«ՀԱՅԵՐ»-ի
հիմնադիր,
գլխավոր խմբագիր
Ժուռնալիստիկան
համարում է
սեփական
«ստորագրության
պատվի»
մասնագիտություն:
Հավատացած է, որ
«Հորինել
պետք չէ՝ ոչ
երկիր, ոչ
պետություն,
ոչ էլ
կենսագրություն:
Պատասխանատվությունն
ըստ ապրված
կյանքի է
լինելու:
Ոչ թե ըստ
հորինվածի»:
Իսկ անքննելի
այս սահմանումը
հեղինակել է իր
ամենաժուռնալիստ
ընկերը՝ Այդին
Մորիկյանը:
«ԱՎՐՈՐԱՅԻՑ»՝ «Ավրորա»...
Անցյալ տարի, երբ տեղի ունեցավ «Ավրորայի» առաջին մրցանակաբաշխությունը, ինձ համար գոնե ակնհայտ էր, որ «Ավրորան» շրջադարձային փուլ է արձանագրում հայ հասարակական, ինչու չէ՝ նաև քաղաքական մտքի պատմության մեջ:
Այո, մեր ժողովրդի ու մեր հասարակության բազմաթիվ դրսևորումներ՝ կենցաղավարությունից մինչև խորը մշակութաբանական շերտեր, մարդկային պարզ փոխհարաբերությունների ու հավաքական ինքնաարտահայտման բարդույթներից մինչև ամենատարբեր մտասևեռումներ, մտածողական նեղ ու ընդգրկուն չափումներից մինչև գոյաբանական երևույթների ընկալումներ, անձնական ու անանձնական արժեքային համակարգեր և բազմաթիվ, բազմաթիվ այլ մարմնավորումներ ուղղակիորեն շաղկապված են հայոց Ցեղասպանության և նրա հետևանքների հետ:
Մենք, համենայնդեպս հարյուր տարի շարունակ, գոնե հայոց Ցեղասպանության հոլովույթում, մեր ուղերձն աշխարհին հղել ենք կամ պահանջատիրությամբ՝ հիմնականում ամերիկյան նախագահների «Ցեղասպանություն» ասել-չասելուն սպասելու 364 օրվա մեջ հայդատականորեն նամակ գրելով, Սասուն, Վան, Մուշ, Ալաշկերտ «էրթալու» մասին երգելով, կամ վերածնված Հայաստանի մասին քարոզով, պաթետիկ ողբով կամ պաթետիկ սնափառությամբ՝ ողբի ու սնափառության չափաբաժինները Մոսկվայից աղերսելով:
Չշահարկելու համար կրկնեմ՝ հիմնականում:
«Ավրորան» եկավ ոչ միայն փոխելու անկախ պետությունում ու ազատ աշխարհում ապրող հայի հավաքական գիտակցության որոշակի դրսևորումներ, այլև, Ցեղասպանության հարյուրմեկերորդ տարվանից սկսած, փոխելու հայի հավաքական ուղերձները աշխարհին, և, բարեբախտաբար, այդ ուղերձներն ամփոփվում են մարդասիրության, գթասրտության, անձնազոհության, անանձնականի գերակայության, Արարչին մերձիմոտ լինելու արժեքային համակարգերում, որով էլ ինձ համար պայմանավորված է «Ավրորայի» շրջադարձային լինելու հանգամանքը: Եվ այս ամենի համար, անշուշտ, «Ավրորայի» առաջին մրցանակակիր Մարգարիտ Բարանկիցեի ավյունով, խենթությամբ ու ազատությամբ շնորհակալություն է պետք ասել Նուբար, Վարդան, Ռուբեն անհատներին:
Երբ արժանապատվությունը հորդում է քո երկրից, երբ աշխարհը քեզ դառնում է մոտ, երբ մարդը հռչակվում է գերագույն արժեք, երբ փոխհատուցումը լինում է վերապրածի արժանապատիվ հատուցմամբ, երբ քարոզվում է սերը, բարությունը, մարդությունը, չի կարող շրջադարձային չլինել: Մանավանդ, որ հայ ժողովուրդն իր հոգեկերտվածքով սիրո, բարության, մարդության ակունքներում է: Իմ ընկալումն, այնուամենայնիվ, այսպիսին էր դեռ անցյալ տարի ու, բարեբախտաբար, այսպիսին է նաև այսօր, երբ «Ավրորան» ունի արդեն երկրորդ մրցանակակիրը:
Եվ, այնուամենայնիվ, կարծում եմ, որ այս վեհանձն մրցանակաբաշխության ուղերձներին պակասում է մշակութային «դիզայնը», «ռեժիսուրան», «ինժեներիան», որի մասին էլ ուզում եմ խոսել՝ չկարծելով, որ «Ավրորան» դուրս է քննադատությունից: Մանավանդ, որ քննադատությունն այս պարագայում միտված է փոփոխության և ոչ պարսավանքի: «Դիզայն», «ռեժիսուրա», «ինժեներիա» բառերն էլ օգտագործում եմ չակերտված, չնեղացնելու համար ասելիքիս սահմանները, քանի որ խոսքս շատ ավելի արժեքային կողմին է վերաբերվում, քան լուծումներին:
Իմ խորին համոզմամբ, երբ այսպիսի հսկայածավալ ու ասելիքի մեջ համամարդկային երևույթի մշակութային «սպասարկումը» խորապես ազգային չէ, իսկ աքսիոմատիկ է, որ ամենահամամարդկայինը խորապես ազգայինն է, մենք կորցնում ենք պատեհությունը՝ աշխարհին փոխանցելու այն, ինչը հայ ժողովրդի ինքնության անքակտելի մասն է՝ հայ մշակույթը:
Գուցեև սա չէ «Ավրորայի» առաքելությունը, բայց եթե առաքելությունը հայ ժողովրդից է, սա չի կարող երկրորդվել:
Գրեթե միատարր հայ հասարակությունում բարեբախտություն է, անշուշտ, տեսնել աշխարհի գունապնակը ներկայացնող լուսավոր, պայծառ մարդկանց, լսել նրանց ազատ, անկաշկանդ խոսքը, զգալ նրանց մտածողության չափումները, հասկանալ նրանց անանձնականի սահմանները, բայց, կարծում եմ, երբ հայաստանյան դահլիճից աշխարհին հղվող ուղերձը ուղեկցվում է Բախի ամենահայտնի գործերից մեկով՝ «Տոկատա և Ֆուգա Ռե մինոր»-ով, թեկուզև մեր երիտասարդական նվագախմբի հրաշալի կատարմամբ, մենք տանուլ ենք տալիս, կորցնում ենք:
Եթե Բախը դահլիճում զուգահեռ իրականությունը ներկայացնող հայաստանյան հրավիրյալների մի ստվար մասի համար էր, անկասկած, ավելորդ շքեղություն էր, Բախի նախնիներն էլ արժանի չէին նման հիշողության, իսկ եթե Բախը աշխարհի համար էր՝ կարծում եմ ավելորդ ճոխություն էր: Աշխարհը, վստահաբար, ծանոթ է Բախին, մանավանդ՝ «Ֆուգային»: Ուրեմն ինչո՞ւ ոչ Կոմիտաս, Եկմալյան, Տերտերյան, Հարությունյան, Դելլալյան, Մանսուրյան և այլն: Ուրեմն ինչո՞ւ ոչ Մաշտոց, Շնորհալի, ինչո՞ւ ոչ շարականներ՝ աստվածային երաժշտություն, հոգևոր գանձեր: Հայոց մշակութային գոհարները համաշխարհային մշակութային գանձարանում երկրորդված չեն համամարդկային այլ արժեքներին: Երբեք չեն եղել:
Եթե աշխարհի երաժիշտները Հայաստանում ներկայացնում են իրենց էթնիկ մշակույթը, որը սքանչելի է, անկրկնելի, ուրեմն ինչո՞ւ ոչ նաև հայոց էթնիկ մշակույթը նրանց կողքին, հայոց գործիքի ձայնը՝ նրանց կողքին, նրանց հետ:
Կարծում եմ որևէ մեկի համար առարկելի չէ, որ հայ օպերային համաշխարհային պրիմադոննայի՝ աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանի մասնակցությունը «Ավրորայի» առաջին մրցանակաբաշխությանը՝ վարման ներդաշնակությամբ և կատարողական անկրկնելիությամբ բազմապատկեց հայի արժանապատվության դրսևորումը, որը մրցանակաբաշխության հիմնարար ուղերձներից է: Ու եթե բացատրելի չէ Հասմիկ Պապյանի չմասնակցությունը երկրորդ մրցանակաբաշխությանը, մանավանդ, որ վարման ձևաչափի մեջ, գոնե, փոփոխություն չկար, և չներկայությունը դահլիճում, բեմում, բացատրելի չէ տարիներ առաջ միայն իր արմատները գիտակցած օպերային երգչուհու ֆալշերով (մասնագետների հավաստմամբ) ելույթը ոչ այնքան բարդ ստեղծագործությունների հնչեցման ժամանակ Հայաստանից գթասրտություն տարածող այդ պահի թիվ մեկ բեմում, երբ մեր օպերային արվեստի երիտասարդ հպարտությունները՝ Հրաչուհի Բասենցը, Հասմիկ Թորոսյանը, Անահիտ Մխիթարյանը, Լիպարիտ Ավետիսյանը և այլոք Հայաստանում և աշխարհում, իրենց բարձրարվեստ ու ոգեղեն կատարումներով և հայկականությամբ իդենտիֆիկացնում են հայն ու Հայաստանը: Իսկ ինչպիսի՜ ոգեղենությամբ ու պարծանքով են երգում Տիգրան Հեքեքյանի «Հայաստանի փոքրիկ երգիչները» Հայաստանի հետ ձուլված հրաշալի երգը՝ «Քեզ համար, Հայաստանը»: Հրաշալի ու առանց ֆալշերի:
Վստահեցնում եմ, անուններն առանց պրպտելու եմ գրում: Անունների պարագային կենտրոնանալու դեպքում շատ ավելի կարող էի գրել: Ի վերջո, արվեստում, հատկապես կատարողական արվեստի որևէ ժանրում կան հայ անուններ, որոնց վայելելու համար համաշխարհային բեմերն ու դահլիճները պայքարում են անողոքաբար, որոնց ունկնդրելը հավասարազոր է կատարսիս ապրելու և այդ անունները արտասանում ենք հպարտությամբ ու առանց ազգային սնապարծության:
Ի վերջո, ինչպես վերջերս գրել էր մեր ընթերցողներից մեկը՝ «...բունիաթս ավազ չիմանաս՝ քարափ է, քարուկրեն է...»:
Ինձ համար նույնիսկ, թող հնչի որպես մասնավոր կարծիք, անընդունելի էր օտար արտիստների ելույթը խաչատրյանական «Սպարտակում», երբ հայ օպերային արտիստները համաշխարհային օպերային բեմերում նվաճում են աշխարհը: Ինչո՞ւ կարևոր չէ մշակութային այստեսակ արտահանումը «Ավրորայի» խողովակով, եթե նույնիսկ, կրկնում եմ, սա չէ «Ավրորայի» առաքելությունը: Կարծում եմ, որ հենց սա է մշակութային կապիտալիզացիան: Միշտ չէ, որ կապիտալն է կապիտալիզացիան:
Կարծիքս, կրկնում եմ, մասնավոր է, բայց կարծում եմ նույնիսկ Խաչատրյանի «Սպարտակը» չէր հարիր «Ավրորայի» բեմին, եթե, իհարկե, ստրկության դեմ պայքարի ուղերձը չէր գերնպատակը: Այո, «Սպարտակը» անկրկնելի գործ է, համամարդկային արժեք, անքննելի, բայց հայ ժողովրդի ինքնության բացահայտումներն այլ տեղերում են, որի արտահանումն այնքան կարևոր է նման բեմերից:
Փառք Աստծո, որ «Արի, իմ սոխակ» - ի հոգեպարար հնչյուններով ու հայ հրաշամանուկի անկրկնելի ելույթով եզրափակվեց մարդասիրության «Ավրորան», այլապես անհնար կլիներ մեղմել այս համատեքստում տխուր զգացողությունների գիշերային ապրումները:
Չեմ կարծում, որ սրանք մանրուքներ են, մանավանդ, որ «Ավրորայի» իրականացման գործում, որքան տեղյակ եմ, մեծ դերակատարություն ունի հրաշալի երգահան և շատ համակրելի մարդ Մարինա Ալեսը:
Ես, անշուշտ, կցանկանայի այս ամենի մասին առավել հանգամանալից զրուցել Ռուբեն Վարդանյանի հետ, բայց, ցավոք, ևս մեկ փաստ պետք է արձանագրեմ. որքան էլ, որ բաց է թվում Ռուբեն Վարդանյան անհատականությունը, ազատ ու անկաշկանդ իր շփումներում, գուցե թե թիմակիցների «ջանքերով» անհասանելի են դեպի Ռուբեն Վարդանյանը տանող ճանապարհները, իսկ «Ավրորան» դեռ ընթացք ունի՝ մեծ ընթացք Հայաստանից դեպի աշխարհ:
Հ.Գ. Որքան կարողացա տեղեկանալ, այս տարի «Ավրորայում» շատ ավելի մեծ է եղել «տեղական ռեսուրսի» ընդգրկումը՝ մասնավորապես ֆիլմերի պատրաստման ոլորտում և այլն, բայց կրկին շեշտեմ, որ ես անձնապես, որպես քաղաքացի, առավել կարևորում եմ անկրկնելի հայ մշակույթի գոհարների՝ հոգևոր, դասական, ազգային և դրա անկրկնելի հայ կերպավորողների՝ ճանաչված, տաղանդավոր, ոգեղեն, ընդգրկումը համամարդկային այս երևույթում՝ «Ավրորայում», որպես անկորնչելի մի ուղերձ:
Արայիկ Մանուկյան