«ՀԱՅԵՐ»-ի
հիմնադիր,
գլխավոր խմբագիր
Ժուռնալիստիկան
համարում է
սեփական
«ստորագրության
պատվի»
մասնագիտություն:
Հավատացած է, որ
«Հորինել
պետք չէ՝ ոչ
երկիր, ոչ
պետություն,
ոչ էլ
կենսագրություն:
Պատասխանատվությունն
ըստ ապրված
կյանքի է
լինելու:
Ոչ թե ըստ
հորինվածի»:
Իսկ անքննելի
այս սահմանումը
հեղինակել է իր
ամենաժուռնալիստ
ընկերը՝ Այդին
Մորիկյանը:
Բաց նամակ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին
Նկատի առնելով, որ վերջին օրերին էպիստոլյար ժանրի ստեղծագործությունների՝ բաց նամակներ, ուղերձներ, հայտարարություններ, կոչեր և այլն, հեղեղ է, և որ շփման այդ ձևից անմասն չէ նաև Հայաստանի նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը, ուզում եմ բաց նամակով դիմել Հայաստանի նախագահին, մանավանդ, որ նրա հայտարարություններում, կոչերում, ուղերձներում կան բացառիկ հետաքրքիր արձանագրումներ, որոնք կարող են դառնալ այսօր մեր երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակից ելքերի և լուծումների հիմքեր:
Եվ ուրեմն՝
Բաց նամակ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:
Մեծարգո պարոն նախագահ
Այս օրերին ամենայն ուշադրությամբ ընթերցել եմ Ձեր կոչերը, հայտարարությունները, ուղերձները և առաջնորդվելով նրանցում արտահայտված Ձեր մտքերով ուզում եմ փաստել, որ Դուք, իրականում, հստակորեն արձանագրել եք այն քաղաքական իրավիճակը, որն այսօր ստեղծվել է Հայաստանում: Ոստի՝ ելնելով Ձեր իսկ արձանագրումներից, կարծում եմ Դուք պարտավոր եք ևս մեկ կոչով հանդես գալ, որպեսզի տեղի ունենա ստեղծված բարդագույն իրավիճակի հանգուցալուծումը:
Մեծարգո պարոն նախագահ
Այո, 2017 թ. ապրիլին կայացած ընտրությունների արդյունքում երկար տարիներ Հայաստանում իշխած Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ ստանձնելով խորհրդարանական մեծամասնության դերը, կրկին ստանձնեց երկրի կառավարման ղեկը և կոալիցիա կազմելով Հայ Հեղափոխական Դաշնակցության հետ, իր առաջնորդին՝ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, առաջադրեց և ընտրեց Հայաստանի վարչապետի պաշտոնում:
Այսօր, սակայն, Հայաստանում ալիքված համաժողովրդական հզոր շարժման արդյունքում երկրում դե ֆակտո, փաստացիորեն տեղի է ունեցել քաղաքական իրավիճակի փոփոխություն, թերևս ոչ խորհրդարանական ընտրությամբ, բայց համաժողովրդական ընտրությամբ փոփոխվել է 2017թ. ապրիլին արձանագրված ուժերի հարաբերակցությունը, որը հանգեցրել է այն բանին, որ Հայաստանի վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել Հանրապետական կուսակցության առաջնորդը, փլուզվել է քաղաքական կոալիցիան, խորհրդարանական չորս խմբակցություններից երեքն իրենց աջակցությունն ու զորակցությունն են հայտնել համաժողովրդական շարժմանը:
Այն, որ շարժումը համաժողովրդական է և որ խաղաղ, բռնություններից զերծ քաղաքացիական անհնազանդությունը օրերի ընթացքում վերածվել է աննախադեպ համերաշխ քաղաքական շարժման, Դուք եք փաստել Ձեր խոսքում, ասելով.
«...Սրանից մի քանի շաբաթ առաջ սկսվեց քաղաքացիական շարժում։ Այդ շարժումը շատ արագ վերածվեց քաղաքական շարժման, եւ գոհունակությամբ ուզում եմ նշել, որ շարժման առաջնորդները եւ շարժման մասնակիցների բացարձակ մեծամասնությունը որդեգրեցին եւ առաջնորդվեցին շատ կարեւոր սկզբունքով՝ ցույցերը եւ միտինգները վարել խաղաղ ճանապարհով...»։
Դուք նաև արձանագրել եք, որ «... Քաղաքացիական շարժումը, որի մեջ ներգրավված է հատկապես երիտասարդությունը, նոր հնարավորություններ է բացում Հայաստանի քաղաքական կյանքի առողջացման եւ ժողովրդավարության խորացման ուղղությամբ: Այն կբարձրացնի Հայաստանի եւ հայ ժողովրդի հեղինակությունն աշխարհում, եթե մենք կարողանանք ճիշտ եւ կշռադատված լուծումներ գտնել...»:
Դուք, իրավամբ, փաստել եք նաև, որ «... Մեր երկրում վերջին օրերի բուռն զարգացումներն աննախադեպ երեւույթ են: Այն, թե ինչպես քաղաքացիական շարժումը կազմակերպված եւ քաղաքակիրթ զարգացման ճանապարհով վերաճեց համաժողովրդական շարժման, համայն հայության համար հպարտության առարկա է:
Հայաստանի պատմության մեջ ունենք այլեւս նոր էջ: Մենք ապրում ենք Նոր Հայաստանում: Հայաստան, որտեղ յուրաքանչյուր հայաստանցի եւ աշխարհասփյուռ հայությունն իր ուժն ու եռանդը պետք է դնի երկրի զարգացման համար: Հայաստան, որին մատնացույց են անելու աշխարհում՝ ժողովրդավարության, կառավարման, քաղաքացիական հասարակության, մշակույթի, գիտության ու տնտեսության զարգացման առումով: Հայաստան, որտեղ հայը տեսնելու է իր եւ իր սերունդների ապագան: Հայաստան, որը սիրելու է յուրաքանչյուր հայ՝ պետական այրն ու շարքային քաղաքացին:
Հայաստան, որը լինելու է իմ եւ քո երազանքների Հայաստանը:
Այս իրողությունը ժխտելը քաղաքական կարճատեսություն կլինի...»:
Դուք արժանիորեն գնահատելով նաև Հայաստանի երրորդ նախագահ և արդեն նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի համարձակ, խոհեմ, տրամաբանական քայլը ասել եք, որ «...Սերժ Սարգսյանը սթափ գնահատականով բացեց Նոր Հայաստան տանող դարպասը...»:
Մեծարգո պարոն նախագահ
Ես հասկանում եմ, որ եթե այս համաժողովրդական շարժումը, որը, ինչպես Դուք եք նշում «...նոր հնարավորություններ է բացում Հայաստանի քաղաքական կյանքի առողջացման եւ ժողովրդավարության խորացման ուղղությամբ...» և «...կբարձրացնի Հայաստանի եւ հայ ժողովրդի հեղինակությունն աշխարհում...», որը, կրկին Ձեր հավաստմամբ, «... համայն հայության համար հպարտության առարկա է...», որի արդյունքում, դարձյալ Ձեր արձանագրմամբ, մենք «... ապրում ենք Նոր Հայաստանում: Հայաստան, որտեղ յուրաքանչյուր հայաստանցի եւ աշխարհասփյուռ հայությունն իր ուժն ու եռանդը պետք է դնի երկրի զարգացման համար: Հայաստան, որին մատնացույց են անելու աշխարհում՝ ժողովրդավարության, կառավարման, քաղաքացիական հասարակության, մշակույթի, գիտության ու տնտեսության զարգացման առումով: Հայաստան, որտեղ հայը տեսնելու է իր եւ իր սերունդների ապագան: Հայաստան, որը սիրելու է յուրաքանչյուր հայ՝ պետական այրն ու շարքային քաղաքացին...», թույլատրելի չէ, առնվազն թույլատրելի չէ այս ամենի հեղինակ համաժողովրդական շարժմանը ստիպել՝ նստելու երկխոսության, բանակցությունների մի ուժի հետ, գնալու զիջումների մի ուժի առջև, թողնել համաժողովրդական շարժման ջանքով փաստացի ձեռք բերված իշխանությունը մի ուժի մոտ, որը, ինչպես արդեն նշեցի, քաղաքական իրավիճակի փաստացի՝ դե ֆակտո փոփոխության արդյունքում, կորցրել է իշխանությունը Հայաստանում, որի կառավարման տարիներին, կրկին Ձեր ճշգրիտ արձանագրմամբ, ունենք «...բազմաթիվ խնդիրներ։ Խնդիրներ, որոնք սոցիալական են, խնդիրներ, որոնք կապված են անհանդուրժողականության հետ, նաեւ կոռուպցիայի երեւույթների հետ։ Եւ տարիների ընթացքում մեր ժողովրդի ներսում կուտակվել է չբավարարվածության զգացում։ Տարիների ընթացքում ժողովրդի եւ, մասնավորապես, երիտասարդների շրջանում առաջացել է ապագայի, հույսի ու հավատի նկատմամբ հստակ պատկերացման բացակայություն։ Թվում է, այս գործոնները նյութական չեն, ուղղակիորեն կապված չեն տնտեսական աճի եւ ցուցանիշների հետ, սակայն մեզանից յուրաքանչյուրն իր անձնական կյանքում օրեցօր զգացել է այդ ճնշումը...»։
Առավել անթույլատրելի է իրավիճակի հանգուցալուծումը հետաձգել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու պատրվակով: Սա կեղծ քաղաքական օրակարգ է: Խորհրդարանական քաղաքական ուժերը, բացի փաստացի իշխանությունը կորցրած Հանրապետական կուսակցությունից, արտահայտել են իրենց հստակ զորակցությունը համաժողովրդական շարժմանը, ասել է թե՝ նոր քաղաքական մեծամասնությանը, իսկ արտախորհրդարանական ուժերը Հայաստանում, մեծարգո պարոն նախագահ, վաղուց քաղաքական գործոն չեն: Նրանք նույնիսկ չեն հաղթահարել 2017 թ. ապրիլյան ընտրությունների ժամանակ պահանջվող նվազագույն շեմերը:
Այո, Դուք ճիշտ եք միանգամայն, ճիշտ եք անառարկելիորեն. «... Եւ կուտակված դժգոհությունը, ապագայի նկատմամբ վստահության բացակայությունը հանգեցրեցին ժողովրդական շարժման...»։
Մեծարգո պարոն նախագահ
Ի վերջո, եթե Սերժ Սարգսյանը՝ Հանրապետական կուսակցության առաջնորդը, բացել է «Նոր Հայաստան տանող դարպասը», ինչպես Դուք եք նշում, նշանակում է այդ դարպասը փակ է եղել, և Հայաստանի ժողովրդի, Հայաստան պետության հանդեպ դավաճանություն կլինի այդ դարպասը կրկին փակելը:
Սերժ Սարգսյանն իր հրաժարականի խոսքում արձանագրեց, որ ինքը սխալվել է և որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր: Եթե ճիշտ եմ հասկացել նախկին վարչապետին, Նիկոլ Փաշինյանն արձանագրել էր, որ Հանրապետական կուսակցությունը և նրա առաջնորդը այլևս Հայաստանում չունեն իշխանություն, իսկ եթե Սերժ Սարգսյանն արձանագրել է, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, կնշանակի Սերժ Սարգսյանը նույնպես արձանագրել է այն իրողությունը, որ Հայաստանում տեղի է ունեցել քաղաքական իրավիճակի փոփոխություն և քաղաքական իրավիճակի տերն այլևս համաժողովրդական շարժումն է:
Հաշվի առնելով Ձեր խոսքերում արձանագրված իրողությունները, Սերժ Սարգսյանի արձանագրումները, հաշվի առնելով քաղաքական իրավիճակի դե ֆակտո փոփոխությունը Հայաստանում, հաշվի առնելով ուժերի նոր, իրական դասավորվածությունը, Ձեզ՝ մեծարգո պարոն նախագահ, խնդրում եմ կոչով դիմել Հայաստանի խորհրդարանական խմբակցություններին, նրանց ղեկավարներին, կուսակցական առաջնորդներին, այդ թվում՝ առաջին հերթին Հանրապետական կուսակցությանը, նրա առաջնորդին, նրա խորհրդարանական խմբակցությանը, պատգամավորներին՝ պաշտոնապես հայտարարելու համար, որ քաղաքական պայմանավորվածությունից ելնելով, իրավիճակի հանգուցալուծման հրամայականից ելնելով, Հայաստանի ու նրա ժողովրդի առջև ունեցած պատասխանատվությունից ելնելով Հայաստանի վարչապետի պաշտոնում առաջադրելու են համաժողովրդական շարժման առաջնորդին և մայիսի 1-ին քվեարկելու են նրա օգտին:
Հորդորեք, խրատեք, խնդրեք, շնորհակալություն հայտնեք Հայաստանի Հանրապետական կուսակցությանը և նրա առաջնորդ Սերժ Սարգսյանին՝ այս տարիների ընթացքում Հայաստանին մատուցած ծառայությունների համար, հույս հայտնեք, որ առաջիկայում նրանք կմասնակցեն նոր խորհրդարանական ընտրություններին և իրենց արժանի տեղը կունենան խորհրդարանում, եթե համոզված են, որ իրենց արժանի տեղը մեծամասնությունում է և մեր ժողովուրդն ընդունում է այդ իրողությունը:
Սերժ Սարգսյանն էլ իր կուսակիցներին ուղղված ուղերձում խոսել էր «կուսակցության ապագայի, կուսակցության նոր առաջնորդության և բարեփոխման կարևորության, տարբերվող դերակատարմամբ խորհրդարանում աշխատելով երկրի զարգացմանը նպաստելու...» մասին:
Բայց թույլ մի տվեք համառել, որոնել քաղաքական խարդավանքներ, սրել իրավիճակը, մանիպուլացնել քաղաքական իրողությունները:
Դուք եք ասել, որ «...քաղաքական բոլոր ուժերը, հատկապես՝ Ազգային ժողովում ներկայացված, պետք է համերաշխաբար հարթեն այդ ճանապարհը՝ առաջնորդվելով Սահմանադրությամբ...»:
Այո, պարոն նախագահ, «...Մենք բոլորս պարտավոր ենք հավուր պատշաճի իրագործել այն պատմական առաքելությունը, որը մեզ բաժին է հասել, եւ մեր ազգի համար այս բախտորոշ պահին անել այդ քայլը: Ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող քաղաքական ուժերը պետք է միասնաբար երկիրն առաջնորդեն այս ճանապարհով...»:
Դուք հպարտ եք, որ տեսնում եք «...այօրվա Հայաստանը...» եւ ուրախ եք, որ ապրելու եք «...վաղվա հզոր, միասնական, արդար եւ ծաղկող Հայաստանում»:
Դուք արդեն Հայաստանի հպարտ քաղաքացուն եք բարի լույս մաղթում: Առաջին անգամ է հայ պաշտոնյան այդպես դիմում Հայաստանի քաղաքացուն: Եվ խնդրում եմ, որ այդ Հայաստանի և նրա հպարտ քաղաքացու շահի ըմբռնողության գերակայության կոչը առանց հապաղելու փոխանցեք խորհրդարանին և Հանրապետական կուսակցությանը մասնավորապես:
Չէ՞ որ Դուք Հայաստանի Սահմանադրության համաձայն Հայաստան պետության գլուխն եք և Ձեր լիազորություններն իրականացնելիս անաչառ եք և առաջնորդվում եք բացառապես համապետական և համազգային շահերով...:
Շնորհակալ կլինեմ, եթե ըմբռնումով մոտենաք բաց նամակիս:
Արայիկ Մանուկյան
ժուռնալիստ, «Հայեր» մեդիահարթակի հիմնադիր, գլխավոր խմբագիր
Հ.Գ. Բոլոր ընդգծումներն իմն են և հույս ունեմ չմեղադրվել ՀՀ նախագահի, ՀՀ նախկին վարչապետի խոսքերը կոնտեքստից դուրս բերելու մեջ, որովհետև մտահոգությունս անկեղծ է և ստեղծված իրավիճակի գիտակցումով:
Արայիկ Մանուկյան