«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

«Արյուն լիճ». ԶՈՐԱՅՐ ԽԱԼԱՓՅԱՆ

 

Լճի մասին, որի մեջ սպիտակ նժույգ էին տեսել, շատ էին խոսում, լիճը մառախուղի պես ծածկված էր խարհրդավորությամբ, զարմանալի բաներ էին ասում, իբր անտակ խորն է, չնայած փոքրությանը՝ փոթորկոտ օրերին ալեկոծվում էր ծովի նման և այնպես էր պղտորվում ջուրը, որ դառնում էր արյան պես կարմիր։ Ասում էին՝ երկաթահանք կա հատակին, մեկն ասում էր, որ զենք է, մի ժանգոտ սուր էր ցույց տալիս, որ գտել էր ափին, ալեբախությունից հետո։ Ուրիշ իրեր էլ էին գտել, շատ էին խոսում ոսկե ապարանջանների, մատանիների, զմրուխտե աչքերով ճտանոցների մասին։

Իսախանենց Ջավադի աղջիկը մի օր դպրոցում երևացել էր այդ զմրուխտե աչքերով ճտանոցը վզին, դպրոցական հասակի աղջիկ էր, շատերն էին տեսել, հետո ուրացան, ասացին այդպիսի բան չի եղել, երեխան հիմարություն է արել։

Լիճը սարերում էր, այնտեղ, ուր ամռանը հոտն արոտավայրեր էին հանում, մնում մինչև սեպտեմբերի սկզբները, ձյան հետ։ Այնքան բարձր էր, սեպտեմբերին այնտեղ ձյուն էր դնում մինչև մայիսի, հունիսի կեսերը։ Շատ բարձր էր։

Բայց առասպելը գեղեցիկ էր, հորինվել էր երևի դարերի խորքերում պատմելով մնում էր, հավատացողները շատ էին. Տեղի բնակիչները մի ամբողջ բանակ՝ ղոշուն էին ջարդել, բոլորին, զենքերով, ձիերով, ասպազենով լցրել լճի մեջ, մեկին  անգամ չէին թողել, որ ճանապարհը չհիշվի։ Թե ինչ ազգ էին եղել եկվորները, ինչ բանակ էր, ում բանակն էր, չէր հիշատակվում, լեռնականն այստեղ ռազմաշունչ էր, այսպիսի հակառակ առասպելներ միայն այս կողմերում կարող էին հորինել, մեր լսածը մշտապես ընկճող է եղել, մեզ են լցրել, մեր արյունն էր փոթորկոտ օրերին ելնում լճերի երեսը, մերոնք էին խորքերում՝ ձիերով, զենքերով, ասպազեն։

Հովիվները լճափից եղեգ էին կտրում, շվի էին շինում, տեսնողն իսկույն կասեր, որ շվին այնտեղից է, լսելով էլ կասեր, այդ շվիները ձեռքից գետնին ընկնելիս զնգում էին, ասես երկաթից, մեջը երկաթ կա, այն երկաթից է։

Ո՞ր մեկ խորհրդավոր լճում նժույգ չկա։ Բայց այստեղ մեկը չէր, շատ էին, փոթորկելիս խրխնջում էին, վրնջում էին հարյուրավոր, հազարավոր նժուգներ, նրանց սմբակների դոփյունից էր հատակի տիղմը ելնում կարմիր և բաշերը երբեմն երևում էին ջրի երեսը ելած։ Եվ պատմում էին նմանապես, որ այդ սրնգի նվագով նրանց կարելի է դուրս կանչել, ելնում են, երևույթանում են, տեսնողները բազմաթիվ էին, իհարկե շատ անհավատալի էր, բայց որ մարդիկ տեսել էին, դեմդ կանգնած պատմում էին առանց սարսուռի, մի քիչ մտահոգ, բայց ականատեսի ստույգությամբ։ Այդ ջրից անասուններն անգամ ջուր չէին առնում, շատ դառն էր, օրերով դառնությունը չէր անցնում։

Ավելի արժանահավատության համար հիշատակում էին, որ երկրաբաններ էին եկել, հետախուզել են, մեր օրերի ամեն ինչը ստուգաբանելու, հեքիաթը միկրոսկոպի տակ դնելու, ամեն ինչը ճշտելու, առասպելի համար տեղ թողնելու սովորույթով՝ այդ լիճն էր դարձվում էր գիտական ուսումնասիրության առարկա և արվում է համապատասխան եզրակացություն. Լճի ջրերում տարրեր կան, որ Մենդելեևի աղյուսակը չեն մտնում, մնում է եզրակացնել, որ լիճը տիեզերական ծագում ունի, խորքում ընկած է անհայտ բաղադրության մի երնաքար։ Այսպիսով, ամեն դար իր մասն է դնում առասպելի մեջ, հեքիաթը ոչնչացնելով՝ ավելի հեքիաթ դարձնում։

Բայց բուն, գեղջկական միջուկը բանաստեղծական էր, հավատի ու հավատալու հետ էր կապվում, հավատալով կարող ես տեսնել և նժույգ, և զենք, և աչքերի դեմ լիճը կկարմրի արյան գույնի։։ Եվ այդ գեղջկական միջուկն ամպաճուճ էր, ինչպես իր խրճիթը, սեղանի հացը, ոտքի տրեխները։

Բոլոր լավ հեքիթների պես սա էլ շատ հին էր, գերեզմանոցում քարեր կային, քարերի վրա անուններ, տանում ցույց էին տալիս՝ այս մարդն ու այն մարդը եղել են այնտեղ այն օրերին, երբ Ենգոն սպիտակ ձիու վրա մտել է գյուղ, իակ Ենգոն վաղուց տնից գնացած, անհետացած, ցնդել մնացել էր սարերում, նրա մասին երեխա ժամանակ են լսել, բայց հարյուր տարի անց Ենգոն հայտնվել էր սպիտակ ձիու վրա, այստեղ բոլորն իրենց քարերն ունեին, մենակ նա չուներ։ Ենգոն եկել, երևացել, անցել է գյուղամիջով, ձիու պոչն, ասում էին, այնքան երկար, այնքան սպիտակ, այնքան մեծ, որ մի մեծ ամպ էր ասես ձիավորը և մեկ ուրիշ ամպ ետևից էր գնում։

Ենգոն հրեղեն ձիով մտնում է գյուղ, բայց գյուղը չի ճանաչում, անցնում է թաղից թաղ, իրենց տունն է ման գալիս, բայց այլևս չկար ոչ տունը, ոչ այգին, ոչ կին, ոչ երեխա, ժողովուրդը փոխվել է, ուրիշ մարդիկ էին ապրում, հասկանում է, որ դարեր են անցել, ինքն այստեղ անելիք չունի, սիրտը մենությունից քիչ է մնում պայթի, հիշում է ջահելությունը, կին ուներ, երեխա ուներ, ծնողներն էլ դեռ կային, միայն մեկ անգամ տեսավ ջրի ձիուն, ու ցնդեց, քունը կորցրեց, ասաց մինչև իմս չլինի, տուն չեմ գալու, սարերից չեմ իջնելու, գնաց, կորավ, ձմեռն էլ չիջավ, ասացին՝ Ենգոյին գելերը կերել են, ցնդած ցնդած ով գիտի որ կիրճովն է ընկել։

Ամռանը նոր սար ելածները փնտրում են, հալվող ձյան տակ ոսկորներ են գտնում, մարդու ոսկորներ։ Ուրիշ ո՜վ պիտի լիներ, բայց այս տարի է մեռել, անցյալ տարի, թե՞ հարյուր տարի առաջ, դժվար է ջոկել։ Ստացվում է, որ ինքը մեռել էր, բայց նրա երազանքը մնացել էր երկրի վրա, և երազանքը կատարվել էր, Ենգոն ինքը երևույթացել էր սպիտակ նժույգի վրա, ինքը կամ իր երազանքը։

Ուրեմն, լինում է, որ դարեր պիտի սպասես երազանքդ կատարվելու համար, մահից հետո էլ պիտի սպասես, այդքան համբերություն է ունեցել։ Եվ ասում էին, որ Ենգոն ծեր էր, ջահել չէր, տնից գնալիս նա քսան-քսանմեկ տարեկան էր, հիմա ձիու վրա նա խոր ծեր էր, միրուքը սպիտակ ձիու սպիտակ բաշին խառնած, երազելով էր ծերացել, հիմա էլ գնում էր այս աշխարհից՝ երկրի վրա թողնելով իր կատարված բաղձանքը։

Այժմ էլ, իբր, ով տեսնի այդ ձին, նրա երազանքը կկատարվի։ Մեծերը փոքրերին ասում էին՝ դատարկ բան է, ի՜նչ են խոսում, կայծակ, ի՜նչ կայծակ, ջրի մեջ կայծա՞կ, երկնքի ամպը լճի մեջ երևում է, ասում են ձի է, ի՜նչ ձի։ Բայց ամեն նոր ծնվածի հետ պատմվում է նորից։

Մի սայլապան ու կթվորներից մի կին, անունները չեն տալիս, սարից իջնելիս, սայլը բարձած կաթով լիքը բիտոններ, ձիերը հանկարծ ծառս են լինում, արշավում են առանց մտրակ, սայլապանը ինչ անում, չի անում, կանգնեցնելն անհնար, թռչում, ձորն են թափվում, բիդոնները գլորվում են այնքան հեռու, որ տեսնողը զարմանում էր, թե որտեղից որտեղ են հասել։

Ձիերն ինչո՞ւ կատաղեցին, թևեր առան, ի՞նչ էր պատահել։ Կինը մահացել էր, սայլապանը ողջ էր մնացել, շունչը դեռ վրեն, ասաց՝ այդ անիծված ջրի մոտով անցնում էինք, այնպիսի մառախուղ, այնպիսի մառախուղ, ես ինչ իմանամ գետնին ենք, թե երկնքի մեջ։ Մեկ էլ առաջս տեսա այդ անտեր ձին, Ենգոյի ձին։ Այս էր ու այս, ձիերս թռան, թևեր առան, սայլը սայլ չէր, թռչկան էր դարձել, իսկ առջևից սլանում էր այն ճերմակը, էլ ուրիշ բան չեմ հիշում։

Հանգուցյալների հիշատակը հարգելով՝ ուրիշ բան չասացին, միայն այն, որ ջահել տարիներին իրար սիրած են եղել, բայց միմյանց չեն արժանացել, ով գիտի ինչ է պատահել նրանց սայլի մեջ, ձիերը աչքաթող են արել, կամ իսկապես տեսել են Ենգոյի ձին, երազանքը կատարվել է, ուրիշ ի՜նչ պիտի պատահեր, դա է, ով տեսնի Ենգոյի ձին՝ նրա երազանքը կկատարվի այդ գնով։

Հ.Գ.

Պատմվածքը հրապարակվել է Զորայր Խալափյանի «Այսքան բան» գրքում: Թվագրված չէ: Այն «ՀԱՅԵՐ» մեդիահարթակին է տրամադրել գրողի եղբայրը՝ Թեմիկ Խաիափյանը, որի համար շնորհակալ ենք:

 

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ