«Աստծուց ու թագավորից էլ մեծ...». ԹԵՄԻԿ ԽԱԼԱՓՅԱՆ
ՀԵՔԻԱԹ, որ նվիրում եմ երեխաների պաշտպանության միջազգային օրվան
Լինում է թե չի լինում, մի թագավորություն է լինում։ Էդ թագավորությունում մի շատ աղքատ մարդ է ապրելիս լինում։ Էս մարդը ունենում է չի ունենում, մի մինուճար տղա է ունենում։ Որ գալիս է տղայի ամուսնանալու ժամանակը, էս մարդը ինքն իրեն միտք է անում, թե տղաս Աստծո պարգևն է մեզ, պետք է գնամ թագավորին խնդրեմ, որ ինքն էլ ներկա գտնվի տղայիս հարսանիքին։ Վեր է կենում, գնում իրենց թագավորի պալատը։ Պալատի մուտքի մոտ հարցուփորձ են անում, թե ինչի համար է եկել և ինչ է ուզում։ Էս աղքատ մարդը, թե իմ ասելիքը թագավորին պետք է ասեմ, ուրիշ ոչ մեկին։ Դե, պալատականներից մեկը գնում նազիր-վեզիրին իմաց է տալիս, թե բա մի մարդ է եկել թագավորի մոտ մի խնդրանքով՝ խնդրում է, որ թագավորն իրեն ընդունի։ Էս նազիր-վեզիրը գնում են թագավորին զեկուցում.
-Թագավորն ապրած կենա, քո թագավորությունում ապրող ամենաաղքատ մարդն է եկել քո ոտքը, երևի կամ աղն է պակաս, կամ մաղը։ Ուզում է քեզ տեսնի՝ խնդրանք ունի։ Էս թագավորը մտածում է, մտածում, ասում է.
-Ներս բերեք թող գա։
Էս աղքատ մարդուն ներս են տանում։ Մարդը խորը գլուխ է տալիս թագավորին ու ասում.
-Թագավորն ապրած կենա, երբ ես հասա ամուսնանալու տարիքին, հայրս ինձ ամուսնացրեց։ Յոթ տարի մենք զավակ չէինք ունենում, որոշեցի գնալ Աստծո մոտ, խնդրել Աստծուց՝ մեզ մի զավակ պարգևի։ Գնացի Աստծո մոտ։ Աստված լսեց խնդրանքս ու ասաց, որ խնդրանքս կկատարի։ – Դու հանգիստ գնա, - ասաց Աստված, - չի բոլորի մեկ տարին՝ դուք մի զավակ կունենաք։ Էդպես էլ եղավ, մինչև տարին բոլորեց՝ մենք մի արու զավակ ունեցանք։
Հիմի էդ զավակս հասել է ամուսնանալու տարիքին, և ուզում եմ ամուսնացնեմ։ Խնդրանքս էն է, որ վերև Աստված, ներքև դու, որ ինձ՝ քո թագավորությունում ապրող ամենաաղքատ մարդուն, չմերժես ու ներկա գտնվես մեր զավակի հարսանիքին։
Թագավորը մտածում է մտածում, ասում է.
-Լավ, ներկա կգտնվեմ, միայն մի պայմանով, եթե հարսանիքին ինձնից մեծը չլինի։
Էս աղքատ մարդը ուրախությունից աշխարհքով մեկ է լինում։
-Թագավորն ապրած կենա, - ասում է, - քեզնից մեծ, էլ ո՞վ կա քո թագավորությունումը, վերև՝ Աստված, ներքևում՝ դու։
-Տես հա՜, թե որ ինձնից մեծը եղավ հարսանիքին, գլուխդ թռցնելու եմ, - ասում է թագավորը։
Օրն ու ժամը պայմանավորվում են, աղքատը գնում է տուն։
Գալիս է հարսանիքի օրը։ Թագավորը իր նազիր-վեզիրներին առնում, գնում է աղքատ մարդու տուն՝ հարսանիքի։ Հարս ու փեսային թողած, մեծ ու փոքրով, կին ու տղամարդ, աղջիկ ու տղա՝ բոլորը սկսում են թագավորին ու իր նազիր-վեզիրներին ծառայել, որ չլինի թե հանկարծ մի բան էնպես չլինի, ու թագավորը նեղանա, վեր կենա ու գնա։ Էնպես է պատահում, որ հարևանի փոքր, դեռ օրորոցի երեխան իրարանցման մեջ թախտի վրայից վար է ընկնում։ Հարսանքավորները հենց լսում են երեխայի լացի ձայնը, վա՜յ են անում, բոլորը մի մարդու պես ահաբեկված վազում երեխայի կողմը։
Էս թագավորն ու նազիր-վեզիրները մնում են մենակ, սեղանի շուրջը նստած։ Երբ արդեն երեխայի հոգսը քաշում են և վերադառնում են սեղանի շուրջը, թագավորը մոտ է կանչում տանտիրոջն ու ասում.
-Ես քեզ հետ պայման կապեցի, որ հարսանիքում ինձնից մեծը չլինի։ Դու քո խոսքը դրժեցիր, թագավորին թողեցիք գնացիք երեխայի հետևից։ Եթե ես իմ խոսքի տերն եմ, քո գլուխը, ըստ մեր պայմանի՝ պիտի թռցնեմ։
-Թագավորն ապրած կենա, - ասում է աղքատը, - վերև Աստված, ներքև դու, իմանաս, որ տան փոքրը Աստծուց ու թագավորից էլ մեծ է։ Թագավորը մտածում է. եթե տան փոքրը Աստծուց էլ մեծ են համարում՝ թագավորից էլ մեծ կլինի, որ մարդիկ ինձ թողեցին ու բոլորով գնացին երեխայի հետևից, ուրեմն այդպես էլ կա, որ ամենափոքրը՝ ամենամեծը կլինի։
-Ճիշտ ես ասում, աղքատ մարդ, - ասում է թագավորը, - ես իմ դրած պայմանից հետ եմ կանգնում, թասս գինով լցրե՛ք, ես ուզում եմ, որ բոլորս միասին խմենք իմ թագավորության մեջ ապրող ամենամեծ մարդու կենացը։
Երբ ես փոքր էի, չեմ հիշում ինչ առիթով, հայրս մի անգամ ինձ ասաց.
-Տան փոքրը Աստծուց ու թագավորից էլ մեծ կլինի։ Միգուցե՝ հենց այս հեքիաթի մեջ, որ կարդացիք։
Իսկ գուցե իրականում էլ այդպես է։
Թեմիկ Խալափյան