Թեմիկ Խալափյան
Թեմիկ Խալափյան

 


 

«Ասացի, գիտե՞ս Քոչարը գեղարվեստի մասին ինչ է ասել..». ԹԵՄԻԿ ԽԱԼԱՓՅԱՆ

         

Ե՛տ եկեք…

Գարնան վարար գետ եկե՜ք,

Անցա՜ծ օրեր, խինդ ու սե՛ր,

Դարձե՜ք, իրար հետ եկե՜ք։

Հ. Թումանյան

Գեղանկարչության ամբիոնում մի երկարամյա դասախոս ունեինք՝ Վաղինակ Ասլանյան։ Չնայած իր տարիքին, դեռ երիտասարդության գեղեցկությունն ուներ, ճերմակաթույր գանգուր մազերով, կապուտաչյա, գեղեցկադեմ մի այր։

Սիրում էր շախմատ, խաղում էր ում հետ պատահի, շատ հաճախ ներկա էր լինում ուսանողների և դասախոսների բանավեճին, որ երկար դասամիջոցներին մի բաժակ սուրճի շուրջ լինում էր բուհի բակում։

Նա սովորաբար սոսկ ներկա էր լինում, երբեք ականատես չեմ եղել, որ ինքն իր սեփական կարծիքը հայտնի, կամ խառնվի բանավեճին իր գիտելիքներով այնպիսի համոզվածությամբ թեմայի շուրջ, ինչպես որ Վռամշապուհ Շաքարյանն էր, Գևորգ Մնացականյանը, Էդուարդ Իսաբեկյանը, Պետրոս Մալայանը և այլք։

Եթե մեկի կարծիքին համամիտ լիներ, հոնքերը վեր կքաշեր, երբեմն աջ ձեռքի ցուցամատն ու բութը ատրճանակի պես վեր կտնկեր՝ ուրիշ ոչինչ։

Այնպես է լինում, որ Սովետական Միության նկարիչների պատվիրակության մի մեծ խմբի հետ մեկնում է Իտալիա։ Իր՝ Իտալիայից վերադառնալուց հետո իմացա, որ ինքն էլ է եղել այդ պատվիրակության անդամներից մեկը։ Եվ ահա, մենք իրար հետ շախմատ ենք խաղում։ Սովորաբար, խաղալիս սկզբից կամ ինքը կամ ես ամեն մի քայլ կատարելու ժամանակահատվածում Թումանյանի  քառյակներից էինք արտասանում՝ մեկս մյուսին փոխանցելով։

Այս անգամ մի քանի քառյակ արտասանելուց հետո որոշեցի հարցնել, թե ի՞նչ է տեսել Իտալիայում։

- Ընկեր Ասլանյան, - հարցրի, - Միքելանջելոյի Դավթի արձանի օրիգինալը տեսա՞ք։

Ընկեր Ասլանյանը աջ ձեռքի ցուցամատը վեր տնկեց, հոնքերը վեր քաշեց, աչքերը փակեց, քիչ հետ ընկավ ու կտրուկ սուլոցներ արձակեց՝ իբրև տեսածի  հիասքանչության դրսևորում։

- Լեոնարդո, Ռաֆայել, Ջոտտո, Տիցիան… տեսա՞ք։

Նա նույն շարժումը կրկնեց և մի քիչ ավելի բարձր, երկարատև կտրտվող սուլոցներ արձակեց՝ այս անգամ տեսած նկարիչների հասցեին։

- Սիքստինյան կապելլան…։ Այս անգամ նա իր ցուցամատը վեր բարձրացրեց, ավելի հանդիսավոր կեցվածք ընդունեց, վեր տնկած մատը շրջանաձև շարժեց, աչքերը խուփ, հոնքերը վեր, բայց չսուլեց անմիջապես, այլ մեղրաջուր խմած մարդու պես շրթունքները ծպպացրեց, նոր միայն կտրուկ սուլոցներ արձակեց էլ ավելի ուժեղ։

Այսպես իմ բոլոր հարցերին ի պատասխան նա մատը տնկեց ու սուլեց։ Ես ինչքան կարողացա՝ հասկացա, թե ինչքան ազդված էր մարդը իր տեսածով։

Անցավ մի քանի օր։ Մեր շախմատախաղին ներկա գտնվողներից մեկը, ուսանող-դասախոս հերթական բանավեճի ավարտից հետո շուռ եկավ ընկեր Ասլանյանին, թե.

- Ախար, ընկեր Ասլանյան, էն օրը բան չհասկացանք։ Ի՞նչը, ինչպե՞ս, որտե՞ղ, ի՞նչն Էր, որ ավելի շատ էր տպավորություն թողել ձեզ վրա։ Զգացի, որ ընկեր Ասլանյանին նեղը գցեց, փորձեցի փրկել մարդուն՝ ասացի.

- Գիտե՞ս Երվանդ Քոչարը գեղարվեստի մասին ինչ է ասե՞լ։

- Ի՞նչ է ասել, - ասաց հարց տվողը։

Իսկ ընկեր Ասլանյանը ուշադրությունը լարեց ու լարված սպասեց՝ իմանալու, թե ինչ է ասել Քոչարը։

- Քոչարն ասում է, - ասացի, - որ գեղարվեստի մասին չեն խոսում, գեղարվեստը պետք է տեսնել։

Ընկեր Ասլանյանը փրկված էր այլևս իր համար անցանկալի հարցուփորձերից։ Նա, որ մինչ այդ ձեռքերը գրպանում դրած էր, աջ ձեռքը դուրս բերեց, ցուցամատը ու բութ մատը ատրճանակի պես վեր տնկեց, պտտեց մի երկու անգամ օդում, հոնքերը վեր քաշեց ու բարձր սուլեց։

Սուլեց ու գնաց։     

Մեր սիրելի դասախոս ընկեր Վաղինակ Ասլանյանն իր Իտալիա կատարած ճամփորդության ընթացքում տեսածի ու լսածի մասին այսպես տպավորիչ, հասկանալի ու արտիստիկ կեցվածքով ներկայացնելուց հետո գնաց սուրճ խմելու։

 

Թեմիկ Խալափյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ