Աթենքի
համալսա-
րանի քաղա-
քագիտության
և պետական
կառավարման
ֆակուլտետի
շրջանավարտ:
Բանա-
ստեղծ,
արձակա-
գիր:
«Առերեսվե՛նք սեփական պատմության հետ...». ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ժամանակակից հայը չունի մե՛կ, ընդհանուր կերպար: Երբեք չի ունեցել, այլապես Դերենիկ Դեմիրճյանը չէր գրի հետևյալ տողերը. «Արդյոք մի բան հասկանո՞ւմ եք Հայից… Որքա՛ն տարօրինակ, հանելուկային արարած: Որքա՛ն խաբուսիկ: ... Զուր աշխատանք-որոնում ես իր ինքնությունը, գտնում, բայց և իսկույն տեսնում ես, որ դա էլ նորից երևույթ էր»:
Հայն ապրել և ապրում է մի քանի հարթությունում:
Մի հարթությունում Մուշեղ Մամիկոնյանն է, Աշոտ Երկաթը, Գարեգին Նժդեհը, Անդրանիկ Օզանյանը, Լեոնիդ Ազգալդյանը, Շահեն Մեղրյանը, Աշոտ Ղուլյանը, Ռոբերտ Աբաջյանը, Ադամ Սահակյանը… Եվ ազգին նվիրյալ հերոսների մի հսկայական ընտանիք: Նրանց հեշտ է տարբերել հայ ժողովրդի մյուս ներկայացուցիչներից, քանի որ Մամիկոնյանից մինչև 2016 թ. հերոսամարտին մասնակցած յուրաքանչյուր ոք կարող է հայտարարել. «Սա Հայաստա՛ն է, և վերջ»: Հավատացե՛ք, բոլոր հայերը չէ, որ իրավունք և համարձակություն ունեն նման բառեր արտաբերել, քանի որ...
Քանի որ գոյություն ունեն մեկ այլ հարթությունում ապրող հայեր:
Նրանք խաղաղ կյանքին սովոր, ազգ, հայրենիք հասկացողություններին և արժեքներին անտարբեր ու խորթ, իրենց շուրջ տեղի ունեցող համաշխարհային անցուդարձից անմասն և անտեղյակ մարդիկ են, որոնք խոսում են հայերեն և ապրում են Հայաստանի Հանրապետության տարածքում:
Նրանց մեջ և՛ առևտրականներ, և՛ գյուղացիներ, և՛ իրավաբաններ կարող են լինել, և՛ բժիշկներ, և թանգարանների, գիտական կենտրոնների աշխատողներ, և՛ տնային տնտեսուհիներ: Նրանց համար հայրենիքը ՊԱՏԿԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ խորհրդանիշն է, սակայն միայն խորհրդանիշ:
Կարոտելով Հայաստանին՝ այդ մարդիկ հանգիստ կարող են հարմարվել նաև Լոս Անջելեսում, Փարիզում, Մոսկվայում, Աթենքում, Տոկիոյում, Սիդնեյում և այլուր:
Հայրենիքի պաշտպանությունը ծանր պարտականություն է նրանց համար, սեփական մշակույթի նկատմամբ հետաքրքրությունը՝ անհասկանալի, ձանձրալի մի գործընթաց: Եթե մեկն «ուրանա» նման մարդկանցից բաղկացած լայն զանգվածի առկայությունը Հայաստանում, ուրեմն, նա «ուրանում» է իրականությունը և ապրում է այլ մոլորակում:
Սակայն այդ մարդկանց նախնիներն են, որոնք ժամանակին շատ հեշտ ու հանգիստ փոխեցին Հայաստանի տարածքը լքած հայ նախարարներին նոր՝ քոչվոր, մշակույթ չունեցող, վայրի, աստանդական տերերով:
Փաստորեն, երբ Հայաստանը զրկվել էր քաղաքական-ռազմական էլիտայից, հայ ժողովուրդը չնկատեց այդ էլիտայի բացակայությունը և հլու-հնազանդ շարունակեց հարկեր վճարել օտար զավթիչներին: Այլապես չի կարելի բացատրել, թե ինչո՞ւ Հայաստանում տեղի չէր ունեցել իսպանական Ռեկոնկիստայի նման մի շարժում:
Իսկապես, ձեզ հարց տվե՛ք, թե ինչպե՞ս եղավ, որ հայ ազնվականները նախընտրել են ոչ թե սեփական հողում լայնածավալ համազգային ապստամբության պատրաստվել, այլ մեկնել են Կիլիկիա: Երևի ծովի մոտ էր նոր հայրենիքը՝ տաք, հանգիստ...
Պարզապես զարմանում եմ, որ վրաց իշխանները չեն մտածել նման տարբերակի մասին: Չգիտես ինչու, մնացել-թաքնվել են իրենց սարերում և պայքար են սկսել օտար լծի դեմ:
Հայ քաղաքական-ռազմական էլիտան վերացվել է հարևանների՝ բյուզանդացիների և պարսիկների ջանասեր միջամտությամբ: Սակայն չմեղադրե՛նք նրանց: Առաջին հերթին հայերի բոլոր դժբախտություններում մեղավոր են հենց իրենք՝ հայերը: Եվ այդ խոսքը Գարեգին Նժդեհի խոսքն է, որը, սակայն, ոչ մի կերպ չի մտնում ժամանակակից միջակ մտային ունակություններով օժտված հայի գլուխը:
Իսկ հայ նախարարները միշտ պատրաստ էին լքել Հայաստանը: Եվ այդ երևույթն ազգային մտածելակերպի հետ կապ ունի, ոչ թե՝ ժամանակաշրջանի կամ կոնկրետ իրավիճակի:
Բոլորին հայտնի է, թե հայ նախարարները դեռ մ.թ. IV դարում ՝ դժգոհելով Արշակ Բ թագավորից, պատրաստ էին մեկնել պարսից թագավորի մոտ, ինչի մասին և հայտարարել են Ներսես Ա Մեծ կաթողիկոսին: Ինչ խոսք, Արշակ Բ թագավորը փորձում էր նորմալ պետություն ստեծղել, իսկ կենտրոնախույս ազգադավ գաղափարներին տրված հայ նախարարները միայն սեփական փորի ու կաշվի մասին էին մտածում:
Իսկ պարսից թագավորի մոտ նոր պատիվներ, նոր հողեր, նոր գանձեր էին իրենց սպասում: Այդ է հայ միջակ ազնվականին բնութագրող դրվագը հայոց պատմության ընթացքում ՝ ինչ-ինչ պատճառներով չեմ ուզում Հայաստանում ապրել, ուրեմն թողնեմ-գնա՛մ ավելի լավ տեղ: Կարելի է ասել, որ գաղթականության ցուպիկը հայերի մեջ տարածվել էր «վերևից»՝ պատվարժան նախարարական տներից: Կենտրոնախույս ձգտումը հայ իշխանների մոտ երբեք չի դադարել գոյություն ունենալուց:
Հիշե՛նք, որ Աշոտ Երրորդ Ողորմածը, ով կարողացել է բյուզանդական կայսեր Հովհան Չմշկիկին զերծ պահել Հայաստանի նկատմամբ թշնամական գործողություններից, չի կարողացել սանձել իր իսկ եղբոր Մուշեղի իշխանամոլ նկրտումները և նրան տրամադրել է թագավորի տիտղոսը...
Հայի համար անսովոր է ունենալ մեկ թագավոր...
Իսկ ի՞նչ էր անում Հայաստանյայց եկեղեցին, այդ հոգևոր-մտավոր ուժը, որը կոչված էր ժողովրդին կրթել և դաստիարակել...
Եկեղեցին ունեցել է Խադ եպիսկոպոսի նման մի ծառա, որը չի վախեցել նույն Արշակ թագավորին հանդիմանել Կամսարականների դիերը չթաղելու և շներին կեր դարձնելու համար:
Հայ Առաքելական եկեղեցու ծոցից էր դուրս եկել Հուսիկ Ա Պարթև կաթողիկոսը, որը ոչ միայն թույլ չտվեց հեթանոսության նկատմամբ հանդուրժողականություն ցուցաբերող Տիրան թագավորին եկեղեցի մտնել, այլև ջարդեց Հուլիանոս Ուրացող կայսեր՝ տախտակի վրա նկարված պատկերը, որոնք կայսեր պահանջով Տիրան թագավորը տեղադրել էր արքունի եկեղեցում:
Եթե Խադի մասին տեղեկություն կա, որ Ապահունյաց տոհմի ներկայացուցիչները կարողացել են փախցնել նրան թագավորի վրեժից, ապա Հուսիկ Ա Պարթև կաթողիկոսը սպանվել է Տիրանի հրամանով: Ի դեպ, այն մարդն էր կաթողիկոս Հուսիկը, որը հանուն հավատքի, անտեսեց անգամ այն հանգամանքը, որ Տիրանն իր աներձագն էր, քանի որ Հուսիկ կաթողիկոսն ամուսնացած էր Տիրանի քրոջ հետ:
«Ինչպե՞ս, - կմտածի միջակ հայի ուղեղը, - բա բարեկամ մարդ էր թագավորը… Դե, նկար են դրել եկեղեցում, հիմա ի՞նչ: Թենց հա՛մ աներձագ թագավորին խայտառակ արեց, համ իրեն սպանեցին»:
Ահա այսպիսի հերոսներից հետո XIX դարի առաջին կեսին տեսնում ենք Հովհաննես VIII Կարբեցի կաթողիկոսին...
Այդ մարդը Վրաստանի, Աստրախանի, Կովկասյան և Հայկական մարզերի կառավարչապետ բարոն Ռոզենի կնոջ՝ Ելիզավետա Զուբովայի պահանջով Էջմիածնից Թիֆլիս է ուղարկել մի հին թագ՝ թանկարժեք քարերով զարդարված: Պահանջի պաշտոնական հիմքն էր՝ թագի հետ մոտիկից ծանոթանալու ցանկությունը: Սակայն Թիֆլիսում, կառավարչապետի կնոջ պահանջով, ոմն ոսկերիչ Կուսիկովը (գուցե Կուսիկյանը կամ Կուսիկյանցը) թագից հեռացնում է շափյուղաները և դրանք փոխարինում է ... գունավոր ապակու կտորներով: Ապա թագը վերադարձնում են Էջմիածին:
Որոշ ժամանակ անց Հայաստան է այցելում Նիկոլայ Առաջին կայսրը, միակ ռուս կայսրը, որը եղել է Հայաստանում: Էջմիածնում նա ցանկանում է տեսնել հայտնի թագը: Այն ուշադիր ուսումնասիրելով՝ Նիկոլայ Առաջինը հասկանում է, որ թագի քարերը կեղծ են և բացատրություն է պահանջում... Եթե ռուս կայսրը, որն առաջին անգամ էր տեսնում վերոհիշյալ թագը, միանգամից կռահեց, թե քարերն իսկական չեն, ապա անհնար է ենթադրել, որ նույն բանը չէին հասկացել Մայր Աթոռում՝ թագը ետ ստանալուն պես: Պարզապես, Հովհաննես կաթողիկոսը կարծեցյալ դիվանագիտության կողմնակից էր, ոչ թե Խադ եպիսկոպոսի կամ Հուսիկ Ա Պարթև կաթողիկոսի կամքի և ոգու ուժի տեր մարդ...
Ցանկացած ոք, ով անտեսում է Հայ Առաքելական եկեղեցու դերն ու նշանակությունը, բեղուն և ազգանպաստ գործունեությունը, իզուր է ինքն իրեն «հայ» անվանում: Սակայն ինչպես կաթողիկոս Հուսիկ Ա Պարթևը Հուլիանոս Ուրացողի կայսեր պատկերը եկեղեցում ոտնակոխ արեց, այդպես և մենք պարտավոր ենք այսօր խուսափել հայոց պատմության դասագրքերում և գիտական աշխատություններում «սուրբ կովերի» նախիր պահելուց և, ամենակարևորը՝ կուռքեր ստեղծելուց և պաշտելուց:
Այդ հարցերը պետք է տրվեն. որքանո՞վ էր եկեղեցին արտահայտում ժողովրդի շահերը, տրամադրությունները, իղձերը: Որքանո՞վ հայ ազնվականները մեղավոր են Հայաստանի պետականության կործանման մեջ: Որքանո՞վ է հայ գյուղացին և քաղաքաբնակ հայը նպաստել սեփական հայրենիքի ճորտացմանն ու ոչնչացմանը:
Հույս չունենանք, որ եթե անցյալի բոլոր հարցերին պատասխան չտրվի, լինելու է առաջընթաց: Առաջընթացը լինում է այն ժամանակ, երբ գիտակցում ես անցյալի, նախնիներիդ, քո սեփական սխալները:
Կուռքե՛ր... Հայտնի է, որ հայ ժողովուրդը երկու առաքինություն է ունեցել՝ ըստ Գարեգին Նժդեհի՝ իր դժբախտությունները վերագրել է արտաքին պատճառների և փրկությունը հուսացել է արտաքին ուժերից: Եվ գլուխը քարն են տվել աշխարհի բոլոր հայտնի պարադոքսները...
Հայի դարավոր կուռքն է դրսից օգնությունը: Կարելի՞ է արդյոք այդքան նսեմացնել սեփական նշանակությունը համաշխարհային պատմության ընթացքում, այդքան անօգնական ձևանալ...
Լավ, ուրեմն հայը, սեփական երազանքները վերագրելով օտարին, նրան օժտելով իրեն՝ հային, հատուկ բնավորության գծերով, արդյոք շնորհակա՞լ է նրանցից, ովքեր օգնել են իրեն: Ամենևին: Կրկին հիշե՛նք Դերենիկ Դեմիրճյանին. «Իր (հայի – Ա. Գ.) օրիենտացիան բացակայի օրիենտացիա է: Թաթա՞րն է մոտը, սպասեց ռուսին, ռուսը եկավ, աչքը եվրոպացուն էր. եկա՞վ անգլիացին, դարձյալ ռուսին էր սպասում: Ռո՞ւսն է գալիս՝ չի ընդունում... Ուրեմն իր պետությո՞ւնն է ուզում ստեղծել, ի՞նչ իմանաս... Մի ձեռը ճանկռոտելով հիմնում է այդ պետությունը, մյուս ձեռքը ճիգ է անում հիմքից քանդելու»:
«Թաթարն է մոտը...»:
Վերջերս շատ են հարցնում իրար.
-Լավ, հիմա թուրքերի (ազերիների) հետ ի՞նչ ենք անելու, ո՞նց ենք լեզու գտնելու իրար հետ:
Եվ այդ հարցը հնչում է, թեև շատ վաղուց՝ գրեթե մեկ դար առաջ, գրվել են Նժդեհի «Բաց նամակները հայ մտավորականությանը», Նաթալիի «Թուրքերը և մենք», Զարևանդի «Կրնա՞նք հաշտվիլ թուրքի հետ» վերլուծությունները: Ինչո՞վ եք զբաղված ամբողջ օրը, հարգելի համերկրացիներ: Օրվա ապրուստը հոգալո՞վ: Այդ դեպքում ինչո՞ւ եք նման հարցեր տալիս, ձեզ համար ի՞նչ տարբերություն: Ժամանակին հայ ազնվականներին, վանականներին, ռամիկներին ու շինականներին նույնպես օրվա ապրուստն էր հետաքրքրում:
Բոլորս գիտենք, թե ինչպես, համատեղ ուժերով, այդ դասակարգերը կործանեցին հայոց պետականությունը: Բայց դուք իրենցից ավելի շատ բան գիտեք: Սակայն եթե մտքի տկարություն կա, ապա ժամանակ տրամադրե՛ք Նժդեհին, Նաթալիին և Զարևանդին, ընթերցե՛ք նշված գրքերը... Ձեզ համար են գրել, ախր... Եվ, նեղանալ չլինի, ձեզանից ավելի լավ են պատկերացրել ձեր կողմից այսօր վերապրվող իրավիճակը: Չունե՞ք այդքան համարձակություն և խելք՝ դիմե՛ք նախորդ սերունդներին, ընթերցե՛ք, վերլուծե՛ք: Հարցեր եք տալիս՝ միամիտ կարծելով, թե ո՛չ երեկ գոյություն ուներ, ո՛չ վաղը գոյություն ունի՝ առանց ճանաչելու, գնահատելու ձեր հակառակորդին, առանց իր մտածելակերպին, ձեր նկատմամբ վերաբերմունքին ծանոթ լինելու:
... Քաոս է հայի խելքում, հոգում... Կատարյալ քաոս՝ փոփոխական, օրվա ռիթմի հետ: Ոչ մի մշտական բան, ոչ մի կայունություն: Եվ այդ ամենը լավ արձանագրում է հեռուստատեսությունը՝ սակավաթիվ, գրեթե գոյություն չունեցող պատմական ֆիլմեր, և բազմատեսակ, բայց հայերի՝ պատմության հետ առերեսվելուն չնպաստող սերիալներ:
«Քաոս» բառի հետ մտքիս եկան Ալեքսանդր Շիրվանզադեի հետևյալ հանճարեղ մտքերը, որոնք ցանկացած այլ ազգին պետք է ամաչեցնեին և ճիշտ ուղուն դարձնեին, սակայն... «մերն ուրիշ է»...
«Ամեն մի հայ առանձին վերցրած, առյուծ է, ինչպես և խելքով ու դատողությամբ` հսկա: Բայց ընկերական ոգու բացակայությունը խմբովին գործելիս ջլատում է նրա ուժերը: Ձգեցեք մենակ հային վտանգների փոթորկի մեջ, նա արժանավորապես կպաշտպանի իր գլուխը: Բայց խմբեցեք մի քանի հայեր միասին, և նրանք պաշտպանվելու կամ հարձակվելու փոխարեն, կսկսեն խորհել, մտածել, հակաճառել և, վերջապես, թշնամուն թողած, միմյանց միս ուտել: Այո, անհատականությունը հայի գլխավոր թշնամին է, և նա տարածված է մեր բոլոր դասակարգերի ու բոլոր գործերի մեջ: Արդյոք մեր ազգի մտավոր առաջնորդները կկարողանա՞ն մի փոքր հիմարացնել անհատ հային և խելոքացնել ընկերական հային: Եթե այդ եղավ, մենք կարող ենք ապագա ունենալ, եթե ոչ, մենք կորած ենք, կամ էլ կապրենք այնպիսի ամոթալի կյանքով, ինչպես ապրել ենք մինչև այսօր»:
Առերեսվեն՛ք պատմության հետ, որպեսզի չապրենք «այնպիսի ամոթալի կյանքով», ինչպես ապրել եք մինչև այսօր:
Արմեն Գրիգորյան