Ադրինե Աճեմյան
Ադրինե Աճեմյան

 

Ադրինեն

լրագրող

դառնալ 

երազել է 

դեռ դպրոցում:

 

Մասնագիտությունը՝

հեռուստալրագրող:

 

Համոզված է,

որ լրագրողը

պետք է լինի

անկողմնակալ:

 

Անարդարությունը,

սուտը, իսկ

լրագրողի

դեպքում՝ 

կողմնակալությունը,

ոչ մի կերպ

չի հանդուրժում:

 

Ռեալիստ է:

Համոզված է,

որ գիտելիքից,

պաշտոններից

և ամեն ինչից

կարևորը 

մշտապես

Մարդ լինելն է:   

«...Բառերը մարդու հետ միշտ նույն կերպ են վարվում»: ԱՎԱԳ ԵՓՐԵՄՅԱՆ

 

 

Երբ արևի ու արևոտ օրվա սպասումի մեջ մեծ փաթիլներով ձյունը՝ արևից ու արևի մեր սպասումից անտեղյակ, մեզ պարտադրում է ընդունել իր ճերմակ իշխանությունը, Արև Պետրոսյանը, Arev Art Gallery-ն ու Հարություն Հարությունյանը հրավիրում են ըմբոշխնելու մեր ժամանակի լավագույն բանաստեղծներից մեկի՝ Ավագ Եփրեմյանի բառը, ըմբոշխնելու գինու, ջերմության ու լույսի մեջ, որովհետև Ավագ Եփրեմյանն իր նոր գրքով «հանդգնել» է  արձանագրել, որ «Երգչախումբը ցրվել է»:

Ու չնայած ըստ Ավագ Եփրեմյանի՝

«... Միայն այստեղ՝ իմ Երկրում է,

ուր կյանք են ասում

հույսին ու հուսահատությանը...»,

հույսն ամեն դեպքում հաղթում է հուսահատությանը՝ ու գոնե նրանք, ովքերԱվագի բառի հետ հաղորդակցվելու են գնում, կյանք են ասում հույսին ու միայն հույսին, ու ոչ երբեք՝ հուսահատությանը:

Վահագն Աթաբեկյանը հիշում է մեր Մեծին՝ Հրանտ Մաթևոսյանին. «... Երկրի վրա ինչ որ լինում է, լինում է նախ խոսքի մեջ...», ու ավելացնում է. « Խոսքի մեջ լինողի եւ ապա կատարվողի միջեւ կա՞ արդյոք տարածություն, եթե՝ այո, ապա որքանո՞վ ու ինչերո՞վ է այն տարողունակ։ Նա՞խ խոսքի մեջ, թե՞՝ պարզապե՛ս խոսքի մեջ, խոսքի պահին։ Իսկ գոյություն ունեցե՞լ է արդյոք խոսքից առաջը։ Աշտարակաշեն այդ ի՞նչ լեզու էր խոսվում մինչեւ մեծ խառնակությունը։ Ինչպիսի՞ հայերեն կլիներ դա։ Ահա հարցերի ոչ լրիվ, բայց այնուամենայնիվ շարք, որոնք պիտի հետաքրքիր լինեին Ավագ Եփեմյանին՝ այս գրքի կապակցությամբ կարծելովս, քանի որ – Ավագը թույլ չի տա կեղծիք – բանաստեղծության ընթացքը յուրօրինակ փոխկանչ է՝ երգչախմբի նախնական փորձի կամ աշտարակի քարը քարին դնելուց առաջ բառեր փոխանակելու գործողության հետ համեմատելի։ Փոխկանչ՝ այստեղ, ցածում ցաքուցրիվ գոյող, ու նաեւ այնտեղ՝ ավելի ու ավելի՛ ցավոք մեծամասնություն կազմող ավագագույն այլոց հետ...»։

«Բառերի մեջ բանաստեղծություն չկա,

բանաստեղծությունը մարդու մեջ է,

իսկ մարդը՝ բառերի»:

Ու մարդիկ, Ավագի բառի մարդիկ՝ որպես ցրված երգչախմբի բեկորներ, «հավաքում» են Ավագի բառը ու ընթերցելով Ավագին՝ հավաքում են ցրված երգչախումբը՝ յուրօրինակորեն շնորհանդեսելով գիրքը:

Երեկոյանում է, ձյունը դեռ պարտադրում է իր ճերմակը, արևի սպասումը մայր է մտնում, որովհետև գիշերն ավելի է մոտ, ու գինու ու լույսի մեջ, Արև Պետրոսյանի կապույտների, կարմիրների, դեղինների մեջ Ավագի բառն ասում է.

«Մեր հոգում արև կա:

Բայց հիմա գիշեր է»:

Ու որպեսզի հասկանանք Ավագին՝ գոնե, պիտի անցնենք «Երգչախումբը ցրվել է» նրա նոր գրքի «նախաբանի» ասեղի անցքով, ինչն էլ առաջարկում ենք «ՀԱՅԵՐԻ» կողմից՝ Ավագ Եփրեմյանի սիրահոժար թույլտվությամբ այն ամբոջությամբ հրապարակելով:

Միայն հիշենք, որ Ավագն ասում է.

«Երկիր իմ,

փոքրիկ

երգեցիկ

թռչուն,

դրսում մի՛ մնա,-

ցրտեր են

ու ցրտեր...»:

ԼՈՒՍԱՆՑՔ. ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՐԱՆՔՆԵՐ

Կարող եմ ենթադրել (այդպիսի հնարավորություն տրված է, եթե չասեմ՝տրվածը հենց միայն հնարավորություններն են), որ գաղտնիքն անունների մեջ է: Հույսի ավելորդից խուսափելու կարիքը ճշգրտում է եւ ընտրում փոքր-ինչ այլ տարբերակ. գաղտնիքն անվանելու մեջ է: Առաջինը «անկախ գոյություններ» է հուշում, իսկ երկրորդը ներկայացնում է մե՛ր Էական արարքներից մեկը՝գրականությունը:

Այսպիսով՝անվանե՛լ. լեզվի հնարավորությունների (ԱՅՍՏԵՂ՝անսահման) եւմարդու կարողությունների (ԱՅՍՏԵՂ՝միշտ գերազանցելի) հանդիպման (ու բաժանման) ոլորտում: Քանի որ ուրիշ ոլորտ մեզ հայտնի էլ չէ, ուրեմն՝ նման անվանումը Չարչարա՛նքն է հենց, իսկ չարչարանքի հանձնառումն էլ՝ՀԱՇՏՈՒԹՅԱՆ միակ ճանապարհը: ԱՅՍՏԵՂ: Պարտադիր հավելում. ցավով  չարչարվելու են երկուսն էլ՝ ե՛ւ անվանողը, ե՛ւ անվանվողը: Փորձելով բացատրել, թե ինչո՞ւ Չարչարանք՝ հանդիպելու եմ գրականություն-արարքի «պատճառներից» մեկին, որը գուցե թե բնորոշման ճանապարհ բացի: Թեպետ… անչափ դժվար է պատկերացնել որեւէ բնորոշում, որ ընթերցող անվանված համաչարչար մեկին ավելի հարկավոր է եղել, քան Բուն Գիրը:

Այդուհանդերձ, որոշակի դիտանկյունից հիշյալ պատճառը տեսանելի է. գիր անողը սկսել է չհամաձայնելուց, որ գոյություն ունի միայն անվանվածը: Սկսել է տեսնելով, որ Իրական Գոյությունը մեր անվանումներից Դուրս է, ինչն էլ ահա այսչափ ահագնացնում է Ներս մտնելու կիրքը: Այս «Ներսը» չեմ ուզում շփոթվի «Տան» հետ, բայց «հաղթահարելու» հետ՝դեմ չեմ լինի: Մի քանի գլխավոր «պայմանավորվածություն» ունենք, խոսքը վերաբերում եմ դրանցից երկուսին. գրականությունը՝ հիշելի (անհիշելի՞ նաեւ) ժամանակներից սկսած, «անվերջ վերադարձ է դեպի Տուն», եւ՝ «Մարդը մի բան է, որը պետք է հաղթահարվի»: Սրանք համադրել փորձողը հենց նույն պահին իրեն հայտնաբերում է Լուսանցքում: Եթե նկատենք, իհարկե, որ գոյություն ունի նաեւ պայմանավորվածությունները թեթեւորեն կլլող, այլ խոսքով՝ «անպայմանական» տեքստը:

Դա տեղի է ունենում ոչ թե այն պատճառով, որ վերոբերյալ հաստատուն մեծություններն անհամադրելի են, այլ՝որ դրանք համադրելի են հենց միայն Լուսանցքում: ԱՅԴՏԵՂ տուն չկա եւ չի էլ եղել, կամ՝ Ամբողջը միեւնույն Տունն է, ուստի լքելու եւ վերադառնալու կարիքը  չէ, որ առկա է. խնդիրը դարձյալ անվանել-ավարտելն է՝ չարչարանքը Չեզոքացնելը: Սա բարձրաձայնելուց հետո մնում է միայն հետեւել, թե ինչպես է մարդուն հաղթահարելու մասին ասվածն ինքնակամ գալիս ու դառնում միակ հնարավոր շարունակություն…

* * *

Մեկ-երկու լրացում:

Նախ՝ամբողջ այս ասվածը կարելի է շրջել հիմնիվեր, կարելի է ջնջել (որ շրջելու մի տեսակն է), կարելի է թողնել իր տեղում եւ մոռանալ: Այսպիսի խոսքերը, որոնք պայմանականորեն նախաբան-վերջաբաններ ենք անվանում, վերածվում են խոսակցությունների՝այնպիսի մի բանի մասին, որն ինքնավկայող է կամ՝ հենց ինքնավկա: Ապա՝մարդու համար նախատեսված ինչ-ինչ «տեղեկությունները», նույնիսկ՝ոչ ամբողջական եւ պարտադի՛ր՝ ոչ ամբողջական, փորձում են, թեկուզեւ՝ հեռավորապես, հուշել, որ ոչ թե մարդն է գրով անվանել, այլ գիրն է իրականում անվանել մարդուն, որ ոչ թե մենք մեր ապրած կյանքի դրոշմն ենք թողնում «մեր գրի» վրա, այլ միշտ գիրն է իր դրոշմներից մի քանիսը ընծայում (եթե արժանի է համարում), «այս կամ այն» կյանքին: Ու նաեւ՝ երբեմն-երբեմն ինձ թվում է, թե այս գրքով ներկայացվող գրվածքներից մի քանիսը մոտ են իմ պատկերացրած-երազած ձախողումին:

Թեպետ… Գուցե դա պարզապես մարդու՝ մարդկանցից մեկի՝ իմ, ցանկությունն է, որը, դարձյալ՝վկայություն լինել հաստատապես չի կարող: Բայց խոսակցություն՝առաջաբան, դառնալու-լինելու հնարավորություն ունի:

* * *

Հենց այդպես էլ` որպես ընդամենը առաջաբան, պիտի բնորոշեմ իմ տպավորությունը իմ գրքից. ի՞նչ անել, եթե տեսնում ես, որ գլխավոր ավանդույթը պարտադրվածք է. շրջվում ես, թիկունքում հայտնվածը հետապնդում է քեզ, իսկ աչքերիդ առջեւ բացված տարածքում եղած պատկերները, դրանք գոնե հաշվառողի բացակայության պատճառով, այնքան են աղոտացել, որ արդեն իսպառ ջնջվել էլ կարող են: Ոչինչ չի խանգարի, եթե հենց այստեղ էլ ասեմ, որ ամենեւին չեմ նսեմացնում նաև խիստ անձնական պատահարների դերը` նկատելով, որ բառերի ճշգրիտ դասավորությունը գտնելու դեպքում, անձնականությունը, որպես նյութ, քայքայվում է: Եւ` որ անձնականությունը մարդուն` անգամ իրեն անհայտ, բայց պարտադիր մի նպատակով «աշխատանքի» լծելու համար արարված մի պատրանք է, ընդամենը:

Անվրեպ գործող պատրանք:

Այս ամենի խորապատկերին է ահա, որ սկսում է թվալ, թե հարկավոր է գտնել, իմաստից վեր, բառերի այնպիսի մի կարգ, որը ոչ թե թվացյալ կարգավորության ծանակումը լինի, այլ հիշի քաոսի սարսուռը, թե մարդուն հասանելի իսկության ԱՄԲՈՂՋՆ ԱՎԵՐԱԿՆԵՐԻ մեջ է տեսանելի, թե մահը հսկա պարբերություններով է մտածում, իսկ կյանքը՝բառ առ բառ, մանրամասն... ու՝մինչեւ նախադասությունն ավարտվելը, թե մահվան պատուհանները՝պինդ կողպած, իսկ դռները միշտ բաց են, թե մտածում եմ, ուրեմն գիտեմ, որ չկամ, թե օտար լաբիրինթոսում ելք գտնելու ջանքերն են միայն քոնը, որովհետեւ օտար է նաեւ ելքը, թե ամեն բարբառող ձայն իր անապատն ունի, թե Երկրի վրա աստանդական լինելը ճակատագիր կարող է լինել, կենսակերպ եւ այլն, իսկԵրկնքում թափառելը՝ուրացում, թե լավագույն տողերը՝այս երկնքի տակ երբեւէ գրված, ընծայագրերեն՝ ի հիշատակ, թե բանաստեղծության աչքերը միշտ մոլորվածի աչքեր են. ամեն հայտնվելիս նորից համոզվում է՝ իրեն չէին սպասում, թե ընթերցումին մոտենալը ընթերցողից հեռանալն ունի իր մեջ:

Հ.Գ. Գիր. ճանապարհ եւ կորուստներ. մարդը բառերի հետ տարբեր կերպ կարող է վարվել, բառերը մարդու հետ միշտ նույն կերպ են վարվում:

Սա էլ դեռ այն պարագային, եթե պարզվի, որ գրքում գոնե երեք (երկո՞ւ, մե՞կ) բանաստեղծություն կարող են գոյություն ունենալ նաեւ գրքից հետո՝առանց գրքի:

Այսուհանդերձ, այս հիմքով արված այլ` հաջորդ, գրությունների կարիքն եմ զգում, գրություններ, որոնք հնարավորինս հեռու լինեն բոլոր պատրաստի պատվանդաններից, նաեւ` հնարավորինս զերծ սովորական`ընդունելի` արվեստական թերասություններից:

Միով բանիվ` այլեւս նման չլինեն, օրինակ, այս խոսքին…

Ա. Ե.

Հ.Գ

«Կախվելուց առաջ թուղթ են գրում:

Եթե մի թուղթը չի բավարարում,

կարելի է երկո՛ւ թուղթ գրել,

գուցե թե՝ երեք, չորս:

Այդպես է գիրքը գոյանում.

կախվելուց առաջ»:

 

Ադրինե Աճեմյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ