Արայիկ Մանուկյան
Արայիկ Մանուկյան

 

«ՀԱՅԵՐ»-ի

հիմնադիր,

գլխավոր խմբագիր

 

Ժուռնալիստիկան

համարում է

սեփական 

«ստորագրության

պատվի»

մասնագիտություն:

 

Հավատացած է, որ 

«Հորինել 

պետք չէ՝ ոչ

երկիր, ոչ

պետություն,

ոչ էլ

կենսագրություն:

Պատասխանատվությունն

ըստ ապրված

կյանքի է

լինելու:

Ոչ թե ըստ

հորինվածի»:

 

Իսկ անքննելի

այս սահմանումը 

հեղինակել է իր

ամենաժուռնալիստ

ընկերը՝ Այդին

Մորիկյանը:

««Բացել աչքերը և նայել ճշմարտության իրական դեմքին․․․»՝ ՊԵՆԵԼՈՊԵԻ ԿԵՐՊՈՎ ԵՎ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ․․․»։

 

Չգիտեմ՝ սիրո և նվիրումի, դավաճանության և հավատարմության, հիշողության և մոռացումի, ազատության և անազատության, պատերազմի և հայրենիքի, վրեժի և արյան, ցասումի և խաղաղության, սպասումի և մոռացումի մասին է տաղանդավոր բեմադրիչ, դերասան, դրամատուրգ, ֆրանսիական թատրոնը նվաճած Սիմոն Աբգարյանի՝ «Պենելոպե, օ՜, Պենելոպե» ներկայացումը, (գուցե՝ նաև այդ մասին է)։

Ինձ համար այն խորքային, շա՜տ խորքային ու զգայուն մի անցորդություն է, հազարամյակների մի անցորդություն մեր պատմության դառը, դաժան, վայրագ քառուղիներով, մեր պատերազմների անողոք իրականություններով, մեր անցյալի ու ներկայի իրողությունների խութերով, մեր հերոսների ու չհերոսների ներաշխարհով, մեր կիսաճշմարտությունների ու սնափառությունների ռենտգենագրությամբ, անցյալի, ներկայի ու ապագայի մեր ընկալումների մանրազննությամբ, իրականության ու պատրանքների մեր հավերժական շփոթություններով․․․ 

 

Չորս օր շարունակ՝ ներկայացումից հետո, ականջներումս անընդհատ Նուրիցայի զրույցն էր Էլիասի հետ․

«․․․Որտե՞ղ են նվաճումներդ, ճակատամարտերդ, շքանշաններդ, սաղավարտդ, հաղթանակներդ։ Կորցրե՞լ ես ճանապարհին։ Քսան միլիոն տարի փակված քարանձավում՝ երկար ժամանակամիջոց է։ Մի՛ փնտրիր, մե՛ծ հերոս․ այն, ինչ կորած է՝ կորած է, ո՛չ արցունքները, ո՛չ ողբը չեն ամոքի կորուստը վաղնջական այն խնդության, որ պարում է քո հիշողության միջնապատին։ Քայլի՛ր առաջ, արթնացի՛ր, սթափ հայացքով նայիր աշխարհին, քանի դեռ այն չի կլանել քեզ։ Ոտքի՛։ Դու այլևս պետք չես այս դարաշրջանին․․․»։

Այս զրույցն ինձ համար հազարամյակների կեռմաններով, «քսան միլիոն» տարիների ոլորաններով գալիս ու իր աղերսներով ագուցվում է մաթևոսյանական արձանագրումին․

«...Հորդ տունն ու պարիսպը և անունն ու համբավը քո ձեռքով ու քեզանով եթե նորոգ չգտար, ուրեմն՝ դու չկաս: Հետո գնա, նստիր օտար երկինքների տակ ու փախստականի տանջված ոտներդ տրորելով, գանգատվիր սրտիդ ուզածի չափ, թե՝ ա՜խ, հորս բերդերն ու պարիսպները, հորս արտերն ու այգիները, հին վեհագույնների մեջ իր բարձր, նախկին շուքն ու փառքը: Իսկ քո՞նը, քո՞նը, քո անձնակա՞նը, քրտինքի քո կաթիլը՝ քո դրած տունկի, քո արյան շիթը քո սահմանների վրա: Բերանդ ծվատող քո համբույրը այն երկրի, որ գուցեև իսկապես քո նախնունն էր, բայց այսօր արդեն քոնը չէ, օտար դատավորների առջև կանգնած զրկվածինդ չէ, որովհետև երկիրդ ապավինեցիր նախնուդ պարիսպներին ու նախնուդ Աստծո զորությանը: Աստծո վատ բնույթը գիտես. Աստված միշտ արթուն ողջերի հետ է...»:

Որքան էլ Սիմոն Աբգարյանի հերոսներն ու հերոսուհիները գալիս են դյուցազնականության անհորիզոն հեռուներից, գալիս են հերոսականությունների ժամանակներից, պարզ է, որ նրանք արքետիպեր են տաղանդավոր ստեղծագործողի համար, և նրանց միջոցով, նրանց վարքի մոդելավորմամբ, նրանց նախատիպային դրվածքով ստեղծագործողը բարձրաձայնում է իր ճշմարտությունները, դիմում է իր ներաշխարհին, իր ներանձնությանը, և անում մտածող անհատի իր ընդհանրացումները, դուրս բերում ժամանակի իր չափումները։

Արդյո՞ք Նուրիցան է խոսում Էլիասի հետ, թե որևէ հայ մայր է խոսում Մհերի հետ՝ «Քսան միլիոն տարի փակված քարանձավում․․․»։

Սիմոն Աբգարյանի այս մոտեցումը հենց ներկայացման ընթացքում և հենց հանդիսատեսի աչքի առջև կոտրում, փշրում  է մտածողական կաղապարներ, ջարդում, բեկում, փշուր-փշուր է անում արժեհամակարգային ստերեոտիպեր, ծնում է նորերը՝ ոչ ստերեոտիպային, ոչ կաղապարային, որոնք դրդում են հանդիսատեսին խորհել, մտածել, արժևորել։ Արժևորել անցյալը, ներկան, իրենց ժամանակը, նախնիների ժամանակը, իր ժամանակի՝ տեսանելի ու անտեսանելի անցյալի իրողությունները, արժևորել ապրած կյանքը, այն արժեհամակարգերը, որոնց վրա կառուցվել է ապրած տարիներ կոչվող բուրգը։

Ի դեպ, մտածողական այդ դրդումը դահլիճում ներկա տարբեր սերունդների մոտ տարբեր ընկալումներ, տարբեր ըմբռնումներ է ունենում, արտահայտվում տարբեր կերպ, և զգայականության տարբեր շեղբերով է խառնում ներաշխարհը, քանզի յուրաքանչյուրն իր ընդվզումն ունի հավաքականորեն իր ապրածի, իր անցյալի, մտածողական իր հարթությունների դեմ, կամ՝ հաշտությունը։

«Սա՛ է քո աշխարհը, սա է և վերջ։ Քո ներսում երգերն ու աղոթքները հերթ չեն տալիս իրար։ Խեղդում են քեզ, խժռում են իրար․ այնքա՛ն շատ են, ուզում են քո չարչարանաց լուրը տեղ հասցնել։ Ո՞ւմ հասցնել լուրը, աղջի՛կս։ Ոչ մի աղոթք չի հասնում երկինք, վաղուց արդեն քամին է դրանք տնօրինում․․․»․ ասում է Դինահը։

«․․․Կյանքը վալս է պարելու մահվան հետ, պարտիտուրան արյամբ է գրվելու։ Ո՞ւմ արյամբ։ Իմ, քո, նրա, նրանց։ Ցանց, ցնորքի ցանց, ցնորք է արյունը, խայծ, ծուղակ, որում բոլորս ենք հայտնվում․․․առաջընթացը գալիքում է, բայց դուք ճեղքում եք ատոմն այսօր մի հայացքի ուժով, ձեր պարն եք պարում խելահեղ հեռավոր աստղերի ողնաշարին․․․»․ ասում է Օդեսսան։

«Այն անունը, որ ես եմ կրում, ինձ մղում է մի ճակատամարտի, որն ի սկզբանե դատապարտված է պարտության։ Պարտվել, հաղթել, մի՞թե կարևոր է։ Ամենակարևորը ոտքի վրա մնալն է նույնիսկ մահվան ժամին»․ ասում է Թեոսը։

«․․․Մարդասպանների բանակը հետ չես մղի քարերով ու երգերով։ Բանակցե՜լ։ Ի՞նչ խոսք, գեղեցիկ նախաձեռնություն է։ Ճակատամարտից ասպատակություն, հրադադարից անպտուղ դատարկախոսություն՝ դուք կործանեցիք ձեր թշնամիներին, դուք ոչնչացրիք նրանց դանդաղ, մեղմ կրակով՝ ի տես աշխարհի, որ ոչ մի բառ չասաց։ Մի՞թե արդար չէր նրանց դատը։ Մի՞թե իրավացի չէր նրանց պայքարը։ Եթե իրավունքը մարդկանց դարձնում է անպարտելի, ինչպես դու ես ասում, ապա ինչո՞ւ նրանք տանուլ տվեցին․․․»․ ասում է Նուրիցան և շարունակում․

«Խոսքի ժամանակը զառամել է, սպառել է իրեն։ Աղ ու հացի դարաշրջանն այլևս փակված էջ է մեզ համար։ Տղամարդիկ կարծրացել են, հացը կարծրացել է, մարդկանց ականջներն ու կոպերիզները կարծրացել են ապառաժի պես։ «Հաջողության հասնելը»  վերածվել է կարգախոսի։ Այն ամեն օր մուրճով դրոշմում են սրտի սառը զնդանին։ Մի՛ խոսիր նրա հետ, նա մտքի աճպարար է, թշվառության ռենտայով է սնվում, զեղծարարության ակրոբատ է, անսանձ բերանով պոռոտախոս։ Նրա միակ որոնումն իր որկորն է։ Մի՛ մոլորվիր սկզբունքների այդ բառակույտում։Ինչ ուզում է՝ թող ասեն՝ խոզի փորում բարոյականության չկա։ Սպանի՛ր նրան, կախի՛ր այդ մսագործին արդարադատության կեռից։ Պատռի՛ր նրա մարմինը մորուքից մինչև հետույք ու տե՛ս՝ ոչինչ չես գտնի ներսում՝ օտարների յուրացված բարիքից բացի։ Այդ սրիկան ամեն ինչի վրա աչք է դնում»։

«Բացի՛ր աչքերդ, նայի՛ր ճշմարտության իրական դեմքին։ Դու մտքումդ քո հաղթության պատմությունն ես հորինում, մինչդեռ քեզնից մնացել են փշրանքներ, դու ջախջախված ես ներսից և դրսից»․ ասում է Թեոսը։

«Չկա ճշմարտություն ո՛չ երազներում, ո՛չ այստեղ, ո՛չ էլ բանաստեղծների հրաբորբ սրտերում։ Գոյություն ունի միայն իրականությունը, փաստը, շոշափելին, հնչեղը, երերունը, նյութեղենը, դանակն ու դանակի հասցրած վերքերն ու ցավը կույր»․ ասում է Դինահը։

«Եվ ի՞նչ է հաղթանակը։ Եվ ի՞նչ է պարտությունը։ Եթե մեզ սիրելի է նախճիրը թռիչքից։ Եթե մենք նախընտրում ենք սպանել ախոյանին կամ էլ ընկնել մարտում՝ հանուն բարեկամի․․․»․ ասում է Էլիասը։

Արդյո՞ք սրանք զրույցներ են սիրո և նվիրումի, դավաճանության և հավատարմության, հիշողության և մոռացումի, ազատության և անազատության, պատերազմի և հայրենիքի, վրեժի և արյան, ցասումի և խաղաղության, սպասումի և մոռացումի մասին։ Գուցե։

Բայց ինձ համար սրանք Սիմոն Աբգարյան  մտածող անհատի, Սիմոն Աբգարյան մտածող հայի բարձրաձայն մտորումներն են, իր ներսով, իր կյանքով, իր աշխարհով ու ներաշխարհով անցած մտորումները մեր պատմության, մեր կորուստների, մեր բացթողումների, մեր հավաքական մտածողության,  ժամանակներից ու իրողություններից չհասկանալու մեր պնդաճակատ համառության և բազում այլ կնճռոտ խնդիրների մասին։

Արդյո՞ք հայոց Ցեղասպանության, Արցախյան պատերազմների, մեր տգետ քաղաքական այրերի, մեր կուսակցական անդեմ երևելիների, նեղմիտ կուսակցականության մեր որոմի խորքերից չեն գալիս սիմոնաբգարյանական բարձրաձայնումները, որքան էլ հույզերը, ձևերը, կերպարները ներկայանում են հունական առասպելաբանության հանգույն, միֆական կերպարանքներով։ Որպես բեմադրիչ, որպես պիեսի հեղինակ՝ Սիմոն Աբգարյանը, վստահաբար, խորքային ընկալում ունի, որ արքետիպերը ընդհանրական մտածողության ձևեր են, որոնք ոչ միայն համամարդկային են, այլև հատուկ են ու բնորոշ յուրաքանչյուր էակի:

Ընտրելով Էպիկական թատրոնը՝ Բրեխտի թատրոնը, Սիմոն Աբգարյանն ինքն իրեն նոր հնարավորություններ է ընձեռել խորքային ինքնաարտահայտման՝ կատարելության մեջ դնելով թե իր բեմարվեստը, թե հասնելով համամարդկային ընդհանրացումների։

Սիմոն Աբգարյանը չէր հասնի համամարդկային ընդհանրացումների, անշուշտ, եթե բացառապես հենվեր այն բովանդակության վրա, որը թելադրում է հունական առասպելը, կամ հենվեր բացառապես ազգային խնդիրների իր երևակումների վրա։

Սիմոն Աբգարյանը կարողացել է համամարդկային ընդհանրացումների հասնել աշխարհի բարոյականության սկզբունքների, պատերազմների ու դրանց դաժան հետևանքների, մարդկության սպասումների ու ճակատագրերի, խաղաղության, իրավունքի, ժամանակի, իրատեսության, մտքի, ինչու ոչ՝ նաև քաղաքական մտքի սթափության, ի վերջո՝ ճշմարտության շուրջ, քանզի կարողացել է ազնվորեն նայել իր հավաքական ներսը նախևառաջ, հավաքականորեն տեսնել, զգալ հենց իրեն, իրենով՝ իր ժողովրդին, իր պատմությունն ու անցյալը, ներկան և ապագան և խիզախորեն ոչինչ չարդարացնել ։

«Մարդիկ միշտ էլ ինչ-որ պրագմատիկ պատճառաբանություն են գտնում՝ իրենց պոռնկական արարքներն արդարացնելու համար։ Նայի՛ր ինձ, որպեսզի կարողանաս ինքդ քեզ տեսնել․․․»․ ասում է Նուրիցան։

Սիմոն Աբգարյանը հավատարիմ է մնացել իր իսկ ձևակերպումին և կարողացել է նայել հավաքականորեն ներս առանց այլևայլության և առանց «պրագմատիկ պատճառաբանության», որովհետև պոռնկությունը, գուցե, տեղ ունի քաղաքականությունում, բայց տեղ չունի արվեստում։

Մանավանդ, որ «․․․ Այսօր արդեն վաղն է, և ահա մենք՝ նստած պատերազմական խելագարության ծխացող ավերակներին՝ ականջներումս պոռնիկների այդ զավակների ճառերը, որոնք արցունքն աչքերին, ուզում են մեզ համոզել, որ մեկն իրավացի է, երբ մարդ է սպանում, իսկ մյուսն արժանի չէ մարդ կոչվելու։

Ինչո՞ւ։ Որովհետև նա ըստ ընդունված կանոնների չի սպանում։ Ո՞ւմ կողմից են սահմանվում այդ կանոնները։ Նրանց, ում ունեցվածքով կարելի է հարգանք գնել։ նրանց, ում  պաշտոնն արգելում է ամեն մի հարց։ Մտքի այն ուրացողների, որ փտում են իշխանության դռան առջև։ ․․․Բոլոր նրանց, ովքեր հավատը հակադրում են որոնմանը։ Գիտությունը՝ արդյունավետությանը։ Աղքատին՝ հարուստներին։ Ուտոպիան՝ հաստատված կարգին։ Վերնախավը՝ ժողովրդին։ Ժողովուրդը՝ գիտակցությանը։ Որտե՞ղ է քաղաքակրթող արարը, երբ մարմնի մի կեսը ելնում է մյուսի դեմ։ Որտե՞ղ է այն խոսքը, որ մարդուն հաշտեցնում է մարդու հետ․․․»․ ասում է Անթեն։

«․․․Որոնք իրենց զոհերի արյունը պարզում են ի ցույց աշխարհի՝ հաղթական ավարի պես»․ ասում է Օդեսսան։

 «․․․Միայն մահն է ազատագրում անարդարության ճիրաններից․․․»․ ասում է Նուրիցան։  

«․․․Բանականությունն ու կիրքն անհամատեղելի բաներ են, որ ձեթի ու ջրի պես դրանք երբեք չեն միախառնվում․․․»․ ասում է Թեոսը։

«․․․Պատիվ, աստվածներ, սեր, հույս, խոստում, դժբախտություն, ամոթխածություն․ չե՞ս հոգնել ռազմատենչ այդ բառերից։ Ինչո՞ւ դրանք չես մխում դռանդ ճակատին․․․»․ ասում է Թեոսը։

«․․․Որտե՞ղ է հացը։ Որտե՞ղ է գինին։ Ինչո՞ւ ամեն անգամ ինչ-որ բան ունենալու համար պիտի ատամներդ ցույց տաս։ Ինչո՞ւ պիտի ուզածիդ հասնելու համար մշտապես մահվան կորը գծես մարդկանց աչքերում․․․»․ ասում է Անթեն․ «․․․Ես խմում եմ նրանց կենացը, ովքեր ինձ չեն սիրում։ Գինի՛ տվեք ինձ, քամի՛ տվեք ինձ․․․»։

«․․․Ներելը մի հաճույք է, որ վրեժխնդրությունը երբեք չի կարող քեզ պարգևել․․․»․ ասում է Էլիասը։

«․․․Գայլերը երբեք գառնուկ չեն դառնում․․․»․ ասում է Նուրիցան։

Հզոր հակասություններ, արժեհամակարգային հզոր բախումներ, մտածողական շերտերի հզոր ընդհարումներ, իրողությունների երևակման հզոր պայքարներ, որոնք գալիս են Սիմոն Աբգարյան գրողի, դրամատուրգի «Պենելոպե, օ՜, Պենելոպե» հզոր դրամատուրգիական երկի ակունքներից և բեմում իրականություն են դառնում հզոր դերասանական խաղի, հզոր դերասանական արվեստի շնորհիվ։

Նարինե Գրիգորյան, Վարշամ Գևորգյան, Նարեկ Բաղդասարյան, Ալլա Սահակյան, Տաթև Հովակիմյան, Անդրանիկ Միքայելյան, Միլենա Ղազարյան․ ի՜նչ ահռելի ծանրություն է դրված նրանց ուսերին և ի՜նչ պատվով, դերասանական ի՜նչ վարպետությամբ, բեմական ի՜նչ հավատով են նրանք տանում այդ ահռելի ծանրությունը։

Նարինե Գրիգորյանի Դինահը․․․

Նարինե Գրիգորյանը խաղում է ինքն իրեն, խաղում է իր ապրած կյանքը, իր ապրած ժամանակը։ Խաղում է․․․ «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է․․․»։

«․․․Ես հավատարիմ եմ մնացել նրան, որովհետև ինքս եմ այդպես ուզել, հավատարիմ եմ մնացել ոչ թե հորդ մարմնին, այլ՝ ինձ, իմ տված խոսքին՝ անշոշափելի այդ խոստումին։ Հավատարիմ մի սիրո, որը ես էի ցանկանում․․․»․ ասում է Նարինե Գրիգորյանի Դինահը։

Բայց սա կոդ է, սա բանալի է, սա գաղտնագրում է։ Սա գաղտնագրում է Նարինե Գրիգորյան հանճարեղ մարդու հարաբերությունն իր հետ, իր երկրի հետ, իր ճանապարհի ու իր ճակատագրի հետ, իր դառնությունների ու պարտությունների հետ, իր սկզբունքների հետ։ Նարինե Գրիգորյանի համար այս պատմությունն ապրված պատմություն է, ինչպես և ապրված պատմություն է Սիմոն Աբգարյանի համար․․․։

Ի՜նչ ապրված կերպար է Վարշամ Գրիգորյանի Էլիասը․ «․․․Սրանք արցունքներ են, որ խնդությունն ու տխրությունը խլում են իրարից․․․»․ ասում է Վարշամ Գրիգորյանի Էլիասը և դերասանի ապրումը ողջ ներկայացման ընթացքում ամբողջությամբ տեղավորվում է այս ընդգրկուն մեկնության մեջ․․։

Ի՜նչ խորքային շերտերով է Ալլա Սահակյանը կերպավորում Նուրիցային։

Էպիկական մայրը, առասպելաբանության մայրը, միֆական մայրն իր ողջ շքեղությամբ։ «․․․Քսան միլիոն տարին երկար ժամանակամիջոց է, իրարով հարբած ու հավետ անհագ՝ երիտասարդ այդ աստվածները հիմա կարող են երգել ու բա՛րձր գոռալ ի լուր աշխարհի․ «Ես քա հացն եմ, ես քո գինին եմ»»։

Արդյո՞ք կարող են, արդյ՞ոք քարանձավից դուրս գալու ժամն է կամ՝ պատեհությունը։

«․․․Ճիշտ է, պատահում են ազնիվ զավակներ, որոնց հայրերը ավարտված սրիկաներ են եղել»․ այս պնդումն անում է Թեոսը, բայց այս պնդումն իր հիասքանչ կերպավորմամբ մերժում, ժխտում է Նարեկ Բաղդասարյանի Անթեն։ Նա սքանչելիորեն ապացուցում է, որ լինում են զավակներ, որոնք ավարտված սրիկաներ են իրենց հայրերի նման։

Ի՜նչ հզոր է Տաթև Հովակիմյանի Օդեսսան։

Նա մարդու մեջ ապրող պայքարների մարմնացումն է։ Նա այդ պայքարների պայքարն է։ Նա կարող է լռեցնել, բորբոքել, զսպել խարդավել։ Նա միշտ պայքարի հարթությունում է՝ այնք՜ն բնորոշ Տաթև հովակիմյան տաղանդավոր երևույթին։ Նա միշտ խաղում է։ Խաղում է անգամ այն ժամանակ, երբ լուռ նստած է բեմին։ Նա Տաթև Հովակիմյանն է, որ մշտապես կրում է ծանրության մի ահռելի բաժին։ Նա դերասանուհի է, որ ողնաշարի գործառույթ ունի միշտ։

«․․․Դո՛ւրս եկ քո անձավից, ապրի՛ր, գեղեցկությունը սպասում է քեզ քսան միլիոն տարուց ի վեր, գնա՛, պառկի՛ր նրա կողքին․․․»․ սա ևս Տաթև Հովակիմյանն է։

Ուժեղ կերպարներ են և Անդրանիկ Միքայելյանի Թեոսը, և Միլենա Ղազարյանի Սոֆյան։

«․․․Ճիշտ է, պատահում են ազնիվ զավակներ, որոնց հայրերը ավարտված սրիկաներ են եղել»․ սա Թեոսն է՝ ազնիվ զավակը և այսպիսի Թեոսն Անդրանիկ Միքայելյանի կերպավորմամբ կայացել է։

«․․․Ես քո սիրո  բռնակալը չեմ, մա՛յր։ Ես ընդամենը քո տղան եմ։ ․․․ Սանձեր, ահա այն ամենը, ինչ դու տվել ես ինձ, սանձեր։ Դա՛ էր քո նվերը։․․․ Ես ուզում եմ ամբողջ երկինքը ճաշակել, հեծնել հոսանքներին, լողալ օդում, տեսնել աշխարհը՝ մարմնական այս աչքերով․․․»․ այս պարագայում էլ կարելի է շա՜տ խորքային եզրակացություններ անել Սիմոն Աբգարյանի դրամատուրգիական մոտեցումների մասին՝ գալով մայրերի ու որդիների անհավանական թվացող կապից մինչև մեր ժամանակների դրանց փոխակերպումներ։

Միլենա Ղազարյանը նույնպես իր տարերքի մեջ է․

Նա իր պորտալարով շա՜տ ավելի կապվում է Անթեի հետ։ Գուցե ավարտված սիրկա չէ, բայց նույնն են մոտիվները։

Որքան էլ ուրիշ ճանապարհներ, արահետներ ու ուղիներ են հունական դիցաբանության հոմերյան պատումի՝ սիմոնաբգարյանական մոդելավորման հանգույցները, գուցե, իրոք, «Պենելոպե, օ՜, Պենելոպե»-ն սիրո և նվիրումի, դավաճանության և հավատարմության, կրքի և ցանկասիրության, հիշողության և մոռացումի, ազատության և անազատության, պատերազմի և հայրենիքի, վրեժի և արյան, ցասումի և խաղաղության, սպասումի և մոռացումի մասին է՝ արված բեմադրական արվեստի և դերասանական հզոր անսամբլի ներդաշնակության վրա հենված բեմանկարչության, լույսի նկարչության, զգեստների, երաժշտական ձևավորման ու երաժշտական ներխուժման, բեմական էֆեկտների, բեմական սքանչելի խոսքի, փոխոխվող բեմավիճակների խիստ ժամանակակից, խիստ ասելիքային, նպատակային ընդգծումներով և  միֆականության ու էպիկականության թատերային ու ասելիքային շեշտադրումներով միաժամանակ։

Տատյանա Բուրել, Թամարա Բարոյան, Զարուհի Թարխանյան, Տաթև Ղազարյան, Անուշ Բարոյան, «Վանական» ռոք խումբ․ ահա մարդիկ, որոնց ջանքով ու նվիրումով է նաև իրականություն դարձել թատերական հերթական հրավառությունը՝ վառ, շա՜տ լույսով ու լույսի շա՜տ մեծ հետագծով։     

«Ազատագրի՛ր ինձ ավանդույթի լծից․․․»․ ասում է Դինահը։

Այստեղ է գաղտնագիրը, այստեղ է ծածկագիրը, այստեղ է անցաբառը, կարծում եմ։ 

Ազատագրվել ավանդույթի լծից, բացել աչքերը և նայել ճշմարտության իրական դեմքին՝ թեկուզ Պենելոպեի կերպով և նմանությամբ։

Արայիկ Մանուկյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

ԶՐՈՒՅՑ

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 90

hrantmatevossian.org

ԿԱՐԴՈՒՄ ԵՆՔ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

ԽՈՍԻՐ ԻՆՁ ՀԵՏ

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 90