«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

«Ավելի դավաճան մամուլ, քան Հայաստանի կուսակցական մամուլն է...». ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

 

1992-ի օգոստոսի 15-ին Վազգեն Սարգսյանն ունեցավ մի հեռուստաելույթ, որում անդրադարձավ այդ օրերին Հայաստանում տիրող ծանրագույն իրավիճակին, ընդդիմադիրների ու ընդդիմադիր մամուլի գործողություններին, խորհրդարանում տիրող մթնոլորտին, ներքաղաքական պատերազմին, Արծվաշենին, Շահումյանին և այլն...

Այսօր, երբ այսօրվա իրադարձությունների ուրվապատկերին կարդում ես Վազգեն Սարգսյանի ելույթի տեքստը, ցավալիորեն նույնական զգացողություններ ես ապրում: Շնորհակալ ենք Վազգեն Սարգսյանի զարմուհուն՝ Ծովինար Սարգսյանին, որի ջանասիրությամբ հնարավոր եղավ այդ ելույթից մի հատված այսօր հրապարակել: Շատերն արդեն չեն հիշում այդ օրերը, երիտասարդներն այդ օրերի մասին խորքային պատկերացումներ չունեն և այս տեքստի մանրակրկիտ ընթերցանությունը շատ բան կբացահայտի...

 

«Երկար ժամանակ փորձեցի չմասնակցել այս խոսք ու վեճերին, քանի որ համարում եմ մեր բոլոր անհաջողությունների պատճառը: Եթե թշնամին ոչ մի հետախուզություն չունենա, բավական է դիտի հայկական հեռուստահաղորդումները և այլևս անելու ոչինչ չունի. ամեն ինչ չափազանց բացահայտ է:

Սակայն, վերջին օրերին, երբ բացահայտ կեղծիքն սկսեց տիրել ամբողջ հանրապետությունում, երբ քաղաքական հարցերը դարձյալ փորձեցին լուծել՝ շահարկելով պաշտպանության խնդիրները, պաշտպանության նախարարի չխոսելը ուղղակի կարող էր դիտվել որպես համաձայնություն Պարույր Հայրիկյանի ու Արշակ Սադոյանների հետ:

Ուստի ես ստիպված եմ խոսել, չնայած դարձյալ կրկնում եմ, բոլոր  մեր դժբախտությունների պատճառն այս միտինգային մթնոլորտն է… ստիպված եմ խոսել և ստիպված եմ բացատրություններ տալ բազմաթիվ հարցերի:

Ուզում եմ անդրադառնալ, հետ դառնալ և սկսել նախագահական ընտրության օրերից:

Եթե հիշում եք, պրեզիդենտության բոլոր թեկնածուներն իրենց նախընտրական մրցապայքարի հիմնական կետերից ամենահիմնականը համարում էին ազգային բանակի ստեղծումը, գործող իշխանություններին մեղադրում էին ռազմական ուժեր չունենալու մեջ, մեղադրում էին Արցախին պատշաճ օգնություն ցույց չտալու մեջ, մեղադրում էին ընդհանրապես պաշտպանության խնդիրներում խոշոր թերացումների մեջ: Եվ բոլորը միահամուռ խոսում էին ազգային բանակ ունենալու մասին՝ անկախ գոյություն ունեցող այն բոլոր դժվարություններից, անկախ այն հանգամանքից, որ բանակ ստեղծելը մեկ օրվա, մեկ ամսվա, մեկ տարվա խնդիր չէ: Բանակ ստեղծելը, հատկապես կռվող պետությունում, երբ մի կողմից կռվում է, մյուս կողմից բանակ է ստեղծում, չափազանց բարդ խնդիր է: Բանակի ստեղծումը համազգային խնդիր է:

Ի՞նչ էր անում այդ ընթացքում պաշտպանության նախարարությունը:

Պաշտպանության նորաստեղծ նախարարությունը փորձում էր միավորել հանրապետությունում գոյություն ունեցող բոլոր կռվող ուժերին, բոլոր ջոկատներին, և փորձում էր ուղղորդել նրանց ցանկությունը, նրանց կիրքը, նրանց մարտունակությունը: Եվ գաղտնիք չէ, դա բոլորին է հայտնի, որ այդ խնդիրը մեզ հաջողվեց լուծել:

Եվ երբ հարևան հանրապետությունում կռվող ուժերը գործում էին մեկը մյուսին ավելի շատ խանգարելով, և միասնություն չկար նրանց կռվող ուժերի մեջ, մեր կռվող ուժերը երկար ժամանակ պատվով կատարեցին իրենց խնդիրը, և ոչ մի հակասություն չկար նրանց մեջ: Մեր հաջողությունների հիմնական պատճառն այն էր, որ մեր կռվող ուժերը գործում էին կամավոր սկզբունքով, մեր կռվող ուժերի մեջ հակասություններ չկային, և նրանք ենթարկվում էին մեկ հրամանատարության:

Զուգահեռ մենք փորձում էինք նաև ստեղծել ազգային բանակը: Չնայած դրա համար իրավական և ոչ մի հիմքեր չկային: Մեր պառլամենտը, քաղաքական ուժերը բանակ կոչելով՝ կոնկրետ ոչ մի քայլ չէին անում՝ բանակի անհրաժեշտ իրավական հիմքեր ստեղծելու համար: Եվ մինչև վերջերս, մինչև բոլորովին վերջերս անգամ հաստատված չէին ռազմական դատախազության, ռազմական դատարանի մասին օրենքները, մինչև այսօր չկա դասալքության մասին օրենք: Եվ այս պայմաններում պաշտպանության նախարարությունը, կառավարության հովանավորությամբ, փորձում էր մի ճակատով կռվել, մյուս ճակատով ստեղծել նաև ազգային բանակ:

Ի՞նչ էին անում այդ ընթացքում նույն պրեզիդենտության թեկնածուները և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները:

Պարույր Հայրկյանը, որ ազգային բանակի ստեղծման ամենամեծ ջատագովն է ամբիոններից, այցելում էր Հայաստանի տարածքում տեղակայված 7-րդ բանակի բոլոր զորամասեր և պահանջում ու ստիպում, որպեսզի հայ զորակոչիկները փախչեն բանակից: Մենք տասնյակ անգամ որոշումներ կայացրեցինք, տասնյակ անգամ եղանք զորամասերում՝ պահանջելով, բացահայտելով, որ յոթերորդ բանակի զորամասերում ծառայելն այսօր անհրաժեշտություն է, քանի որ յոթերորդ բանակը միառժամանակ հետո դառնալու է հայկական, քանի որ յոթերորդ բանակի զորամիավորումների նույն մարտիկները պիտի դառնան մասնագետներ, քանի որ ռազմական գործն արվեստ է, մշակույթ է, և մեկ-երկու օրում տանկիստ կամ հակաօդային պաշտպանության մասնագետ չեն դառնում:

Ավաղ, չստացվեց այդքան բանը, քանի որ ընդդիմադիր ուժերը դեմ էին, որպեսզի հայ զինվորները ծառայեն, այսպես կոչված, կայսերական բանակում: Արդյունքը եղավ այն, որ այսօր, երբ այդ բանակն իսկապես մերը դարձավ, մենք չունենք մասնագետներ, որենք կարող են օգտագործել այդ տեխնիկան: Դա՝ Պարույր Հայրիկյանը:

Դավիթ Վարդանյանն այդ ամբողջ ընթացքում փորձում էր բացատրել, որ մենք չենք կարող դիմագրավել, քանի որ չունենք համապատասխան զենք, քանի որ իշխանությունները փոխանակ ռուսական ամբողջ բանակը մեզանով անելու, ազգայնացնելու, զբաղված են ռուսական բանակի հետ իրենց քաղաքականությունը տանելով: Դավիթ Վարդանյանը չափազանց խելացի քաղաքագետ է՝ հասկանալու համար, որ մենք ուղղակի երկընտրանքի հնարավորություն չունեինք: Մենք մի կողմից պարտավոր էինք նորմալ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի՝ հանձին ռուսական բանակի հետ, մյուս կողմից ստեղծել այնպիսի հարաբերություններ, որ ռուսական բանակից ստանայինք այն, ինչ մեզ անհրաժեշտ է պաշտպանության համար:

Ես նորից եմ կրկնում՝ մենք այլընտրանք չունեինք: Եթե ադրբեջանական կողմը, հատկապես Շուշիի, Լաչինի դեպքերից հետո, կարող էր միանգամից, մի թափով, հրաժարվելով Ադրբեջանում ռուսական բանակի գոյությունից՝ տիրանալ ռուսական բանակի ամբողջ ունեցվածքին, ապա մենք այդ հնարավությունը չունեինք, քանի որ Ադրբեջանը Հայաստանի սահմանից բացի այլ սահման պաշտպանելու անհրաժեշտություն չունի:

Մենք, ցավոք սրտի, բացի Ադրբեջանից, ունենք նաև այլ սահմաններ: Մենք, ցավոք սրտի, ունենք քաղաքական այլ նպատակներ: Եվ եթե մենք միանգամից փորձեինք տիրանալ ռուսական ամբողջ բանակին, նախ դա պիտի անեինք ուժով, և մեր հարաբերությունները պիտի փչանային Ռուսաստանի հետ՝ բերելով ողբերգական հետևանքների: Եվ մյուսը՝ մենք ուղղակի կարող էին բաց թողնել մեր սահմանի մի ամբողջ կոնկրետ հատված, որի համար մեզ այդ նույն ընդդիմությունը, համոզված եմ, չէր ներելու:

Կրկնեմ՝ մենք այլընտրանք չունեինք և պարտավոր էին ռուսական բանակի հետ տանել այնպիսի քաղաքականություն, որպեսզի, ինչպես ասում են՝ ոչ ոչխարները պակասեին, ոչ էլ գայլերը սոված մնային: Եվ երբ այդ էտապի համար կռվելու, հաղթանակներ տանելու զենքը, այնուամենայնիվ, ճարվեց, այս անգամ էլ մեզ սկսեցին մեղադրել, որ զենքը, այո, կա, բայց կռվող ուժերը չունեն համապատասխան ոգի: Հետո մենք ապացուցեցինք, որ կռվող ուժերը նաև համապատասխան ոգի ունեն. ջոկատները հերթագրվում էին, և մենք ուղղակի չէինք կարողանում հասցնել ջոկատներն ուղարկել սահմանամերձ շրջաններ, ուղարկել Արցախի պաշտպանությանը:

Ի՞նչ եղավ արդյունքում:

Այս չորս-հինգ ամիսների ընթացքում, երբ մեզ անընդհատ մեղադրում էին բանակ չստեղծելու մեջ, Ադրբեջանը և Վրաստանը, կողքի հանրապետությունները տասնյակ որոշումներ կայացրեցին, տասնյակ անգամներ կենտրոնական հեռուստատեսությունը ցուցադրեց կազմավորվող, արդեն կազմավորված-ձևավորված ադրբեջանական, վրացական բանակները, և դրանից հետո ամեն անգամ մեզ մեղադրում էին նույն բանի մեջ՝ բանակ չունենալու մեջ:

Երբ այդ կազմավորված բանակների դեմ պայքարում մենք ունեցանք, թող ինձ ներվի, փայլուն հաջողություններ, և երբ մայիս ամսվա կեսերին մենք այլևս ռազմական խնդիրներ չունեինք լուծելու, երբ ունեցանք ամբողջովին մաքուր Արցախ, երբ, փաստորեն, ունեցանք Հայաստանի հետ Արցախի միավորում, երբ հումանիտար միջանցքն արդեն բաց էր, երբ Հայաստանի սահմանամերձ շրջաններում այլևս չկային այն կրակակետերը, որտեղից գնդակոծվում էին մեր սահմանամերձ գյուղերը և Երասխի բարձրունքները, և Իջևանում ու Նոյեմբերյանում, և, նորից պիտի կրկնեմ, մենք այլևս ռազմական խնդիր չունեինք, մեր ռազմական խնդիրները լուծել-ավարտել էինք Լաչինի հաջողությունից հետո, Հայաստանի խորհրդարանում, երբ պաշտպանության նախարարին ընդունեցին ծափահարություններով, ես այն օրն արդեն ասացի, որ եթե մեր ռազմական հաջողությունները չամրապնդվեն քաղաքական հաջողություններով, ապա այս ամենը մեր դեմ կարող է գլխիվայր շուռ գալ:

Ավաղ, ռազմական հաջողությունները քաղաքականով չամրապնդվեցին: Ի՞նչ եղավ դրանից հետո: Դրանից հետո սկսեցին կիսել հաղթանակի դափնիները, թե որ կուսակցությունն ավելի շատ, ավելի քիչ՝ յուրաքանչյուրն իր բաժինն էր կիսում: Դրանից հետո սկսեցին որոշել՝ արդյոք արժե՞, որ Ղարաբաղի պատվիրակությունը, Ղարաբաղի ղեկավարությունը Հռոմ գնա, թե՝ ոչ: Արդյոք արժե՞ Ղարաբաղի հարցը միջազգայնացնել, թե՝ ոչ: Դրանից հետո սկսեցին վիճել, թե ո՞վ պիտի Ղարաբաղում դառնա Գերագույն խորհրդի նախագահ: Շարունակեցին վիճել՝ Ղարաբաղի անկախությունն արդյոք ճանաչել, թե՝ չճանաչել: Ղարաբաղի անկախության խնդիրը դարձավ քաղաքական պայքարի հիմնական անկյունաքարը:

Ծիծաղելի մի պատկեր է ստացվում՝ բոլոր այն մարդիկ, բոլոր այն քաղաքական գործիչները, ովքեր ներկա էին Ղարաբաղի Գերագույն խորհրդի նախագահի ընտրություններին, թող ինձ ներվի, ես դրա մեջ տեսնում էի մանկական խաղ, տեսնում էի՝ փանջունիականություն, երբ լուրջ մարդիկ նստած՝ էսպես լրջորեն քննարկում են անհեթեթ թեմաներ: Ես ամբողջ ընթացքում, երբ քաղաքական ամուր հիմքեր էին պետք՝ մեր ռազմական հաղթանակներն ամրապնդելու համար, նորից եմ կրկնում, այս ամբողջ ժամանակահատվածը գնաց ջուր ծեծելու վրա, այս ամբողջ ժամանակահատվածը գնաց էյֆորիայի մեջ, և նույն կուսակցականները, նույն կուսակցական գործիչները, նույն մամուլը, որը Շահումյանի դեպքերից ընդամենը երեք-չորս օր առաջ նկարագրում էր Գետաշենի գրավման ծրագիրը, կոնկրետ ինձնից պահանջում էին զարգացնել հաջողությունները դեպի այլ տարածաշրջաններ, նույն այդ քաղաքական գործիչները, որոնք հայկական ռազմական ուժերը համարում էին շատ մարտունակ և շատ ուժեղ, դրան նպաստեց նաև ռուսական հեռուստատեսության այն արտահայտությունը, թե կամ ադրբեջանական բանակն է, այսպես կոչված, ընդամենը փոքրիկ ջոկատներից կազմավորված անկանոն կառույց, կամ հայկական ջոկատներն են լավ կազմավորված բանակ, այդ նույն քաղաքական ուժերն ընդամենը երեք-չորս օր հետո, երբ կատարվեց Շահումյանի դեպքը, նույն ուժգնությամբ, նույն հաջողությամբ սկսեցին մեղադրել անպաշտպանվածության մեջ, բանակ չունենալու մեջ:

Եվ այն նույն քաղաքական ուժերը, որոնք կիսում էին հաղթանակները, որոնք պայքարում էին հաղթանակի դափնիների համար, այդ ընթացքում տարած բոլոր հաղթանակները վերագրում են իրենց, հանկարծ պարզվեց, որ այդ այդ ամենի մեջ մեղադրում են պաշտպանության նախարարությանը, պաշտպանության նախարարին:

Զարմանալի բան կատարվեց, շատ զարմանալի բան: Իսկ Շահումյանի հետ կապված ցավալի դեպքերին, ողբերգական դեպքերին քաղաքական ուժերից շատերը սպասում էին ավելի, քան սպասում էին Շուշիի գրավմանը: Ավաղ, դա այդպես էր: Առաջնորդվելով «որքան վատ այնքան լավ» սկզբունքով և երկար ժամանակ որևէ կռվան, որևէ խաղաքարտ չունենալով պայքարելու իշխանության համար՝ իրենց հանկարծ ընձեռվեց հրաշալի հնարավորություն, և այդ հնարավորությունից մարդիկ սկսեցին օգտվել՝ առանց հաշվի նստելու ազգային շահերի, պաշտպանության խնդիրների հետ: Նորից եմ ասում՝ Շահումյանի ընկնելուն սպասում էին: Ի՞նչ եղավ դրանից հետո: Դրանից հետո բոլորը սկսեցին բոլորին մեղադրել դավաճանության մեջ, Շահումյանը վաճառելու մեջ: Եվ երբ Գերագույ խորհրդում դարձյալ քննարկվեց Շահումյանի անկման հարցը, ես դաձյալ ելույթ ունեցա, խնդրեցի, որպեսզի այս օրհասական պահին մեղավորներ չփնտրեն:

- Եթե մեղավոր եք փնտրում,- ասացի,- գործի պատասխանատուն պաշտպանության նախարարն է, ինքն ի վերջո պատասխան կտա այդ ամենի համար, սակայն հիմա չէ դրա ժամանակը. հիմա թողեք կամ իրավիճակից դուրս գանք կամ… հետո արդեն գնդակահարելու ժամանակ միշտ կլինի:

Ավաղ, այդպես չեղավ: Ավաղ երեք-չորս օր հետո բաց եթերով քննարկվեցին ռազմական նշանակություն ունեցող, ռազմական գաղտնիություն ունեցող խնդիրներ: Քննարկվեցին ամենաբաց կերպով, և եթերը լցվեց ռազմական նշանակության թեմաներով, և, բնական է, թշնամին այդ ամենը նայում էր: Եվ ամենացավալին այն է, որ քաղաքական հակասությունները, քաղաքական տարաձայնությունները լցվեցին խրամատներ: Եվ երբ բոլորը բոլորին մեղադրեցին դավաճանության մեջ, Շահումյանը վաճառելու մեջ, խրամատներում նստած զինվորները սկսեցին նաև իրենք այդ մասին մտածել:

Նրանց համար միևնույն է, թե ով է վաճառել, ում են վաճառել: Նրանց համար կարևորը այն է, որ ինչ-որ մեկը վաճառել է: Իրականում Շահումյանը ոչ ոք չէր վաճառել: Շահումյանում կատարվեց հետևյալը: Երբ մենք զբաղված էինք Հռոմ գնալ-չգնալու խնդիրներով, Ադրբեջանում տեղի ունեցան քաղաքական փոփոխություններ, տեղի ունեցավ պրեզիդենտական ընտրություն, իշխանությունները կենտրոնացվեցին, Ադրբեջանում ընդունվեցին բազմաթիվ օրենքներ, որոնք մենք յոթ ամիս շարունակ քննարկում և չէինք ընդունում: Դա՝ ռազմական դատարանի մասին, ռազմական դատախազության մասին, դասալքության մասին, դաշտային դատարանների մասին…

Ադրբեջանը կենտրոնացրեց իր ողջ ուժերը և հակահարված տվեց: Դա այն պահին, երբ մեր մամուլը, հատկապես կուսակցական մամուլը, թերթերում գծագրում էր ապագա ռազմական օպերացիաների սխեմաները՝ չլսված, չտեսնված մի բան, ապշելու մի բան: Ես չեմ պատկերացնում իրեն հարգող որևէ մի պետություն, որ թույլ տա որևէ թերթ իր էջերում գծագրի ռազմական օպերացիաների սխեմաներ: Եվ դա արվում էր օպերացիայից մի քանի օր առաջ, որպեսզի հետագայում այդ օպերացիայի հաջողությունը վերագրի սեփական կուսակցությանը: Եվ ընդամենը երկու-երեք օր հետո տեղի ունեցավ Շահումյանի անհաջողությունը:

Տեղի ունեցավ այսպես: Շահումյանում հարվածը շատ կտրուկ էր, անսպասելի: Հետախուզությունը մեկ օր առաջ նման հարվածի պատրաստություն չէր նկատել, որովհետև իրոք չկային այդ նախանշանները, ոչ մի ուժ չկար մեր կռվող ուժերի դիմաց: Շահումյանում մեր դեմ կռվեցին, ավաղ, կրկին ռուսական տանկերը: Այլ բան է ունենալ տեխնիկա, ունենալ անգամ հարյուրավոր միավոր տեխնիկա, բոլորովին այլ բան է կարողանալ այդ տեխնիկան ծավալել: Իսկ Շահումյանում մեկ գիշերվա մեջ ծավալվեց հրաշալի տեխնիկա, ծավալվեց մեծ թափով, ռազմական բոլոր օրենքներով, և կարողացան Շահումյանում իրենք հասնել հաջողության:

Ցավոք սրտի, մենք չկարողացանք Գյուլիստանում պաշտպանություն կազմակերպել. միակ բանը, որ այդտեղ կարելի էր անել և չարվեց, որն ամենամեծ սխալն էր: Գյուլիստանում հնարավոր էր պաշտպանություն կազմակերպել: Գյուլիստանում պաշտպանություն չկազմակերպվեց, և դրանից  հետո գործեց նորից մեծության խուճապը: Շահումյանի ձնագնդին գլորվելու մեծ հակումներ ուներ, և պաշտպանության նախարարությունը գլխավոր շտաբի անունից Հայաստանի բոլոր քաղաքական կուսակցություններին, բոլոր քաղաքական գործիչներին խնդրեց դադարեցնել այս քննարկումները և մտածել ազգի միասնության մասին, մտածել այդ ձնագնդի դեմն առնելու մասին: Ավաղ, դե չեղավ:

Ընդհակառակը, Շահումյանի անկումը խաղարկվեց, և Շահումյանի անկումից անմիջապես հետո այդ նույն ռազմական ուժերը, որոնց մեջ ներշնչված էին անպարտելիության գաղափարը, նույն ռազմական ուժերին սկսեցին ներշնչել անպաշտպանվածության, թուլամորթության գաղափարներ: Եվ Արծվաշենի անկումը ես ամենաուղիղ կերպով տեսնում եմ Շահումյանի խնդրի շահարկման հետ:

Այդ ամեն ինչը շատ արագ կերպով կատարվեց, և նույն քաղաքական հոսանքները, որոնք ծրագրում էին մեծամեծ գործողություններ, ընդամենը երկու օրվա ընթացքում սկսեցին մեզ մեղադրել բանակ չունենալու, պաշտպանությունը վատ կազմակերպելու, անպաշտպանվածության մեջ: Երեք-չորս օր տևեցին այդ քննարկումները, երեք-չորս օրվա ընթացքում այդ ամբողջ մթնոլորտը տարածվեց հանրապետությունում, տարածվեց Արցախում, ընկավ ոգին, նորից եմ կրկնում, ամենացավալին այն է, որ լցվեց խրամատներ, և կռվող ուժերի մեջ խուճապ մտավ, հակասություն մտավ:

Եվ եղան դեպքեր, երբ կռվող ուժերից շատերը լքեցին խրամատները և վերադարձան՝ պատճառաբանելով, որ եթե Արցախի խնդիրն արդեն լուծված է, Արցախն արդեն վաճառված է, մենք այդտեղ անելու էլ ոչինչ չունենք, ինչո՞ւ ենք իզուր տեղը զոհվում: Նորից եմ կրկնում, երբ որ իրականում ոչ մի էդպիսի բան չկար, մենք մեր հիմնական թշնամուն թողած՝ իրար մեջ թշնամիներ փնտրեցինք, բոլորս բոլորին դավաճան հանեցինք, և այդ կերպ սպանեցինք պաշտպանության ոգին, մարտական ոգին:

Այդ ընթացքում ի՞նչ էին անում մամուլը և հեռուստատեսությունը:

Ավելի անբարտավան, ավելի դավաճան մամուլ, քան Հայաստանի կուսակցական մամուլն է, ես չեմ պատկերացնում: Եվ ես չեմ հասկանում, թող ինձ ներվի, այն հանդուրժողականությունը, որ գոյություն ունի մամուլի նկատմամբ: Պատերազմող երկրում (…) թերթերում, ես դա չեմ կարողանում հասկանալ: Եվ երբ Գերագույն խորհրդի հաջորդ նիստի ժամանակ, հաջորդ նստաշրջանի ժամանակ պաշտպանության նախարարությունը հարց բարձացրեց՝ մամուլում գոնե ռազմական թեմաների նկատմամբ գրաքննություն մտցնելու մասին, այդ հարցը դարձյալ չքննարկվեց և դարձյալ որոշում չստացավ: Իսկ մեր մամուլը բավական է, որպեսզի թշնամին մեր մասին հրաշալի պատկերացում ունենա:

Արծվաշենի դեպքերից ընդամենը մեկ ամիս առաջ (արդեն մեկ ամիս առաջ) կուսակցական մամուլը գրում էր՝ «Հաջորը Արծվաշենն է, որքա՞ն կդիմանա Արծվաշենը»:

Ես Արծվաշենում ժողովրդին չեմ մեղադրում: Եթե թերթերը մեծատառերով, խոշոր տպագիր տառերով գրում են, թե հաջորդն Արծվաշենն է, և՝ որքան է Արծվաշենը դիմանալու, և էդ մասին կարդում է թշնամին՝ «Էստի համեցեք»-ի պատմությունն է: Եվ այս հանգամանքներում թերթերին թույլ տալ նման պրոպագանդա տանել, ես դա ուղղակի դավաճանություն եմ համարում և չեմ հասկանում էս ամենաթողությունը: Չեմ հասկանում նաև, որ Շահումյանի, Մարտակերտի անհաջողություններից հետո մինչև օրս չկա դասալքության մասին օրենքը: Դատախազության, դատարանի մասին օրենքն ընդամենը մեկ-երկու օր առաջ ընդունվեց: Եվ դեռ ժամանակ է պետք, որպեսզի այդ օրենքը լծակներ ունենա, և մենք կարողանանք գործողության մեջ դնել:

Ի՞նչ էր անում մեր մտավորականությունն այդ ընթացքում:

Մեր մտավորականները մեղադրում էին բոլորին ամեն ինչում: Մեր հրաշալի ընկերները երգեր էին գրում մեր մասին՝ գեղեցիկ բառահանգերով, բառատողերով: Երբևէ մեր մտավորականությունը փորձե՞ց մտնել այդ կռվող տղաների մաշկի մեջ, փորձե՞ց մտնել պաշտպանության նախարարի, որ ընդամենը երկու տարի առաջ իրենց շարքային ընկերն էր, մաշկի մեջ՝ տեսնելու, թե նա ինչո՞վ է ապրում, ի՞նչ է անում և ի՞նչ դժբախտություններ կան: Երգ գրենք բոլորս էսպես, զավեշտական տողերով… Կարող եմ թողնել այս գործը և երկու-երեք ամիս հետո պամֆլետներ գրել, որը բոլորիդ զվարճացնի… էնպես պամֆլետներ գրեմ, որ բոլորդ զարմանաք:

Ի՞նչ արեց մտավորականությունը:

Մի երգ անգամ չի գրել, որ տղաները երգեն: Ոգևորիչ ոչ մի հաղորդում, ոգևորիչ ոչ մի հոդված՝ այս ամենի մասին: Ապշելու բան է, մետրոյի ներկայացուցիչները, Շուշի գրաված ազգի ներկայացուցիչները նույն օրը գործադուլ էին անում: Ռազմական, նորից եմ ասում, փայլուն հաջողություններ եղան: Դա չպրոպագանդվեց: Քաղաքական պատճառներով չպրոպագանդվեց, բայց ահավոր կերպով շահարկվեց առաջին իսկ անհաջողությունը...»:

Շարունակելի

* Ընդգծումները տեքստերում՝ մերն են:

 

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ