Արայիկ Մանուկյան
Արայիկ Մանուկյան

 

«ՀԱՅԵՐ»-ի

հիմնադիր,

գլխավոր խմբագիր

 

Ժուռնալիստիկան

համարում է

սեփական 

«ստորագրության

պատվի»

մասնագիտություն:

 

Հավատացած է, որ 

«Հորինել 

պետք չէ՝ ոչ

երկիր, ոչ

պետություն,

ոչ էլ

կենսագրություն:

Պատասխանատվությունն

ըստ ապրված

կյանքի է

լինելու:

Ոչ թե ըստ

հորինվածի»:

 

Իսկ անքննելի

այս սահմանումը 

հեղինակել է իր

ամենաժուռնալիստ

ընկերը՝ Այդին

Մորիկյանը:

««Արտավազդ»-ի պերճանքն ու ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ...». ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

Ես այս չարչրկված արտահայտությամբ չէի վերնագրի իմ անդրադարձը 2022 թվականի «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությանը, եթե այն այդքա՜ն միաձույլ չլիներ «պերճանքի ու թշվառության» փիլիսոփայությանը, ներծծված չլիներ այդ փիլիսոփայության բոլոր դրսևորումներով:

Ես թատերական այդ մրցանակաբաշխությանը չէի անդրադառնա ընդհանրապես, եթե այդ ցուցքի հիմքում չլիներ կեղծիքը: Լուռ հանդուրժված կեղծիքը:

Չէի անդրադառնա, որովհետև, եթե երկրի քսանյոթ թատրոններից մրցանակաբաշխությանը մասնակցում է չորս, թե հինգ թատրոն, ուրեմն խորքային խնդիր կա հենց թատրոնի ներսում: Եթե երկրի ազգային ակադեմիական թատրոնը չի մասնակցում այդ մրցանակաբաշխությանը, ուրեմն խոսակցություն պետք է լինի անպայման: Բաց և անաչառ խոսակցություն:

Գուցե լա՞վ էր, որ եղավ կեղծիքը, եղաավ կեղծիքը բարձրաձայնող, որովհետև այն գեներացրեց խոսակցություն, որովհետև այն կարող է ջրի երես հանել ամբողջ տիղմը, որ տարիներով նստած է հատակին: Ի վերջո, ցանկացած նմանօրինակ դրսևորում՝ լյուստրացիա է: Իրական լյուստրացիա, որը կարող է բուժել հիվանդությունը:   

Եվ ուրեմն...

Կանցնեն ոչ շատ տարիներ և ինչ-որ մեկը՝ հուսամ ոչ գնդակահարության պատի տակ, այլ պարզապես իրավիճակի փոփոխության արդյունքում կխոստովանի, որ ինչ-որ մեկը վերջին պահին չցանկացավ 2022 թվականի «Արտավազդ» մրցանակաբաշխության նոմինանտների ցանկում տեսնել ոմանց անունները, և մթության քողի տակ, միայն կրկեսային արվեստին ու անարվեստ քաղաքականությանը հատուկ ակրոբատիկ շարժումով մարդիկ ու անվանակարգեր վերացան նոմինանտների ցանկից՝ չլինելով այդ մասին տեղեկացված՝ գոնե քաղաքավարության նվազագույն կանոններից ելնելով:

Կանցնեն ոչ շատ տարիներ, և ինչ-որ մեկը փոփոխված իրավիճակում կխոստովանի, որ 21-րդ դարի Հայաստանում, երբ տեղեկատվական տեխնոլոգիաները հայտարարված են պետական առաջնահերթություն, ինչ-որ մեկը չկարողացավ պարզ մի զանգ թողնել-անջատել, թեկուզ հետզանգի ակնկալիքով, (որովհետև զանգը գին ունի, իսկ փող՝ գուցե չկա), որպեսզի նոմինատներին զգուշացնի կատարվածի մասին, և թողեց, որ նրանք այդ վայելքն ըմբոշխնեն պլպլան դահլիճում, թեկուզ օսկարոտ թիթիզություններով, բայց բրեժնևյան լճացման «երանելի» տարիների հանգույն:

Թերևս այսքան սարկաստիկ չլիներ անդրադարձը 2022 թվականի «Արտավազդ» մրցանակաբաշխությանը, եթե աբսուրդի թատրոնին վայել փաստն, ինքնին, չտար այդ սարկազմի տեղիքը: Իսկ փաստը՝ հիշեցնեմ. Երևանի պետական կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անվան Օպերային ստուդիայի «Օրփեոս և Էվրիդիկե» ներկայացումը դուրս թողնվեց նախապես և պաշտոնապես հայտարարված երկու անվանակարգերից, ինչպես նաև հանվեց «Տարվա լավագույն պիես» անվանակարգը՝ մթության քողի ամբողջական, փաթեթային կիրառմամբ:      

Օրեր առաջ Հայաստանի վարչապետի տիկինը՝ տիկին Աննա Հակոբյանը, սրտառուչ մի պատվիրան հղեց սգակիր մայրերին, ասելով՝ «…Անհանդուրժող եղեք ամենաչնչին կեղծիքի, անարդարության, կաշառակերության, անհավասարության, խաբեության, մեքենայությունների, անիրավության, ամբարտավանության, ծուլության, չարության և մեր երկրի հզորացմանը խոչընդոտող բոլոր մյուս արատավոր երևույթների նկատմամբ…»։

Խորապես համոզված լինելով, որ պատվիրանն այս ոչ միայն սգակիր մայրերին է վերաբերում, այլ մեր հայրենիքի բոլոր մայրերին ու քույրերին, հայրերին ու որդիներին, ու այս պատվիրանում է թաքնված մեր երկրի զորացման գաղտնիքը, ուզում եմ անհանդուրժող լինել «Արտավազդ»-ում կայացած թատերական, թերևս, ոչ չնչին «կեղծիքի», «անարդարության», «անհավասարության», «խաբեության», «մեքենայությունների», «անիրավության», «ամբարտավանության», «ծուլության» ու «չարության» հանդեպ:

Թերևս միայն «կաշառակերություն» եզրույթը դուրս մնաց այս մոգական բառերի ցանկից, որովհետև այս պարագայում անմեղության կանխավարկածը գործող դրույթ է:

Բայց կարևոր է գտնել «…մեր երկրի հզորացմանը խոչընդոտող» այս և «…բոլոր մյուս արատավոր երևույթների նկատմամբ» անհանդուրժող լինելու ճանապարհը, եղանակը, կերպը, ձևը, քայլը՝ ի վերջո: Բնականաբար՝ նաև արդյունքը:

Նոմինացված ու արհամարված մարդիկ անհանդուրժող եղան առաջին իսկ պահից:

Եղան բազմաթիվ հրապարակումներ, պարզաբանումներ, հնչեցին անուններ, կոնկրետ անուններ, գծագրվեց իրադարձությունների ընթացքը՝ մարդկանց նոմինացրել են, համաձայնել են նոմինացնելու, ընդգրկել են երկրորդ փուլ անցած նոմինանտների ցանկում, հրավիրել են մրցանակաբաշխությանը և…և հանել են նոմինանտների ցանկից ու մրցանակաբաշխությունից ընդհանրապես: Այսքանը:

Ժյուրիի անդամները, որոնք նոմինացրել են, ընդգրկել երկրորդ փուլում և հանել նոմինատների ցանկից, ի վերջո, իրական մարդիկ են և ոչ գոգոլյան մեռած հոգիներ, ոչ վիրտուալ երևույթներ, ոչ ֆեյք օգտատերեր՝ ծաղիկի կամ սրբապատկերի տեսքով, այլ իրական մարդիկ՝ արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Նարինե Սարգսյան, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյան, դրամատուրգ Գուրգեն Խանջյան, առաջին ալիքի գործադիր տնօրենի տեղակալ, գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյան, կոմպոզիտոր Վահե Հայրապետյան, բեմադրիչ Գոռ Մարգարյան, պարուսույց Հրաչ Բադալյան:

Տեսնո՞ւմ եք՝ իրական մարդիկ են, նույնիսկ ոչ սովորական մահկանացուներ կան:

Բայց ի՞նչ ակնկալել «…մեր երկրի հզորացմանը խոչընդոտող» այս կոնկրետ, ոչ վերացական, ոչ անիրական երևույթը, այլ փաստը չհանդուրժելուց, և ի՞նչ սպասել անհանդուրժող լինելուց, երբ նրանցից ոչ մեկ ցանկություն անգամ չունեցավ և չունի հրապարակային բացատրություն տալ, թե ինչպե՞ս է լինում, երբ արվեստում, արվեստի դուռը տանող ճանապարհին, որը տաճար տանող ճանապարհ պիտի լինի, առնվազն, տեղի է ունենում «կեղծիք», «անարդարություն», «անհավասարություն», «խաբեություն», «մեքենայություն», «անիրավություն», «ամբարտավանություն», «ծուլություն», «չարություն» ու չկա դրանց հասցեատերը, չկա հետադարձ հասցեն, չկա երևույթի բացատրությունը, մեկնաբանությունը, պարզաբանումը: Հոդաբաշխ ձևով գոնե՝ չկա:

Ու չկա նրանց այդ պարտադրողը: Նրանցից պահանջողը՝ ըստ աստիճանակարգի:

ի՞նչ ակնկալել «…մեր երկրի հզորացմանը խոչընդոտող» այս կոնկրետ երևույթի դեմ անհանդուրժող լինելու պայքարից, երբ «Արտավազդ»-ի «համասեփականատեր» են Երևանի քաղաքապետարանը, Հանրային հեռուստաընկերությունը, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի նախարարությունը՝ յուրաքանչյուրն իր ներդրման չափով, բայց չկա ոչ մի պաշտոնական անդրադարձ: 

«Արտավազդ»-ը մի մարդու սեփականություն չէ, չէ՞, մի մարդու անձնական գումարներով չէ, չէ՞, որ կայանում է, այլ հանրության գումարն է «Արտավազդ»-ում, ուրեմն և հանրության առաջ պատասխանատվության խնդիր կա, չէ՞: Թե՞ չկա:

Պատասխանատու պիտի լինե՞ն մարդիկ և կազմակերպություններ, որոնք «…մեր երկրի հզորացմանը խոչընդոտող» են՝ առնվազն:  

ի՞նչ ակնկալել, երբ արվեստագետները, հյուրերը, որոնք «Արտավազդ»-ի դահլիճում էին, մրցանակակիր էին, հանդիսատես էին, դիտող էին և այլն, օսկարային թիթիզությունների մեջ էին, անէացած էին իրականությունից, լույսերից շաղված, փայլփլունից՝ արբեցած ու «…մերկության պես տկլոր…», հեռացան անձայն ու անծպտուն, իրենց հետ տանելով «կեղծիքը», «անարդարությունը», «անհավասարությունը», «խաբեությունը», «մեքենայությունը», «անիրավությունը», «ամբարտավանությունը», «ծուլությունը», «չարությունը»՝ մնալով այդ ծանր լաբիրինթում, իսկ թատրոնը, ինչպես քարոզել են մեզ երկա՜ր, երկա՜ր տարիներ՝ հեքիաթ է, անեություն, լույս, զվարթություն, իսկ բեմը մաքրությո՜ւն է, մաքրությո՜ւն, որ մղում է արարչագործության և այլն, և այլն…

Հրանտ Մաթևոսյանն ասում էր. «…Մեր մտավորականությունն ու մտավորականը գուցե թե հենց հայ մարդն է, հայ գյուղացին՝ իմ հայրը, իմ պապը, որ այս անտեր աշխարհում իր տան և՛ տերն էր, և՛ մշակը, այս անթագ-անիշխան երկրի և՛ իշխանն էր, և՛ չոբանը: իմ ժամանակ, ասենք, իմ ներկայությամբ «Պապլավոկի» պատահարը բռնկվել է - մտավորից ու մտավորականությունից հեռու նրանց ներկայությամբ չէր բռնկվի. Սոս Սարգսյանի, ասենք, ներկայությամբ վարկաբեկիչ այդ խայտառակությունը ծավալվել ու ճայթել է - հոր ու պապերի ներկայությամբ հանդուրժումի ու զրույցի այլ երեկո կլիներ. Իսահակյանն ու Դեմիրճյանը, ասենք, ներկա լինեին՝ դեմ-դիմաց մի սեղանի նստած, կզակները ձեռքներին, այո՞, ձեռքները ցուպերի գլուխներին... և սրահի ջերմությունը՝ կիրթ, զուսպ, կարգավոր, և սաքսաֆոնի ու դաշնամուրի համերաշխ զրույցը, այո՞, որովհետև հանրապետության նախագահը ներկա է...

Չգիտեմ, բարեկիրթ մարդու այս վտարումը մեզնից յուրաքանչյուրից, միմյանց սահմանների այս ոտնահարումը, այս որպես թե տնավարի, բայց իսկապես բռի ներխուժումը միմյանց սահմաններ - իհարկե ճոթռաբերան խեղճություն էր դառնալու և դառնալու էր բռի ցածրություն, ցածր բռիություն՝ գավառական ակումբի ներկայացում դարձնելով իշխանազանցության ու մարդասպանության իրական դրաման»:

Չգիտեմ՝ սա որքանո՞վ է հասանելի, հասկանալի նրանց, որոնք լռության են մատնել ու մատնում մի «կեղծիք», «անարդարություն», «անհավասարություն», «խաբեություն», «մեքենայություն», «անիրավություն», «ամբարտավանություն», «ծուլություն», «չարություն», որը՝ ոչ ավելի, ոչ պակաս՝ տեղի է ունենում թատրոնում: Ասել է, թե՝ մշակույթում, արվեստում: Եվ ի՞նչ հետևանք ունի վարչապետի տիկնոջ պատվիրանը…

ի՞նչ ակնկալել անհանդուրժող լինելուց, երբ մրցանակակիրները չեն մտածում, որ գուցե տանում են ուրիշի մրցանակը, չէ՞ որ մրցանակները սահմանված չեն ի վերուստ: Թե՞ սահմանված են: Եվ թատրոնի մարդիկ, որ գուցե հազարավոր անգամներ բեմից հնչեցրել են. « Լինել թե չլինել, այս է խնդիրը. ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ, տանել գոռ բախտի պարսաքարերը և սլաքները, թե զենք վերցնել ցավ ու վշտերի մի ծովի ընդդեմ, և դիմադրելով՝ վերջ տալ բոլորին…» չունեն այս հարցի պատասխանը՝ գոնե իրենց համար, իրենց ներսում և հոգեպես ավելի ազնիվ լինելու ճանապարհին մոլորված են, շփոթված և որոշել են…չլինել:

Արդյո՞ք սրանք մակերեսային խնդիրներ են: Արդյո՞ք սրանք խորքային խնդիրներ չեն: Արդյո՞ք կարող ենք մաքրվել, եթե լուռ անցնում ենք կատարվածի կողքով…լուռ են պրոֆեսորն ու ժողովրդական արտիստը, լուռ են վաստակավորն ու մշակույթի գործիչը, գրողն ու կոմպոզիտորը, բեմադրիչն ու պարուսույցը…լուռ են: Լուռ են այն կառույցները, որոնք «մեղսակից» են՝ թեկուզ ֆորմալ առումով:

Լուռ են ու չեն պահանջում հրապարակայնացնել ժյուրիի աշխատանքը, ցույց տալ արձանագրությունները, որոշումները: Լուռ են: Չեն ասում իրենց կարծիքն ու տեսակետը, ի վերջո, չունեն պահանջ, բողոք, ընդվզում…Իսկ կոլեկտիվ պատասխանատվությունը անպատասխանատվություն չէ: Հետո ի՞նչ, որ գլխավոր պատասխանատուն հունանավետիսյանաբար է մոտենում խնդրին: Այդ դեպքում արդյո՞ք Հունան Ավետիսյանինը չէ պատասխանատվությունը և այդ պատասխանատվությունը չի ենթադրում հատուցում:

Բոլորը գիտեն, որ տարիներ շարունակ տեղի են ունեցել թայֆաբազություններ, բոլորը գիտեն, որ առնվազն կան խարդավանքներ, կան անազնվություններ, կա տնավարություն, չեն ստեղծվել մեխանիզմներ, կարգեր, կանոններ, կանոնադրություններ և այլն, չեն պատժվել ու պատժվում մարդիկ, որոնք լինելով ժյուրիի կազմում, պարգևատրում են սեփական՝ այս պարագայում թատրոնները, սեփական բեմադրությունները, սեփական սիրելիներին:

Չեն պատժվել, չեն պատժվում ու չեն կրում պատասխանատվություն գոնե այն մասով՝ որ մսխում են հանրության գումարները, մսխում են հանրության հազարավոր կարիքների գումարները և առնվազն ազնիվ չեն իրենց գործողություններում:   

Հարցը բոլորովին այն չէ, որ 2022 թվականի «Արտավազդ»-ում նոմինացված էր հայ մեծանուն օպերային երգչուհու՝ Հասմիկ Պապյանի գեղարվեստական ղեկավարությամբ ստեղծված ներկայացումը: Բոլորովին այն չէ, որ նոմինացված էր համաշխարհային արվեստում մեծ ճանաչում ունեցող տաղանդավոր արվեստագետ Տիգրան Ձիթողցյանը և հենց նրանք էին հիմնականում կեղծիքի «զոհերը»:

Հարցը նույնիսկ այն չէ, որ Տիգրան Ձիթողցյանը ամիսներ շարունակ Հայաստանում էր և ուզում էր ստեղծել մի գործ, որը ձեռագրային և այլ նորություններ կբերեր Հայաստանին: Բոլորովին այն չէ, որ Հասմիկ Պապյանը համաձայնել է զբաղեցնել Օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավարի համեստ պաշտոնը, որպեսզի փոխանցումներ անի երիտասարդ սերնդին՝ արվեստի, ճաշակի, գեղարվեստականության, մշակույթի փոխանցումներ:

Վստահ եմ՝ թե Հասմիկ Պապյանը, թե Տիգրան Ձիթողցյանը, թե Վռամ Կարապետյանը, որոնք նվաճել են համաշխարհային բեմեր ու մրցանակներ, անձնապես մրցանակների կարիք չունեն, ինքնահաստատվելու՝ նույնպես:

Բայց ներկայացումը, որն իրապես, գոնե մեզ համար, հեղափոխական էր թատերական արվեստում, նոր էր, ծավալային էր, ոգևորություն ու թարմություն էր բերել, գրավել էր տասնյակ երիտասարդների, տասնյակ երիտասարդ ստեղծագործողների ներգրավվածությամբ էր, արվել էր ոչ խաղացանկային թատրոնում, արվել էր մեծագույն ջանքով, որովհետև օպերային ստուդիան, մեղմ ասած, անմխիթար վիճակում էր այդ պրեմիերայից առաջ, արվել էր նվիրյալների ու երազողների անմնացորդ հավատով, պիտի արժանանար մեծարանքի, գնահատանքի, արժևորման, որպեսզի կարողանանք առաջ գնալ:

Դարձյալ գամ Հրանտ Մաթևոսյանին. «…ներսում ամեն մեկս իր փայը ժրաջանորեն կրծում է և ամբողջը չի տեսնում - գլուխը կախ իր համար մենա՜կ, կուսակցություններո՜վ, թայֆաներո՜վ, մաֆիաներո՜վ... վաստակի, զոհի, արյան առևտրո՜վ, զուտ զորբայությա՜մբ, իրարու բերանից հաց խլելով, իրարու ծնող լացեցնելով...- միջուկի մեր կրծոցին ենք և ամբողջը չենք տեսնում…»:

Կգա՞ ամբողջը տեսնելու ժամանակը: Կգա, եթե կարողանանք մաքրել ավգյան ախոռները, եթե կարողանանք մաքրել նախևառաջ արվեստում: Եվ հրատապորեն՝ արվեստում: Եվ ամենասկզբունքային կերպով ու խորը գիտակցությամբ՝ արվեստում: Մշակույթում:

Լավ է ասված՝ «…Անհանդուրժող եղեք ամենաչնչին կեղծիքի, անարդարության, կաշառակերության, անհավասարության, խաբեության, մեքենայությունների, անիրավության, ամբարտավանության, ծուլության, չարության և մեր երկրի հզորացմանը խոչընդոտող բոլոր մյուս արատավոր երևույթների նկատմամբ…»։

Անհանդուրժող ենք, ասեք ի՞նչ անենք:

Ովքե՞ր են տալու գոնե այս մեկի պատասխանը, որի հանդեպ անհանդուժող ենք:

Իսկ ցանկացած հանդուրժում մեծացնում է ճահճի տարածքը՝ համապատասխան գարշահոտությամբ:

Արայիկ Մանուկյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ