«ՀԱՅԵՐ»-ի
հիմնադիր,
գլխավոր խմբագիր
Ժուռնալիստիկան
համարում է
սեփական
«ստորագրության
պատվի»
մասնագիտություն:
Հավատացած է, որ
«Հորինել
պետք չէ՝ ոչ
երկիր, ոչ
պետություն,
ոչ էլ
կենսագրություն:
Պատասխանատվությունն
ըստ ապրված
կյանքի է
լինելու:
Ոչ թե ըստ
հորինվածի»:
Իսկ անքննելի
այս սահմանումը
հեղինակել է իր
ամենաժուռնալիստ
ընկերը՝ Այդին
Մորիկյանը:
ԲԱԳՐԱՏՅԱՆՆ է խոսում
Նախ ասեմ, որ այսպիսի վերնագրի ընտրությունը պայմանավորված է երկու հանգամանքով. Ա. Հրանտ Բագրատյանը սիրում է իր մասին խոսել երրորդ դեմքով և, Բ. այսպիսի շարադասությունը միտված է ուշադրության սևեռացմանը: Հիշո՞ւմ եք՝ սովետալևիտանյան «Говорит Москва»-ն, որը թարգմանվում է «Խոսում է Երևանը», բայց որը Հրաչուհի Ջինանյանի «աղքատ» հայերենի փայլուն լեզվիմացության և լեզվաընկալման շնորհիվ դարձավ «Երևանն է խոսում»՝ փոխելով բառակապակցության գաղափարախոսական շեշտադրումը:
Այժմ Հրանտ Բագրատյանի տնտեսալեզվաբանական, հայագիտահայրենագիտական առաջարկների և դատողությունների մասին: Անշուշտ, դրանց չէի անդրադառնա, եթե դրանք լինեին զուտ բագրատյանական «դրայվի» դրսևորումներ, բայց դրանք ավելին են, քան «դրայվոտ» սեթևեթանքները:
Այն, ինչ արեց Հրանտ Բագրատյանն իր առաջարկներով, դատողություններով, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետները և մեդիագրագետները կվկայեն, որ դրանք դասական տրոլինգի օրինակներ են: (Բառը չեմ թարգմանում, մեր «աղքատ» լեզուն մեկ բառով ևս հարստացնելու բագրատյանական մոտիվացիային տուրք տալով: Թեև չգիտեմ՝ տրոլի՞նգ, թե՝ թրոլինգ, տրոլինգ մեկ «Լ»-ո՞վ, թե՝ երկու: Մեր «աղքատ» լեզվի տառադարձման, բառաստեղծման հնարավորություններն անսահմանափակ են):
Բայց կարևոր չէ: Կարևորն այն է, որ տրոլինգը ցանցային շփման մեջ սոցիալական պրովոկացիայի ձև է, որն օգտագործվում է ինչպես պերսոնիֆիկացված մասնակիցների կողմից, որոնք ունեն ավելի մեծ ճանաչողություն ձեռք բերելու, առավել հանրայնացվելու, մոռացության չմատնվելու, էպատաժի կարիք, այնպես էլ անանիմ օգտատերերի կողմից, որոնք ունեն ոչ իդենտիֆիկացված գործելու խնդիր:
Իսկ տրոլինգի նպատակները տարբեր են. հանրության ուշադրությունը որևէ առավել ակտուալ խնդրից կամ խնդիրներից շեղելը, հանրային դիսկուրսի, հանրային կարծիքի կեղծ օրակարգեր ձևակերպելը, տեղեկատվության ազդեցության գոտում առկա աուդիտորիաների մեծացումը և այլն:
(Ի դեպ, մինչ այս պահը օգտագործված շատ բառեր՝ «դրայվ», «պերսոնիֆիկացված», «էպատաժ», «անանիմ», «ոչ իդենտիֆիկացնել», «ակտուալ», «դիսկուրս», «աուդիտորիա» և այլն ցուցադրաբար հայերենացված չեն, թեպետ ունեն սքանչելի համարժեքներ, և Աստված է վկա, որ այդ բառերով գրված հայերենը շատ լավ հայերեն չէ):
Եվ այնուամենայնիվ, տրոլինգ երևույթի վտանգավորությունը բագրատյանական տրոլինգի ողջ օրերին ստիպեց խորհել բագրատյանական լեզվառեֆորմների մի քանի ասպեկտների շուրջ:
Նախ ուզում ես հասկանալ, թե ինչպես է թարգմանված բառը աղքատացնում լեզուն: Թեկուզ՝ թվաբանորեն:
Եթե ասենք Բագրատյանի խնդրո առարկա «ինֆլիացիա» բառը թարգմանվել է հայերեն, հայերենում ստացվել է երկու բառ՝ «ինֆլիացիա» և «գնաճ»: Կարծեմ որևէ օրենքով արգելված չէ «ինֆլիացիա» բառի օգտագործումը և կասեցված, սառեցված չէ նրա գործածումը լեզվական միջավայրում: Այս դեպքում ստացվում է, որ «ինֆլիացիա» բառի ներմուծման և թարգմանության շնորհիվ հայերենը հարստացել է երկու բառով: Ավելին, ըստ ասելիքի իմաստաբանական կողմի կարելի է օգտագործել այդ բառերի իմաստային ողջ ընդգրկումները: Նույնիսկ մեկ տեքստի մեջ է հնարավոր օգտագործել երկու բառերը՝ իմաստային տարբեր ընդգրկումներով:
Այսպես է նաև բագրատյանական մեկ այլ խնդրո առարկա բառի՝ «ինդեքսի» պարագայում: Եվ այսպես է ընդհանրապես:
Եթե թվաբանական գիտելիքներս և տրամաբանությունս չեն բավարարում լուծելու այստեսակ խնդիրներ, գուցե լինեն համարժեք արձագանքներ, բացատրություններ:
Բացառապես տրոլինգային է Բագրատյանի այն միտքը, որ «աշխարհում հայտնվում է տարեկան 3000-5000 բառ, դրանց մի ճնշող մեծամասնությունը կամ մեր վրա չի ազդում կամ մենք պարզապես թարգմանում ենք: Այսինքն մեր մոտ բառ չի ավելանում: Եթե ասենք աշխարհում ավելանում է 3000, մեր մոտ կարող ա ավելանալ 100 բառ, 150 բառ և լեզուն, համեմատաբար մյուս լեզուների հետ կրճատվում է, քիչ գործածելի է դառնում...»:
Այս պնդմամբ Բագրատյանն աշխարհը (ողջ աշխարհը) և մեզ (առայժմ՝ Հայաստանը և ոչ Արմենիան) դնում է դեմ դիմաց, կշեռքի երկու նժարներին՝ աշխարհ vs Հայաստան: Եթե աշխարհում հայտնվում է 3000-5000 բառ, իսկ աշխարհում կա 200-ից ավելի պետություն, կնշանակի, որ միջինը յուրաքանչյուր պետությունում ստեղծվում է 15-25 միջին վիճակագրական բառ: Եվ եթե աշխարհում ավելանում է 3000 բառ, այսինքն միջին վիճակագրական 15 բառ յուրաքանչյուր պետությունում, կնշանակի, որ բառաստեղծման գծով մեր «աղքատ» լեզվի ստեղծած 100, 150 բառը Հայաստանը կանգնեցնում է վագրային թռիչք ապրող երկրների շարքում նաև լեզվական առումով:
Եթե այս պարագայում ևս թվաբանական և տրամաբանական գիտելիքներս չեն բավարարում, օգնության համար ուղղակի երախտապարտ կլինեմ:
Մեկ այլ տրոլինգային պնդմամբ Բագրատյանն արձանագրում է, որ «1000 տարի առաջ ամենայն հավանականությամբ, հայոց լեզուն բառապաշարով, բառերի քանակով 5-6 անգամ ավել ա եղել, քան թե անգլերենը: Էսօր առնվազն 7 անգամ պակաս ա»:
Այս պնդումից հետո ամենապրիմիտիվ արարածն անգամ պետք է հարց տա հասարակագետ, մտավորական երբեմնի վարչապետին. իսկ ի՞նչ տարածքում էր ապրում հայ ժողովուրդը սրանից 1000 տարի առաջ, որքա՞ն էր հայ ժողովրդի թիվը, լեզվական ի՞նչ ազդեցությունների, ի՞նչ միջավայրերի գոտում էր հայերի երկիրը, և հայոց լեզվի ի՞նչ բառապաշարի մասին է խոսքը, և արդյոք այդ բառապաշարը աղտեղե՞լ, թե՞ հարստացրել է մեր լեզուն, ի՞նչ եղավ դրանից հետո հայ ժողովրդի հետ, ի՞նչ ազդեցություն թողեցին հայոց երկրի բնաջնջումները, ցեղասպանությունները, զանգվածային արտագաղթերն ու հայրենազրկումները:
Եթե բագրատյանական պնդումներն արվեին այս կտրվածքով, այստեսակ ելակետերից և ստացվեր նույն արդյունքը, այն տրոլինգային չէր լինի, կձգտեր դեպի հասարակագիտականը, դեպի գիտականը: Հակառակ դեպքում տրոլինգային է:
Իսկ որևէ տրոլինգ կամ որևէ մանիպուլյատիվ նպատակ չի կարող լեզուն ենթարկել թվաբանական հաշվարկների: Տնտեսագիտությանը գուցե հարկավոր է լեզու, բայց լեզվին տնտեսագիտություն հարկավոր չէ:
Ահա տրոլինգային երևույթի ևս մեկ ապացույց: Հրանտ Բագրատյանն ասում է. «...աշխարհում կա տարեկան 1,5 միլիոն պատենտ: 1,5 միլիոն նոր բառ ա ավելանում: 500.000-ն անում ա Չինաստանը, 250-300. 000 անում ա Հարավային Կորեան, Ամերիկան անում ա 100-200 հազար, ամբողջ Եվրոմիությունը իրար հետ 50 հազար, Ռուսաստանը 14.000: 200-1200 հայերն են անում: Նոր անուն ես մտցնում: էդ ինչի՞ անգլիացիք հայերի էդ 200 բառը պատրաստ վերցնում դնում են իրենց լեզվի մեջ: Արդյունքում իրենց լեզուն 1 միլիոն բառ ունի»:
Տրոլինգի պարագայում ենթագիտակցական ազդեցություններ թողնելու, ամբոխին մանիպուլացնելու, օրակարգեր ձևավորելու համար ընդունված է օգտագործել անծանոթ ու բարդ անուններ, դժվար ըմբռնելի տերմիններ, թվեր, գումարում-հանումներ, բաժանում-բազմապատկումներ, գերվերացարկված մտքեր, որովհետև ամբոխը սարսափում է անհասկանալի բաներից, դրանց առաջ ընկրկում է:
Ենթադրենք որոշենք, որ աշխարհի 1,5 միլիոն պատենտից մի երեք հարյուր հազարը «պատրաստ վերցնում ու դնում ենք մեր լեզվի մեջ»: Վաղը մեր լեզվում, որպես մեր լեզու կարդալու ենք «դրայվինգ շիթս», «սմարտվոչ», «կոնտակտ լինզ» և այսպես 300.000 բառ: Չեմ ուզում «հայերեն» գրել նաև «Determining routing points and delivery points», «Customer service agent to customer connection», «Mitigating network attacks», «Electrowetting display device with shaped colour filter», «Three dimensional terrain modeling» և այլն: Սրանք առաջատար, տրանսնացիոնալ ընկերությունների վերջերս գրանցած պատենտներ են: Իսկ ռուսական պատենտներից նույնիսկ կարելի է ընկնավորել. «труборез», «Волокноотделитель» և այլն: Դե հիմա ասեք «տրուբառեզ»:
Տրոլինգային չէ՞ Հրանտ Բագրատյանի պնդումը, թե «ռուսները խոսում են նրա մասին, որ իրենք ունեն 400.000 բառ»:
Այո, ռուսները բոլոր բառերը սեփականելու մարմաջ ունեն: Ռուս ֆուտբոլային մեկնաբաններն անգամ խոսում են անգլառուսերենով: Նրանք սեփականել են «goalkeeper» բառը և սեփականի նման ասում են «голкипер», կամ «save» բառը և ասում են «сейв», կամ «forward» բառը և ասում են «форвард» և այլն:
Արդյոք, ըստ Բագրատյանի հայերենում պետք է՞ ասենք «գալքիպեր», «սեյվ», «ֆորվըրդ» և այլն՝ համարելով, որ հարստացրել ենք մեր «աղքատ» լեզուն այս «բառ ինստիտուտներով»: Այսպե՞ս պետք է հասնենք 400.000 բառի էֆեկտին: Ի դեպ, հուրախություն Հրանտ Բագրատյանի ասեմ, որ հայ ֆուտբոլային մեկնաբանները նույնպես տառապում են այդ անբուժելի հիվանդությամբ: Նրանք էլ են հիանում «ֆորվըրդների» գոլերով ու դարպասապահների «սեյվերով»: Իսկ հայկական եթերն ուղղակի հեղեղված է նման և այլ կարգի մառազմատիկ «հայերենով»՝ «ուռոդ», «դեբիլ», «պրաշլյագ», «բոմբ», «ատկազ» և այլն:
Կարո՞ղ ենք հաշվել, որ հայկական եթերը լծված է մեր «աղքատ» լեզուն հարստացնելու սուրբ գործին և գուցե մի կես միլիոն բառով արդեն հարստացրել է: Հաշվելու «ներվ» չկա:
Զարմանալիորեն, մեր վարչապետ այրերը՝ գործող, թե երբեմնի, յուրահատուկ լեզվազգացողություն ունեն:
Իսկ անգլիացիները կարող են «մեր 200 բառը հանգիստ վերցնել ու դնել իրենց լեզվի մեջ», (եթե դրել են, իհարկե), որովհետև, երբ Հրանտ Մաթևոսյանին հարցնում են
«-Ինչի՞ց կուզենայիք փրկել ծմակուտցի և ոչ ծմակուտցի մարդուն»,- պատասխանում է. «-Հավակնոտ այն մշակույթից, որ բանակներ է գումարում, իր իդեալները զենքով տանում ուրիշի երկիրը, փաթաթում մարդկանց վզին, կարծես մարդուց էլ մեծ իդեա կա: Հիշենք և նզովենք Ալեքսանդր Մակեդոնացուն, Նապոլեոնին, Հիտլերին...»:
Իսկ բառերը, լեզուն նույնպես զենք է, բայց սա այլ խոսակցության նյութ է:
Ինչո՞ւ է այս ամենը կեղծ օրակարգ: Որովհետև հայոց լեզուն երբեք չի ընդդիմացել այն բառերի առջև, որոնք ժամանակի ընթացքում ընկղմվել են լեզվի մեջ, հարմարվել են լեզվական միջավայրին, ընդունվել են լեզվակիրների կողմից, և ընդհակառակը, հայոց լեզուն միշտ արժանապատվորեն դուրս է մղել այն բառերը, որոնք չեն հարմարվել, չեն տեղավորվել միջավայրում, լեզվական տիրույթում, լեզվակիրների կողմից:
Այսօր մենք հայերեն թարգմանված համարժեքներին զուգահեռ օգտագործում ենք օնլայն, դիզայն, կոմունիկացիա, կոմպյուտեր, սմարթ, ինժեներիա, մենեջմենթ և այլ բառեր և մեր լեզուն դրա դեմ առանձնապես չի ըմբոստանում:
Այո, թերևս խնդիրներ կան մասնագիտական լեզուների հետ: Նկատի ունեմ բժշկական հայերենը, տնտեսագիտական հայերենը, մաթեմաթիկական հայերենը, արվեստաբանական, մշակութաբանական, գրականագիտական հայերենը և այլն, բայց այս խնդիրները ոչ մի աղերս չունեն բագրատյանական տրոլինգային բարձրաձայնումների հետ:
Թեպետ պետք է ընդունել, որ ժամանակակից հայոց լեզուն շատ սահուն և շատ ներդաշնակորեն կարողանում է կիրառել նոր եզրույթներ՝ չանելով իմաստաբանական թարգմանություններ: Դրանք արտացոլված են ժամանակակից հայ մշակութաբանների, արվեստաբանների գրվածքներում, տնտեսության տարբեր ոլորտների մասնագետների հրապարակումներում:
Ի վերջո, այդ եզրույթները ժամանակի մեջ մնալու են կամ չեն մնալու բնական ճանապարհով: Եթե «хирург»-ը փոխարինվեց «վիրաբույժ»-ով և «վիրաբույժ»-ը՝ պահպանելով նաև «խիրուրգ» համարժեքը, շատ ներդաշնակորեն մտավ լեզվի մեջ, ապա «анестезиа»-ն ոչ մի կերպ չփոխարինվեց «թմրաքունություն»-ով, ինչպես և «анестезиолог»-ը՝ «թմրաքունող»-ով: Այդպիսի բան է լեզուն:
Ասեմ նաև, որ ժամանակակից և արդի հայ գրականությունը ևս լեզվաստեղծման և լեզվահարստացման հրաշալի նմուշներ ունի, որոնք հրաշալիորեն արտահայտված են ժամանակակից հայ գրողների ստեղծագործություններում:
Պարույր Սևակի չափածոյի բառարանն ունի 26.600 բառ: Չարենցի, Տերյանի, Մաթևոսյանի բառարաններ չունենք, բայց, ինչպես արդեն նշել եմ, չեմ ուզում լեզվաբանական խնդիրների անդրառանալ, անդրադառնալ հայոց լեզվին, վիճաբանել նրա «աղքատ» լինելու կամ չլինելու շուրջ: Անհամեստություն չլինի, դրա համար ես բավականաչափ լավ եմ տիրապետում հայերենին, բայց այն դուրս է տրոլինգի խնդրից: Ուղղակի կխնդրեի հարուստ լեզուներին տիրապետողներին, այդ լեզուներով գրքեր գրողներին իրենց գիտցած լեզուներով թարգմանել «աղքատ» հայերենի թեկուզ այս երեք նմշուշը. «Ցավդ տանեմ», «Աչքդ լույս» և «Եղբայր պատվական»: Օգուտն ավելի մեծ կլիներ:
Հ.Գ.
Բոլոր նրանք, ովքեր լավ չեն տիրապետում հայոց լեզվին, շատ հաճախ են դժգոհում, թե այս կամ այն հայերեն բառը լավ չի հնչում, լավ չի նստում իրենց ականջին և այլն, ոչ մի կերպ չցանկանալով հասկանալ, որ խնդիրն ականջում է:
Ճիշտ այդպես КВН-ային մշակույթի կրողները, որոնք վերջին տարիներին ասպատակեցին հայ մշակույթը, համոզված են, որ հայերենով հումոր չի լինում անել, այնինչ նրանք ուղղակի չեն կարդացել Պարոնյան, Օտյան, Կամսար, Շահնուր և այլն:
Ճիշտ այդպես ժամանակակից սերիալաստեղծ հորդաները համոզված են, որ իրենք են ամենահանճարեղ սցենարիստները, այնինչ նրանք ուղղակի ծանոթ չեն հայ գրականությանը՝ Պռոշյանից մինչև Վարդգես Պետրոսյան, Մանուկ Մնացականյան, Ռուբեն Հովսեփյան, Ժորա Հարությունյան, Պերճ Զեյթունցյան և այլն: Իսկ մինչսերիալային հայ կինոյում հայ գրականությունն էր դրամատուրգիական հիմքը և գրականությունն ընդհանրապես:
Եվ ևս մեկ Հ.Գ.՝ վերադառնալով Բագրատյանին
Ոչ մի կերպ հնարավոր չէ ասել, որ «անգլերենն առաջացել է ֆրանսերենից»:
Ոչ մի կերպ: Անգլերենն ունի կելտական, լատինական, գերմանական ծագումնաբանություն, բայց ոչ մի կերպ չի առաջացել ֆրանսերենից: Ֆրանսիական ազդեցություններ ունեցել է շատ քիչ, բայց իր զարգացման փուլերը կապված են կելտական, լատինական, գերմանական արմատների հետ:
Այս «հայտնագործության» համար միայն անգլիացիները կարող են պերսոնա նոն գրատա հայտարարել Բագրատյանին: Նրանք շա՜տ են զգայուն: Զգույշ է պետք լինել:
Կոմիտասյան հանճարն էլ պայմանավորված չէ, ոչ մի կերպ պայմանավորված չէ հինգ նոտայով գրված երաժտությամբ: Արդեն ավելի քան քսան տարի Հայաստանում ամենուր հնչող երաժշտությունը նույնիսկ երկու-երեք նոտայից է բաղկացած, բայց հանճարեղ չէ: Նույնիսկ լսելի չէ: Զզվելի է: Կոմիտասյան հանճարը «աղքատ» հայոց լեզվի մեջ է: Նա հայերեն չէր խոսում, երբ դեռ Կոմիտաս չէր: Կոմիտաս դարձավ, երբ հայերեն խոսեց:
Արայիկ Մանուկյան