Ծնվել և 40 տարի
ապրել է Երևանում:
Մասնագիտու-
թյամբ հոգեբույժ է:
Գրել է
առաջին
անգամ
հայոց լեզվով
«Հոգեբուժություն»
դասագիրքը:
2000-ին
տեղափոխվել է
ԱՄՆ՝
շարունակելու
իր գիտական,
հետազոտական
և գրական
գործունեությունը:
«Ազգային ավտոմատիզմ...». ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆ
Այսօր ինձ ուղարկել էին մի ծեր իսպանախոսի (ամերիկյան հնդկացու) տուն, որ կարծիք կազմեմ և հաղորդեմ նրա հոգեկան առողջության վերաբերյալ:
Լուիս Չահունգային* գտա Առլետա թաղամասի մի նեղլիկ, անհրապույր բնակարանում մեծաթիվ հարազատներով` որդիներով, դուստրերով, հարսներով, փեսաներով, թոռներով, ծոռներով շրջապատված :
Հարազատներին անհանգստացրել էր նրա վարքի փոփոխությունը, որ նկատել էին վերջին շրջանում:
Մինչ այդ թույլ, անկողնային ծերունին սկսել էր ժամանակ առ ժամանակ նստել և մի չոր տախտակի կտոր գոգին դնելով, մի փայտե ձող էլ ցամաքած ափերի մեջ առնելով շփել ու շփել, կրակ ստացող նախամարդու նման:
Առջևս բացվեց անսովոր տեսարան: Ծերունի ասվածը կաշին ու ոսկորն էր միայն, փոքրամարմին, կռացած` երկու տակ եղած, երեսի մաշկը մագաղաթի պես չոր, արևահարված ու հողմահարված: Այնպիսի տպավորություն էր, կարծես Լուիսը ընտանիքի անդամը չէր, այլ ինկի կամ ացտեկի մումիա էր, որին գտել, բերել էին պերուական Մաչու Փիչուի ավերակներից, դրել սենյակի մեջտեղում և զարմանքով հավաքվել շուրջը:
- Բուենոս դիաս, դոն Լուիս,- հնարավորինս բարձրաձայն ասացի ես, ուղիղ նայելով հիվանդի երեսին:
Դեմքը բացարձակապես անշարժ էր, բայց աչքերում թեթև փայլ երևաց: Ոչինչ չպատասխանեց, մի տեսակ ինքնաբերաբար ձեռքն առավ տախտակի կտորը, սեղմեց ծնկների մեջ, ապա սկսեց փայտե ձողը շփել ափերով:
Հոգեբուժության մեջ գիտակցության խանգարման մի ֆենոմեն կա, որը կոչվում է հոգեկան ավտոմատիզմ (պատահում է էպիլեպսիայի և գլխուղեղի ներքին-օրգանական ախտահարման ժամանակ): Մարդը մեկ էլ «անջատվում» է բնական` առօրյա վիճակից և սկսում միօրինակ-ստերեոտիպ շարժումներ անել, ասենք ձեռքը միալար թափահարել (ջերմաչափը թափ տալու նման), երբեմն էլ պրոֆեսիոնալ գործողությունների պես` կոշկակարի կամ դիրիժորի շարժումների նման:
Ծեր Լուիսի վարքագիծը դրանց նման չէր, որովհետև նրա գործողությունը ոչ նոպայի պես անսպասելի էր, ոչ էլ գիտակցությունն էր մթագնած: Ինչ-որ կյանք կար, միտք կար իր ընդհանուր կերպարի մեջ: Պատահում է, երբ խորը ծերության (գրեթե մարազմի վիճակի) հասած անձը հանդես է բերում ոչ միայն իր մանկությանը բնորոշ վարքի տարրեր (կոչվում է օնտոգենետիկ ռեգրեսիա-անձնային ետընթաց), այլ նաև մարդկության վաղնջական շրջանին բնորոշ վարքի դրվագներ (կոչվում է ֆիլոգենետիկ ռեգրեսիա-պատմական ետընթաց):
Մեր մումիացած Լուիսի վարքագիծը, ըստ երևույթին, նման մի բան էր: Ի դեպ, ծերունական փսիխոզների ժամանակ երբեմն հիվանդի ցուցաբերած «վագրի ուժը» (երբ 3-4 կորովի սանիտար հազիվ են կարողանում զսպել «մի մատ» ծերունուն), հոգեբանները բացատրում են խորը ֆիլոգենետիկ ռեգրեսիայի փաստով: Սակայն , մեր իսպանախոս պապիկը հոգեկան հիվանդ չէր, այլ, ըստ երևույթին, «վերադարձել» էր իր ցեղի հին, «ապաչիական» ժամանակները:
Ամեն ինչ չէ, որ կարելի է բացատրել հոգեբուժությամբ և հոգեախտաբանական սիմպտոմներով: Հիշեցի, շատ տարիներ առաջ ռուսաստանյան առաջատար հոգեբույժներից մեկի՝ պրոֆեսոր Տիգանովի դասախոսությունից մի դրվագ: Պատմում էր, որ այցելելով աֆրիկյան մի կորուսյալ երկրի հոգեբուժական բաժանմունք, տեսել է, թե ինչպես մի հաղթանդամ սևամորթ միալար` ստերեոտիպ կերպով թմբուկ է զարկում:
- Սա ի՞նչ է, կատատոնի՞ա է, - հարցրել է տեղի հոգեբույժին (նկատի ունենալով համապատասխան վիճակը շիզոֆրենիայի ժամանակ):
- Ոչ, պրոֆեսոր, սա ռեաբիլիտացիա է. դրանով բուժվում է,- պատասխանել է սևամորթ հոգեբույժը:
Այժմ, ես ուզում եմ վերադառնալ հայաստանյան իրականություն և փորձել հասկանալ մերոնց ստերեոտիպ` նույնօրինակ վարքագծի էությունը. պարբերաբար կրկնվող քաղաքական վարքագիծ, որը ոչ մեկին առանձնապես չի զարմացնում, կամ չի անհանգստացնում:
Ուրեմն, Սովետի փլուզումից ի վեր՝ շուրջ 3 տասնամյակ, հանդես են գալիս հիմնականում միևնույն պերսոնաժները, արտահայտում են միևնույն գաղափարները, դրսևորում ճիշտ նույն քաղաքական վարքագիծը:
Հասարակությունը հյուծվում է, ռեսուրսները մաշվում են, սերունդներ են գալիս ու գնում բոլորիս աչքի առաջ, սակայն հանրության քաղաքական գիտակցության և վարքի բովանդակությունը մնում է նույնը : Ուզում ես հասկանալ և ինքդ քեզ բացատրել. սա ի՞նչ է, հոգեբանական ռեգրեսի՞ա է, կատատոնի՞ա է, իսկ գուցե ռեաբիլիտացիայի՝ հանրության կենսունակությունը նորոգելո՞ւ ձև է: Իսկ գուցե մենք լուրջ խնդիրնե"ր ունենք հիշողության և ինքնագիտակցության հետ:
Արդեն գալիս է մի շրջան, որ երևույթը երևույթով բացատրել չի ստացվում՝ քաղաքականությունը քաղաքագիտությամբ բացատրել չի լինում: Մինչդեռ, բացատրել պետք է, հասկանալ պետք է՝ որտեղի՞ց է գալիս մեր այս միապաղաղ «թմբուկ զարկելու» անհոգությունը...
* Անունը փոխված է մասնագիտական էթիկայից ելնելով:
Վարդգես Դավթյան