Թեմիկ Խալափյան
Թեմիկ Խալափյան

 


 

«Բանաստեղծ պետս ու...տատը». ԹԵՄԻԿ ԽԱԼԱՓՅԱՆ

 

Ես բնածին տաղանդ եմ,- ասաց իմ պետը մի օր ինձ՝ հայացքս դեպի պրոլետարիատը աշխատանքային ստաժ կուտակողիս։

Թե ինչու ինձ իր տաղանդի մասին հայտարարություն արեց, չեմ կարող ասել։ Կամ, խոսքի օրինակ, ասենք, մյուս աշխատողին էլ էր այդպես ներկայացե՞լ, որը բավական հետաքրքիր, անզավակ մի օրիորդ էր, ինձնից շուտ էր աշխատանքի ընդունվել, կարճ շրջազգեստ էր հագնում, ինքն էլ՝  ներշնչո՜ղ։ Միգուցե և ասե՞լ էր։

Էդ հանգամանքը ընդունեցի՝ որպես իրեն ներկայացնելու մի ձև։ Ինչև է, դե, ասաց, այն էլ առանց նախաբանի կամ, ասենք, առանց իմ՝ նախապատրաստական շրջանն անցնելու։ Միգուցե իր բնածին տաղանդով ինչ-որ բաներ էլ էր տեսնում իր նոր ենթակաների մեջ։ Ո՞վ գիտի։

- Ստեղծագործելու, հատկապես բանաստեղծության հանդեպ, ես, տղա ջան, մեծ սեր ունեմ, թուլություն ունեմ, այսինքն, որ ճիշտն ասեմ, հլա պզտիկ տարիքից։ Պզտի տղա էի, որ զգացի բնության մեջ եղած բանաստեղծականի գոյությունը …Իմ թայ ուրիշ տղերքը հավալլա կթռնեին կամ էշ միլիցա կխաղային, իսկ ես, կտեսնեի, խոսքի օրինակ, մի ծաղկի՝ հենց սրտամիջում մեղուն՝ իր տուն ու տեղը թողած ինչ- որ բան փնտրելիս։ Ոչ թե կնայեի ու կանցնեի, կտեսնեի՜, ու հոգիս տակնուվրա կլիներ, տեսածիս գեղեցկությունից կտանջվեի՜։ Նրա համար, որ ես էդ գեղեցկությունը շատ ուժեղ էի հասկանում, իսկ նրանց ի՞նչ, հե՛չ պետքները չէր։ Էշ էլ մեծացան։

-Կուզեի, - ասում է, - մի անգամ էլ գնայի գյուղ, բնության գիրկը, նորից տեսնեի էդ հրաշքը, կուզեի, - ասում է, - անվերջ նայել էդ հրաշքին։ Երբեք, - ասում է, - էդպիսի հրաշք տեսած չկամ, ախր է՜։ Տեսնեի՜ նորից, ներշնչվեի՜ էդ հրաշքով, սիրտս հովանար։

Պետս ինձնից շուտ էր աշխատանքի գալիս։ Մինչ իմ գալը, նա արդեն իր գրասեղանին մի քանի բանաստեղծություն ուներ գրած, որը՝ ջնջած, որը՝ ցաքուցրիվ փռած սեղանին, ձախ ձեռքի ցուցամատը ձախ քունքին բռնած կենտրոնացած էր լինում իր նոր բանաստեղծական մտքի վրա։

- Թեկուզ մի հատ, օրինակի համար՝ մի հատ տպեին,- ասաց մի օր, բարևիս պատասխանելու փոխարեն։ - Շատ եմ ուզում տեսած լինել, թե ինչ տեսակ կընդունվի հասարակության կողմից։ Մարդիկ ի՞նչ կմտածեն կարդալուց հետո, է՜հ։ Հարյուրամյա տատիս եմ ախր խղճում, - ասում է, - որ ամեն տուն մտնելուց հարցնում  է.- Բալա ջան,  չտպեցի՞ն։ Հոգեդարձ ըլնելով եմ ապրում ախր, ասում է,- էլ չեմ դիմանում, տեսնեմ, հոգիս ավանդեմ գնամ հավերժ հանգստի։

Երբ ինքն ինձնից ուշ էր գալիս աշխատանքի, ուրեմն ինչ-որ խմբագրությունների դռները ծեծելու էր գնացած լինում։ Մի օր էլ ուշացած իրեն ներս գցեց, կտրուկ գլխարկը՝  կեպին, դուրս քաշեց գլխից, մի կերպ հարմարեցրեց պոետական մտքերով ներծծված գլխարկի ծանրությունից կոտրված ու սևացած կախիչից, անցավ իր սեղանի հետևը ու փռվե՜ց աթոռին, այնպես տխրվա՜ծ տեսքով։ Հենց պոետական պաթոսով, թշերը ուռցրած, պատուհանից դուրս նայելով մի քանի անգամ աղմուկով ներս ու դուրս փչեց օդը, մատներով կտկտացնելով իր սեղանին թողած ձեռագիր, դեռևս անտիպ բանաստեղծությունների թղթերին։

- Խմբագրությունից եմ գալիս,-ասաց՝ առանց իմ կողմը նայելու։

- Հը, ոնց է։ Չե՞ն վերցնում էլի։

- Չե՛ն վերցնում, էդ բյուրոկրատ, կորեկ ուտող խմբագիրները։

- Իսկ ի՞նչ են ասում։

- Չգիտեմ, գուցե իմ տեխնոկրատ կրթությանս են կասկածում կամ, ասենք, սոցծագումիս։ Ո՞վ գիտի։ Թող հե՛չ չկասկածե՜ն դրանք։ Տեղովս գյուղացի եմ որ կամ՝ ուղնուծուծով պրոլետարիատին նվիրված։

- Գուցե էդ խմբագրին էլ հենց էդպես էլ ասեիք, բանաստեղծ՝ հոտաղից, կամ նման մի տեղից։

- Ասում են՝ ժամանակի հետ համահունչ չեն բանաստեղծություններդ։ Դա արդեն չեղա՜վ։ - Սրա՞նք չեն համահունչ, էս բանաստեղծություննե՞րը։ Ոնց չեն համահունչ, հը՞, որ հլա դեռ մի մատ երեխա, բնությունը զգացել եմ արդեն։ Անձս են վիրավորում, էդ կորեկով սնվողները։ Թող գոնե թաք մի հատ տպեն, հասարակության կարծիքը մի հատ իմանան, էն ժամանակ, բան չունեմ ասելու, խնդրե՜մ, եթե համահունչ չեն, ինչ կուզեն թող ասեն։ Թեկուզ կախաղան հանեն։ Կարելի՞ բան է, որ ոչ դես, ոչ դեն, հենց էնպես տեղը, վիրավորանք հասցնեն սովետական մարդուն։ Անձս են վիրավորում ախր, վերջապես։

Պետ-բանաստեղծիս գրոհներին հազիվ էի դիմադրում երբեմն, նրա հանդեպ ունեցածս հարգանքից դրդված, որ զանազան խմբագիրների փոխարեն գլխիս էր թափում իր պատկերացումները խմբագիրների վերաբերյալ։ Մի օր էլ թե. – Պիտի բալլադ կամ պոեմ գրեմ սրանից հետո, թեկուզ վեպ, բայց ոչ բանաստեղծություն։ Բանաստեղծության թարգը պիտի տամ, - ասում է, - վերջ էս էպոխային։

- Էդ ո՞նց հանկարծ,- ասում եմ։

- Ներշնչա՜նք, - ասում է։ Հիմի էլ արի ու սրա բալլադներին, պոեմներին դիմացիր, - մտածեցի։ Ես վերջնականապես ընկճվեցի, էլ ուժ չունեի դիմանալու, մտածում էի աշխատանքիս բնույթը փոխելու ուղղությամբ։ Մի կողմից էլ սիրտս թուլանում էր, տեսնելով, թե ինչպես է տանջվում էդ հոգի մարդը։ Ախր, մտածում եմ, մարդը ուրիշ տեսակի մարդ է։ Եվ ինքն էլ, ասեմ, վառվում է, զառանցում, բանաստեղծական ցավով բռնված, և անվերջ՝ երազների մե՜ջ։ Հոգի մարդ է տեղով, բայց բանաստեղծական տաղանդի պակասություն ունի։ Եվ դա էդպես է, որ կա։ Ի՞նչ կարող ես անել։

Մի օր էլ, երբ հերթական անգամ իր բանաստեղծական գործերով ուշանում էր, նստեցի ու իր գրասեղանի վրա թողած մի կիսատ բանաստեղծության տողատակից մի քիչ ներքև, իր ձեռագրին նմանակելով, ութ թե տասը տող բանաստեղծանման մի բան գրեցի՝ «Մեղուն ծաղկի մեջ» վերնագրով։

Արդեն մի երկու օր հետո, առավոտ կանուխ ներս եմ մտնում աշխատասենյակ ու բարևում եմ։ Իսկ պետս, նստած տեղից, այսպես ուրեմն, ձեռքը վեր է տնկում, հայացքը առանց պատուհանից կտրելու, ասում է.

- Վերջապե՜ս։

- Ինչ է, պոե՞մ եք գրել, - հարցնում եմ ահով։

- Սառույցը կոտրվե՜ց, - ասում է, - կոտրվե՜ց վերջապես, ու դեպի ինձ է հրում սեղանի վրա դրված բազմատիրաժ՝ «Պոմպագործ» թերթը, - կարդա՛, մատը դնելով կարմիր մատիտով շրջանագծված բանաստեղծության վրա։

Տպագրվածը՝ իմ բանաստեղծանման գրածս բանաստեղծությունն էր, պետիս՝ ստորագրությամբ։

- Փառք աստծո, ճանապարհդ բացվեց, - ասացի։

- Այո՜, - ասաց։

Մի քանի օր հետո կոլեկտիվով գնացինք իր տատի հոգեհանգստին։

- Հանգստությու՜ն էր ուզում, խեղճի սիրտը, - ասաց ձեռքսեղմումի ժամանակ, - փառք աստծո, իր ուզածով եղավ։

 

Թեմիկ Խալափյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ