ԲԱՌԸ՝ Լևոն Խեչոյանի...
Գուցե նախախնամությամբ էր, որ Լևոն Խեչոյան մեծ գրողի, մտածողի ծննդյան օրը ժամանակի մեջ պիտի հաջորդեր Հայաստան երկրին պատուհասած մեծագույն աղետի՝ Սպիտակի երկրաշարժի օրվան: Լևոն Խեչոյանի ազգությունը սկսվում է նախատատով և չի կարող խորհուրդ չլինել այստեղ:
Գրողի ծննդյան օրով մենք ուզեցինք ներկայացնել նրա հրապարակային հարցազրույցներից և ստեղծագործություններից առանձնացված այն մտքերը, որոնք նրան նվիրված webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսության նկարահանած «Խնկի Ծառեր» տեսաֆիլմի հիմքը հանդիսացան:
Եվ ուրեմն՝ ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆ...
«…Տասնվեց դար է անցել (Աստծո ժամանակով մեկ վայրկյան, գուցե մեկ րոպե) նույն ժողովուրդը՝ նույն չլուծված խնդրով: Շատ եւ բազում կաթողիկոսներ, եկեղեցիներ է ունեցել, եկեղեցիներում աստվածներ, տասնվեց դար իր հոգու մաքուր աղոթքը հղել է նրանց, իսկ արհավիրքները եկել ու եկել են: Իր ճանապարհի ընթացքում երբեմն կասկածվել է Աստված, երբեմն՝ եկեղեցին, երբեմն՝ թագավորն ու կաթողիկոսը, իսկ գենետիկորեն իրար փոխանցած ազատության ոգին՝ երբեք, որը թեւածում էր Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ՝ պահպանելով իր տեսակի առանձնահատկությունը, այդ տեսակն այս արեւի տակ ապրելու իրավունք էր նվաճում...»:
«...Ազատությունը երբեմն շատ հեռու` յոթ ծովից, յոթ սարից այն կողմ է, երբեմն էլ շատ մոտիկ` հոգու մեջ է, ազատությունը մարդու արտացոլանքն է, եթե չհավատանք նրան, չտեսնենք հեռվում բոցկլտացող լույսը, մեր կյանքը կիսատ կմնա...»։
«...Ասել` հայն իր հայրենիքում չի կարող ապրել, նման մտածելակերպը անաստվածության, անխղճության, ինքնասպանության պես բան է...»:
«...Հավատացած եմ` անհատը միշտ իր հայրենիքում է ծաղկում, ամբարները, յուղի կարասները լցնում, ծիծաղկոտ աչքերով երեխաներ ունենում, տնտեսությունը առաջ մղում: Ծաղկեցրու քո հայրենիքը, տես` տեղ կունենա՞ս, թե՞ ոչ, տես` օտար ափերում հեծող քո արյունակիցները կվերադառնա՞ն, թե՞ ոչ...»:
«…ես ավելի շատ Մովսես Խորենացուն եմ հավատում…: Մովսես Խորենացին ասում է՝ հայ ազգը Աստծուց է: Ես սրան հավատում եմ, և պատերազմն ապացուցեց դա: Մեր ապագան անորոշ չէ, ես կարծում եմ և հավատացած եմ, որ այս երկրագնդի գեղեցիկ ազգերից մեկը հայ ազգն է` իր խորհրդավոր պատմությամբ: Որևէ ազգ այսպիսի խորհրդավոր, միստիկ պատմություն չունի: Եվ ես մտածում եմ, որ անորոշ չէ, կա էդ ապագան, որ մենք գնում ենք: Նայում ես էս պղնձագույն լեռներին, դեռ հայի ոտքի տակ զրնգում են էս լեռները, հողը խոսում է դեռ էս ժողովրդի հետ…»:
«...Ու դեռ պարզ չէ` ազգային վեճերի ժամանակ սպիտակ դրոշը ձեռքին դիրքից դիրք անցնելով մի գյուղ փրկե՞լն էր կարեւոր, թե՞ մի ստեղծագործության արարումով` ներկա եւ ապագա դարերի համար ամբողջ մի հոգեւոր հայրենիք...»:
«...Մարդն ի ծնե կենդանական բնազդային կապվածություն ունի տարածքների հետ, հողը կորցնելու տագնապները նրան ծագման պահից ի վեր ամենից շատ են արյուն հեղել տվել: Վախը 387 թվականից է գալիս` մեկ ընդհանուր Հայաստանի Արեւելյան եւ Արեւմտյան մասերի կոտորակումից: Ազդեցությունը` ողնաշարը ջարդված եւ նորից ապաքինված մարդու ծուռ մեջքով քայլելուն է նման, որ ամեն վայրկյան գիտակցում է ոչ միայն ընկնելու, անգամ սայթաքելու դեպքում ողնաշարը կրկին ջարդելու վտանգը...»:
«...Եթե դարերի միջով հետեւենք հայրենիքը կորցնելու ենթագիտակցական վախի ելեւէջներին, կտեսնենք` սարսափը ընդհանրապես մեզ չի լքել: Ես չեմ հիշում որեւէ ժամանակ մեր մեջ եղած լիներ, անգամ, ամենաբարձր մտավոր պայծառությամբ օժտված հանճարեղ մեկը, որ կարողանար խաղաղության մեջ ապրել, չվախենար թաշկինակի չափ մնացած երկիրը կորցնելու մտքից...»:
«...Որեւէ անհատ, կուսակցություն, իշխանություն գործում է այն չափով, ինչքանով ընկալում է ազգային կառույցի միջուկը: Ժողովրդի հասունության չափը, ապագայի խորություններին հայացք գցելու կարողությունը, փորձի վերլուծությունը. հենց սրանք են, որ վճռում, ուղեգծում են ազգերի պատմության սահմանները: Շատերը նույնիսկ չգիտեն` սիրու՞մ են, արդյոք, իրենց երկիրը, թե՞ հենց այնպես ապրում են այնտեղ: Այնինչ ամենախորքային հասկացությունն է, ահավոր խորհրդավոր է «հայրենիք» բառն իր զորությամբ...»:
«...Ամեն մի դարագլուխ (էպոխա) իր պաշտամունքային արժեքն է բերել, բայց պատմության խորքերը նայելով` համընդհանուր մարդկության համար դարձյալ հայրենիքն է մնում որպես ամենանվիրական իդեալ...»:
«...Պատերազմն այն ժամանակ է սկսվում, երբ շուրջդ` երկնքին, ծառին, ջրին, թռչունին ես նայում, այդ պահին ականանետի բեկորը տանում է գլխիդ կեսը, բոլորը` երկինքը, ծառը, թռչունը, մարդը, կոծող տանեցին գիտեն, որ դու մեռել ես, բացի քեզանից` բոլորը գիտեն...»:
«...Մի տարիք կա, երբ ծունկդ չի ծալվում հայրենիքիդ ծանրության տակ, եթե ծնկում կամ խրամատում պառկում էլ ես, ինչպես ամենաթանկ կնոջ վրա՝ որդեսերման սերմը տալու...»:
«...Մեղքեր գործած էի վերադարձել մեր պատերազմից, այնքան էի հզորացել, ինքնավստահ՝ շուրջս հոգու աչքով ոչինչ չէի տեսնում, միայն աչքերի լույսով էի տեսնում, դարձյալ ասում էի. «Կանցնեմ բոլոր մեղքերի միջով ու անմեղ կմնամ» հետո, դրանից հետո սկսվեց խելացի տառապանքի ժամանակը...»:
«...Էս երկրում, եթե առանձնացնելու լինենք, ես ամենից շատ սիրում եմ մեր բանակը, որովհետև եթե նայես պատմությունը, կտեսնես, թե որ դարից բանակ չենք ունեցել: Հիմա որ մենք բանակ ունենք, դա հպարտություն է: Հիմա մենք անընդհատ պիտի ոգի տանք բանակին, անընդհատ պիտի զորացնենք բանակը, դա մեր անկախության միակ երաշխքին է, իմ ու քո հպարտությունը` չնայած բոլոր դժգոհություններին: Եվ առաջին դժգոհողը ես եմ բանակում զոհվող զինվորների համար, բանակում կատարվող անիրավությունների համար, բայց հպարտանում եմ, որ մենք բանակ ունենք...»:
«...Ազատամարտիկ եւ կամավորական` ամենանվիրական հասկացությունն է մեր նման փոքրաքանակ ազգի համար: Նրանք էին, որ աշխարհի զորեղներին թույլ չտվեցին կռվել եւ համբուրվել մեր դիակների վրա: Մենք բոլորս հիշում ենք, թե ինչպես էր նրանց «սապոգների» տակ դղրդում հակառակորդի հողը: Հենց նրանց եմ տեսել պատերազմի դաշտում` ինչպես էին պայքարում եւ ընկնում իրենց հայրենիքի, օջախի, զավակների, նախնիների հողերն ազատագրելու համար… Պատերազմ ասելը բերանով է հեշտ` ժամանակակից տեխնիկայի դեմ կռվել եւ արյուն չմիզել, հողի խորհուրդը հասկացողներին է տրված…»:
«...Այս տարածաշրջանում գոյատեւելու համար, մեզ նման փոքրաքանակ ազգը, ինքնապահպանության բնազդով՝ երեք ձեռք պիտի ունենա: Երրորդ ձեռքը զենքն է: Դարերի փորձը ապացուցել է` ժողովուրդը, երբ զենք է պահել գոտկատեղին կամ տանը, միայն այդ դեպքում են քրիստոնյա կամ մահմեդական հարեւանները նրան հանգիստ թողել: Այսօր էլ աշխարհի գոյատեւման համար դարի միտումը զենքն է...»:
«...Տիեզերքի անսահմանության մեջ իր ամբողջ կյանքի ընթացքում մարդը գրելով, երգելով, նկարելով, պատերազմել` հող ազատելով` հարազատ ոգի եւ հայրենիք է որոնում։ Երբ սկսում են բացակայել շուրջդ եղած մարտական եւ հոգեւոր ընկերներդ, սենյակում լույսը վառել-մարելու պես է` փոխնեփոխ հայտնվում ես ուժեղ ճերմակի, հետո` ուժեղ սեւի մեջ… Շատ հաճախ թվում է` գուցե այդ հերոս, մարտի ելած տղաների եւ խիզախ հոգիների` հայրենիքի համար պատերազմը երազում է շառաչել...»։
«…Երկրագնդի ամենագեղեցիկ երևույթը և ամենագեղեցիկ պարգևը բնության, տիեզերքի՝ ամենագեղեցիկ պարգևը կինն է: Տիեզերքի գեղեցիկ պարգևը: Եվ Պիտի դրան կարողանանք ընդառաջ գնալ: Շատ հաճախ տղամարդիկ չեն կարող կնոջն ընդառաջ գնալ, եւ ստեղից խաթարումներ են լինում: Դա, կարելի է ասել, պսակն է երկրագնդի: Հլը պատկերացրա, պատկերացրա երեխա է ստեղծում, պատկերացրա օջախ է ստեղծում, պատկերացրա որ, պատկերացրա որ էն էն գիշերները, որ մութ են, էն գիշերները, որ մենակությունը օձի պես, ճերմակ օձի պես փաթաթվում ա քո վզին, քո սավանի ձևով, սենց, որ դու պտտվում ես քո մենակության մեջ, մեկ էլ սավանը օձ է դառնում, փաթթաթվում է քո վզին, միակ օգնականը քո կինն է, կնոջ տաք մարմինը: Երբ կպնում ես, արդեն զգում ես, որ էս տիեզերքի վրա մի ուժ էլ կա, որ քեզ է նվիրված, և քո փրկությունը այնտեղ ես որոնում: Միաժամանակ ամենա, տիեզերքի ամենաողբերգական կերպարներից մեկն է կինը. Սա էլ պիտի ասեմ:
Կնոջն ինչ մեծ միսիա ա տրված: Երբ որ տղամարդը զինվոր է, երբ որ տղամարդը շուտ ընկնող է, երբ որ տղամարդը շուտ զոհվող է, նրա աչքերը փակողը դարձյալ կինն է...»:
«...Հակառակ բոլոր տոհմերի, մեր ազգությունն այս անգամ սկսվում է նախատատով: Մեր նախատատ Շուշանը հրեղեն սպիտակ ձիով է մտել գյուղ: Գլուխը տղամարդավարի փաթաթած է եղել չալմայով: Մինչև ծնկները հասնող սապոգների մեջ նախշուն կոթերով զույգ փշտովներ են խրած եղել, կողքերից` զույգ դաշույններ:
Նա սև այծենակաճը ետ է տարել ու կրծքին երևացել է բարուրած Խեչոն: Տարիներ հետո Խեչոն Մեծ օդայի դռան դիմացի պատի ճակատին ձվի դեղնուցով շաղախված կրով գրել. ԱՅՆ, ՈՐ ՍՈՒՏ ԱՍԵ ԿԱՄ ՄԱՐԴՈՒ ԳԵՇ ԱՍԵ ԿԱՄ ՀՅՈՒՐԸ ԽԱՐԴԱԽԵ, ԱՅՆ ԻՄ ՈՐԴԻՆ ՉԼԻՆԻ...»:
Հ.Գ. «Խնկի ծառեր» տեսաֆիլմը կարող եք դիտել ստորև.
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ