Արայիկ Մանուկյան
Արայիկ Մանուկյան

 

«ՀԱՅԵՐ»-ի

հիմնադիր,

գլխավոր խմբագիր

 

Ժուռնալիստիկան

համարում է

սեփական 

«ստորագրության

պատվի»

մասնագիտություն:

 

Հավատացած է, որ 

«Հորինել 

պետք չէ՝ ոչ

երկիր, ոչ

պետություն,

ոչ էլ

կենսագրություն:

Պատասխանատվությունն

ըստ ապրված

կյանքի է

լինելու:

Ոչ թե ըստ

հորինվածի»:

 

Իսկ անքննելի

այս սահմանումը 

հեղինակել է իր

ամենաժուռնալիստ

ընկերը՝ Այդին

Մորիկյանը:

«Աստծո տված բժիշկը՝ մոր ձեռքը միշտ վրան…ԱՇՈՏ ԵՂՈՅԱՆ»

 

Երբ առաջին անգամ մտա բժիշկ, թոքաբան, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշոտ Եղոյանի հիվանդանոցային աշխատասենյակը, դեռևս ոչ մի բառ չփոխանակած հասկացա, որ գործ եմ ունենալու բացառիկ մարդու հետ:

Ինչպե՞ս: Չգիտեմ: Երևի այն պարզ պատճառով, որ մշակույթ կրող, արմատներ ունեցող մարդը բացահայտվում է ինքնին՝ նույնիսկ լռության մեջ: Բարևից հասկացա, որ Աշոտ Եղոյանը գյումրեցի է, իսկ գյումրեցին չի կարող չերևակվել՝ նույնիսկ, եթե իր կյանքի վերջին գրեթե վաթսուն տարիներն անցկացրել է Երևանում:

Միայն գյումրեցու հետ կարող ես զրույցը սկսել արվեստից, մշակույթից՝ անգամ եթե գյումրեցին բժիշկ է ու այցդ էլ բժշկական բնույթի է:

Մեր առաջին հանդիպումից ամիսներ անց կիրակնօրյա մի առավոտ Աշոտ Եղոյանի հետ ուզում ենք սուրճ խմել երևանյան «Կազիրյոկ»-ում: Անձրևից հետո համավարակային Երևանի մի քիչ տխուր առավոտը բազմաթիվ կարոտներ է բերում վաթսունականների հեռուներից ու լցնում զովի մեջ:  

«Քույրս ընդունվեց բժշկական: Մայրս չէր հարմարվում՝ հանրակացարան, բարեկամի տուն և այլն: Ու 62-ին տեղափոխվեցինք Երևան: Ծանր շրջան էր: Լենինականի 7-րդ դպրոցից 14 տարեկան տղան միանգամից գալիս է Երևան: Ուրբաթ օրը դասի է գնում Լենինականում, երկուշաբթի՝ երկրորդ դասից գալիս է ուղիղ Աբովյան դպրոց: Աբովյան դպրոց, կինո «Նաիրի»՝ Երևանի սիրտն են ու Լենինականից մի հատ ակնոցավոր տղա՝ երազկոտ, շատ խաբուսիկ արտաքինով, բայց գիտենալով, որ գյումրեցի է, բարբառով դեռ կարգին խոսում է, գալիս է Երևան ու պետք է ինքն իրեն դնի: Ռուսներն ասում են «պաստայած զա սեբյա»:

Տղերքի հետ, իհարկե, շուտ կարգավորվեցին հարաբերություններս, բայց մի ուսուցչուհի հանդիպեց՝ մաթեմատիկայի ուուցչուհին, որը նաև մեր դասղեկն էր, ու որին անչափ դուր չեկան հումանիտար գիտելիքների նկատմամբ իմ, առանց կեղծ համեստության, արտակարգ ընդունակությունները, ու դարձա աչքի գրողը: Իմ աչքի առաջ է վաթսունականների Երևանը՝ այն ժամանակվա կինո «Նաիրին», Աբովյան  դպրոցը, խմբագրությունների շենքը, որ նոր էին կառուցում, տրամվայը, որ գալիս, անցնում էր այդ տեղով, լողավազանը, որը քանդեցին, ու սարքեցին «պարուսնիկը»՝ «Պապլավոկը, որի բետոնե հատակին տղերքով ֆուտբոլ էինք խաղում: Մեր աչքի առաջ էր բարձրանում Երևանը:

Լավ հիշում եմ այդ Երևանն ու մարդկանց՝ մարդիկ, մարդիկ, մարդիկ, որոնք, իսկապես, սերուցքն էին: Սլավիկ Չիլոյանին եմ հիշում՝ մի քիչ խմած բանաստեղծություններ էր կարդում, հրաշալի բանաստեղծ Անրի Զարյանին եմ հիշում, գիտեք, նաև նրա թարգմանությունները կինոյում, որ դասական են: Էդիկը Թադևոսյան՝ մեր ջութակահարը, Երվանդը Երզնկյան: Ես միշտ ձգտում էի դեպի նրանք: Իմ աշխարհն այդ էր: «Սկվազնյակ»: Քոչարն աչքիս առաջ է: Ի՜նչ ասեմ…»:

«Կազիրյոկը», որ մեզ տարավ դեպի վաթսունականների կեսերի Երևան, այլևս այն «Կազիրյոկը» չէ: Երևի ճիշտ այնպես, ինչպես Երևանն այլևս այն Երևանը չէ: Կյանքի ընթացք է, անշուշտ: Գուցե՝ բնականոն ընթացք: Կյանքում ամեն ինչ փոխվում է: Փոխվում են նաև քաղաքները: Բայց հիշողությունը մնում է: Տվյալ վայրի հիշողությունը մնում է: Ու սիրելի են այն քաղաքները, որտեղ հիշողությունը ներկայում է: Նաև՝ ապագայում: Ու հիմա չգիտեմ՝ Երևանն այն ժամանակ էր քաղա՞ք, երբ «Կազիրյոկի» Հռիփսիկն ուղն ու ծուծով գիտեր սրճարանի բոլոր «բնակիչներին», երբ Քոչարը «Սկվազնյակ»-ում էր, որովհետև քաղաքը մարդիկ են նախևառաջ, թե այսօր, երբ մատուցողուհին անտարբեր սպասում է սուրճի պատվերին…

Երբ առաջին անգամ հանդիպեցի Աշոտ Եղոյանին, նրա աշխատասենյակի արվեստային կերպը՝ սեփական կտավներով, որի մասին հետո իմացա, նույնպես հուշեց այդ սենյակում աշխատող բժշկի արմատների մասին: Վստահ էի, որ այնտեղ հետաքրքիր դրվագներ կան: Եվ անհնար էր, որ առավոտյան սուրճի շուրջ չխոսեինք քաղաքից, մանկությունից, ծնողներից, որքան էլ, որ հեռվանում էր մեր խոսակցությունը համավարակից ու թոքաբանությունից:

Նրա մանկության քաղաքը Գյումրին էր: Հիշեցի ընկերոջս՝ Լևոն Մկրտչյանի «Գյումրի» սքանչելի  կարճ ֆիլմը ու նրա հերոսին՝ գյումրեցի կառապան Գրիգոր հոպարին՝ «…Ամեն Աստծո օր կաշեմ էս Գյումրիին ու կզարմանամ. տո էսքան էլ սիրուն քաղա՛ք: Կըսեն, օր մեր Գյումրին իրեք հազար տարվա պատմություն ունի: Ես չեմ ըսե, գիտնականները կըսեն: Չըսեք, թե էլի լոպըզցավ…»:

Աշոտ Եղոյանը «լոպըզնալու» մտադրություն անգամ չուներ, թեև նախադրյալ ապրած կյանք ուներ ու նրա Գյումրին նման էր «տխուր աչքերով ուրախ» հանչարեղ գյումրեցուն: Նրա Գյումրիում թե՛ թախիծ կար, թե՛ սրբազան հուշեր, թե մի ողջ ապրած ու չապրած մանկություն:

«Շատ հետաքրքիր բան են հիշողությունները: Երևի ճիշտ էր հանճարեղ իսպանացին, երբ ասում էր՝ մարդը որ տարիքից, որ սկսեց հիշողություններով ապրել, ոչ թե պլաններով, ուրեմն ծերացել է»,-ասում է Աշոտ Եղոյանը՝ Գյումրիից, մանկությունից ու ծնողներից խոսելու իմ առաջարկին ի պատասխան, չնկատելով, որ խոսում է շատ երիտասարդական ավյունով, երիտասարդական մտքով ու ծերանալու մասին խոսք անգամ լինել չի կարող:

«Իմ առաջին մանկական հիշողությունը 53 թվի հետ է կապված: Փոքր չէի, վեց տարեկան էի: Դեռ դպրոց չէի գնում: Այն ժամանակ յոթ տարեկանից էին դպրոց գնում: Տանը մայրս էր ու հիշում եմ՝ մայրս լաց էր լինում: Ես էլ երեխա՝ մի քիչ սթրեսային վիճակում, որովհետև մայրս լաց է լինում, նայում եմ, թե մայրս ինչո՞ւ է լաց լինում: Հայրս մտավ տուն, ասաց՝ «էս ընչի գուլաս»: «Ստալինն է մեռել»,-ասաց մայրս: «Տո, այ կնիկ, խո ե՛ս չեմ մեռել: Ստալինն է: Մեծ մարդ էր, մեռավ»:

Այո, Գյումրի եմ ծնվել: Բայց ես լենինականցի եմ, գյումրեցի չեմ: Գյումրեցին ուրիշ պոպուլյացիա է: Գյումրեցին արմատական գյումրեցին է: Ուստա Մկրտիչն էր գյումրեցի: Իսկ իմ տատը խնուսցի էր, պապս՝ ղարսեցի, մայրս ծնվել էր Գուսանագյուղում, Հայրս՝ տատս մոտավորապես էր հիշում, թե հայրս որտեղ է ծնվել: 15 թվի ծնունդ է: Գաղթի ճամփին է ծնվել: 

Մայրս ուսուցչուհի էր: Հայրը՝ Սեդրակ պապս, քահանա է եղել: Թուրքի խուժանի ասպատակությունների ժամանակ քահանա պապիս մորթել, գցել են ջրհորը: Տատս հղի է եղել: Մայրս հորը չի տեսել: Մայրս հետաքրքիր մի բան էր ասում՝ ասում էր հորս թուրքը տարավ, ախպորս՝ Ստալինը: 37 թվին, Խարկովի ակադեմիայում սովորող սպա Սոկրատ քեռուս տարան ու այլևս չվերադարձավ: Մայրս ուսումնարան է լինում ընդունված: Երբ եղբորը տանում են, ժողկրթբաժնից կանչում, ասում եմ, որ կոմսոմոլից հեռացնելու են: Ու գիտե՞ք ինչ հարց են տալիս՝ «ախպորդ, որ տարան, լաց եղա՞ր»: Մայրս հեկեկալով գցում է կոմսոմոլի տոմսն ու դուրս է գալիս: Ժամանակներ են է՜ եղել:

Հայրս պատերազմ գնացել է 42 թվին: «Բրոնյա» է ունեցել: 42-ին գնացել է ֆռոնտ, քույրս է ծնվել, ինքը չի տեսել քրոջս ծնունդը: 47-ին եկել է ու՝ ես եմ ծնվել: Մի հինգ տարի կյանքս մազից է կախված եղել»,- այսպես լեննականցիավարի շարունակում է Աշոտ Եղոյանը՝ երևանյան խոսվածքը համեմելով գյումրվա խոսվածքով, երևանյանը խառնելով գյումրվա հումորին, բժշկի խիստ կերպից դուրս գալով: Էլ ի՞նչ լեննականցի, եթե թախիծում անգամ ժպիտ չպիտի լինի ու հումորով չպիտի լինի խոսքը:

«Չգիտես ինչու, ձմեռն եմ շատ հիշում: Նոր տարին: Լենինականի ձյունը, Լենինականի ձմեռը: Շշմելու է: Երկինք-գետին իրար խառնված, նույն գույնի, գորշ: Ձյունը գալիս է: Երեխա ես ու նոր տարվա սպասում կա: Մայրդ գալիս է: Սպասում ես: Գալիս է ձյունոտ տոպրակով: Ձմեռ պապն է, էլի: Գալիս է ձյունոտ տոպրակով ու վռազ գնում է: Գնաց,- Աշոտ ջան,- ասում է: Ի դեպ, մայրս երբեք ինձ Աշոտիկ չի ասել: Աշոտ էր ասում»:

Ահա, այսպես բանաստեղծական պատկեր է շարադրում Աշոտ Եղոյան զարմանալի մարդը: Պոետիկ մի կինոպատկեր է նկարում կամ սպիտակագորշ մի կտավ՝ ձյուն, գորշացած, բայց մանկության հուշերում սպիտակ մնացած ձյուն, մանկության քաղաք, մայրական հոգածություն ու սեր…Ու հիշում եմ Դաշտենցի «Ֆայտոն Ալեքը»՝ «…Իսկ տարեմուտին, օ՜, ի՜նչ եռանդ էր / Երբ բուքն էր ոռնում Ջաջուռի սարով / Ալեքի կառքը մի սահնակ դարձած / Թռչում էր Գյումրու ձյունոտ դաշտերով…»:

«Ես որ ասեմ, թե որտեղ ենք ապրել, էդ արդեն լենինականցին, գյումրեցին կհասկանա: Կասի՝ «ղայդին լենինականցի էս»: 14-ի ու 27-ի ուգըլը, նավթի պադվալի կողքը: Էդ էն փողոցն է՝ Ռուսթավելու անվան, որ հիմա բրենդային է: Հիմա թանգարանային կենտրոն է: Այսինքն մեր հարևանն էր Ավետիք Իսահակյանը: Շա՜տ փոքր էի, աղոտ հիշում եմ: Նույնիսկ կարող է մորս հուշերն են տպավորվել ու ինձ թվում է, թե ես եմ տեսել, բայց ես հիշում եմ: Իսահակյանը 14-ով գալիս էր դեպի իրենց անկյունը, որ թեքվի ձախ: Սպիտակ կոստյումով, լայնեզր գլխարկն ու ձեռնափայտը ձեռքը: Ամբողջ փողոցը դուրս թափված, շարված մայթի վրա, թե՝ վարպետն է եկել:

Ու ասում են՝ լեգենդի նման է, ընկերներս երբեմն հոգուս հետ խաղում են, որ Իսահակյանը ձեռքը դրել է գլխիս: Մամաս ասում էր, որ անցավ, ասեց՝ ի՜նչ լավ բալա է, ու ձեռքը դրեց գլխիս: Ես էլ ասում եմ՝ «է, ի՞նչ կլիներ, որ մի քիչ ավելի հիմնովին շոյեր էլի գլուխս: Եղած շնորհներս կիսատ-պռատ չմնային»:

Էլի այսպես՝ գյումրեցու, լեննականցու խոսքի շենությամբ Աշոտ Եղոյանը համեմում է պատումը: Էլի թախիծից ուրախ մի նոտա է դուրս պրծնում ու թևածում մեր զրույցի շուրջը:  

«Լենինականը շատ կոլորիտային է: իսկապես, ուրիշ քաղաք է: Դրա համար չեմ ասում, որ ծննդավայրս է: Ազնվորեն: Յուրաքանչյուր լենինականցի տղամարդ ինչ-որ մի հատ չէ, մի քանի հատ է՝ կամ նկարում է, կամ երգում է, կամ նվագում է: Հայրս երբեք երաժշտական կրթություն չի ստացել, ոչ էլ նկարչական, բայց հրաշալի նկարում էր ու ի՜նչ գործիք տային ձեռքը՝ նվագում էր:

Ես շատ եմ պարծենում հայրական կողմի իմ արմատներով: Պապս շատ հայտնի երաժիշտ է եղել, դուդուկի դպրոցի հիմնադիրներից մեկը: Փանչոն՝ Կարապետ Եղոյանը:  Որ փոքր էի, ասում էին՝ «ումոնց է՞ն էս»: Ասում էի՝ Փանչոյի թոռն եմ: Վերջ: Այդքանը հերիք էր: Մինչև վերջերս Լենինականի «ռաբիզի» պատի վրա երկու նկար էր՝ Լևոն Մադոյանինն ու պապինս: 64 թվին Երևանում մահացավ: Շատ միամիտ մարդ էր ու շատ էմոցիոնալ:

59 կամ 60 թվին էր, Ստեփան Ջրբաշյանը եկել էր պապիս ձայնագրելու: Մի հատ հսկա մեքենա էր: Մեծ: Մի երեք օր մնացին: Մեր տանն էին քնում: Պապս արդեն առաջացած տարիքի էր: Ձայնագրեցին ու ռադիոյով հաղորդում եղավ պապիս մասին: Էն ժամանակ մենք ասում էինք «սըրեդնի Երևան»՝ Երևանն է խոսում: Մի 15 րոպեանոց հաղորդում էր: Բայց էդ մի անգամը եղավ: Կորավ գնաց: Չգիտեմ, թե էդ թվերի արխիվները մնացած լինեն…:

Պապս նվագում էր: Ջրբաշյանը մեր թախտին նստած: Շա՜տ հաճելի մարդ էր: Դաշտենցն ասում էր՝ Գյումրվա կտուրներից էրգիրն է երևում: Պապս ասում էր՝ «առավոտ ֆայտոնը կնստեինք, կերթայինք կուտեի՜նք, կխմեի՜նք Ղարս, իրիկունը ետ կուգայինք»:

Փանչոյի մասին Աշոտ Եղոյանի հետ զրուցել էինք դեռ մեր առաջին հանդիպմանը: Մարդը, որ նստած էր իր հիվանդանոցային աշխատասենյակում, հայտնի, ճանաչված բժիշկ էր, ահռելի փորձառությամբ, բայց մանկանում էր պապի մասին խոսելիս: Հետո փորձում էր շեղել նյութը, անցնել բժշկի իր հարց ու փորձին, բայց ես փորձում էի վերադարձնել մեր զրույցը դեպի մանկություն: Ես նրա արմատների մասին չգիտեի: Ես նրան ընդհանրապես չէի ճանաչում, բայց նրա արմատները նրա դեմքին էին, հայացքում, խոսվածքի մեջ, նույնիսկ զուտ մասնագիտական բացատրություններում: Այլ կերպ չի լինում, երբ արմատ է լինում ու երբ արմատում լինում է պապը:

Հետո, մինչ մեր նոր հանդիպումը, ես պեղում ու գտնում եմ Փանչոյի մասին ահա այս զգայացունց պատմությունը: Այն թաքնված էր «Դուդուկն է երգում Գյումրիում» Գագիկ Վարդանյանի գրքում:

«… Ալեքպոլցու կենցաղում` նրանց տխրության և ուրախության պահերին, դուդուկահարների կատարումներն իրենց ուրույն տեղն ունեին, իսկ դուդուկահարները մշտապես հարգված էին երաժշտության բնագավառում: Կատարողական արվեստի ժառանգականորեն փոխանցումը հանգեցրեց այն փաստին, որ 20-րդ դարում հիմնադրվեց «Արևելյան երաժիշտների կոլեկտիվը», որը կնքվեց «ռաբիս» անվամբ: Այս կոլեկտիվին՝ պաշտոնական գրանցում ստանալուց հետո, գործունեություն ծավալելու հնարավորություն ընձեռնվեց Գորկայի այգում գտնվող թատրոնի շենքում: Բայց դա ժամանակավոր երևույթ էր ու պետք էր մտածել հիմնական «խարսխակայան» ունենալու մասին:

Այս գործում անուրանալի էր անվանի դուդուկահար Կարապետ Եղոյանի՝ Փանչոյի, վաստակը: Գեներալ Մազմանովը աղջկան կնության տալով, նրան է նվիրել Ձիթողցոնցից գնած տունը, որում անօգտագործելի մարագներ են եղել: Փանչոն գեներալից խնդրել է՝ դրանք վարձով տրամադրել` որպես ռաբիսի տղաների աշխատանքի համար տարածք ու մերժում չի ստացել: «Վարձս ո՞րն է, արի էդ մարագները նվիրեմ, գնացեք ձեր գործն արեք»,- մեծահոգաբար ասել է գեներալը: Մինչ օրս նախկին Պուշկինի, ներկայում` ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի փողոցում գտնվող, պատշաճ տեսք ստացած այդ նախկին մարագն իր նպատակին է ծառայում:

Էրզրումից Ալեքպոլ գաղթելիս, ասկյարները կտրել են երիտասարդ Կարապետ Եղոյանի ու իր գերդաստանի ճամփան: Կարապետը զգալով վտանգը, գրպանից հանել է դուդուկն ու ասել, թե ինչ թալանել են, թող իրենց լինի, ինքը կռվից ու քաղաքականությունից հեռու երաժիշտ է, բայց չէր խանգարի լսել, թե ինքն ինչի է ընդունակ: Դա հետաքրքրել է ասկյարներին: Բարեբախտաբար, թուրք տասնապետը երաժշտասեր է եղել, ասել է. «Թող մի բան նվագի»: Դուդուկի թախծալուր մեղեդին հոսել է ասկյարների սրտերը ու թուրք տասնապետն ափսոսանքով շեշտել է, որ նա գյավուր է` անհավատ, հավելելով. «Թե չէ` Ստամբուլի բլբուլը կդարձնեինք քեզ»: Այս կերպ դուդուկի մեղեդին եղել է Փանչոյի ու իր գերդաստանի փրկագինը: Թուրքերը վերադարձրել են թալանածն ու, անվտանգության համար, ուղեկցել մինչև ապահով վայր:

Փանչոյի գերդաստանը հանգրվան է գտել Ալեքպոլում, որտեղ էլ նա դուդուկահարի` իրեն արժանի ճանաչման է հասել, իսկ հեղինակությունը տարածվել է ամբողջ Կովկասում: Նրա ելույթը Թբիլիսիում կայացած Կովկասի դուդուկահարների մրցույթին, հիացմունքի հոգեզմայլ ալիք է տարածել հանդիսականների հոգիներում, արցունք «քամել» նրանց աչքերից: Ծաղկեփնջեր են կուտակվել բեմեզրին: Այդ ժամանակ արվեստի հայտնի երախտավոր Գլախո Զաքարյանը՝ արտասուքն հազիվ զսպելով, նրան «հայոց պարծանք» է բնորոշել: Չնայած Փանչոյին տարբեր քաղաքներից` իրենց մոտ ստեղծագործելու համար ստացվող առաջարկ-հրավերներին, նա մնացել է մեր քաղաքում և հիմնել դուդուկի սեփական դպրոցը, որը տվել է ոչ պակաս շնորհաշատ ու համբավավոր դուդուկահարներ…»:

Մեր հանդիպմանն այս պատմությունը պատմում է նաև Աշոտ Եղոյանը, չիմանալով իմ «պեղումների» մասին:

«Պապս 11, 12 տարեկան է եղել: Քեռու հետ դուրս է եկել շրջելու՝ որպես թափառական երաժիշտ: Նա էլ է դուդուկ նվագել: Մուկուչ էր անունը: Մի գյուղում թուրքերը բռնել են՝ թե երաժիշտ եք, նվագեք: Նվագել են: Օմբաշին շրջվել, ասել է, թե՝ «դու էն ինչ մուղամը գիտե՞ս»: Քեռիս շփոթվել է: Պապս կողքից ասել է, թե՝ ինքը գիտի: Քեռին ասել է՝ «դե, չալե»: Պապս քեռուս դամքյաշն էր, բայց սկսել է նվագել: Քեռին դարձել է պապուս դամքյաշը: Պապս նվագել է, նվագել: Էս թուրքը սկսել է լաց լինել: Պապս էլ՝ երեխա, շունչը հերիք չի արել: Օմբաշին ասկյարին ասել է, թե՝ «տար գյուղի եզրը, բաց թող»:

Գնացել են: Ետ չեն նայել, քանի որ հետևից եկողը թուրք է եղել, կարող էր կրակել ու ետ դառնալ: Գնացել, գնացել են: Շրջվել, տեսել են՝ ասկյարը չկա: Թողել գնացել է: Քեռիս փռվել է քարի վրա, պապուս ասել է՝ մոտ արի: Պապս մոտ է գնացել ու քեռիս մի հատ ուժեղ ապտակել է պապուս: Գյումրվա տրադիցիա է: Վարպետի մոտ սովորող աշկերտը վերջում՝ մի 6-7 տարի սովորելուց հետո, եթե ուստա է դառնում, վարպետի ապտակը պետք է ստանա: Հիշում ե՞ք, «Կտոր մը երկքինք» ֆիլմում ֆրունզն ապտակում է Թորիկին ու ասում՝ « դե, գնա աբրե»: Այսինքն՝ դու արդեն ուստա ես, հացդ ունես:

Սա անձամբ պապիս պատմածն է ինձ»:

Ես չգիտեմ, թե այս երկու պատմություններից որո՞ւմ է իրականությունն ավելի մոտ, որում է լեգենդն ավելի շատ: Բայց դա անկարևոր է: Վստահ եմ, որ իրականությունն Աշոտ Եղոյան թոռան հիշողության մեջ դաջվածն է: Հիշողությունը չի սխալվում: Բայց սա, իսկապես, կարևոր չէ: Կարևորը Փանչո պապի գոյությունն է: Գոյությունը թոռան կյանքում, որի հետքը թոռան կերպի մեջ է: Իր շարունակության մեջ: Մարդկային տեսակի մեջ:

-Ինչո՞ւ այսօր Երևանում չկան այնպիսի մարդիկ, ինչպիսիք 60-ականների Երևանում էին,- մի քիչ անսպասելի հարցնում եմ Աշոտ Եղոյանին՝ գուցեև նաև մի քիչ սադրելով:

«- Մթնոլորտից է,- ասում է բժիշկը: Եթե ես դուրս էի գալիս ու «Սկվազնյակում» Քոչարն էր նստած, Մինասը կար, Վրույրը կար՝ Վրույր Գալստյանը, որը ժամանակակից արվեստի հիմնադիրներից մեկն էր, ֆերնան Լեժեն գլուխը քարն էր տվել, ինչպե՞ս կարող էր ազդեցություն չունենալ: Ընդհանրապես, հիշեք, թե աշխարհում ի՜նչ էր կատարվում այդ ժամանակաշրջանում, ի՜նչ արվեստ կար: Նեոռեալիզմ, ֆրանսիական կինոյի նոր ալիք: Վերջին հաշվով՝ Բիթլզ կար, Ռոլինգ Սթոունզ, Լեդ Զեփելին: Կերպարվեստում ի՜նչ անուններ եղան: Հիմա կա՞ մեկը, որ համեմատվի: Ոչ միայն Երևանում, աշխարհում չկա:

Նայեք մեր շրջապատը: Մենք հազիվ հասցնում ենք կուսակցությունները հաշվել: Հիմա նախ ասպարեզ չկա: Ընդհանրապես ասպարեզ չկա: Սա ծերունական փնթփնթոց չէ: Չեմ կարող չասել նաև այն խայտառակության մասին, որ հեռուստատեսության տարբեր ալիքներով օրը երեք-չորս տեսակի, այսպես կոչված, սերիալներ են ցույց տալիս: Ամոթ է: Ես հանդիսական եմ: Ես միշտ շատ լավ հանդիսական եմ, միշտ շատ լավ ունկնդիր եմ: Ինձ համար ե՞ն ցույց տալիս: Թող ցույց չտան: Ես ամաչում եմ: Թող չմտածեն, թե ամբողջ հայ ազգն այդ մակարդակն ունի: Դրա համար էլ չկան անպիսի մարդիկ, ինչպիսին վաթսունականների Երևանում կային»:

Դժվար է շեղվել նման խոսակցությունից ու անցնել բժկությանը, մանավանդ՝ համավարակին, երբ կարող ես երևանյան առավոտի զովին սուրճի մի գավաթի ընկերակցությամբ նման մարդու հետ խոսել Մինասից, Վրույրից, կինոյի նոր ալիքից, Ֆերնան Լեժեից, կերպարվեստից, գրականությունից ու կտրվել երևանյան այսօրվա առօրյայից, շտապ օգնության մեքենաների ազդանշաններից, նյարդ սղոցող երևանյան աղմուկից, բայց հանդիպել պատկառելի փորձառությամբ բժշկին, թոքաբանին ու անհանգիստ այս օրերին չխոսել օրվա խնդրից, մեծ շռայլություն կլինի, որքան էլ սկսված զրույցը նման էքզիստենցիալ ավարտ ունենալ չի ենթադրում:

«Հետաքրքիր էր իմ բժշկական գնալը: Ախր, ոչ մի բան, ի միջի այլոց, չեմ սիրունացնում: Իմ ապրածն է: 5-6 տարեկան էի: Կոնֆետի թղթերից, այն ժամանակ կոնֆետ էլ հազվադեպ էինք ուում, կլոր գնդիկներ էի սարքում, տալիս էի պապ ու տատիս ու ասում էի՝ պապ, էս օրը երեք անգամ, ճաշից հետո, տատ, դու՝ երկու անգամ: Պապս մի օր ծանր ու մեծ ասաց՝ «էս էրեխեն դոխտուր պըդի դառնա»:

Մորս ձեռքը միշտ վրաս է եղել: Մի օր ասաց՝ Աշոտ ջան, դու ինքդ ես ընտրում: Ես գիտեմ, որ եթե գնաս բանասիրական, պատմական, ամեն ինչ նորմալ կլինի, կընդունվես, բայց գիտեմ, որ դու բժշկություն էլ ես սիրում: Հետաքրքրում է դա քեզ: Միգուցե բժի՞շկ դառնաս: Ասաց՝ «բժիշկը փեշակ է, արհեստ է»: Բժշկական ոտք դնելուց հետո առաջին անգամ խալաթս որ հագա, զգացի, որ դա իմն է: Անկեղծորեն: Ես երջանիկ եմ: Աստծո մատը վրաս դրած բժիշկ եմ: 73 տարեկան հասակում, երևի, իրավունք ունեմ դա ասել: Երևի իրավունք ունեմ: Պապս ինձ օրհնեց, ասելով՝ «էս էրեխեն դոխտուր պըդի դառնա»: Ինքը ճիշտ դուրս եկավ:

Covid-19-ից խոսե՞նք,- նորից շեղում եմ բժշկին: Ի՞նչ պետք է անենք մեր այս իրավիճակում:

«Արվածն արված է: Լա՞վ է արվել, վա՞տ է արվել, ո՞նց է արվել՝ այսօրվա քննարկելիք չէ: Ամբողջ աշխարհը դեմ առավ այդ վիրուսին ու ամբողջ աշխարհը չգիտեր, թե ինչ պետք է անի: Յուրաքանչյուրը մի ուղիով գնաց: Մենք էլ միջին մի ուղիով գնացինք: Այս վիրուսը զոոինֆեկցիա է, այսինք՝ միայն կենդանիներին է բնորոշ: Աստված է այդ բանը ստեղծել: Կենդանիների վիրուսը մարդկանց համար չէ, մարդկանցը՝ կենդանիների: Բայց երբեմն այն կարող է մուտացիայի ենթարկվել ու անցնել մարդուց կենդանուն, կամ՝ կենդանուց մարդուն: Տվյալ պարագայում ինչպես կենդանին է անպաշտպան, այնպես էլ՝ մարդը:

Մարդու համար նախատեսված չէր Covid-19-ը և մեր իմուն համակարգը, որը պաշտպանում է մեզ արտաքին աշխարհի տարբեր հարուցիչներից, դրան պատրաստ չէր: Օրգանիզմի իմուն համակարգը շատ խելոք է, բայց ժամանակ է պետք, որ հարմարվի: Այդ հարմարվելու ճանապարհին կորուստներն անխուսափելի են: Մինչև հարմարվելը, մի քիչ, գուցե, տխուր է հնչում, բայց ով մահանում է՝ մահանում է, ով ապրում է՝ ապրում է: Այլ բան անել հնարավոր չէ: Աշխարհում հնարավոր չէ: Ժամանակի մեջ միայն մարդու մոտ կմշակվի իմունիզացիայի որոշակի պոպուլյացիա, ժամանակի մեջ միայն իմուն համակարգը կհարմարվի դրան ու մեզ համար այն կդառնա նախորդ գրիպների նման մի բան: Կամ՝ կլինի վակցինացիան:

Հիմա մենք այդ ճանապարհն ենք անցնում: Covid-19-ը շատ արագ է տարածվում, բայց, բարեբախտաբար, մահացությունը շատ չէ: Եթե ժամանակի մեջ նայենք ու համեմատենք, ժանտախտից եվրոպայի բնակչության մոտ երկու երրորդը մահացավ: Իհարկե, այն ժամանակ գիտական այս մակարդակը չկար, կազմակերպչական այս վիճակը չկար, բայց ընդհանրական գործընթացները նույնն են: Իսպանական գրիպի մասին հիմա շատ են խոսում: Մեծ թվով մահեր եղան, բայց մի գեղեցիկ օր իսպանական գրիպն անհետացավ: Մեկ, երկու տարի ու տեսան, որ այլևս իսպանական գրիպով հիվանդացող չկա: Նույն գործընթացներն են: Հատուկ չեմ խոսում բժշկական լեզվով, որ իրավիճակը պատկերացնենք:

Դիմակներն էլ նորություն չեն: Սրանք այնքան հասարակ բաներ են, իսկ մենք հինգ ամիս է քննարկում ենք՝ պե՞տք է դիմակ դնել, թե՝ պետք չէ: Ինչպես կարելի է: Այդ աղմուկն ինձ համար ծիծաղելի կլիներ, եթե այդքան ողբերգական չլիներ: Դնե՞նք, թե՞ չդնենք և այլն: Եթե վիրուս է՝ պետք է դնենք:

Կամ երկար ժամանակ ասում էին՝ չկա այդպիսի վիրուս: Աշխարհի կեսը մահացել է, մենք ասում ենք՝ չկա: Ծանոթներիցս մեկն ասում էր՝ չեմ հավատում: Ասում էր իմ շրջապատում նման մարդ չկա, ես չեմ տեսել, նման դեպքի չեմ հանդիպել և այլն: Պատկառելի մարդ է: Բավական հայտնի: Հետո, երբ ողբերգական դեպք եղավ ու մոտիկ մարդու թաղմանը չկարողացավ մասնակցել, ասացի՝ հիմա հավատում ե՞ս, ասաց՝ կիսով: Կես-կես: Սա է: Սա ենք մենք: Մեր ցավը տանեմ, բայց մենք սա ենք: Անպայման մեր միջով պետք է անցկացնենք ամեն ինչ: Անպայման պետք է անձամբ համոզվենք:

Վերջերս Լիտվացի մասնագետն ասաց, որ դա մշակութաբանական խնդիր է ու այնքան կրթված էր, որ չխորացավ այդ խնդիրներում: Իհարկե, մշակութաբանական խնդիր է: Այն էլ ի՜նչ մշակութաբանական խնդիր: Մենք հայ ենք, ուզում ենք պրոֆեսիոնալի նման, պրոֆեսիոնալին հավասար մեր կարծիքն ասել, մեր ուղղորդումը տալ: Բա մի հատ մեր աչքով չտեսնե՞նք, մեր ձեռքով չշոշափե՞նք: Մեր խաչն է: Գուցե, ես էլ եմ այդպիսին: Որպես դասական գյումրեցի, հայ մարդ, այդպիսին եմ: Մեր խաչն է:

Կազմակերպչական տեսակետից ամեն ինչ արվում է ԱՀԿ-ի հանձնարարականներով: Նույնիսկ նրանց սխալներն ենք նույնությամբ անում: Մի օր ասում են՝ դիմակը պետք է, երկրորդ օրն անսում են՝ պետք չէ: Ամբողջ աշխարհն է նույնն անում: Բայց, այ, այստեղ մի առանձնահատկություն պետք է ունենայինք: Երևի պետք է վերլուծեինք ու հասկանայինք, որ այստեղ հայի խելքը պետք է գործի: Երևի, մի քիչ էլ մե՛նք պետք է մտածեինք, թե ինչ անենք: Շատ մեծ սխալներ չեմ տեսնում: Հավատացեք, ինքս մեջն եմ, ախր: Պարզապես, ինչ-որ մի պահից անվերահսկելի դարձավ, իսկ դա անխուսափելի էր:

Բայց մի բան վստահորեն կարող եմ ասել՝ մեզ երկրորդ ալիք, երրորդ ալիք բոլորովին չի սպառնում: Սա որպես մասնագետ եմ ասում ու թող որևէ մեկն ինձ առարկի: Մենք ալիքի մեջ ընկած շատ բնական գնում ենք իմունիզացիայի ճանապարհով: Կգնանք ու մեծ մասը կունենա այդ իմունիզացիան: Հետո սովորական գրիպի նման կհիվանդանանք, կանցնի: Սիմպտոմ էլ չենք ունենա: Մենք այդ ճանապարհով ենք գնում: Միայն թե, այդ ճանապարհին առողջապահական համակարգը չփլուզվի:

Հիմա կարևոր ցուցանիշներ կան, որ միշտ պետք է ասեն, իզուր չեն ասում: Օրինակ, թե քանի՞ դեպք կա, քանի տեստավորումով և քանի՞ հայտնաբերում, որովհետև այդ տոկոսային հարաբերությունն է կարևոր: Թիվը կարևոր չէ՝ 600-ն է վարակվել, թե՝ 500-ը, թե՝ 300-ը: Քանի՞ տեստավորումից, քանի՞ մարդ է վարակված դուրս եկել: Սա է կարևորը: 3000-ի սահմաններում պետք է մոտավորապես տեստավորում արվի ամեն օր: Այս ցուցիչը կարևոր է շատ: Դա, և մահացությունը:

Այսօր արդեն ես շփվում եմ այն ցիկլը անցած մարդկանց հետ, որոնք պառկել են, բուժվել են ու, բարեբախտաբար, առողջացել են: Այսօր ընդամենն այցելում են՝ տեսնելու համար, թե հետո ի՞նչ պետք է անեն: Բայց հետո-ին հետևելու ժամանակ չկա: Աշխարհում էլ հետո-ին այս պահին չեն հետևում: Հետո, թե վիբրոզն ի՞նչ աստիճանի կլինի, շնչառական անբավարություն կզարգանա՞, թե՝ չի զարգանա, հետքային, մնացորդային ի՞նչ մակարդակ կլինի, մյուս օրգան համակարգերի կողմից ի՞նչ կունենանք, ժամանակ է պետք»:

Ասում են, երբ երկու հայ խոսում են, քաղաքականությունը շրջանցել հնարավոր չի լինում ու ես բժիշկ Եղոյանին սահուն ներքաշում եմ քաղաքական զրույցի: Գուցե այն պատճառով, որ նույնիսկ կիրակնօրյա Երևանում առավոտվա կիսվելուց կյանքն արդեն կորցնում է իր պոետիկ հմայքն ու մտնում է իրական ժամանակի մեջ: Եվ կյանքում միայն կոմսոմոլ եղած մարդը, որ ապրել է այնքան,  որ կարողացել է հասկանալ հայ մարդուն, նույնքան հետաքրքիր է «քաղաքականության մեջ», որքան կյանքում, արվեստում, գրականությունում, կինոյում, էլ չեմ ասում՝ բժշկությունում:

«Ես բախտ ունեցա էնքան ապրել, որ, երևի, հասկացա հային: Հասկացա, թե ինչի ենք էնքան մեծ Հայաստանից դարձել՝ էսքան: Էդ ես հասկացա: Իրանն ընդարձակեց իր տարածքը, մենք դարձանք մի կտոր: Կերտվածքի խնդիր է: Ես չեմ ուզում ներքին թշնամիներ, չեմ ուզում կարծել, թե որևէ մեկը հայի ու Հայաստանի համար վատն է ուզում, բայց էն արժեհամակարգով, որով ապրում էինք, էդ իմը չէր: Բացարձակ իմը չէր:

Այսօրվա արժեհամակարգն իմն է: Նոր բան չկա, իհարկե: Դրանք ընդամենը տասը պատվիրաններն են՝ մի գողացիր, մի խաբիր, մի սպանիր և այլն: Ես չեմ ուզում, որ մի հանցանք կամ զանցանք գործելուց հայ մարդը գնա, տեսնի, թե քննիչն ով է, ո՞ւմ քրոջ փեսան է, որ փողը տա ու իր ուզածն անի, ինչպես առաջ էր: Ես ուզում եմ, որ դիմի փաստաբանին ու հասկանա, որ այլևս գործ չունի անելու: Նոր Հայաստանի այս ճանապարհին դեռ հավատով սպասում եմ: Հեղափոխության թավշյան էլ չեմ սիրում: Թավշյան ո՞րն է:  Հեղափոխությունը թավշյա չի լինում: Բերել դրել եք՝ դատեք, անցնենք առաջ: Դեռ հավատով սպասում եմ՝ իհարկե իմ կողմից անելով այն, ինչը ես կարող եմ անել: Բայց երբեմն ուզում եմ ասել՝ երբեմն մեզ էլ լսեք: Մենք կանք: Ի վերջո տասնյակ տարիներ բժշկության մեջ ենք: Ամիսը մի անգամ հրավիրեք, խոսենք: Կլսեք, չեք լսի, սա ուրիշ խնդիր է: Բայց խոսենք, էլի»:

Ես շատ շնորհակալ եմ Աշոտ Եղոյանին այս անկեղծ զրույցի համար: Սկզբից մտածում էի, գուցե ավելի շատ պետք է խոսեինք համավարակից, բժշկական խնդիրներից, թոքաբանության խնդիրներից, որոնք այս օրերին շատ են հետաքրքրում մարդկանց: Բայց Աշոտ Եղոյան պատկառելի փորձառությամբ բժիշկն ամեն օր մտնում է իր աշխատասենյակ, ու ամեն օր ընդունում տասնյակ այցելուների, վերադարձնում նրանց առողջությունը, նրանց հույսերը, երազանքները, ու շնորհակալության չափաբաժինը բժիշկը ստանում է լիուլի: Նշածս խնդիրների շուրջ էլ բժիշկն այսպես, թե այնպես ամեն օր խոսում է տասնյակ, հարյուրավոր մարդկանց հետ: Նրա ժամանակն այդ խնդիրների մեջ է ամբողջությամբ: Նույնիսկ այնքան, որ մի գավաթ սուրճ խմելու համար իր աշխատասենյակում Աշոտ Եղոյանը ներողություն է խնդրում այցելուներից՝ հինգ րոպե առանձնանալու համար:

Ես ուզում էի, որ մենք շնորհակալ լինենք 73-ամյա հայ մարդուն, որ նա ապրում է մեր քաղաքում, մեր կողքին ու մենք այդ մարդուն ճանաչելու, զգալու, հասկանալու կարիքն ունենք:

 

Արայիկ Մանուկյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ