«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

Աշխարհը Հայաստանով արած ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆԸ

 

Երեսուն տարի առաջ նոյեմբերի 16-ին, Երևանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի բեմում «Սևիլյան սափրիչի» Ռոզինայի անկրկնելի դերերգով հանդիսատեսին ներկայացավ լեգենդար Տաթևիկ Սազանդարյանին ուսանած Հասմիկ Պապյան սոպրանոն և տաղանդը, ձայնը, նվիրումը, արմատները նրան տարան համաշխարհային բեմեր։

Ահա արդեն երեսուն տարի հայ, Հայաստան, Հասմիկ Պապյան անուններն անքակտելիորեն շաղկապված են և այդ շաղկապումի առջև խամրում են մնացած բոլոր տիտղոսները՝ պրիմադոննա, դիվա, օպերային բեմի թագուհի, համաշխարհային մեծության աստղ և այլն։

«ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակն այսօր ուզում էր երգչուհուն շնորհավորել անակնկալ և շնորհիվ Հասմիկ Պապյանի մտերիմների կարողացանք երգչուհուց գաղտնի «սողոսկել» նրա լուսանկարների անձնական արխիվ։

Եվ ահա հրապարակում ենք Հասմիկ Պապյանի անցած դժվարին ու փառահեղ ուղին ուրվագծող լուսանկարներ, որոնցից շատերն առաջին անգամ են «ներկայանում»։

Կարող եք տեսնել, թե ինչպես է լեգենդար Տաթևիկ Սազանդարյանը, երգչուհու ուսուցիչը, հիացմունքով շնորհավորում իր սանին համերգից հետո:

Ինչպես է մեկ այ լեգենդ, Լուսին Ամարան շնորհավորում Հասմիկ Պապյանին Նյու-Յորքի «Լինկոլն Սենտր» սրահում։

Լուսանկար, որտեղ իտալացի աշխարհահռչակ բաս Նիկոլայ Գյաուրովը 73 տարեկան հասակում առաջին անգամ Տուրինում  Օրովեզոյի դերերգը «Նորմայում» երգում է Հասմիկ Պապյանի հետ։

Մադրիդը, որտեղ «Պիկովայա Դամա» ներկայացումից հետո Ելենա Օբրազցովայի և Պլասիդո Դոմինգոյի հետ հայ երգչուհին դուրս է գալիս պատշգամբ՝ ողջունելու հանդիսատեսին, որը դրսում էկրանի միջոցով հետևում է պրեմիերային:

Աշխարհահռչակ Քիմ Քաշքաշյանը, որ Իտալիայի Ռավեննա քաղաքում կայանալիք երաժշտական փառատոնից առաջ Հասմիկ Պապյանի հետ փորձում է Գիյա Կանչելլիի ստեղծագործությունը:

Լեգենդար տենորն է Հասմիկ Պապյանի հետ՝ Մարիա Կալլասի մշտական խաղընկեր Ջուզեպպե դի Ստեֆանոն Իտալիայի Տրապանի քաղաքում, իր իսկ հիմնած փառատոնում, «Նորմա» ներկայացումից հետո:

Լեգենդար մեցցո-սոպրանո Ջուլիետա Սիմիոնատոն է Հասմիկ Պապյանի ընկերակցությամբ Միլանի Վերդիի տանը երգչուհու երգած բարեգործական համերգից հետո:

Վիեննայի «Շտաատսօպերայում» Հասմիկ Պապյանի առաջին «Տոսկա» ներկայացումից հետո, լեգենդար տենոր Ջակոմո Արագալի և վաղամեռիկ մեծանուն դիրիժոր Մարչելլո Վիոտտիի հետ։

Եվ վերջապես Հասմիկ Պապյանն իր սիրելի, մշտապես տուն կանչող «Անուշ»-ով՝ հարազատ Երևանյան բեմում, Վլադիմիր Սպիվակովի հետ՝ հարազատ Գյումրիում, Ժոզե Կուրայի հետ՝ իրեն հարազատորեն ընդունած Վիեննայի «Շտաատսօպերայում», Մարչելլո Ջորդանիի հետ՝ Փարիզի «Բաստիլ» օպերայում և այլուր։

Եվ բացահայտելով մեր «հանցակիցներին», ուզում ենք հատուկ շնորհակալություն հայտնել երգչուհու եղբորը՝ օպերային երգիչ Հրանտ Պապյանին և գրող, հրապարակախոս լուսահոգի Հրաչօ Մաթևոսյանի՝ Հասմիկ Պապյանի հորաքրոջ ամուսնու հարսին՝ Արևիկ Մարգարյանին, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ այս լուսանկարների հրապարակումը։

Ի դեպ, լուսահոգի Հրաչօ Մաթևոսյանը ժամանակին աշխատել է Հասմիկ Պապյանին նվիրված գրքի վրա, խնամքով ներկայացնելով աշխարհը Հայաստանով արած երգչուհուն, սակայն այս մասին հետագայում։

Առայժմ շնորհավորենք Հասմիկ Պապյանին երեսնամյա բեղմնավոր նվիրումի համար։

Առաջարկում ենք դիտել նաև webtv.am  մշակութային ինտերնետ հեռուստատեսության 2013թ. օգոստոսին Հասմիկ Պապյանի հետ արված հարցազրույցը, որ վերնագրված է «Հայի ապագան հայաստանն է»:

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ