«ՀԱՅԵՐ»-ի
հիմնադիր,
գլխավոր խմբագիր
Ժուռնալիստիկան
համարում է
սեփական
«ստորագրության
պատվի»
մասնագիտություն:
Հավատացած է, որ
«Հորինել
պետք չէ՝ ոչ
երկիր, ոչ
պետություն,
ոչ էլ
կենսագրություն:
Պատասխանատվությունն
ըստ ապրված
կյանքի է
լինելու:
Ոչ թե ըստ
հորինվածի»:
Իսկ անքննելի
այս սահմանումը
հեղինակել է իր
ամենաժուռնալիստ
ընկերը՝ Այդին
Մորիկյանը:
«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ոտնահարումը սրբապղծություն է…»․ ԿԱՐԵՆ ՍՄԲԱՏՅԱՆ
Կարեն Սմբատյանի հետ առաջին անգամ «հանդիպեցի» 93-ի հուլիսին, երբ պատերազմ էր, պատերազմի ծանրագույն շրջաններից մեկը։
Այդ օրերին ծանրագույն շրջան էր նաև Կարեն Սմբատյանի համար՝ տաղանդավոր գեղանկարիչը կյանքի ու մահվան սահմանագծում էր։ Սիրտը հրաժարվում էր ծառայել։
Միքայելյան հիվանդանոցում՝ այսօր Ազգային հերոս, 93-ին՝ Հայաստանում նոր-նոր սրտի վիրահատության հիմնադրումը ահռելի ջանքերով կայացնող հրաշագործը, մեծագույն բժիշկը՝ Հրայր Հովակիմյանը, և այդ գործի համար ոչ մի ջանք չխնայած մեծ վիրաբույժը՝ նվիրյալ Համլետ Թամազյանը, պատրաստվում էին վիրահատել նկարչին։ Նկարչի եղբայրը՝ Սամվել Սմբատյանը, որ աշխատում էր «Լրաբեր»-ում, դիմել էր փոխտնօրեն Սպիրիդոն Համբարձումյանին․ առանց հեռուստատեսության աջակցության Կարեն Սմբատյանի կյանքը փրկել երևի հնարավոր չլիներ, քանզի նկարչի արյունը հազվադեպ պատահող արյան խմբի էր պատկանում և այն գրեթե անհնար կլիներ ունենալ։
Երբ Սպիրիդոն Համբարձումյանն առաջարկով դիմեց ինձ, որ այդ ժամանակ այդ կառույցի ղեկավարն էի, հասկանում էի, որ նախադեպը շղթայական ռեակցիա է առաջացնելու, իսկ պատերազմն ու եթերային ժամանակը մեզ նման հնարավորություններ չէին ընձեռում, այնուհանդերձ, նույն պահին խոսեցի վայրկյանը թանկ գնահատող մեծ մարդու՝ Հրայր Հովակիմյանի հետ, խոսեցի իմ անմոռանալի բարեկամի ու ընկերոջ, բազում մարդկային կյանքեր փրկած Համլետ Թամազյանի հետ ու նույն օրը որոշեցի, որ երեկոյան երկու անգամ «Լրաբեր»-ով պետք է հնչի Կարեն Սմբատյանի համար բացառիկ արյուն տալու կոչ-հայտարարությունը։
Ես այս դրվագին չէի անդրադառնա, եթե Կարեն Սմբատյանի «Պատառիկներ օրագրից» սքանչելի գրքի էջերում պատահականորեն չհանդիպեի այս դրվագի հենց իր՝ սմբատյանական պատումին։ Նկարիչն ազնվորեն ու երախտագիտությամբ էր հիշել դրվագը՝ ոգևորված մարդկանց այն մեծ նվիրումից, որ այդ օրերին, այդ դժվար օրերին ցուցաբերեցին իրենց նկարչի կյանքը փրկելու համար։
Սա Կարեն Սմբատյանի մարդկային կերպն էր։
Եվ այս օրերին, երբ կրկին մեծանուն նկարչի՝ Կարեն Սմբատյանի անկրկնելի արվեստը՝ նրա ծննդյան 90-ամյակին նվիրված բացառիկ անհատական ցուցահանդեսով կրկին ներկայացել է հայաստանցիներիս, Կարեն Սմբատյանին, նրա անձը, նրա անհատականությունը, նրա տեսակը արժևորելու ևս մեկ հնարավորություն տեսա նաև նրա կյանքի այդ բարդ շրջանի դրվագը վերապրելու մեջ։
Կարեն Սմբատյանի ցուցահանդեսի և նրա արվեստի մասին չէ, որ պետք է խոսեմ։ Նկարիչն ինքը իր սքանչելի գրիչով տարբեր ժամանակներում անդրադարձել է նաև իր արվեստին՝ ի դեպ եզակի անկեղծությամբ ու պարզությամբ։
«Ինձ համար այլևս գոյություն չունի բնանկարի, դիմանկարի, նատյուրմորտի նեղ հասկացություն։ Գոյություն ունեն լոկ ձևեր ու գույներ, որոնց միջոցով արտահայտում եմ իմ զգացումները»․ ասում է նկարիչը։ Եվ սա այսպես է իրապես։ Կարեն Սմբատյանի բոլոր զգացողությունները, փիլիսոփայությունները, դիրքորոշումներն ու փոխանցելիքները ասված են ձևի ու գույնի միջոցով։ Ձևեր, որոնք միայն Կարեն Սմբատյանինն են և գույներ, որոնք դարձյալ միայն ու միայն Կարեն Սմբատյանինն են։
«Ինչպես ամեն ինչում, այնպես էլ նկարչության մեջ բանականությունն է, որ կարգավորում ու չափի մեջ է դնում զգացմունքը։ Սրանք արվեստում չեն կարող գոյություն ունենալ առանց մեկը մյուսի»․ ասում է նկարիչն ու ավելացնում՝ «Անկեղծություն։ Ամենակարևոր զգացումը ստեղծագործելիս։ Այն ստեղծագործության հիմքն է, դիտողին բան ասելու ամենահզոր միջոցը…
Ինքնանպատակությանը՝ ոչ։ Գլխավորը ճաշակի ու համոզմունքի ներդաշնակությունն է…Շարժում։ Որքան էլ մեզ շրջապատող առարկաներն ու միջավայրը կառուցված լինեն երկրաչափական ձևերի վրա, այնուհանդերձ, շարժումն է, որ այդ ձևերին հաղորդում է կյանք ու պլաստիկա…
Գույներ։ Միանգամից չէ, որ կարողացա հավասարապես կիրառել բոլոր գույները։ Ճաշակ, նախասիրություն և այլն։ Հետո գունակատարման աստիճանական զարգացում։ Կրքոտ սեր դեղինի նկատմամբ…Նույնպիսի սեր ու քնքշանքի զգացում կապույտի նկատմամբ։ Երբեմն կարմիրի կատաղի պահանջ…»։
Ահա այսպիսի անկեղծությամբ ու պարզությամբ է նկարիչը խոսում իր արվեստի մասին և իր արվեստի նրա մեկնության մեջ համոզվում ես, երբ ուշադիր դիտում ես կտավները։ Իր բոլոր կրքերն ու հոգեկան ցնցումները, բոլոր մտքերն ու ճիչերը, բոլոր ձայներն ու ընդվզումները Կարեն Սմբատյանն արտահայտում է ճիշտ ու ճիշտ իր նկարագրածի կերպով՝ հավատարիմ իր այն դավանանքին, որ «Ազատության ոտնահարումը սրբապղծություն է»։
Փառահեղ կյանք է ապրել Կարեն Սմբատյանը՝ ապրելով ու ստեղծագործելով այն Երևանում, ուր նկարում ու ցուցադրվում էին Սարյանն ու Մինասը, Հակոբ Հակոբյանն ու Հենրիկ Սիրավյանը, Վարուժան Վարդանյանն ու Ջոտտոն, Հարություն Կալենցն ու Իսաբեկյանը, ուր հյուր էր գալիս Իոսիֆ Բրոդսկին, ուր գրում էր Հրանտ Մաթևոսյանը, ուր բեմում էր Զարուհի Դոլուխանյանը, ուր կային Հայրիկ ու Մարո Մուրադյաններ, ուր բաց էր Սարյանի տան դուռը ու հյուրերին ընդունում էր ինքը՝ Վարպետը, ուր արվեստ ու մշակույթ էին կերտում շատ-շատերը մեր մշակութային փաղանգից։
60-ականների զարթոնքն էր՝ մշակութային զարթոնքը, ազգային ինքնության զարթոնքը, ազգային ինքնագիտակցության վերելքը, որն անհնար էր առանց այդ հզոր անհատների, առանց նրանց արվեստի ու առանց մշակույթի։ Նրանք ու շատ-շատերը մեր պատվելի հպարտություններից դեռ քայլում էին Երևանի փողոցներով, դեռ հյուր էին գնում միմյանց ու գինովնալու երկար ժամերի ընթացքում նույնիսկ արվեստ ստեղծում, և ազատության շունչը, որ որոշակիորեն մաքրում էր գաղջն ու ժանգը, առօրյա կենսաձև էր։
93-ից հետո, երբ առիթներ ունեցա իրականում հանդիպելու Կարեն Սմբատյանին ու խոսելու, ես ամբողջովին տեսա սմբատյանական արվեստի դրոշմը այդ անհատի հոգեկերտվածքում կամ, գուցե, սմբատյանական հոգեկերտվածքը նրա արվեստում։
Բարդ մարդ էր Կարեն Սմբատյանն իմ ընկալմամբ։
Բարդ էր, որովհետև մեծ էրուդիտ էր, ինտելեկտուալ էր՝ բառիս ամենախորքային իմաստով, ըմբոստ էր, պայքարող, չհանձնվող, անհանգիստ։
Քչերը գիտեին Կարեն Սմբատյանի մասնակցության մասին 65-ի ապրիլքսանչորսյան երևանյան իրադարձություններին, դրան նախորդած ու հաջորդած շարժումներին, նկարչի մտերմության մասին այդ շարժումների ոգու՝ Հայկազ Խաչատրյանի հետ։
Քչերը գիտեին Կարեն Սմբատյանի մասնակցության մասին բոլոր այն դրվագներում, ուր պահնջվածը համարձակությունն էր այդ ժամանակի համար, խիզախումը, անձնվիրումը։
Կարեն Սմբատյանը նաև խորը իմաստասեր էր։ Երևի իր այն համոզմանը հավատարիմ, որ «Երիտասարդ նկարիչը բանաստեղծ է, ծեր նկարիչը՝ Հոմերոս»։
Նա անցել էր իր բանաստեղծական, պոետիկ նկարչի շրջանը։ Նա իր հոմերոսյան շրջանին էր գնում ընդառաջ ու նրա կտավներում գույն առ գույն, ձև առ ձև ուրվագծվում էին նրա անցած ճանապարհն ու բանաստեղծից Հոմերոս ընթացքը։
Նա անընդհանտ կռվի մեջ էր։ Կռիվ ինքն իր հետ։ Կռիվ ժամանակի հետ։ Կռիվ իրերի դրության հետ։ Մենք բավականին խոսել ենք պատերազմից, հաղթանակաից ու խաղաղությունից, պայքարից, իրականությունից ու պատրանքներից։ Նա արվեստագետի, նկարչի, պոետի ու ընդվզողի իր դիրքերից սպասում էր Գանձակի ու Եվլախի գրավմանը, նույնիսկ Վազգեն Սարգսյանին էր հարցրել չգրավելու պատճառների մասին ու Վազգեն Սարգսյանի՝ ոչ գրողի, այլ պաշտպանության նախարարի, Սպարապետի պատասխանը նրան հասկանալի չէր թվացել։
Այս օրերին, երբ Կարեն Սմբատյանի արվեստի մեծ ժառանգության մի մասը, մի փառահեղ մասը հասու է դիտելու, ես ուզեցի ուղղակի հիշել Կարեն Սմբատյան անհատին, ուզեցի հուշել, որ նրա «Պատառիկներ օրագրից» գիրքը հանրագիտարանային նշանակություն ունի նույնիսկ իմ սերնդի համար ու առավել ևս՝ այսօրվա երիտասարդների, ուր եզակի անկեղծությամբ ու բացությամբ պատկերված է պայքարողի մի կենսագրություն՝ իր կեռմաններով, նկարչի մի կենսագրություն՝ իր կրքերով, սերեով ու սիրահարություններով, արվեստագետի մի կենսագրություն՝ իր ուրույն գուներով, ձևերով ու արվեստակիցների ճակատագրով, փիլիսոփայի մի կենսագրություն՝ իր բարդ, վիճելի, անհամաձայնելի, երբեմն, խոհերով։
Իսկ Կարեն Սմբատյանի արվեստն ու կտավները, որ տեղ են գտել ցուցադրությունում, նրա այդ կենսագրությունների հայելային արտացոլանքն են՝ արվեստի անկրնելի լեզվով ու կերպով, որը պետք է դիտել պարտադիր։
Արայիկ Մանուկյան