«Աշխատասիրությունը նույնպես տաղանդ է...». ՌՈՒԲԵՆ ԿՈՍԵՄՅԱՆ
Վերջերս Հայաստանում է կանադահայ հանրահայտ ջութակահար - մենակատար Ռուբեն Կոսեմյանը։ Նրա հետ ծանոթացա Երևանում ցուցահանդեսներից մեկի ժամանակ, որին մասնակցում էի նաև ես։ Զրուցեցինք երաժշտությունից, նկարչությունից, արվեստում ունեցած նախասիրություններից և ընկալումներից։ Նաև՝ միմյանց ստեղծագործական ծրագրերից ու անելիքներից… Պարզվեց, որ Հայաստանում ունեցած համերգների շարքից հետո ջութակահարը նախաձեռնել է ձայնագրությունների և փոխադրությունների բազմաժանր ու լայնածավալ մի ծրագիր։ Այդ թեմայի շուրջ էլ ավելի մանրամասն զրուցել եմ նրա հետ։
- Ռուբեն, արդեն երկար ժամանակ է՝ զբաղվում եք ձայնագրություններով ու փոխադրություններով։ Ասացիք, որ ձայնագրել եք 191 գործ և փոխադրել տարբեր ժամանակաշրջանի 95 ստեղծագործություն։ Ե՞րբ և ինչպե՞ս ծագեց այդ մտահղացումը և ե՞րբ սկիզբ դրվեց այս գործընթացին։
- Ձայնագրություններ անելու ցանկություն միշտ եմ ունեցել, քանի որ համոզված եմ եղել, որ կարո՛ղ եմ շատ գործեր կատարել։ Դեռևս Հայաստանում ապրելուս ընթացքում սկսեցի ձայնագրվել։ Նաև որոշ փոխադրություններ ունեի արված։ Սակայն նպատակային ու լայնածավալ՝ որպես առաջիկա տարիների համար նախատեսված ծրագիր, այո, մեկ-երկու տարի է, ինչ սկսել եմ։
Ձայնագրությունը յուրահատուկ գործընթաց է՝ համապատասխան մոտեցում պահանջող։ Դրա դժվարությունն այն է, որ ձայնագրության համար կարևոր է ոչ միայն կատարողական տեխնիկական կողմը, որը պետք է կատարյալ լինի, այլև զգացողությունը, երաժշտությունը, հեղինակի միտքը ճշտությամբ փոխանցելը, ինչի պատճառով էլ գործը հետաքրքիր է լսելը։
Ձայնագրությունների պրակտիկան դեռ մանկուց կա. ձայնագրվել եմ փոքր տարիքից։ Պահպանվել են 8-9 տարեկան ժամանակվա իմ համերգային ձայնագրությունները։ Կարող եմ ասել, որ ձայնագրությունը դժվար և աշխատատար գործընթաց է։
- Ի՞նչը պատճառ եղավ, որ սկսեցիք փոխադրություններ անել։
- Հայաստանում, ինչպես նաև Կանադայում, շփումներս կոմպոզիտորների հետ բավականին հաճախ ու երկարատև են եղել։ Նրանցից սովորեցի կոմպոզիցիայի, ստեղծագործության կառուցման ձևն ու կանոնները։
Կանադայում ապրելու տարիներին համերգային գործունեությանս ընթացքում աշխարհի տարբեր բեմերում նվագել եմ ջութակի ռեպերտուարի մեծ մասը, որոնց մի մասն էլ այդ ընթացքում ձայնագրվել է։ Ժամանակի հետ ավելի սուր զգացի, որ միայն ջութակի համար գրված գործերի կատարումն ինձ չի բավարարում։ Ջութակի ռեպերտուարից բացի՝ շատ եմ լսել այլ գործեր ևս, որոնք ինձ չափազանց դուր են եկել և միշտ էլ մեծ ցանկություն եմ ունեցել դրանք նվագելու։ Որոշեցի փոխադրել դրանք։ Հույս ունեի, որ այդպիսով նաև նոր ռեպերտուար կստեղծվի՝ փոխադրություններ ջութակի և դաշնամուրի համար, որոնք կարող էին մյուսներն էլ կատարել։
Գիտենք, որ ժամանակին փոխադրություններ են արել այնպիսի մեծ ջութակահարներ, ինչպիսիք են Ֆրից Կրեյսլերն ու Յաշա Հեյֆեցը։ Սկսեցի ավելի խորն ուսումնասիրել փոխադրությունների նրբությունները։ Վաշինգտոնի գրադարանը հնարավորություն ընձեռեց արխիվային ձեռագիր նոտաներին ծանոթանալու։ Գտա Սերգեյ Ռախմանինովի՝ մի շարք փոխադրությունների իր աշխատած օրինակները, հայտնաբերեցի նաև Յաշա Հեյֆեցի փոխադրած շատ անհայտ գործեր, որոնք չեն տպագրվել կամ, եթե տպագրվել են, ապա չեն տարածվել։ Ծանոթացա Հեյֆեցի աշակերտների հետ։ Կապ հաստատեցի նաև նրա որդու հետ, ով ինձ օգնեց ձեռք բերել իր հոր աշխատած օրինակները։ Համեմատելով դրանք իմ աշխատած տարբերակների հետ, նկատեցի՝ 2-3 գործի փոխադրություն համընկնում են։ Փոխադրելու համար մնացած գործերն ընտրել եմ այնպես, որ երբևէ փոխադրված չլինեն՝ խուսափելու համար կրկնություններից։
- Ի՞նչ տիպի գործեր եք փոխադրել։
- Այսօրվա դրությամբ մոտավորապես 90 և ավելի գործի փոխադրություն ունեմ արված՝ ջութակի և դաշնամուրի համար։ Օրինակ, Մոդեստ Մուսորգսկու շատ հայտնի «Նկարներ ցուցահանդեսից» գործը դաշնամուրի համար, որը Մորիս Ռավելը փոխադրել է նվագախմբի համար, փոխադրեցի որպես սուիտ (11 պիես) ջութակի և դաշնամուրի համար։ Կարծում եմ, շատերը կցանկանան այն կատարել։
Իմ փոխադրած գործերի թվում է նաև Սերգեյ Ռախմանինովի «Օպ. 39 N 5»-ը, որը նվիրել եմ հորս՝ Հայաստանի վաստակավոր արտիստ, «Կոմիտաս» քառյակի ալտահար Ալեքսանդր Կոսեմյանին։
Կան ջազային ոճի գործերի փոխադրություններ, օրինակ՝ Դյուկ էլինգտոն և Ջորջ Գերշվին։ Էլինգտոնի գործի փոխադրությունն առայժմ հրատարակելու իրավունք չունեմ, քանի որ հեղինակային իրավունքի ժամկետը չի լրացել։ Սակայն տպագրության պայմանագիրն արդեն կա։ Հանրահայտ ֆիրմաներից մեկի հետ մնացած 70 գործերը միանգամից տպագրելու բանակցություններն ընթացքի մեջ են, և որոշ հարցերի շուրջ արդեն պայմանավորվածություն կա։
- Փոխադրություններն արդյո՞ք ավելի ստեղծագործական ունակություններ չեն պահանջում։ Ինչպե՞ս է հաջողվում համատեղել կատարողական և ստեղծագործական գործընթացները։
- Կատարումն էլ է պահանջում ստեղծագործելու ունակություն, պարզապես կատարողը մի փոքր ավելի սահմանափակված է գրված տեքստով։
Փոխադրության համար նախ և առաջ անհրաժեշտ է ճիշտ վերլուծել հեղինակային տեքստը՝ վերծանելով այն տարբեր գործիքների համար։ Հաջողված փոխադրություն անելու համար պակաս կարևոր չէ նաև համապատասխան գործիքներին տիրապատելը։ Ինքս «լսում»՝ պատկերացնում եմ, թե գործն ինչպես կհնչի տվյալ գործիքներով։
Փոխադրություն անելիս՝ փոխադրողն ինչ-որ տեղ համահեղինակ է, նա կարող է իրեն թույլ տալ որոշակի փոփոխություններ անել, այնպիսիք, որոնք չեն խախտում հեղինակի ոճն ու միտքը, ավելին՝ ընդգծում են դրանք։
- Ի՞նչ է հաջորդելու դաշնամուրի և ջութակի դուետների ձայնագրություններին։
- Այս պահին ձայնագրման և փոխադրությունների գործընթացին զուգահեռ նաև բանակցում եմ մի շարք միջազգային հանրահայտ լեյբլների ու հրատարակչական տների հետ՝ ֆիզիկական և թվային տարբերակով սկավառակների թողարկման, ինչպես նաև փոխադրությունների տեքստերի տպագրման հարցերի շուրջ։
Իմ արած փոխադրությունների մի մասն արդեն տպագրվել է. Սանկտ Պետերբուրգում լույս է տեսել երկու ժողովածու, մեկում ընդգրկված են Պ. Չայկովսկու, Ս. Ռախմանինովի, Կոմիտասի, Ֆ. Լիստի գործերը, իսկ մյուսում՝ Ս. Պրոկոֆևի՝ «Ռոմեո և Ջուլիետից» իմ փոխադրած 6 պիեսը, որոնք նախկինում փոխադրված չեն եղել։ Կատարողների համար սրանք նոր գործեր են։ Թողարկվել է նաև նույն գործերի ձայնագրությամբ սկավառակ՝ դաշնակահար Նատալյա Մնացականյանի հետ։ Կա նշված ժողովածուն նաև Հայաստանում տպագրելու պայմանավորվածություն։
Ասեմ, որ Պրոկոֆևի թոռն անձամբ է նայել գործերը և շատ գոհ է մնացել։ Ե՛վ ջութակի, և՛ դաշնամուրի պարտիաներն արված են շատ մանրամասն՝ ընդհուպ մինչև նշված մատներ և այլ տեխնիկական նյուանսներ։
Պայմանավորվածություններ կան Պ. Չայկովսկու և Վ. Սիլվեստրովի գործերը ձայնագրելու և թողարկելու շուրջ։
Բացի այս ամենից՝ նախատեսում եմ ձայնագրել Յ. Ս. Բախի, Է. Իզայիի, Ն. Պագանինիի ջութակի մենանվագները, ինչպես նաև մոտավորապես 30 խոշոր գործ՝ արտասահմանյան տարբեր նվագախմբերի հետ։
- Մինչ այդ բազմաթիվ համերգներ եք ունեցել տարբեր երկրներում։ Ո՞ր հանդիսատեսն է ավելի ջերմ ընդունել, ո՞ր բեմերում եք ավելի լավ զգացել որպես կատարող և ինչո՞ւ։
- Լավ զգալը կապված է դահլիճի հնչողության, դիրիժորի և նվագախմբի կատարողական մակարդակի, ինչպես նաև լավ գործիքի ու աղեղի հետ։ Կարևոր է, թե որքանով է հանդիսատեսը մասնակից քո նվագին։ Երբ հանդիսատեսը զգայուն է և արձագանքող, կատարողի և նրա միջև ստեղծվում է «երկխոսություն», որն էլ համերգի գլխավոր նպատակն է։ Հանդիսատեսի մասնակից լինելը կախված է նաև համերգային այն ծրագրից, որը կազմում ես։
Մեծ ջերմություն զգացել եմ մեքսիկացի հանդիսատեսից։ Միացյալ Նահանգներում մեծ ոգևորությամբ հանդիսատեսն ընդունեց հայկական ռեպերտուարը՝ Բաբաջանյան, Բաղդասարյան։ Ամեն տեղ հանդիսատեսը տարբեր է, իհարկե։ Ամեն տեղ էլ ջերմության որոշակի աստիճան անպայման լինում է։
- Իսկ Հայաստանո՞ւմ։
- Ինձ թվում է՝ Հայաստանում հանդիսատեսն ավելի սառն է, ավելի հակված է քննադատության, քան երաժշտությունից հաճույք ստանալուն։ Բարեհաճ ու կամեցող մթնոլորտը կարևոր է նախ և առաջ հանդիսատեսի համար, ով եկել է երաժշտություն լսելու։ Մյուս կողմից՝ լավ է, որ կա հանդիսատես, որի ականջից ոչինչ չի վրիպում։
- Ի՞նչ ապրումներ ու զգացողություններ են առաջնորդում մենակատարին բեմում, ինչպե՞ս են հաղթահարվում բեմական հուզմունքը, վախը։
- Ամեն երաժիշտ իր պատճառը, նույնիսկ պատճառներն ունի բեմում հուզվելու, սկսած մասնագիտականից, վերջացրած՝ հոգեբանականով։ Դա չափազանց անհատական պահ է։ Պատճառներից մեկն, օրինակ, անպատրաստ լինելն է։
Հոգեբանական պատճառները հաղթահարելն ավելի դժվար է և շատ ավելի անհատական։ Յուրաքանչյուր երաժիշտ ինքն է գտնում և լուծում այդ խնդիրը։
Կարծում եմ՝ բեմական վախն ու հուզումքը հաղթահարելու լուծումներից մեկը հաճախակի բեմում լինելն է։
- Ո՞րն է այն կարևորը, որ ունկնդիրը համերգային դահլիճից պետք է իր հետ տանի։ Ի՞նչ պետք է երաժիշտը փոխանցի իր հանդիսատեսին։
- Յուրաքանչյուր մարդ յուրովի է ընկալում երաժշտությունը, բայց կարևորը երաժշտությունը ճիշտ փոխանցելն է։ Այդ դեպքում դրա մեջ արտահատված զգացմունքները հասանելի կլինեն հանդիսատեսին։ Ըստ իս, կատարողի հիմնական խնդիրը տվյալ գործի բովանդակությունը ունկնդրին փոխանցելն է՝ հնարավորինս բացառելով տեխնիկական ու անձնային խանգարող հանգամանքները։ Կատարողն իր ընկալումներով, իր զգացմունքային դրսևորումներով չպետք է խանգարի լսողին ընկալել գրված երաժշտությունը։ Այլապես գործը բավարար տպավորիչ չի լինի։
- Ի՞նչ նմանություն և տարբերություն կա մեր, որը պայմանականորեն անվանենք «սովետական», և դրսի կատարողական դպրոցների, մոտեցումների միջև։
- Գլոբալիզացիայից հետո տարբերություն գրեթե չկա։ Տարբերությունը կարող ենք նկատել միայն թերևս «հին դպրոցի» ներկայացուցիչ կատարողների, օրինակ, Հեյֆեցի կամ նրանից առաջ եղած շատ ջութակահարների մոտ։
Նախկինում գործիքային տեխնիկական լուծումները և երաժշտության կատարումը հակադրում էի միմյանց։ Հարցն ուսումնասիրելուց հետո համոզված եմ, որ երաժշտական տեքստն է թելադրում կատարման նրբությունները։ Եթե ամեն ինչ արվում է գրված տեքստին համապատասխան (եթե այն, իհարկե, ճիշտ ենք հասկանում), ապա ոչ մի հակասություն չի առաջանում, քանի որ այդ դեպքում տեխնիկական և երաժշտական կողմերը համահունչ են լինում։ Այս թեման մտադիր եմ ավելի մանրամասն լուսաբանել մոտ ապագայում։
- Արվեստում, ինչպես և կյանքում, կան առաջնային ու երկրորդական բաներ։ Երաժշտության մեջ որո՞նք են առաջնայինն ու երկրորդականը։
- Անշուշտ, ամեն ինչը չէ, որ հավասարաչափ կարևոր ու առաջնային է, ընդգծելու, առանձնացնելու կարիք ունի։ Շեշտադրումը պետք է հասկանալ երաժշտական յուրաքանչյուր գործի դեպքում առանձին։
- Տարբեր է արդյո՞ք երաժշտությունը երաժշտի և հանդիսատեսի համար։
- Մի տարբերություն կա՝ մենք տեխնիկական խնդիրներ ենք լուծում։ Բայց արդյունքում երկուսս էլ երաժշտությունը նույն կերպ ենք լսում։ Եվ որքան գրագետ լուծի խնդիրը երաժիշտը, այնքան ճիշտ կհնչի և հեշտ կընկալվի երաժշտությունը։
- Նվագել սկսել եք դեռևս շատ մանուկ հասակից։ Ի՞նչ մասնագիտական ճանապարհ եք անցել։
- Ծնողներս էլ են երաժիշտ, և ես երաժշտություն լսել եմ մինչև նվագել սկսելը։ Սկզբում սովորել եմ հորս մոտ, ապա՝ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում՝ Տատյանա Հայրապետյանի մոտ։ 14 տարեկանում տեղափուխվել եմ Մոսկվա, սովորել եմ Մայա Գլիզարովայի մոտ, ում մասին վերջերս հետմահու տպագրվել էր «Ստրադ» հանրահայտ ամսագրում։ Հայաստանում, մինչև Կանադա մեկնելը, 13 տարի դասավանդել եմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ մասնագիտական ու կամերային անսամբլի ամբիոններում։
Այդ ընթացքում, նաև Կանադա տեղափոխվելուց հետո, բախտ եմ ունեցել տարբեր տարիքի և տարբեր երկրների կատարող ջութակահարների հետ շփվելու, նրանցից մասնագիտական նրբություններ սովորելու։
- Ինչո՞վ էիք զբաղվում Կանադայում։
- Կանադայում հիմնականում համերգային գործունեություն ունեի։ Շատ եմ ճանապարհորդել, համերգային ծրագրերով եղել եմ Մեքսիկայում, Միացյալ Նահանգներում, Մալազիայում, Թայվանում, Ճապոնիայում, Կոլումբիայում, ինչպես նաև Վրաստանում, Ռուսաստանում և Հայաստանում՝ արդեն որպես կանադահայ ջութակահար։
Այդ ընթացքում հանդիպել ու ծանոթացել եմ բարձր դասի բազմաթիվ կատարողների, որոնց հետ ընկերացել ենք։
Տարբեր երկրներում համերգներին զուգահեռ նաև վարպետության դասեր եմ անցկացրել, օրինակ՝ Թայվանում, Մալազիայում, որտեղ շատ խոստումնալից երեխաներ կային։
- Որքան գիտեմ, նաև աշակերտներ ունեք, ունեցել եք ինչպես Հայաստանում, այնպես էլ Կանադայում։ Ի՞նչ կպատմեք ուսուցանելու գործընթացի մասին։
- Այո։ Մինչ օրս ձեռք բերած գիտելիքներս ու դիտարկումներս սիրով փոխանցում եմ չափահաս աշակերտներիս։ Աշակերտներ եմ ունեցել Միացյալ Նահանգներից, Պարսկաստանից, Կանադայից։ Դասավանդելն այնքան էլ հեշտ գործ չէ։ Եթե դասավանդողը պարզապես «տեսաբան» է, և ոչ՝ կատարող, ապա չենք կարող ակնկալել, որ դասավանդումն արդյունավետ կլինի։
- Ո՞րն է կարևոր, տաղանդը, թե՞ աշխատասիրությունը։
- Աշխատասիրությունը նույնպես տաղանդ է։
Լիլիթ Ալեքսանյան