Աթենքի
համալսա-
րանի քաղա-
քագիտության
և պետական
կառավարման
ֆակուլտետի
շրջանավարտ:
Բանա-
ստեղծ,
արձակա-
գիր:
«Այսքան բան...». ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Մասշտաբային, գլոբալ, հեռահար նպատակներ ունեցող մտածելակերպը հայերիս մոտ բացակայել է և բացակայում է: Այն գոյություն ունի առանձին անհատների մոտ, բայց ոչ՝ համակարգված, պետական, հասարակական մակարդակով:
Հիմնական պատճառը ցանկացած հարցում սեփական օգուտ փնտրելն է, մինչդեռ լուրջ, լայնածավալ և միջազգային շրջանակներում արժեք ունեցող աշխարհացունց նախագծերի համար հարկավոր է նվիրվածություն: Անհնար է ծառայել երկու տերերին. կա՛մ պետք է նվիրված լինել խոսքին ու գործին, կա՛մ մտածել սեփական շահի մասին:
Անհնար է դավանել «Որտեղ հաց՝ այնտեղ կա՛ց», «Գնա մեռի՛ր, արի՝ սիրեմ» առածների վրա հիմնված սկզբունքները և խոսել ազգային զարգացման կամ պետականակերտ աշխատանքների մասին:
Ավելացնենք այդ ամենին հայերիս բնորոշ վախվորածությունն ու մտահորիզոնի սահմանափակությունը, որոնք ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ խոսվում է երկարաժամկետ, մեծ ռեսուրսներ և ներուժ պահանջող, կարճաժամկետ ու արագ շահ չպարունակող, բայց համամարդկային արժեք ունեցող աշխատանքների ու նախագծերի մասին:
Ճգնաժամային պայմաններում նման մոտեցումներն առավել վնասակար են պետության ապագա զարգացման համար:
Այսօր աշխարհում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճգնաժամ է: Այդ ճգնաժամից տուժողների շարքում զբոսաշրջության ոլորտն է: Կորոնավիրուսն անցնելու է, ինչպես անցել են շատ ավելի մահաբեր և սարսափելի հիվանդությունները, համաճարակներն ու համավարակները, մարդկությունը մնալու է:
Վաղ թե շուտ վերանալու են դիմակները, ֆիզիկական տարածություն պահպանելու կարիքը և դրանց հետ կապված մոլուցքն ու նախապաշարմունքը՝ անհատական և պետական մակարդակներով:
Եվ կրկին թափ է առնելու զբոսաշրջությունը: Այդ գործընթացին պետք է նախապատրաստվել՝ ուղղել թերությունները, շտկել սխալները, զարգացնել ենթակառուցվածքները, բարձրացնել հայերիս մշակութային-պատմական ինքնագիտակցության մակարդակը:
Բազմիցս՝ թե՛ Էզոպոսի լեզվով, թե՛ ուղիղ տեքստով, անդրադարձել ենք հայկական զբոսաշրջության խնդիրներին:
Խնդիրներից բացի գոյություն ունեն նաև ձեռքբերումներ:
Այսպես, 2020 թ. հունվարի 1-ից Երևանում պետք է բացվեր Հայաստանի առաջին աստղացուցարանը (պլանետարիում): Նման քայլը բարձրացնում է թե՛ Հայաստանի կշիռն արտասահամանում, թե՛ նպաստում է զբոսաշրջության զարգացմանը: Շատ չեն աշխարհում աստղացուցարան ունեցող երկրները, իսկ մարդկությանն Անանիա Շիրակացի, Դավիթ Անհաղթ, հնագույն աստղադիտարաններ տված ազգն ուղղակի պարտավոր է աստղացուցարան ունենալ:
Բայց՝ ի տարբերություն Ռուսաստանի, Լեհաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Գերմանիայի, Նիդերլանդների և Թուրքիայի, Հայաստանում գոյություն չունի գեղարվեստական պանորամա (համայնապատկեր)՝ պատմական թեմայով:
Նման իրավիճակն անընդունելի է:
Վաղ, թե ուշ զբոսաշրջիկը հոգնում է թե՛ հյուրանոցից, թե՛ փողոցներում թափառելուց, թե՛ ազգային խոհանոցից: Նրան նորություն է պետք, և նա այցելում է թանգարան: Սակայն զբոսաշրջիկների ճնշող մեծամասնությունը տեղյակ չէ Հայաստանի պատմությանը և պարտավոր չէ պատկերացնել, թե ապակեպատ ցուցափեղկի ետևում գտնվող զրահը կամ սուրը, գիրքը կամ քարը, զարդը կամ դրամն ի՞նչ դեր են խաղացել Հայաստանի և համաշխարհային պատմության ընթացքում:
Այլ բան է գեղարվեստական պանորաման, որը մատչելի, տպավորիչ և հետաքրքիր կերպով օտարերկրացուն կարող է ներկայացնել Հայկ Նահապետի պայքարը Բելի դեմ, Տիգրան Մեծի արշավանքները, քրիստոնեության ընդունումը, հայ գրերի ստեղծման պատմությունը, Ավարայրի, Վարդանակերտի, Նպատի, Ակոռիի, Ներսեհապատի, Սարդարապատի ճակատամարտերի ողջ ընթացքը, Կիլիկյան Հայաստանի պատմության փառահեղ դրվագները, Արցախյան շարժման, ապրիլյան, հուլիսյան պատերազմների նկարագրությունը:
Եվ ամենակարևորը՝ այդ հիշողությունը ցմահ դաջվելու է զբոսաշրջիկի ուղեղում և սրտում: Հետագայում նրան անհնար կլինի խաբել «հայերն Անդրկովկասում հայտնվել են XVIII դարում» ցնորամիտ բարբաջանքով:
Գեղարվեստական պանորամա ստեղծելու համար անհրաժեշտ է նոր, համապատասխան շինություն, շինարարների, նկարիչների, այլ ոլորտների մասնագետների մասնակցությունը:
Հզոր և հետաքրքիր, մնայուն և ազգային-պետական շահերին ծառայող նախագիծ է: Նախաձեռնություն ստանձնողի պակաս կա, ինչը հաղթահարելի խոչընդոտ է:
Ուղղակի պետք է հայկական պետությունը և հայ ոսկեքսակը՝ ուս ուսի տված, կանգնեն հայ մշակութային գործչի կողքին: Չվախենան, մտածեն ընդհանուր նպատակի, ոչ թե՝ սեփական գրպանի, մասին, նվիրվեն գործին:
Այսքան բան:
Հ. Գ. Խոսքը ցանկացած մշակութային գործչի մասին չէ: Մշակութային գործիչներ կան, որոնք հրապարակավ սեփական ամորձապարկը սալահատակին են մեխում: Մշակութային գործիչներ կան, որոնք կպչուն ժապավենով բանան (ադամաթուզ) են ամրացնում պատին և վաճառում այդ «գլուխգործոցը»: Նրանց մասին չէ խոսքը: Նրանց նմանները թո՛ղ չհամարձակվեն Հայաստանում ճաշակ ձևավորել և թելադրել: Թո՛ղ իրենց ճանապարհն այլ տեղ շարունակեն՝ աշխարհը մեծ է:
Արմեն Գրիգորյան