«ՀԱՅԵՐ»-ի
հիմնադիր,
գլխավոր խմբագիր
Ժուռնալիստիկան
համարում է
սեփական
«ստորագրության
պատվի»
մասնագիտություն:
Հավատացած է, որ
«Հորինել
պետք չէ՝ ոչ
երկիր, ոչ
պետություն,
ոչ էլ
կենսագրություն:
Պատասխանատվությունն
ըստ ապրված
կյանքի է
լինելու:
Ոչ թե ըստ
հորինվածի»:
Իսկ անքննելի
այս սահմանումը
հեղինակել է իր
ամենաժուռնալիստ
ընկերը՝ Այդին
Մորիկյանը:
«Այս պահին որոնել միայն ԵԼՔԵՐ, ԲԱՅՑ…». ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Այլևս փաստ է, որ ստորագրված տխրահռչակ (գնահատականը՝ վարչապետի) փաստաթուղթը՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների համատեղ հայտարարությունը, ռազմա-քաղաքական, բարոյա-հոգեբանական, սոցիալ-տնտեսական բարդագույն խնդիրների կծիկի առջև է կանգնեցրել արցախահայությանը, ողջ հայ ժողովրդին, վտանգել է Հայաստանի ինքնիշխանությունը, պետականությունը, Արցախի գոյությունը:
Պատասխանատո՞ւ են արդյոք Հայաստանի և Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարությունները, իշխող քաղաքական ուժերը: Այո: Պատասխանատու են և պատասխանատու են առաջին հերթին:
Իրավունք ունի՞ հանրությունը, հայ ժողովուրդը պատասխաններ պահանջել տխրահռչակ փաստաթուղթը ստորագրած վարչապետից ու նրա քաղաքական ուժից: Հայաստանի և Արցախի իշխանություններից, ռազմական ղեկավարություններից, իշխող քաղաքական ուժերից: Իրավունք ունի՞ պահանջել պատասխանատվություն, քաղաքական հատուցում: Այո:
Պետք է հեռանա՞ն արդյոք Հայաստանի և Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարությունները, իշխող քաղաքական ուժերը: Այո: Պետք է հեռանան:
Բայց պե՞տք է արդյոք հեռանան հենց այս պահին, հակասահմանադրական միջոցների կիրառմամբ, քաղաքացիական պատերազմի սպառնալիքի ներքո, երկրում անկայունության ու քաոսի ստեղծման մոդելով, բոլոր կողմերից դավաճանների ու դավաճանությունների փնտրտուքների եռման կիզակետում, տեղեկատվական պատերազմի ազդեցությամբ: Ոչ: Երբեք այլևս: Եվ սա որևէ կերպ հենց այս պահին չհեռանալն արդարացնելու մղում չէ: Թեպետ, այս պահին պետք է հրապարակեն հրաժարական ներկայացնելու ու հեռանալու ժամկետները:
Ուղղակի որևէ մեկն այլևս իրավունք չունի Հայաստանում կրկին իշխանություն վերցնել ամբոխավարությամբ: Այն էլ արցախյան խնդրի ֆիասկոյի ժամանակ: Այդ լիմիտը անվերադարձ սպառված է Հայաստանի ու հայ ժողովրդի համար: Մենք դա թույլ ենք տվել անխոհեմաբար շատ: Արցախյան այսօրվա ֆիասկոն, մեծ հաշվով, հետևանք է նաև արցախյան խնդիրը մշտապես իշխանության գալու համար օգտագործելու:
Արկածախնդրությունների ավելի քան երկու տասնամյակ ապրած հայ ժողովուրդն իրավունք չունի վերջին արկածախնդրությունից հետո կրկին արկածախնդրությամբ շարունակել ճանապարհը: Դեռևս պատասխան չի տրված 22 տարի առաջ Հայաստանին ու հայ ժողովրդին խոստացված ու չտրված 8.000 քառակուսի կիլոմետր տարածքով անկախ Լեռնային Ղարաբաղի համար: Պատասխան չի տրված դեռևս 95-ի բնում խեղդված հեղաշրջման համար: Պատասխան չի տրված հոկտեմբերի 27-ի համար: Ու դեռ բազում հարցերի պատասխաններ կան, որ չի տրված հայ ժողովրդին:
ԿԱ՞Ն ԵԼՔԵՐ: ԿԱՐԾՈՒՄ ԵՄ՝ ԱՅՈ:
Բայց մինչ ելքերի մասին խոսելը՝ մի քանի նկատառում:
Այսքանից հետո անգամ, մենք չհասկացանք, թե ինչ կատարվեց Արցախի հարցում: Սա հասկանալու համար պետք է գոնե այսօր, գոնե այս պահին ԿԱԶՄԱՔԱՆԴԵՆՔ Արցախի հարցի ԱՆԱՏՈՄԻԱՆ, և մաս-մաս փորձենք հասկանալ այդ անատոմիայի բոլոր մանրամասները: Ու եթե հենց այս պահին բոլոր մանրամասների մեջ մտնելու ժամանակ ու տրամադրություն չունենք (գուցե՝ պատեհ էլ չէ), գոնե պետք է արձանագրենք, թե ինչ տեղի ունեցավ ՄԵԾ ՀԱՇՎՈՎ:
Իսկ մեծ հաշվով՝ քաղաքական իրատեսությունը, քաղաքական պրագմատիզմը, քաղաքական մտածողությունը, ռեալությունների հետ հաշվի նստելու քաղաքական կամքը պարտվեց ավանտյուրիզմին, քաղաքական արկածախնդրությանը:
Եվ այս պարտության սկիզբը այսօրը չէ: Այս պարտության սկիզբը 1997 թվականն է: Այսօրվա ջրբաժանն անցնում է 1997 թվականով:
Քաղաքական իրատեսության, քաղաքական պրագմատիզմի, քաղաքական մտածողության, ռեալությունների հետ հաշվի նստելու քաղաքական կամքի կրողը՝ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, հեռացվեց իշխանությունից ավանտյուրիզմի և քաղաքական արկածախնդրության կրողների կողմից՝ հանիրավի մեղադրվելով դավաճանության, ծախվածության մեջ:
Վազգեն Սարգսյանը, ցավոք, միացավ ավանտյուրիզմի և քաղաքական արկածախնդրության կրողներին և տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Այո, շատ կարճ ժամանակում Վազգեն Սարգսյանը համոզվեց ընտրած ուղու սխալականության մեջ՝ հայտարարելով, թե դեռ պետք է ապացուցեն՝ Լևոն Տեր-Պետրոսյա՞նն էր ճիշտ, թե՝ իրենք: Համոզվեց ու հերթական անգամ հայտնվելով վճռական մենակի կարգավիճակում, փորձեց շտկել իրավիճակը: Բայց ավանտյուրիզմի և քաղաքական արկածախնդրության կրողներն ավելի զորեղ գտնվեցին: Եթե Վազգեն Սարգսյանը համոզված չլիներ իր սխալականության հարցում, կշարունակեր մնալ ավանտյուրիզմի և քաղաքական արկածախնդրության կրողների թիմում:
Ինչո՞ւ եմ պնդում, որ ավանտյուրիզմն ու քաղաքական արկածախնդրությունը (ի դեպ, այս բնութագրումն օգտագործում եմ ոչ այնքան անձերին բնութագրելու համար, որքան՝ քաղաքական մտածողությունը) շարունակվեց, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանի հեռացման հատուցումը պետք է լիներ 8000 քառակուսի կիլոմետրով անկախ Լեռնային Ղարաբաղը՝ ճանաչված միջազգային հանրության կողմից: Դա խոստացվել էր: Ու չեղավ Տեր-Պետրոսյանին հաջորդած ավելի քան երկու տասնյակ տարիներ անց: Այլ շարունակվեց իշխանության դիմաց Արցախի ստատուս քվոն պահպանելու կործանարար քաղաքականությունը: Այդ քաղաքականությունը անպայման բերելու էր Արցախի այսօրվա հանգրվանին: Դրա գլխավոր փորձն արվեց ապրիլյան պատերազմի օրերին: Ավելին: Դրանից առաջ ականապատվեց նաև Հայաստանը, երբ հանուն իշխանության շարունակականության Հայաստանում փոխվեց սահմանադրական կարգն ու կիսանախագահական կառավարման Հայաստանը վերածվեց խորհրդարանականի:
Հայաստանի վերջին քսան և ավելի տարիների արկածախնդրական քաղաքականության բովանդակությունը վերջերս ընտրագույնս ձևակերպել է ճանաչված գիտնական և հետազոտող, արցախյան հարցի լավագույն փորձագետներից՝ Ժիրայր Լիպարիտյանը:
«…Կողմերը հակամարտության մեջ ներդրել են իրենց ինքնությունը, պատմական հեռանկարները և մշակութային զգայականությունը և ոչ պարզապես իրենց շահերը, ինչը զիջումները հավասարեցրել է ինքնության կորստին։ Հակամարտությունը, պատերազմի դաշտում մարտական հաջողությունները և լուծման հնարավորությունները գործիքայնացվել են Հայաստանի և Ադրբեջանի ներքաղաքական կյանքում՝ կառավարությունների ղեկավարներին լեգիտիմացնելու կամ ապալեգիտիմացնելու համար. մի գործընթաց, որը հասարակություններին մղել է դեպի ավելի ազգայնական և առավելապաշտական դիրքորոշումների՝ զիջումները դարձնելով էլ ավելի դժվար, իսկ առաջնորդներին տալով զիջումների չգնալու արդարացում…»:
Ի՞նչ պետք է անեին ահռելի լեգիտիմություն ունեցող վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա քաղաքական թիմը ընտրվելուց անմիջապես հետո: Պետք է բացառեին ավանտյուրիզմն ու քաղաքական արկածախնդրությունը, պետք է հանրությանը ներկայացնեին Արցախի խնդրի կարգավորման հնարավոր ու առկա լուծումները, որոնք երբեք չեն փոխվել 1994 թվականից ի վեր, այլ ուղղակի 1997-ին ստացել են տվյալ պահի ու ապագայի համար հնարավոր առավել բարենպաստ տեսքը՝ շնորհիվ Տեր-Պետրոսյանի քաղաքական մտածողության ու նրա փորձագիտական թիմի մանրակրկիտ աշխատանքի:
Ի՞նչ արեց սակայն վարչապետ Փաշինյանը: Գնաց, մեծ հաշվով, նույն ավանտյուրիզմի ու քաղաքական արկածախնդրության փիլիսոփայությամբ՝ սկսելով բանակցություններն «իր կետից», պատերազմի գնալով առանց կազմակերպչական խնդիրների գույքագրման ու լուծման, առանց բանակի ինստիտուցիոնալ փոփոխության, առանց զորահավաքային համակարգի արմատական բարեփոխման և այլն: (Խնդիրների բարձրաձայնումը նույնպես վարչապետինն են):
Արդյունքում ստացանք այն, որ «…Շուշիից առաջ, պատերազմը կանգնեցնելու բոլոր հնարավոր սցենարներում, Շուշին պետք է հանձնվեր առանց մարտի», իսկ մենք Շուշին հերոսաբար հանձնեցինք մարտով…
Եվ այսօր մենք քննարկում ենք, թե արդյո՞ք վարչապետն ու Արցախի նախագահը, ռազմական ղեկավարությունները պետք է ստորագրեին տխրահռչակ փաստաթուղթը: Անշուշտ, պետք է ստորագրեին: Եթե թշնամին հասել էր Ստեփանակերտի մատույցներին ու ժամեր անց ընկնելու էր նաև Արցախի մայրաքաղաքը՝ իր հետ տանելով ողջ Արցախն ու տասնյակ հազարավոր զոհեր: Բայց մենք սա չէ, որ պետք է քննարկենք: Մենք պետք է քննարկենք, թե ինչո՞ւ թշնամին հասավ այդ առավելությանը:
Անատոմիայի մասին այս պահին թերևս այսքանը: Հետո մանրամասների ու նրբությունների մասին կարելի է խոսել առավել:
ԻՍԿ ՀԻՄԱ ԵԼՔԵՐԻ ՄԱՍԻՆ:
Կարծում եմ, այս պահին առաջնային ու անհապաղ լուծման խնդիր է Արցախի հարցով բանակցային գործընթացը, համատեղ հայտարարությունից բխող և բանակցային գործընթացի հետ փոխկապակցված խնդիրները ղեկավարելու, Արցախի խնդրին առնչվող քաղաքական, դիվանագիտական պրոցեսները համակարգելու համար Հայաստանի Ազգային ժողովի կողմից Հայաստանի անունից գլխավոր բանակցողի առաջնային մանդատ տալը Հայաստանի Հանրապետության նախագահին: (Եթե գործընթացի օրինականության մեջ կա բանակցողի առավել լավ թեկնածու՝ ուրեմն այդ թեկնածուին):
Ինչո՞ւ հենց առանձին բանակցող՝ օժտված ուժեղ մանդատով:
Պարզորոշ է, որ այս պահին Արցախի խնդրով ընթանում են լրջագույն պրոցեսներ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Իրանի, ԵՄ անդամ մի շարք երկրների, ՄԱԿ-ի և միջազգային այլ կառույցների ներգրավվածությամբ, և այդ պրոցեսներում Հայաստանի խելացի, հաշվարկված, կշռադատված, քաղաքական մտածողությամբ մասնակցությունը էականորեն կարող է փոխել իրերի վիճակը: Տեղի են ունենում նաև աշխարհաքաղաքական խորքային պրոցեսներ մեր տարածաշրջանում և այլն:
Պետք է ընդունենք, որ տխրահռչակ փաստաթուղթը՝ որքան էլ վտանգավոր ու սարսափելի, այնուամենայնիվ, հայտարարություն է և ոչ հիմնարար պայմանագիր կամ Արցախի հարցի լուծման համապարփակ համաձայնագիր, խաղաղության պայմանագիր և այլն: Իսկ բանակցային գործընթացում և քաղաքական պրոցեսում Հայաստանի ծանրակշիռ և արդյունավետ մասնակցությունը կարող է հնարավոր դարձնել գտնել լուծումներ Շուշիի, Հադրութի, Քաշաթաղի շրջանի, Բերձորի, նույնիսկ՝ Քարվաճառի խնդիրների հետ կապված: Գոնե կարող է այդ հույսը ընձեռել:
Եվ այստեղ բացարձակապես խոսքն այն մասին չէ, որ կան իրավական ճանապարհներ՝ չեղարկելու հայտարարությունը և այլն, ինչպիսին հնչում են այս օրերին: Հայտարարությունն այլևս իրողություն է: Խնդիրը քաղաքական գործընթացները Մինսկի խմբի ձևաչափ վերադարձնելն է և այդ ձևաչափում գործելը:
Հայաստանի նախագահը՝ որպես գլխավոր բանակցողի մանդատի կրողի, պետք է ձևավորի խորհրդակցական մարմին, որում կընդգրկվեն Արցախի բանակցային գործընթացին փորձագիտական մակարդակով լավագույնս տիրապետող հեղինակավոր գործիչներ: Ակնհայտ է, որ նախագահն ունի այդ անձնային հատկությունները և կաշկանդված չէ, ինչը դժվար է ասել վարչապետի մասին՝ հատկապես բարոյա-հոգեբանական այս իրավիճակում: Ինչն առավել դժվար է ասել նրա քաղաքական թիմի մասին, որոնք իրենց մանկամտությամբ, պոռոտախոսությամբ, մեծամտությամբ, անտեղյակությամբ սահմանել են բոլոր ռեկորդները՝ ձախողելով խորհրդարանական դիվանագիտությունը մասնավորապես:
Որպես դիվանագիտական մեծ փորձառություն ունեցող, միջազգային քաղաքական հանրությունում մեծ հեղինակություն վայելող և արդյունավետ բանակցող գործիչ, Հայաստանի նախագահը պետք է ձևավորի նաև Արցախի խնդրով արտաքին քաղաքական ողջ գործընթացը կառավարելու համակարգ, այդ գործում նույնպես ներգրավելով անցած տարիներին լավագույն ներդրում ունեցած գործիչների:
Արցախի, Հայաստանի և Հայաստանի նախագահի համար մեծ շռայլություն է այս պահին քաղաքական խորհրդակցություններ անցկացնել մարդ-կուսակցությունների կամ նույնիսկ մի քիչ ավելի մեծ քաղաքական կառույցների ղեկավարների հետ, որովհետև մեկ-երկու բացառությամբ, Հայաստանում չկան քաղաքական ուժեր, որոնք ունեն քաղաքական լուրջ օրակարգ և քաղաքական մեծ ազդեցություն հասրակության վրա:
Առավել ևս անհույս շռայլություն է Հայաստանի մշակութային և այլ գործիչներին դասախոսություն կարդալը իրականության ու երազի, տեսլականի ու հրամայականի մասին և այլն:
Միաժամանակ, Հայաստանի Ազգային ժողովի ղեկավարության կողմից խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ պետք է նախաձեռնվեն քննարկումներ՝ ողջամիտ ժամկետում Հայաստանի Հանրապետության նախագահական կառավարման անցման խնդրի շուրջ և պետք է ձևավորվի հանձնաժողով՝ ողջամիտ ժամկետում սահմանադրական փոփոխություններ նախապատրաստելու կամ նոր սահմանադրության նախագիծ ստեղծելու, ընտրական օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու համար և այլն, որոնք՝ նվազագույնը 3 ԱՄՍՈՒՄ, առավելագույնը՝ առաջիկա 6 ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ, Հայաստանը կտանեն նոր նախագահական և խորհրդարանական ընտրությունների՝ իշխանության կողմից երաշխավորելով ազատ և անկախ ընտրությունների անցկացումը:
Սա նաև յուրատեսակ վստահության հանրաքվե կլինի գործող իշխանության և քաղաքական թիմի, անձամբ վարչապետի համար:
Հայաստանն ու Արցախն այս իրավիճակին բերած թիմը պետք է ուժ գտնի համաձայնելու՝ այս պահին օրինականորեն հեռանալ Արցախի խնդրում քաղաքական պրոցեսների մասնակցությունից, կառավարումից, ուղղորդումից, և պետք է ուժ գտնի այդ ընթացքում բացառապես զբաղվելու հայության սոցիալ-տնտեսական խնդիրներով՝ գերլարելով բոլոր ուժերն ու հնարավորությունները, համախմբելով բոլոր հնարավոր օգտակար մասնակիցներին:
Հայաստանի իշխանությունը պետք է անհապաղ ձևավորի միասնական մի մարմին՝ օպերատիվ կառավարման շտաբ կամ նման գործառույթներով օժտված մի կառույց՝ դրանում ընդգրկելով նաև ոչ իր քաղաքական թիմից ճգնաժամային կառավարման փորձառություն ու գիտելիք ունեցող անձանց, և դադարեցնելով քաղաքական բռնաճնշումները, (հատուկ նշեմ, որ խոսքը ակնհայտ քրեական հանցագործությունների, պետական դավաճանությունների բացահայտման մասին չէ) քաղաքացիական հասարակության անմիջական ներգրավվածությամբ պետք է անհապաղ զբաղվի Արցախից Հայաստան տեղահանվածների, զոհված և վիրավոր զինծառայողների հարյուրավոր անլուծելի թվացող խնդիրների օպերատիվ կառավարմամբ՝ քաղաքացիության խնդիրներից մինչև սոցիալական, տնտեսական, կրթական, հոգեբանական և այլ հարցեր:
Այս խնդիրներն անհնար է լուծել բացառապես գործող կառավարության ներգրավմամբ: Տխրահռչակ փաստաթղթից բխող այնքան խճճված ու անհետաձգելի խնդիրներ կան ձմռան շեմին, որ անթույլատրելի է մեկ վայրկյան անգամ հապաղելը: (Ի դեպ, այս պահից ի վեր, մասնագետների թելադրանքով պետք է հստակ նշվի, թե ո՞ր եզրույթի գործածումն է բխում արցախցիների շահերից՝ տեղահանվա՞ծ, թե փախստական):
Իրավական հարթությունում պետք է անհապաղ ձևակերպվեն նաև բոլոր այն խնդիրները, որոնք առնչվում են պատերազմին՝ սկսած կասետային ռումբերի, ֆոսֆորային զենքի և ընդհանրապես արգելված զենքի ու զինատեսակների գործածության հետ՝ մարդու իրավունքների պաշտպանների հսկայածավալ աշխատանքը միավորելով սփյուռքում գործող իրավաբանական ընկերությունների, մասնագետների ուժերի հետ և այլն:
Ընդդիմադիր քաղաքական ուժերն իրենց հերթին պետք է հայտարարեն մինչև նոր նախագահական և արտահերթ խորհրդարանական ընտրություններ քաղաքական ակտիվ գործողությունների մորատորիումի մասին՝ պատրաստվելով սպասվող ընտրություններին:
Բոլոր քաղաքական ուժերը, որոնք մասնակցելու են նոր նախագահական ու խորհրդարանական ընտրություններին, պետք է առանց բացառության պատասխանեն, թե ի՞նչ են հասկանում արցախյան խնդրի կարգավորում ասելով: Պետք է բացատրեն առարկայորեն, ճանապարհային քարտեզով, կետ առ կետ: Ի վերջո, պետք է հասկանալի լինի «ոչ մի թիզ հողականների» վերջնանպատակը, այդ ոչ մի թիզ հողի գինն ու վերջնարդյունքը:
Այլապես Ալեքսանդրապոլի պայմանագիրը ստորագրած կուսակցությունն այսօր պարտվողականության մեջ մեղադրում է տխրահռչակ համաձայնագիրը ստորագրողին, երբ երկուսն էլ արել են նույն բանը՝ հանձնել են հայրենիքի մի մասը: Եվ երկուսն էլ հանձնումը բացատրում են այլ ելք չունենալու հանգամանքով, չբացատրելով, թե ինչո՞ւ է առաջացել այլ ելքի հանգամանքը և կարո՞ղ էր արդյոք չառաջանալ: Մեկն արդեն հարյուր և ավելի տարի, մյուսը՝ արդեն օրեր շարունակ:
Արցախյան խնդրի այս լուծումը, մեծ հաշվով, Հայաստանի հասարակության ու Հայաստանի քաղաքական ուժերի մեծ մասի գործունեության հետևանքն է, թեպետ այդ լուծման տխրահռչակ թուղթը ստորագրվել է վարչապետ Փաշինյանի կողմից: Այն ստորագրելու էր այսօր հոխորտացողներից յուրաքանչյուրը: Շատերը, վստահ եմ, ներքուստ դժգոհ չեն այդ թղթի ստորագրումից, որովհետև գորդյան հանգույցը քանդվել է Փաշինյանի ստորագրությամբ: Հիմա հարկավոր է վերցնել իշխանությունն ու վերջ:
Բայց եթե նույնիսկ հասարակության գործունեության հետևանք է որևէ իրավիճակ, հասարակությունները դրա համար քաղաքական պատասխանատվություն չեն կրում, անկեղծ ասած: Քաղաքականության մեջ չկա այդպիսի կանխավարկած: Հասարակությունները պատասխանատվություն կրում են իրենց զրկանքներով, տառապանքներով, կորսված կյանքերով և ոչ այլ կերպ: Պատասխանատվություն կրում են այդ հասարակությունների կողմից իշխանություն բերված քաղաքական ուժերը:
Այս պահին մեր հասարակության գլխավոր անելիքներից մեկը պետք է լինի նաև քաղաքական դիսկուրսի վերականգնումը, որը մահացվեց 1997 թվականից հետո:
Մենք՝ որպես հասարակություն, պետք է կարողանանք ձևակերպել. որպես մեծամասնություն՝ քաղաքական իրատեսությա՞ն, պրագմատիզմի՞ կողմնակից ենք, թե՞ ավանտյուրիզմի ու արկածախնդրության: Գուցե ծիծաղելի թվամ, բայց քանի որ Հայաստանում որևէ կերպ չի ձևավորվում քաղաքական համակարգ, մենք էլ որպես հասարակություն պետք է ունենանք դիրքորոշում, գուցե հանրաքվեի՞ դնենք «Մահ կամ ազատություն», «Ոչ մի թիզ հող», «Քուռ-արաքսյան պետություն», «Ծովից ծով Հայաստան», «Վիլսոնի իրավարար վճիռ» ու նմանատիպ այլ լոզունգներ՝ հասկանալու համար, թե ի՞նչ ենք ուզում և հայրենիքի տարբեր հատվածների կորստի համար որևէ մեկին երբեք չմեղադրենք կամ ճանաչենք մեղադրվողին:
Այլապես հարյուր տարի հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները Երևանի կամ Գորիսի խայտառակ պայմանագիրը ստորագրած ուժերին կշարունակեն մեղադրել պարտվողականության մեջ ու կվերցնեն իշխանությունը:
Նաև՝ ձևակերպենք մեզ համար «պարտվողականություն» ու «հաղթողականություն» հասկացությունները: Այլապես այսօր էլ կան ընդդիմադիր քաղաքական մարդիկ, ուժեր, մարդ-կուսակցություններ, որոնք այս պահին էլ շարունակում են հայտարարել, թե գնալու են վերջնական հաղթանակի, գալիս են մեր վերջնական հաղթանակը բերելու, վերադարձնելու են մեր հայրենիքը և այլն՝ մոռանալով, որ նախադեպեր ունենք, որ հարյուր և ավելի տարիներ երգում ենք Մուշ ու Սասուն գնալու մասին, բայց դեռ չենք գնացել, ու լեգիտիմ իրավունք ունենք կասկածելու, որ չենք էլ գնալու: Որ Գետաշենի անկումից հետո երգել ենք ու երգում ենք արծիվների հզոր բների մասին:
Ես այս պատերազմի օրերին նույնպես ասել եմ «հաղթելու ենք», բայց ես այն ընկալել եմ որպես թիկունքը մոբիլիզացնելու, մոտիվացնելու, թիկունքից առաջնագծին ու ռազմաճակատին չհարվածելու գործիք: Իսկ եթե կան մարդիկ, որ «հաղթելու ենք»-ն ընկալել են, որ Արցախի ու Հայաստանի դրոշն ենք բարձրացնելու Ադրբեջանի Միլի-մեջլիսի վրա, անկեղծ ասած՝ այդ մարդկանց խնդիրն եմ համարում:
Չմոռանանք, որ «հաղթելու ենք»-ը դատափետողների մեջ են նաև մարդիկ, որոնք չէին դատափետում տասնամյակներով Բաքվում թեյ խմելու «սպառնալիքները»՝ դրանց գաղափարական հենքով: Արդյունքում՝ այսօր այդ մարդիկ նույնիսկ Շուշիում չեն կարող թեյ խմել:
Ելքերի առավել միջնաժամկետ կտրվածքով, պետք է անհապաղ քննարկել Հայաստանի տնտեսության կառուցվածքի փոփոխության խնդիրը, կրթության ու գիտության ոլորտի զարգացման համապարփակ ծրագիրը և այլն: Պետք են պրոֆեսիոնալ վերլուծական կենտրոններ, որոնք հետայսու փորձագիտական գնահատականներ կտան Հայաստանի ղեկավարությանն ու հասարակությանը և ոչ թե 21-րդ դարում կառաջնորդվենք 50-100 դոլար վճարվող «վերլուծաբանների» ու «փորձագետների» գնահատականներով:
Հայաստանի հասարակությունը պետք է որոշում կայացնի՝ կամ մտնում է քսանմեկերոդ դար, կամ շարունակում է ոտանավոր գրել, երգ գրել կորցրած հայրենիքի մասին ու ասմունքել:
Եվ որպես վերջաբան՝ Վանո Սիրադեղյանի հերթական սթափ միտքը.
«Հայաստանի մթնոլորտը կարիք ունի միանգամից մաքրվելու ասիական բաղնիքի այն գարշահոտից, որ կախված է լինում օդում աշխարհազորի եւ մեդրեսեների սաների խմբակային ու զանգվածային լոգանքից հետո: Տրամաբանական ավարտը անհրաժեշտ է, որպեսզի ժողովուրդը վերջապես հասկանա, որ գերագույն ազգային գաղափարը - ունեցած երկիրը շենացնելն է, ոչ թե չեղած բանի համար Կիկոսի դեգեներատ տնեցիների նման սուգուշիվան կապելը: Եւ որ երկիրը մարդուս նույն տունն է, ոչ թե ապուպապի գերեզմանին կից սպասարկող անձնակազմի բուդկա…»:
Արայիկ Մանուկյան