Թեմիկ Խալափյան
Թեմիկ Խալափյան

 


 

«Այսպիսի պատմություն…». ԹԵՄԻԿ ԽԱԼԱՓՅԱՆ

 

Ինձ մի ծանոթ մարդ է պատմել այս պատմությունը, որ դեռ անցյալ դարի կեսերին է տեղի ունեցել։ Միայն մոռացել եմ, թե ո՞ր շրջանի, ո՞ր գյուղում են ծավալվել իրադարձությունները։

Այդ գյուղում հաշտ ու խաղաղ ապրելիս են եղել երկու դուռ դրկից հարևաններ։

Սովորական գյուղական ընտանիքներ, գյուղական աշխատավոր մարդիկ, ինչպես ասում են։ Բայց մի հարևանի կնիկը շրջկենտրոնում առաջավոր գործերով է զբաղված լինում։ Ծառայող։

Եվ ահա ուրեմն, մի անգամ, առաջավոր գործերով զբաղված սույն տիկինը երկու ռոլիկ ու մի փաթեթ պողպատե տռոս առած տուն է գալիս, տալիս ամուսնուն ու ասում.

- Սա քաղաքից նոր նշանակված կուսկազմակերպության քարտուղարն է նվեր արել ինձ։ Մի ռոլիկը կամրացնես մեր ա՜յն մի պատուհանին մոտ՝ պատին, մյուսը կտանես մեր հարևանի թթի ծառի ճյուղին կամրացնես, էս տռոսն էլ փաթ կբերես ռոլիկների վրայով, որ առանց տնից դուրս գալու ես իմ լվացքը փռեմ։ Հիմի քաղաքներում այդպես են կապում իրենց լվացքի պարանները։

Այսպես է այդ առաջավոր փորձը այդ գյուղը մտնում։ Ու դրանից հետո սույն ծառայող տիկինը իր լվացքը ռոլիկավոր լվացքի պարանին է սկսում փռել ու հավաքել։         

Գարնան մի օր, երեկոյան կողմ, իր լվացքն անում, փռում է պարանին, ինքն անցնում իր տան մյուս գործերին։ Առավոտյան լվացքը հավաքում է, և ի՞նչ տեսնի՝ իր արդեն հասունացած աղջկա կրծկալը չկա պարանի վրա։

Կա-չկա՝ հարևանուհուս մեծ տղան կլինի պարանից թռցրած, մտածում է սույն տիկինը։ Անձնական վիրավորանք համարելով, հերսից շրթունքները կապտած, ինքը  սփրթնած, սպիտակած՝ ոնց որ գաջ, իրեն գցում է հարևանի տուն։

Նվաղած ձայնով, ասես հենց հիմա թռել էր ստրատոսֆերա, հարևանուհուն ասում է.

- Տղուդ ասա՝ աղջկաս կրծկալը հետ բերի, թե չէ՝ միլիցու ձեռը կտա՛մ։

Հարևանուհին, բանից անտեղյակ, տեսնելով սրա սփրթնած լինելը, համոզում է, որ պառկի թախտին, որ շունչը տեղը գա, ու նոր պարզեն ինչն ինչոց է։

- Ես թախտին պառկողը չե՛մ, ես կուսակցական անձ, իմ աշխատավայրում հանկարծ ու իմանան այս խուլիգանական արարքի մասին, որ իմ լվացքի պարանից աղջկաս կրծկալը հարևանի տղան թռցրել է, աղավաղել իմ հասուն աղջկա բարոյական կերպարը, ի՞նչ կասեն ինձ, հը՞, քե՛զ եմ հարցնում։ Հնարավոր է՝ ինձ էլ հեռացնեն կուսակցության շարքերից, դաստիարակչական բավարար աշխատանքներ չտանելու համար։ Հենց հիմա տղուդ կանչի՛, թող կրծկալը բերի, թե չէ՝ ուղիղ միլիցիա եմ գնում։

- Տղաս դեռ երեկ չէ առաջին օրն է գնացել քաղաք՝ քրոջս տուն, դեռ չի էլ վերադարձել, նա ո՞նց կարող է նման բան արած լինի ախր, - արդարանում է տղայի մայրը։

Այստեղ տղայի հայրը, որ դեռ դուրս չէր եկել տնից, դեռ սենյակում իր մահճակալին պառկած էր և պառկած տեղն էլ ծխում էր, լսում է կանանց խոսակցությունը, կապտավուն փոխանը հագին մեջտեղ է գալիս ու այսպիսի պատմություն անում.

- Ես, - հարևանուհու մեղադրանքը մեղմելու և կանանց խոսքուզրույցի կռվի առուն փոխելու համար նաև, գլխով ցույց տալով կնոջը՝ ասում է, - իրենց գյուղի տան բակի լվացքի պարանի վրայից սվթուց իր թումբանն եմ թռցրել ու նոր գնացել իրեն ուզելու։ Հիմա իմ կինը չի՞…

Կինը մեջտեղ է ընկնում, կտրում ամուսնու խոսքը.

- Ախր ինչի՞ մասին ես սուտ-սուտ բաներ բլբլում, չեղա՛ծ բանի մասին։ Հը՞։ Ռիսկդ որն է՞ր, որ մեր Բողար շան ահից դու մեր բակ մտնեիր, Ցռա՛ն Վերգո, քեզ պատառ-պատառ կաներ ախր։ Բողարը քեզ մեր բակ կթողնե՞ր, որ դու էլ իմ թումբանը տանեի՜ր, հա՞։ Դե ասա, որ չի եղել նման բան, ինձ էլ մի խայտառակի։ Ախր մեր հարևանության մեջ ինչի՞ ես կռիվը մեջտեղ գցում սուտ տեղը, ա՛յ մարդ։ Հա՛յ թումբանն եմ թռցրել, հա՛յ ֆլան-ֆստան։ Գնա շորերդ հագի, ամո՜թ է, խալխի կնոջ մոտ փոխանո՜վ… մի թումբան թռցնողիս տեսե՜ք։ Հիմի որ  քո թումբանը մեկը վար քաշի, կտեսնեն՝ մեջին զատ էլ չկա։ Չանչ է անում ամուսնու երեսին, նորից շրջվում հարևանուհու կողմը։

Ահա, նույնիսկ այս նրբին կատակ-մեղադրանքներն ամուսինների միջև՝ չեն մեղմացնում սույն կուսակցական տիկնոջ բարկությունը։ Տիկինը էլի իր ասածն է պնդում ու զայրանում.

- Սա ի՞նչ բան է, - ասում է, - ուրեմն ձեր արյան մեջ կա՛ հա՞, թումբան, կրծկալ և չգիտեմ թե էլի ինչ-որ բան թռցնելը աչք դրած աղջկանից։ Չգիտեի՜։  Ես կուսակցական անձ, նման արդարացումներն ու փաստերը ինձ համար ապացույցներ չե՛ն։ Հասկացա՞ք։

Նա ապուշ կտրած էլի ինչ-որ խոսքեր է քրթմնջում, ձեռքերն աջ ու ձախ տարածում՝ դրանով արտահայտելով իր հոգեկան անսահման անըմբռնելի ապրումներն ու տանջանքները։

Այդ ժամանակ, սատանան գիտի թե ո՞նց, հայտնվում է սույն կուսակցական տիկնոջ ամուսինը, և ահա թե ինչ է պատկերանում նրա զարմացած հայացքի առջև. հարևանը իր կապույտ փոխանով սենյակի մեջ դես ու դեն է գնում ծխելով, իսկ կանայք լեզվակռվի մեջ են։ 

Այստեղ սույն կուսակցական տիկնոջ ամուսինը, իմանալով ինչն ինչոց է, ինքն էլ իր հերթին է պահանջում է դստեր բարոյական կերպարի աղավաղման համար պատասխանատվության կանչել հարևանի ավագ որդուն և իր հերթին պնդում՝ դստեր կրծկալը բերել։

- Խնդրե՜մ, համեցե՛ք, հարևան ջան, - ասում է հարևանը, որը դեռ փոխանով է, - դիմե՛ք միլիցիա, թող պարզեն։

Գործը, ինչպես ասում են, հասցնում են դիվանբաշուն։

Միլիցիան մի երկու, թե երեք շաբաթ տղային հարցաքննելուց հետո, մի արևոտ օր, կաշվե պայուսակը ուսից կախ, մտնում է սրանց բակ, տեղում՝ հարուցված գործի հետաքննության նպատակով։ Նա տնտղում, նայում է, թե լվացքի պարանը որտեղից ուր է գնում, ապա բարձրանում է թթի ծառը, որից ամրացված էր պարանի մյուս ծայրի ռոլիկը, ու պարզում եղելությունը։

Թե ինչպես է պատահում, չորացած լվացքը հավաքելու ժամանակ պարանը հետ քաշելիս այնպես է ստացվում, որ քամուց, թե էլի ինչ-որ բանից, կրծկալը դեմ է առնում ճյուղերից մեկին, պոկվում պարանից ու խուրջինի պես  կախվում ճյուղից։ Իսկը՝ պատրաստի թռչնաբներ։ Դե, ծտերին էլ ուրիշ բան չէր մնացել անելու, քան մի քիչ փետուր կրել՝ բույնն ավելի փափկացնելու համար, որ ձու ածեն։ Երկու ծիտ բնավորվել էին հարևանությամբ, ձու էին ածել և ահա ուր որ է արդեն թուխս պետք է նստեին։

Ահա, մեր դիվանբաշին այս ամենը տեսնելուց, իրական փաստով եղելությունը պարզելուց հետո, արդեն նոր հատուկենտ հասնող թթից մի կուշտ ուտելուց ու կշտանալուց հետո, ծառի փչակից ներքև է ցատկում, շալվարը թափ տալիս, բերանը սրբում թևքով, նստում ծառի տակ դրված իշաոտնուկին, իր կաշվե պայուսակից հանում թուղթ ու գրիչը, որ արձանագրություն կազմի իր հետաքննության արդյունքների մասին։

Արձանագրությունը կազմում, վերջացնում, իր մոտ է կանչում հեռվում կանգնած, իրեն  սպասող երկու հարևան տիկնանց ու ասում.

- Տիկի՛ն, Ձեր դստեր կրծկալը,- դառնում է աղջկա մորը, - հրե՜ն ճյուղից կախված,- ցույց է տալիս, թե որ ճյուղից է կախված,- ամեն մեկի մեջ մի ծտի բուն, ձվերը մեջին։

Ապա, դառնալով մյուս տիկնոջը, խիստ տոնով ասում է.

- Մինչև ճտերի դուրս գալն ու մեծանալը, ճնճղուկների թևեր առնելը՝ ձեզ ծանուցո՛ւմ ու հրամայում եմ և օրենքի ուժով արգելում այդ ճղի թութը թափ տալ, հասկացա՞ր։

- Հասկացա,- ասում է տղայի մայրը, որի շրթունքը քիչ էր մնացել ճաքեր վախից,- էս տարի ծառն էլ թափ չենք տա։

Նոր մի արձանագրություն էլ կազմում, սույն տիկնանց ստորագրել տալիս, արձանագրությունը դնում կաշվե պայուսակի մեջ, գցում ուսին ու դուրս գալիս բակից։

Երբ այս պատմությունը պատմեց վերջացրեց, ես հրաժեշտ տվեցի ծանոթիս ու գնացի իմ գործի հետևից։ Ճանապարհին մտորում էի, թե տեսնես ինչպե՞ս է հետագայում դասավորվել այդ զույգի ճակատագիրը։ Տեսնես՝ ամուսնացա՞ն։ Ծանոթս դրանց հետագա հարաբերությունների մասին ոչինչ չասաց, բայց ես պատկերացրեցի, թե ինչպես աղջիկն ու տղան բարձրացել են թթի ծառն ու տեսել, թե ինչպես են կրծկալի մեջ ծնված ճնճղուկները փետրակալում։

 

Թեմիկ Խալափյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ