«ՀԱՅԵՐ»-ի
հիմնադիր,
գլխավոր խմբագիր
Ժուռնալիստիկան
համարում է
սեփական
«ստորագրության
պատվի»
մասնագիտություն:
Հավատացած է, որ
«Հորինել
պետք չէ՝ ոչ
երկիր, ոչ
պետություն,
ոչ էլ
կենսագրություն:
Պատասխանատվությունն
ըստ ապրված
կյանքի է
լինելու:
Ոչ թե ըստ
հորինվածի»:
Իսկ անքննելի
այս սահմանումը
հեղինակել է իր
ամենաժուռնալիստ
ընկերը՝ Այդին
Մորիկյանը:
«Բա նողկալի սերիալները չեն սպառնո՞ւմ ազգի վերացմանը...». ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Ակնհայտ է, որ վերջին օրերի ցանցային աղմուկը փերֆորմանսի, դեռևս չնկարահանված ֆիլմի, հայոց լեզվի, հայ գրականության և հայ ժողովրդի պատմության «մտահոգություններով» որևէ կապ չունի ազգայինի, արժեհամակարգի, ազգային-ազատագրականության, հայապահպանության, հայ ժողովրդի ինքնության և այլնի հետ:
Եվ, առավել ևս՝ կապ չունի հասարակության մեծ մասի հետ:
Իրականում մենք գործ ունենք դասական ցանցային քարոզչական պատերազմի հետ:
Իսկ ցանկացած պատերազմ՝ սկսած «Իսլամական պետության» հրահրածներից մինչև ցանցային «Իսլամական պետություն»-ների հրահրածներ, պահանջում է հսկայական ֆինանսական ռեսուրս: ֆինանսներ կան: Հիշո՞ւմ եք՝ «Փո՜ղ, շա՜տ փող» արժեհամակարգային գովազդային արշավը: Այդ «շա՜տ փող»-ը կա: Եթե ուսումնասիրեք հիմնական «մտահոգվածների» հետագծերը, այդ «շա՜տ փող»-ը կտեսնեք: Դրանք նույնիսկ կույրին են տեսանելի:
Կտեսնեք նաև այդ հետագծերի քաղաքական առաջնորդությունները:
Դրանք էլ են նույնիսկ կույրին տեսանելի:
Այո, իրականում չկան «մտահոգություններ»: Կան քաղաքական, կուսակցական նպատակահարմարություններ, շահեր, շահագրգռություններ: Կան վախեր, սարսափներ, մղձավանջեր: Կան վերադարձի հավակնություններ, քաղաքական լեզվով՝ ռևանշիզմ: Կան վրեժխնդրություններ, նեղացածություններ, սպասելիքների չարդարացումներ, ճամբարափոխության չընդունումներ և այլն:
Եվ այս ամենի հավաքական արդյունքում գեներացվում է ցանցային հզոր քարզչական պատերազմ:
Գեներացնողների կողմից հստակ գիտակցվում է հասարակության հիմնական մասի ոչ մեդիագրագետ լինելը: Գիտակցվում է նույնիսկ մեդիագրագետ հասարակության վրա ցանցային հզոր պատերազմի հնարավոր ազդեցությունը: Ի վերջո՝ ցանցային քարոզչական պատերազմի նպատակը ցանցում խճճելն է, կամ «ժամանակակից հայերենով»՝ այդ անիծված «բոլոլան»:
Սա ուղղակի հակազդեցություն է երբեմնի քաղաքական համակարգի մաս կազմած կոռուպցիայի ու քրեական հանցագործությունների դեմ պայքարի: Այո, թեկուզ դեռևս ոչ լիարժեքորեն համակարգված, ոչ լիարժեքորեն համակարգային դարձած, բայց…
Եվ այդ պայքարից սարսափում են ոչ միայն բիզնեսի հետ շա՜տ սերտորեն սերտաճած բազմաթիվ նախկին ու ներկա իշխանավորներ, ոչ միայն «հոկտեմբերի 27»-ից «մարտի 1» շղթայով անցնող անհատներ ու դեմքեր, այլև, որքան էլ տարօրինակ թվա՝ բազմաթիվ մտավորականներ, մշակույթի ու արվեստի բազմաթիվ գործիչներ, բազմաթիվ դասախոս-դասախոսուհիներ, ռեկտոր-ռեկտորուհիներ, դեկան-դեկանուհիներ, երգիչ-երգչուհիներ, ռեժիսոր-ռեժիսորուհիներ, նկարիչ-նկարչուհիներ և այլն: Նրանք (վախեցողները) բոլորը համակարգերի մաս են կազմել, անքակտելի մաս, ունեն կապվածություններ, կախվածություններ, պարտքեր, պարտավորություններ կոչումի, բնակարանի, մեդալի, պաշտոնի և այլնի դիմաց:
Իսկ սարսափի ակունքը՝ «բա, որ ինձ էլ հասնեն» բնազդային վախն է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
Արդյունքում՝ հնարավոր պատասխան տալու ժամանակներից շուտ (գուցե կանխարգելիչ լինի) սկսված դասադուլ-գործադուլներ, ֆեյսբուքյան խարազանող ստատուսներ, ակտիվության անհամաչափ սրացումներ, լող տալու անհավանական ճարպկություններ, թրենդերից հետ չմնալու՝ ռետինե իրերի ճկունությունից չտարբերվող մանիպուլյատիվ ճկունություններ, բացահայտվելու մղձավանջից առաջացող բարձր գոռոցներ ու հարցազրույցներ, հարցազրույցներ, հարցազրույցներ, որոնք հաճախ նման են ինքնաբացահայտման:
Դասադուլ անող դեկաններից մեկը (խնայեմ անունը) վերջերս եկել էր մի գրքի շնորհանդեսի: Բացառիկ գիրք էր, եզակի երևույթ հայ իրականությունում: Եվ այդ դեկանն իր հետ բերել էր մի 8 էջանոց ձեռագիր գրված տեքստ: Դե, գրամեքենաներ արդեն չկան, իսկ համակարգիչը երևի հայ դեկանին հարիր չէ: Եվ այդ դեկանն ուղիղ 20-25 րոպե կարդաց իր տեքստը: Բոլոր քնել էին, նաև ներկա դեսպաններից շատերը: Բա պատկերացնում ե՞ք դեկան, որն իր մասնագիտական ոլորտի բացառիկ գրքի մասին չկարողանա այնպիսի բանավոր մի խոսք ասել, որ դահլիճին տանի իր մտքերի շառավղով: Բա, իհարկե՜, այս դեկանները դասադուլ են անելու, ցույցեր են գեներացնելու, որովհետև վախ ունեն՝ հնարավոր է կորցնեն համալսարանական դասասենյակներում ուսանողներին քնեցնելու իրենց առաքելությունը, որի համար վարձատրվում են:
Նույնիսկ չեն գիտակցել, որ իրենք այնքա՜ն ազատ են, որ դասադուլ են անում: Մի երկու տարի առաջ կպատկերացնեի՞ք, որ դեկանը դասադուլ կաներ: Դեկանը նույնիսկ «դ» տառը պատրաստ չէր արտասանել, եթե այն հաճո չլիներ իշխանական վերնախավի որևէ անդամի: Բայց, զարմանալիորեն, իրենց այս ազատության մեջ պատրաստ չեն իրենց մասնագիտական ազատությանը: Իսկ ինչո՞ւ բուհերը չեն ինքնակազմակերպվում, միասնականորեն չեն քննարկում առաջարկված նախագծի բացերը, իրենց առաջարկությունները չեն անում, չեն հիմնավորում, նոր մոտեցումներ չեն շարադրում: Այսինքն չեն պայքարում մասնագիտորեն: Ասել է թե՝ ինչո՞ւ չեն աշխատում: Համենայնդեպս այդ մասին չեն բարձրաձայնում:
Իրական մտավորականություն լինեին՝ կհասկանային, որ «իրավիճակ է փոխվել», երբևէ երազած կլինեին այդ փոխված իրավիճակի մասին, ու ոչ թե կձգտեին վարականգնել «սիստեմը», կամ նոր իրավիճակից «սիստեմ» կերտել, այլ նորի ու փոփոխությունների առաջնագծում կլինեին:
Խորհրդային «սիստեմի» փլուզումից հետո պարզվեց չէ՞, որ ոչ մի հայ գրող, հայ երաժիշտ, հայ երգահան, հայ ռեժիսոր, հայ նկարիչ և այլն, արգելված ստեղծագործություն չունի: Ովքեր ունեցել էին, վաղուց արդեն սպանված էին, վտարված, քշված, մոռացված:
Գրողն ասում էր. «…Ո՞նց եք կարոտել, հարգելիներս, սովետական ձեր ջահելությանը, երբ ոչ միայն չալաղաջը բոլ էր, այլև, երբ դեռ թե՛ կլիմաքսն էր յոթ սարի ետև և թե՛ իմպոտենցիան էր աներևակայելի հեռու։ Եվ, բնականաբար, այդ ժամանակների անձրևը սիմֆոնիա էր, ոչ թե ռևմատիզմի բուն, ձյունը թոքաբորբի առիթ չէր, այլ գալիս էր, որ դահուկ քշենք ու ձնագնդի խաղանք մեր քարտուղարուհու-ասպիրանտուհու հետ, սառը ջուրը ճակատին թրջոց դնելու համար չէր, այլ պարզապես խմելու, իսկ շոգը մի ավելորդ անգամ դոշութիկունք մերկացնելու պատրվակ էր, ոչ թե՝ որ ծերացած շան նման դեպի ստվերը քարշ գաս ու հևաս՝ լեզուդ դուրս գցած։ Այդ ջահելությունն էր անդարդ, ոչ թե սիստեմն էր լավը, անաստվածներս։ Դեռ ուշ չէ համակերպվել բնության կարգի հետ, աթեիստներս։ Բայց ետ գնալը՝ ետ գնալ, գուցե ավելի ետ գնանք դեպի անուղեղ մանկության հեքիաթները…»։
Գրողն ասում էր, բայց գրողին էլ «կերան»:
«Արմենիա» հեռուստաընկերության երկարամյա նախկին գլխավոր պրոդյուսեր, իմ գործընկեր Ռուբեն Մխիթարյանը հայտարարում է, թե 20 միլիոնով քսան ֆիլմ է պատրաստ նկարահանել մեր չեմպիոնների մասին: Բա, նկարահանեիք, Ռուբ ջան: Քսան չէ, երկուսը նկարահանեիք: Փող չկա՞ր: Չեմպիոն չկա՞ր, թե՞ չեմպիոնների տեղը հայտնի չէր: Բա, մի երկու ֆիլմ էլ ընկերության շահույթների հաշվին նկարահանեիք: Լավ, պետությունից ուզեիք փողը: Չէին տա՞: Կրթության, մշակույթի, ֆինանսների նախարարներն անձամբ սկուտեղով կբերեին:
Քանի՜ անգամ ենք մեր առաջատար հեռուստաընկերությունների ղեկավարներին առաջարկել արժեհամակարգային, խիստ մշակութային, ազգային ֆիլմեր, հաղորդումներ, հաղորդաշարեր ու քանի՜ անգամ ենք մերժվել: Ու գիտե՞ք ինչ են ասել: Ասել են դրանք «էս հասարակության» համար չեն: «Էս հասարակությունը» դրանք չի ուզում նայել: Ու շարունակվել են Փարաքարի կահույքի վրա նկարահանված հեռուստասերիալները:
Իսկ կարո՞ղ եք ասել. այդ նողկալի հեռուստասերիալներն են ավելի շատ վնասե՞լ մեր երիտասարդությանը, «մատաղ սերնդին» (այս «մատաղ սերունդ» արտահայտության մեջ ինձ միշտ ասեղնահարել է «մատաղ» եզրույթը), մեր ազգային արժեհամակարգը, մեր ազգային մտածողությունը, թե մի չնկարահանված ֆիլմը մի անձի մարդկային ողբերգության մասին, որի շուրջ այսպիսի տիեզերական աղմուկ է:
Այդ հեռուստասերիալներում քանի՞ օջախի հայ կին է օրական դավաճանում իր ամուսնուն, քանի՞ օջախի հայ տղամարդ է սաունաներում դավաճանում իր կնոջը, քանի՞ կին է ծեծվում սիրեկանների կողմից, քանի՞ սկեսուր է հարսին «սատկացնում» կենցաղային մի հարցի համար, քանի՞ գլուխ է ջարդվում, քանի՞ փոր է թափվում: Հաշվե՞լ եք: Բա սրանք հարի՞ր են հային ու հայի ինքնությանը: Հայի գենին: Բա սրանք չեն սպառնո՞ւմ ազգի վերացմանն ու ոչնչացմանը, մեր ինքնությանը: Նույնիսկ մանկական սերիալներն են արդեն նման թեմաներով ու բառապաշարով: 12-13 տարեկան երեխան ասում է «լեզուդ կկտրեմ, ոնց որ լեզվի սալաթ եմ ուզում»: Սրանից վտանգավոր բան կա՞:
Պետության ֆինանսավորմամբ շա՜տ ազգային ֆիլմեր կինոդահլիճներում ցուցադրվում են առանց «մտահոգվողների» ներկայությամբ, շա՜տ ազգային համերգներ, ներկայացումներ են անցնում առանց «մտահոգվողների», շա՜տ «մտահոգվողներ» չկան գրքերի շնորհանդեսներին ու մշակութային երեկոներին: Եվ լավ է, որ չկան, որովհետև կան փայլուն երիտասարդներ, որոնք «մտահոգված» չեն:
Հիմա հասկանո՞ւմ ենք, որ «մտահոգությունները» իրականում մտահոգություն չեն:
Ինչո՞ւ Հայաստանում չկա դիսկուրս: Չկան կուսակցություններ՝ իրենց ոլորտային լուրջ ռազմավարություններով, փոխարենը կան ասուլիս տվողների պարսեր: Չկան հետազոտական լուրջ կենտրոններ, փոխարենը կան վերլուծաբաններ, որոնց որ ծառի տակ կանգնեցնես՝ կխոսեն աշխարհաքաղաքական ու համաշխարհային գործընթացներից, ու արդեն 30 տարի նույն դեմքով: Երբեմն՝ նույն «սվիտրով»: Ու չկա շա՜տ բան:
Որովհետև մենք անընդհատ ունենք «մտահոգություններ», որոնք հասարակությանն անընդհատ քաշում են դեպի հատակը, որովհետև հենց այդ հատակի հասարակությունն է անհրաժեշտ անելու համար այն, ինչ արվել է:
Արայիկ Մանուկյան