Արայիկ Մանուկյան
Արայիկ Մանուկյան

 

«ՀԱՅԵՐ»-ի

հիմնադիր,

գլխավոր խմբագիր

 

Ժուռնալիստիկան

համարում է

սեփական 

«ստորագրության

պատվի»

մասնագիտություն:

 

Հավատացած է, որ 

«Հորինել 

պետք չէ՝ ոչ

երկիր, ոչ

պետություն,

ոչ էլ

կենսագրություն:

Պատասխանատվությունն

ըստ ապրված

կյանքի է

լինելու:

Ոչ թե ըստ

հորինվածի»:

 

Իսկ անքննելի

այս սահմանումը 

հեղինակել է իր

ամենաժուռնալիստ

ընկերը՝ Այդին

Մորիկյանը:

«Արտոյի երկիրը»՝ որպես պատերազմից չվերադարձածների երկիր

 

Ես չէի կարող չխոսել Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» ֆիլմի մասին, որը երկա՜ր սպասված ֆիլմ էր Հայաստանում, և շվեյցարական Լոկառնոյի բացման ֆիլմ ընտրվելուց հետո՝ դառնալով նաև 23-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի բացման ֆիլմը, շա՜տ սպասելիորեն ունեցավ տարատեսակ ընկալումներ։

Ես նայում էի Թամարա Ստեփանյանի ֆիլմը և որպես զուգահեռ իրականություն հայտնվում Սիմոն Աբգարյանի «Պենելոպե, օ՜, Պենելոպե»-ում․ «Բացի՛ր աչքերդ, նայի՛ր ճշմարտության իրական դեմքին։ Դու մտքումդ քո հաղթության պատմությունն ես հորինում, մինչդեռ քեզնից մնացել են փշրանքներ, դու ջախջախված ես ներսից և դրսից»։

Ես նայում էի Թամարա Ստեփանյանի ֆիլմը և որպես զուգահեռ իրականություն հայտնվում Լևոն Խեչոյանի արձանագրման մեջ՝ «...Պատերազմն այն ժամանակ է սկսվում, երբ շուրջդ`երկնքին, ծառին, ջրին, թռչունին ես նայում, այդ պահին ականանետի բեկորը տանում է գլխիդ կեսը, բոլորը` երկինքը, ծառը, թռչունը, մարդը, կոծող տանեցին գիտեն, որ դու մեռել ես, բացի քեզանից` բոլորը գիտեն...»։

Ես նայում էի Թամարա Ստեփանյանի ֆիլմը և որպես զուգահեռ իրականություն հայտնվում Արամ Պաչյանի՝ «Պատերազմ ողջ թե մեռած»-ում․ «... Ոչ ոք պատերազմից ետ չի դառնում․․․: Նրանք, ովքեր պատերազմը վերապրում են ու վերադառնում տուն՝ չեն վերապրում և չեն վերադառնում: Պատերազմից երբեք չեն վերադառնում...»։

Իսկ գուցե դրանք բոլորովին էլ զուգահեռ իրականություններ չեն։ Դրանք գուցե հենց այն իրականություններն են, որում ապրել ենք տասնամյակներով, որում ապրում ենք այսօր, և Թամարա Ստեփանյանի ֆիլմը հենց այդ իրականության արտացոլանքն է։

Մտային այս բախումներում ես կրկին վերադառնում եմ այն մտքին, որի հեղինակի ով լինելը չեմ մտաբերում, բայց որը ճշգրտորեն ձևակերպում է նաև իմ մոտեցումը կինոյին․ «Ինձ համար կինոյից կարևոր են արժեքները և գաղափարները», և ես Թամարա Ստեփանյանի ֆիլմը դիտարկում եմ հենց արժեքների և գաղափարների տեսանկյունից։ Ինձ համար երկրորդական են զուտ կինեմատոգրաֆիկ մանրամասնություններն ու նրբությունները։

Արդեն երկար տարիներ մենք պատերազմից չվերադարձած մարդիկ ենք՝ դրա բոլոր դրսևորումներով։

Ոչ մի նշանակություն չունի, որ մենք, կարծես թե ապրում ենք մեր սովորական կյանքով, մեր անձնական՝ նույնիսկ երջանիկ թվացող կյանքով։

Իրականության մեջ, մեր հավաքական անանձնականության մեջ մենք պատերազմից չվերադարձած մարդիկ ենք, և մեր սովորական կյանքն ապրում ենք որպես պատերազմից չվերադարձածներ։

Այլ բան է, որ այս երևույթին չենք ուզում նայել բաց աչքերով, չենք ուզում ինքնախոստովանել, չենք փնտրում լուծումներ, ապաքինման ճանապարհներ, շարունակում ենք մտքում հորինել մեր «․․․ հաղթության պատմությունը» և ինքնախաբեությունն ավելի մեծ տեղ ունի մեր կյանքում։

Գուցե այդպես ավելի հարմար է, ավելի հեշտ, գուցե այդպես ավելի մեղմ է կյանքը և գուցե այդպես ճիշտ է, դա ճանապարհ է դուրս գալու տարիների մղձավանջից, բայց իրականությունը դրանից չի փոխվում։

Արդյոք պատերազմից վերադարձա՞ծ են Թամարա Ստեփանյանի հերոսները՝ վարորդը, թարգմանիչը, նարդի խաղացողները, պատահական անցորդները, ոստիկանները, շուկայում հաց վատակող կինը, կնոջը կորցրած ու Արցախում միայնակ ապրող տղամարդը, պատերազմն իր ողջ դաժանությամբ ապրած ու լեռներում միայնակ մի անկյունում ծվարած պատերազմ ապրածը, որը թվում էր, թե պիտի հանգուցալուծեր պատմությունը, բայց նա, ավաղ, պատերազմից չվերադարձած էր այլևս։

Արդյոք պատերազմից վերադարձա՞ծ էր Թամարա Ստեփանյանի Արտոն, և ո՞վ էր Արտոն ընդհանրապես՝ դասալի՞ք էր, դավաճա՞ն, հերո՞ս՝ ինչ որ մեկի հերո՞սը, իրակա՞ն էր, անիրակա՞ն էր, անհա՞տ էր, թե՝ հավաքականություն։

Կարծում եմ այս հարցերի պատասխանները չուներ և Թամարա Ստեփանյանն ինքը, որովհետև այս հարցերի պատասխանները չունի ոչ ոք, որովհետև Արտոն նույնպես պատերազմից չվերադարձած էր։

Եվ ընդհանրապես, կարծում եմ, որ Թամարա Ստեփանյանը խնդիր չէր դրել պատասխանել հարցերի, խնդիր էր դրել պատկերել իրականությունը, ցույց տալ իրականության հոգեբանական, խորքային, շերտային կողմերը։

Հաղթողներին չեն դատում, այո, բայց, գուցեև, չեն դատում նաև պարտվածներին, որովհետև հայտնի չէ, թե ով է պարտվածը՝ մարդը, իրականությունը, ժամանակը, աշխարհը, քաղաքականությունը և ո՞վ է մարդն այդ ամենի հոլովույթում։

Ֆիլմի հերոսները մարդիկ էին, որոնք գրեթե առանց բացառության ոչ միայն պատերազմներով անցած ու դրանցից այլևս չվերադարձածներ էին, այլև Հայաստանին պատուհասած աղետների՝ երկրաշարժի, տնտեսական, քաղաքական կոլապսների, դրանց հետևանքների վերապրածներ, որոնք տասնամյակների ընթացքում հնարավորություն, ժամանակ, պատեհ պահ, խաղաղ շրջան անգամ չեն ունեցել դուրս գալու վշտի կապանքներից, կորուստների ծանրությունից, ծանր հիշողությունների հոգեկան ավերածություններից։

Ցավը, այն էլ մշտական, երկարատև, անվերջանալի թվացող ցավը ձևավորում է հոգեբանություն։ Ցավը հոգեբանական երևույթ է նաև, գուցե՝ նախևառաջ, ցավը ձևավորում է մտքեր, համոզմունքներ, կառավարում է հույզեր, սահմանում է վարքագիծ։

Թամարա Ստեփանյանի հերոսները ցավի կառավարած վարքագծի կրողներ էին, որի պարագայում անկարելի է և անհնար՝ գտնելու տրամաբանություններ, որոնելու օրինաչափություններ, գծագրելու սահմանումներ։        

Կամիլ Կոտինի սքանչելիորեն մարմնավորած Սելինի պատմությունը, կարծում եմ, ընդամենը միջոց է, միջոց, որով Թամարա Ստեփանյանը մոտենում է իր նպատակին՝ ցույց տալու «․․․ ներսից ու դրսից ջախջախվածներին», ցույց տալու իր երկրի տառապանքը, իր հայրենիքի տառապանքը և այդ տառապանքի մեջ խճճված, այդ տառապանքի մեջ իր տեղը փնտրող մարդուն։

Ռեժիսորը նաև ուղերձներ է հղում բոլոր նրանց, ովքեր հասկացան, կամ չհասկացան իր երկրի ցավը, նաև տեղեկություններ է հղում իր երկրի ցավի, իր հիշողության, իր կորուստների մասին, իր կենսատարածքի կորստի մասին, նաև ուղղակիորեն խոսում է աշխարհի հետ այդ ցավի, այդ հիշողության, այդ կորուստների մասին, բայց մեկ այլ լեզվով։

Մենք պիտի սովորենք, հավանաբար, խոսել պատերազմի մասին նաև ոչ որպես բացառապես հերոսականության դրսևորման։ Դժվար է, անշուշտ, տասնամյակների կաղապարային սահմանումներից, ընկալումներից՝ այն է պատերազմը դիտարկել որպես բացառապես հերոսականության դրսևորման միջավայր, որպես անմահ հերոսների, մաքրամաքուր, իդեալականացված կուռքերի, միֆական անհատների միջավայր և այլն, միանգամից շրջանցել պատերազմի ընկալման այդ մոտեցումը, և պատերազմը դիտարկել որպես մարդու ցավի, մարդու տառապանքի, մարդու հոգեկան ձևախեղման, հոգեբանական անկման, փլուզման առհավատչյա, որտեղ չկան հերոսներ և կան միայն պատերազմից չվերադարձած մարդիկ։ 

Իմ ընկալմամբ, այո, Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» պատերազմից չվերադարձածների երկիրն է, ցավոք, և մի կին՝ կյանքի զգալի մի հատված՝ գուցեև երջանիկ մի հատված, ապրած այդ երկրի բնակչի հետ, կյանքի բերումով հայտնվելով պատերազմից չվերադարձածների երկրում գուցեև դառնում է այդ երկրի բնակիչը, իսկ այդ երկրի բնակչին փառահեղորեն կերտել էր պատերազմն իր ողջ դաժանությամբ ապրած ու լեռների մի անկյունում միայնակ ծվարած պատերազմ ապրածը, որը խոսում էր (խոսո՞ւմ էր արդյոք, թե դա խելագարության ձայնն էր) մի քանի լեզվով, որն արտիստիկ էր, որովհետև կրում էի իր նախորդ, մինչպատերազմյան կյանքի դրոշմը, գուցեև փառահեղ ապրած կյանքի։

Ի՞նչ է լինելու Սելինի ճակատագիրը, ի՞նչ են անելու, ինչպե՞ս են ապրելու Սելինի երեխաները, և ընդհանրապես՝ ինչպե՞ս են ապրելու Արտոյի երկրի մարդիկ․․․ Սրանք հարցեր են, որոնք մնում են ֆիլմի ավարտին որպես նստվածք, բայց սրանց պատասխանները կամ լուծումները մերն են և ոչ՝ ռեժիսորինը։

Հ․Գ․ Ֆիլմի հայաստանյան պրեմիերային «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը խոսելով փառատոնի «Be a Poem» կարգախոսի մասին, անդրադարձ կատարեց նաև Թեոդոր Ադոռնոյի հայտնի հարցադրմանը՝ Օսվենցիմից հետո բանաստեղծություն գրելու հնարավորությանը որպես փիլիսոփայական դրույթ, որպես մշակութային ճգնաժամի դրսևորում, և Թամարա Ստեփանյանն իր «Արտոյի երկիրը» ֆիլմով պատասխանեց Թեոդոր Ադոռնոյին։

 

Արայիկ Մանուկյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

ԶՐՈՒՅՑ

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 90

hrantmatevossian.org

ԿԱՐԴՈՒՄ ԵՆՔ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

ԽՈՍԻՐ ԻՆՁ ՀԵՏ

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 90