսևորեց մարդկայնորեն: Նա չգիտեր՝ իրեն կձերբակալեն, թե ոչ, այսօր, թե վաղը, այս տարի, թե եկող տարի, միևնույն է, նա օգնում էր ձերբակալվածների ընտանիքներին: Իր բարեկամ Սարգիս Մամալյանի աղջնակին բերեց, որ մեր տանն ապրի, հետագայում մարդու տվեց և մինչև այսօր Մարգարիտը մեր ընտանիքի անդամն է, հորս և մորս աղջիկը, իմ և եղբորս քույրը:
Երբ իմացավ, որ Արամայիս Երզնկյանին ձերբակալել են, առաջին խոսքը եղավ նրա որդու մասին, որ իմ ընկերներից էր.
- Յուրիկի հետ ավելի ընկերացիր, մենակ չթողնես նրան…:
…Շատ հաճախ մենք չենք ուզում կյանքը դիտել այդ դաժան ճշմարտության տեսանկյունից, տեղի ենք տալիս հոգեբանական կոմֆորմիզմին: Բայց դրանից ոչինչ չի փոխվում, ընդհակառակն, այդ կոմֆորմիստական տրամադրությունը մարդուն դարձնում է անպաշտպան և խոցելի: Ահա այդպես բազմիցս, կյանքի ամենատարբեր հանգամանքներում, շրջապատսի մարդիկ տեսնելով, որ ես «անպաշտպան» եմ, հասցրել են ինձ ուժեղ հարվածներ: Իսկ այդ «անպաշտպան» վիճակում հարվածները դառնում են խոցող…»:
Ահա այսպիսի անկեղծությամբ է Լաերտ Վաղարշայնը նկարագրում իր ժամանակը: Այսպիսի անկեղծությամբ է խոսում իր ժամանակի բարքերի, մարդկանց ու երևույթների մասին: Այսպիսի անկեղծությամբ է խորհում, եզրահանգում, մտորում…
Լաերտ Վաղարշանը, որ գործակցել էր Համո Բեկնազարյանի, Սերգեյ Էյզենշտեյնի, Ռուբեն Սիմոնովի, Սերգեյ Յուտկևիչի, Միխայիլ Ռոմմի, Սերգեյ Գերասիմովի ու արվեստի բազում այլ երևելիների հետ, աշակերտել ու ուսանել էր, մտերմացել ու ընկերացել, որ խորապես կլանել էր արվեստային բոլոր դրսևորումները, որ տոհմական արվեստային միջավայրից էր՝ մտավոր անպարագիծ հորիզոններով, խոցելի էր, ինչպես բոլոր նմանները, «անպաշտպան» ու անսահմանորեն պարզ ու անկեղծ.
«…Շարադրելով անցյալը, ավելի հստակ եմ տեսնում, թե որքան խղճուկ ենք եղել բռնադատված մտքով…:
…Ինձ դուր էր գալիս անտարբեր լինել նոմենկլատուրայում ընդունված որոշ ձևականությունների նկատմամբ, քանի որ դրանք մեծամասամբ, ինչպես ինձ էր թվում, իրենց հիմքում անբարո ձևականություններ էին. ես համոզված էի, որ պարտավոր եմ ապրել այնպես, ինչպես ապրել եմ, լինել այնպիսին, ինչպիսին էի: Թեև այդպիսով ակամա հարաբերությունների չնախատեսված խաթարումների տեղիք տեղիք էի տալիս…:
…Որքան ավելի էի աշխարհ տեսնում, այնքան ավելի էի զգում, որ սահմանափակ մարդ եմ: Ինչպե՞ս էինք մենք ապրում…»:
Նա ապրում էր նկարահանելով «Քաոսը», որովհետև այլ կերպ չէր կարող անդրադառնալ «լճացում» հորջորջված ժամանակի «փառահեղ» բարքերին, պետական միջոցների յուրացմանն ու կաշառակերությանը, կոռուպցիոն դրսևորումներին…
Ծանոթ բառեր են, չէ՞… Բայց ծանոթ է նաև դիմադրությունը: Այն դիմադրությունը, որը թույլ չպետք է տա նույնիսկ ալեգորիկ մոտեցումներով երևակել ժամանակը: Եվ սկսվում են ամբաստանությունները, զրպարտությունները ու դեռ չլուծած ձերբակալված մի ֆիլմի թնջուկը, նոր թնջուկներ են ի հայտ գալիս…
Նա ապրում էր իր բախտակից ընկերոջ՝ հետագայում հայ կինոյի մեկ այլ երևելի անունի՝ Յուրի Երզնկյանի հետ նկարահանելով «Առաջին սիրո երգը», որովհետև այդ երգը նրանց կյանքն էր ու նրանց կյանքի ժամանակը:
«…Առաջին սիրո երգը» սցենարն ինձ հրապուրեց նրանով, որ Երևանի մասին էր: Եվ ես սկզբից ևեթ զգացի, որ ֆիլմը պետք է արվի Երևանի սիրով, այն զգացմունքով, որով կապված էի մեր հարազատ քաղաքի հետ: Այդ զգացմունքը կամերտոնի նման բան էր, և ինչպես հետո երևաց, ճշգրիտ հնչող կամերտոնի…:
… Իմ սերնդի հոգում Երևանը մի առանձին զգացում էր հարուցում: Հուզական թրթիռ: Հուզվում էինք՝ տեսնելով, որ նոր շենք են սկսում կառուցել և անհամբեր սպասում էինք, թե երբ կավարտվի: Փողոցով անցնելիս միշտ հաշվում էի շենքերի հարկերը: Երկու, երեք, չորս… Հրճվում էի՝ նորից քառահարկ տուն տեսնելով: Իսկ երբ հինգհարկանիներ սկսեցին կառուցել, ցնծություն էի ապրում…»:
Նա ապրում էր՝ նկարահանելով «Արամ խաչատրյան» ֆիլմաշարը, «Այսօր արևոտ օր է» պատումը՝ նվիրված ֆաշիզմի դեմ պայքարի ելած Միսակ Մանուշյան յուրօրինակ անհատին…Նկարահանում էր «Մարտիրոս Սարյանը»…
Եվ ինչո՞ւ Լաերտ Վաղարշյանը տրվեց փաստագրական կինոյին…
«…Ինչո՞ւ տարիների ընթացքում ես ակամա դարձա առավելապես դեպի ոչ խաղարկային կինոն: Երևի հենց այն պատճառով, որ խաղարկային ֆիլմերն իրենց հիմքում մեծամասամբ մտահնար, կեղծ էին լինում, իսկ փաստագրականի հիմքում փաստն է, այսինքն ենթադրվում էր՝ ինքը ճշմարտությունը…:
…Ստեղծագործական և բարոյական այլանդակությունները տարածվում էին ոչ միայն հորիզոնական ուղղությամբ - ստուդիայից՝ ստուդիա, այլև վարից վեր՝ սերունդների միջև…
…պաշտոնյաներն իրենց ելույթներում ու հոդվածներում հայտարարում էին, որ ժողովրդին պետք են արվեստի բոլոր ժանրերը, որ ճանապարհը պետք է բացել ստեղծագործական տարբեր անհատականությունների առջև, որ ֆիլմերում պետք է վեր հանվեն կյանքի բազմազան շերտեր և այլն, և այլն: Ամեն ինչ ճիշտ էր ասվում, սակայն բոլորս էլ գիտեինք, որ արվեստի երկ ստեղծելու ամենաանհրաժեշտ պայմանը՝ կյանքի ճշմարտացի արտացոլումը, արգելվում էր: Տասնամյակների ընթացքում մեզ բոլորիս այնպես էին վարժեցրել, որ այդ ուղղությամբ մենք ինքներս մտածել անգամ չէինք համարձակվում…:
… Բարոյականության հարցերը «Հայֆիլմի» կոլեկտիվի համար միշտ եղել են հրատապ…:
…Ես նախանձ չունեմ դեպի տաղանդավոր մարդիկ: Եվ դա իմ երջանկությունն է…
…Անտաղանդ մարդկանց վերաբերյալ նույնպես համարել եմ, որ պետք է անկեղծ լինել, ու եղել եմ: Թեպետ դա վտանգի հետ էր կապված և միշտ թանկ էր նստում ինձ վրա…».
Ահա այս դիլեմայի սահմանում է երևի այն, որ Փարաջանովին ստեղծագործել թույլ տալու համար միութենական կինոկոմիտեն պատժում է Լաերտ Վաղարշյանին, այս բովանդակությամբ հրամանով.
«…Հայֆիլմի տնօրեն Լ. Վաղարշյանն անհանդուրժելի կերպով ռեժիսորին թույլ է տվել անել այն, ինչ վերջինս կամեցել է…»:
Իսկ Հայաստանի ղեկավարությունը չէր հավանել Փարաջանովի «Նռան գույնը», որովհետև հեղինակը ճշգրտորեն չէր արտացոլել Սայաթ-Նովայի կյանքն ու կենսագրությունը և դիմել էր միտիկ մոտեցումների…
Ամեն ինչում անկեղծ Լաերտ Վաղարշյանը չի վարանել իր հուշագրությունում անկեղծորեն նկարագրել նաև իր ու իր պաշտելի տիկնոջ՝ Կատյայի սիրո պատմությունը: Պատմություն, որը շատ նման է վաղարշանական մյուս պատմություններին.
«Իմ և Կատյայի հարաբերություններն ակամա մտերմական էին դառնում, և մի դեպք ամեն ինչ որոշեց: Ձմռան մի օր Մոսկվայի անծայրածիր փողոցների աղմուկի մեջ ընկած, ցանկություն զգացի առանձնանալ, մտա Տվերսկոյ Բուլվարը՝ շարունակելու ճանապարհս: Բուլվարն օազիսի նման հանդարտ էր, քաղաքի աղմուկից հեռու: Եվ մարդ չէր անցնում այնտեղով: Անշտապ քայլում էի ծառուղու արահետով՝ ձյան քնքուշ ու անձայն փաթիլներին ընդառաջ, զմայլվում լռությամբ, միայնությամբ և ձյան մաքրությամբ:
Բուլվարի այդ հատվածի կեսն անցել էի, երբ դիմացիցս ճեմուղի մտավ և սկսեց դեպի ինձ ընդառաջ գալ մի կանացի ուրվապատկեր: Ակամա պետք է հանդիպեինք իրար: Երբ մոտեցավ, մուշտակի օձիքի և մորթե գլխարկի արանքից երևաց ժպտացող դեմքը: Կատյան էր: Ակամա ժպտացի և ես. զարմանալու բան, երկուսս էլ նույն հանրակացարանում էինք ապրում և օրը մի քանի անգամ տեսնում իրար, այդ անակնկալ հանդիպումից այնքան ուրախացանք, որ գրկվեցինք ու համբուրվեցինք:
Ամռանը, իմ ծննդյան օրը, երկուսով գնացինք «Մոսկվա» հյուրանոցի յոթերորդ հարկի բացօթյա ռեստորանում նշելու մեր ամուսնությունը…»:
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ