Անժելա
Սահակյանը
Փարիզում
ապրում է
ավելի քան
15 տարի:
Այդպես է
ստացվել:
Ծնվել է
Ղարաբաղում:
Աշխատել է
հայկական
հեռուստատեսությունում,
գրքեր է
գրել,
ֆիլմեր
նկարահանել:
Այսօր
Փարիզի
հայկական
ռադիոյի
(AYP FM)
մեկնաբանն է,
«Արցախապատում»,
«Հայ մամուլի
տեսություն»
և «Բաց նամակ
ճշմարտության
պարտադրանքով»
հաղորդաշարերի
հեղինակը
և վարողը:
«Գործուղումս»
Ֆրանսիա
մի օր
կավարտվի
ու կվերադառնամ
տուն:
Հաստատ:
«Այլևս մենք մեր գլուխը պետք է բարձր պահենք...». ԿԱՐՊԻՍ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
Կարպիս Նիկողոսյանի անունը Արցախում հայտնի է որպես բարի ու հայրենասեր անձնավորություն, շատերի օրինակով, նա էլ դարձավ արցախահայության լավագույն բարեկամներից մեկը, որը ոչ միայն նյութապես սատար կանգնեց արցախցիներին, այլև՝իր հուսադրող խոսքերով, իր բազմաթիվ այցելություններով գոտեպնդեց նրանց...
Արցախցին բազմիցս համոզվել է, որ չորսամյա պատերազմի հետքերն ու ավերածությունները վերականգնվեցին աշխարհասփյուռ հայերի ամենամյա և անհատական ներդրումների շնորհիվ, դրա համար էլ երախտապարտ է բոլորին:
Իմ զրույցը Արցախի նվիրլյաներից մեկի՝ Կարպիս Նիկողոսյանի հետ է, որն, անշուշտ, կհետաքրքրի շատերին:
- Պարո՛ն Նիկողոսյան, նախ՝ շնորհավոր Ձեր Նոր տարին և Սուրբ ծնունդը , Արցախում բոլորը Ձեզ սիրում են, որտեղի՞ց է գալիս այդքան սերն ու նվիրումը Ձեր հանդեպ և ինչպե՞ս սկսվեց Ձեր բարեկամական կապը:
- Անկեղծ ասած՝ Ղարաբաղի մասին իմ պատկերացումներն այնքան էին, ինչ-որ իմանում էի տեղեկատվական աղբյուրներից: Գիտեի, որ մեր հայկական հողերը արյան գնով պահպանեցին մեր քաջորդիները, և ազերիներն այդ փաստը չեն ուզում ընդունել: Արցախի հանդեպ իմ սերն ու նվիրումը սկիզբ առավ 1997 թվականի ամռան մի օր, երբ ես և տիկինս՝ Նիկոլը, հանգստանում էինք ծովափում:
Հյուրանոցի մարդկանց ցանկում նկատեցի հայկական ազգանուն, կնոջս ասացի, որ այստեղ հայ կա, պետք է գտնենք: Ընդհանրապես, երբ որ մի տեղ կասկած եմ ունենում հայ է, թե ոչ, ուշադրությունը գրավելու համար սկսում եմ բարձրաձայն հայերեն խոսել, կամ էլ պարզապես հարցնում եմ. «հա՞յ եք»:
Այդպես ես և Նիկոլը գնացինք տարբեր ուղղություններով, գտնելու մեր հային, հայացքս նկատեց խելացի աչքերով մեկին, միանգամից հարցրի. «հա՞յ եք», ասաց՝ «այո»: Ծանոթացանք, պարզվեց, որ ԼՂՀ արտաքին գործերի նախարար (հետագայում՝ նախագահ) Արկադի Ղուկասյանն է, առողջական խնդիրներ ուներ, եկել էր կազդուրվելու: Այդպես ծանոթացանք: Մեր զրույցի թեման Արցախն էր, ինձ հետաքրքրում էր հատկապես պատերազմի տարիները: Նա ոգևորությամբ պատմեց իր հերոսական ժողովրդի արժանապատվորեն տարած հաղթանակի ամեն մի դրվագ: Այդ օրերին ինձ համար բացահայտեցի մի կարևոր բան, որ յուրաքանչյուր տարիքում կարելի է լավ ընկեր գտնել...
Փոխհասկացությունը փոխվստահության սկիզբն է, մենք մտերմացանք, և նա ինձ հրավիրեց Արցախ:
- Առաջին անգամ լինելով Արցախում՝ ինչպիսի՞ տպավորություն ունեցաք:
- Երևանից, երբ մեքենան շարժվեց դեպի Արցախ, միանգամից ուշադրությունս գրավեց գեղեցիկ բնությունը, այնքան զմայլվեցի, որ մեքենան տեղ-տեղ կանգնեցնում էի, իջնում, լավ ուսումնասիրում ու նորից շարունակում այդ դրախտային ճամփորդությունը:
Հասանք Ստեփանակերտ, ճիշտ է, գիտեինք, որ Հայաստանի ժողովուրդը հյուրասեր է, բայց ղարաբաղցիների հյուրասիրությունը տարբեր է, նրանց ընդունելությունն ավելի անկեղծ ու անշահախնդիր է:
- Դուք Ձեր անձնական միջոցներով դպրոց եք կառուցել Արցախի Մարտունու շրջանի Շեխեր գյուղում: Ասացեք խնդրեմ, ի՞նչ հանգամանքներում ծագեց այդ միտքը: Ինչպե՞ս իրագործեցիք այդ ծրագիրը:
- Դպրոց կառուցելու գաղափարն իմ մեջ ծագել է ինքնաբուխ: Գնացել էինք Գանձասար՝ կնունքի, մեզ հետ էր նաև Արցախի ազատագրական պայքարի առաջնորդներից մեկը՝ Ժաննա Գալստյանը: Նա պատմեց պատերազմի ժամանակ Արցախի հայ կանանց հերոսական սխրանքների մասին, շատ ազդվեցի և այդ պահին որոշեցի անպայման մի ներդրում անել այդքան հիասքանչ ու հերոսական ժողովրդի, մանավանդ երեխաների համար:
Ծրագիրս ներկայացրի վարչապետին՝ Անուշավան Դանիելյանին: Հարցրեց, թե ո՞ր գյուղում կուզեի կառուցել, ասացի, որ ինձ համար միևնույն է: Նա մի ցուցակ դրեց առջևս, ասաց՝ ընտրիր: Ես աչքերս փակեցի և մատս դրի Շեխերի դպրոցի վրա: Ամեն անգամ, երբ գնում եմ Շեխեր, գյուղացիներն ասում են. «ի՜նչ լավ է, որ Ձեր մատը դրել եք մեր գյուղի վրա»:
- Փասատորեն, դուք առաջին անգամ գնացել եք Ղարաբաղ ու միանգամից ծրագիր եք ներկայացրել: Դա ո՞ր թվականին էր:
- 2001 թվականի աշնանն էր: Ճիշտ է՝ մինչև Արցախ գնալս ոչ մի պատկերացում չունեի, բայց երբ որ գնացի, իմ աչքերովս տեսա, շփվեցի մարդկանց հետ, այդ զգացողությունը, այդ ընդունելությունը, այդ տաքարյունությունը, ոչ մի տեղ չկա:
- Դուք ձեր բոլոր ծրագրերն իրագործեցիք, դարձաք ղարաբաղցիների հավատարիմ բարեկամներից մեկը: Այդ է վկայում է ձեր «Amis du Karabagh» ֆրանսերեն կայքէջը, ուր պարբերաբար ներկայացնում եք Արցախի քաղաքական, տնտեսական ու մշակութային անցուդարձը:
- Անկեղծ ասած՝ չափազանց մեծ սիրով եմ կապված արցախցիների, մանավանդ Շեխեր գուղի հետ: Արդեն քսանմեկ անգամ եղել եմ Արցախում: Մոտ ժամանակներս նորից պետք է գնամ: Ամեն անգամ այցելում եմ դպրոց, մարզասրահ, ամեն ինչ պահպանում են սրտացավորեն:
- Ձեր կնոջ՝ Նիկոլի հետ զրույցի ընթացքում իմացա, որ նա նույնպես եղել է Ղարաբաղում և այնքան է տպավորված, որ մի շարք բառեր է սովորել Ղարաբաղի բարբառով:
- Այո, ասեմ, որ Նիկոլն էլ բազմաթիվ անգամ եղել է Ղարաբաղում և ինձնից առավել սիրում է Ղարաբաղն ու նրա ժողովրդին: Ես հայ եմ, բայց ինքը ֆրանսուհի լինելով հանդերձ՝ ավելին կցանկանա անել: Ինքն է, որ ինձ միշտ ուժ տվեց ավելին անելու համար:
Գյուղի բնակչության համեմատ ուզում էի փոքր դպրոց կառուցել, ասաց, որ մեծ դպրոց պիտի կառուցենք: Ուզում էի դպրոցում գոյություն ունեցող նստարաններն ու սեղանները նորոգել, ասաց, որ նորը պետք է առնենք: Միշտ հետևողական եղավ, որ ամեն ինչ արվի լավագույն ձևով: Նույնիսկ առաջարկեց մարզասրահ էլ կառուցել, այդպես էլ արեցինք: Մոնթե Մելքոնյանի հիշատակին, նրա անունը կրող, եվրոպական չափանիշներով մարզասրահ կառուցեցինք: Այնտեղ երեխաները կանոնավոր մարզվում են և շարունակական մրցումներ են լինում:
- Այսօր Ղարաբաղի անկախության ճանաչումը քննարկման առարկա է, դեռ ավելին, Իլհամ Ալիևը հոխորտում է և ամենուր հայտարարում, որ խաղաղ բանակցություններով հարցը չի լուծվի: Այս առնչությամբ ի՞նչ է ձեր կարծիքը:
- Ես միշտ ցավ ունեմ այդ առումով և այստեղ շատ անհանգիստ եմ: Բայց երբ գնում եմ Ղարաբաղ, շփվում եմ ժողովրդի հետ, ամեն անգամ համոզվում եմ, որ Ղարաբաղը երբեք թուրքերին չեն տա, ինչ էլ, որ լինի: Ես հավատում եմ, որ ղարաբաղյան հիմնախնդիրը կլուծվի խաղաղ ճանապարհով: Մեզ պարտադրված պատերազմում մենք հաղթանակ ենք տարել, այդ հաղթանակը համայն հայության հաղթանակն է, և այլևս մենք մեր գլուխը պետք է բարձր պահենք, մենք երբեք չենք խոնարհվի թուրքի առջև: Եթե հանկարծ վերսկսվի պատերազմը, այս անգամ ավելի մեծ ուժով պիտի կռվենք...
- Ի՞նչ կասեք Ֆրանսահայ գաղութի ինքնության հետ կապված խնդիրների մասին:
- Այս առումով ես լավատես եմ: Այսօր ունենք երիտասարդներ, որոնք ավելի աշխույժ են և ջանում են ամեն ինչ անել, որպեսզի պահպանվի այն ամենը, ինչ-որ ավանդել են մեր նախնիները: Մտահոգություն կա, որ շատերը հայերեն չեն խոսում, ես կարծում եմ կարևորը ոգին է, հայկակա՛ն ոգին է, որ միշտ մեզ ուժ է տալիս:
- Դուք Հայաստանի Համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի լավագույն բարեկամներից մեկն եք: Կան տարաձայնություններ, որ իբրև հավաքված դրամն իր նպատակին չի ծառայում: Դուք ի՞նչ կարծիքի եք...
- Եթե որևէ մեկն այդ կասկածում է, խորհուրդ կտայի գնալ ու իր սեփական աչքերով տեսնել: Ես մի հասարակ օրինակ բերեմ, եթե առաջ Ստեփանակերտից Շեխեր հասնելու համար կորցնում էինք երեք ժամ, ապա ճանապարհները բարեկարգելուց հետո, քառասունհինգ րոպեն բավարար է: Ղարաբաղի ամբողջ ճանապարհները, ինչպես կասեն՝ ասֆալտապատ է, բնական գազի խնդիրը լուծված է, ջրի խողովակները քաշած են, հիվանդանոցներ են կառուցվել ու վերակառուցվել:
Նույնը կարելի է ասել դպրոցների, մանկապարտեզների և այլ հիմնարկ-ձեռնարկությունների մասին, որոնք ավերվել էին պատերազմի տարիներին:
- Երեք տարի հաճախել եք INALCO (Փարիզում՝ Արևելյան լեզուների ինստիտուտ) ուսումնասիրել հայ գրականություն ու պատմություն:
- Այո: Ես շատ հաճույքով ու հետաքրքրությամբ եմ ուսումնասիրում այն ամենը, ինչ որ կապված է մեր դարավոր մշակույթի ու պատմության հետ: Մարտին Հովհաննիսյանն ինձ խորհուրդ տվեց՝ ծնողներիս մասին գիրք գրել: Արդեն սկսել եմ, չնայած շատ մանրամասներ չգիտեմ, քանի որ ծնողներս տանը չեն խոսել ցեղասպանության մասին: Ես հիմնականում նկարագրում եմ նրանց կյանքը, ապրած տարիները, ինչպես Ամասիայից աքսորվեցին, հասան Պոլիս, այնուհետև Ռումինիա, Ֆրանսիա (Մարսել, որից հետո՝ Փարիզ): Վայրագ թուրքից մազապուրծ իմ գերդաստանի կյանքն էլ մի իրական պատմություն է, որը գրի եմ առնում սրտի ցավով ու երախտագիտության զգացումով:
- Ի՞նչ կմաղթեք մեր հայրենակիցներին՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք։
Հայ ժողովուրդն արդեն հերոսաբար տարել է իր հաղթանակը, 2020 թվականը թող լինի խաղաղության ու բարգավաճման տարի, թող սահմանին կանգնած զինվորը տուն դառնա հաղթանակով, թող աշխարհի բոլոր հայերը մտածեն մեր երկրի հզորացման համար, լինենք միասնական և ուժեղ։
Սիրտս տիեզերքի չափ սիրո ու երախտագիտության զգացումով լցված Փարիզում քայլում եմ դեպի մոտակա կանգառը, մտքերս ակամայից ինձ տանում են Արցախ, հեռավոր Շեխեր գյուղը, ուր մանուկները երջանիկ ժպիտներով մանկապարտեզ են գնում, դպրոցահասակներն ուրախ ու անհոգ դպրոց են հաճախում, մարզասերները՝ մարզասրահ: Անշուշտ, Կարպիս Նիկողոսյանի ծնողները՝ Նիկողոս ու Հերմինե Նիկողոսյանները, չգիտեին, որ Ղարաբաղում Շեխեր գյուղ կա, որ իրենց որդին, իր բարեգործության համար պիտի դառնա Ստեփանակերտի պատվավոր քաղաքացի: Այդուհանդերձ, նրանք համոզված էին, որ օտար երկրում հայրենասեր որդի են մեծացնում...
Անժելա Սահակյան