«ՀԱՅԵՐ»-ի
հիմնադիր,
գլխավոր խմբագիր
Ժուռնալիստիկան
համարում է
սեփական
«ստորագրության
պատվի»
մասնագիտություն:
Հավատացած է, որ
«Հորինել
պետք չէ՝ ոչ
երկիր, ոչ
պետություն,
ոչ էլ
կենսագրություն:
Պատասխանատվությունն
ըստ ապրված
կյանքի է
լինելու:
Ոչ թե ըստ
հորինվածի»:
Իսկ անքննելի
այս սահմանումը
հեղինակել է իր
ամենաժուռնալիստ
ընկերը՝ Այդին
Մորիկյանը:
«Բայց դուք անկրկնելի եք, անկրկնելի...». ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Արամի 23 հասցեի «Փոքրիկ երգիչներ» երգչախմբի շենքի պատը փլուզվեց...
Անկեղծ ասած, ոչ մի վայրկյան չէի կասկածում, որ հետ«հեղափոխական» ամիսները ձախողած մշակույթի նախարարությունը, պետական կառավարման՝ հիմնականում ֆեյսբուքով ու «լայվերով» զբաղված, անգործության մատնված մյուս մարմինները, իշխանության չաշխատող ուղղահայացը կանխելու են այդ պատի փլուզումը:
Նայեք ի ՜նչ փառահեղ է.
Երևանի գլխավոր ճարտարապետը՝ Արթուր Մեսչյանը, մեկնաբանելով փլուզման փաստը, ասում է, որ «կատարվածը անկազմակերպ և անտրամաբանական քաշքշուկների հետևանք էր», միաժամանակ կարծելով, որ այն «խորհրդանշական» է:
Մի կողմ թողնենք, որ Մեսչյանը ոչ թե պետք է մեկնաբանի կատարված փաստը, այլ պատասխան պետք է տա կատարված փաստի համար:
Հիշում եք չէ՞, որ Մեսչյանն այդ խորհրդանշականորեն «անկազմակերպ և անտրամաբանական քաշքշուկների» հեղինակ իշխանության ներկայացուցիչն է: Եվ ոչ շարքային ներկայացուցիչը: Իսկ ընդամենը օրեր առաջ իր հանգույն հոխորտում էր, որ «...Մինչև ես գլխավոր ճարտարապետ եմ, այլևս ոչ մի հուշարձան չի քանդվելու...»: Եվ ոչ միայն հոխորտում էր, այլ նաև նշում, որ դա վերաբերվում է նաև Արամի 23-ին»։
Գուցե հուշարձանը ոչ թե քանդվել է, այլ ինքնաքանդվել թավշյա եղանակով: Իշխանության շատ պոետիկ բացատրություններն այդ մասին են խոսում...«անձրևներ, փոսորակներ, «Հին Երևան»...»: («Հին Երևանի» և նրա հովանավորյալի թեման այլ, սակայն ոչ պակաս հետաքրքիր թեմա է, բայց այդ մասին՝ հետո:)
Փառահեղ առիթ է: Գուցե առանց վարանելու հրաժարակա՞ն տա գլխավոր ճարտարապետը «խորհրդանշականորեն անկազմակերպ և անտրամաբանական քաշքշուկի» իշխանության գլխավորներից մեկի պաշտոնից:
Հոգ չէ, կարծում եմ: Մի երեսուն տարի անց նորից կնշանակվի՝ հիշեցնելով, որ «անկազմակերպ ու անտրամաբանական» էր այն ժամանակվա իշխանությունը: Նախադեպ ունի: Այդ հանճարեղ նշանակումով երեսուն տարի հետո էլ ոգևորությունից ճախրողներ կլինեն:
Փառահե՜ղ է նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:
Այս պաշտոնյան էլ ասում, է, «որ պաշտոնավարման առաջին իսկ օրվանից համայնքի «Փոքրիկ երգիչներ» երգչախումբը գտնվել է հոգածության ներքո, տնօրինության հետ քննարկվել է ժամանակավորապես երգչախմբի գործունեությունը Արամի 23-ի վթարային շինությունից տեղափոխելու հարցը» և այլն:
Պատկերացնում եք ի՜նչ «հոգածության ներքո» է գտնվել:
Պատը փլուզվել է հոգածությունից, պատկերացնում ե՞ք: Պատկերացնում ե՞ք, թե ինչ կլիներ, եթե այդ մե՜ծ հոգածությունը չլիներ: Երախտամոռ ու ուրացող պատը փլուզվում է տիեզերական հոգածությունից...
Գուցե այս պաշտոնյան նույնպե՞ս մտածի հրաժարականի մասին, քանի դեռ բազմաթիվ այլ փլուզումներ չեն եղել և ոչ միայն պատերի...
Մշակույթի նախարարության պատասխանատուների մասին որևէ բառ խոսելն ավելորդ եմ համարում: Հենց հեռախոսներից դուրս գան, կխոսենք:
Կառավարման մարմինների նշածս անգործության, իշխանության նշածս չգործող ուղղահայացի մասին խոսում է միայն այն փաստը, որ արդեն փոխադարձ մեղադրանքներ կան միմյանց ուղղությամբ. գլխավոր ճարտարապետը մեղադրում է մշակույթի նախարարությանը, նախարարության պաշտոնյան զարմանում է գլխավոր ճարտարապետի զարմանալուց և սա դեռ սկիզբն է:
Քաղաքապետարանի արձագանքն էլ միայն «հոգածության» մասով է առայժմ:
Իսկ իրականում՝ ամենամեծ ՓԱՍՏՆ այն է, որ կա վարչապետի այց վթարված շենքի տարածք՝ քաղաքապետի ուղեկցությամբ, կա վարչապետի հանձնարարական, կան բազում պաշտոնյաներ, կան կառավարման բազում մարմիններ ու կա կորցրած երեք ամիս՝ «խորհրդանշորեն անկազմակերպ ու անտրամաբանական քաշքշուկներ»-ով ու կա անպատկառորեն «հոգածությանը» չդիմացած ու փլուզված ուրացող պատ...
Ասեմ, որ առաջիկայում «հոգածությանը» չեն դիմանալու և լկտիաբար «արտահայտվելու» են Արամ Մանուկյանի տունը, «Հանրապետության» հրապարակի մետրոյի կայարանի հուշարձանային համալիրը, որի վրա բազմած է Արամ Մանուկյանի «փլուզվող» հուշարձանը և այդպես շարունակ:
Հ.Գ.
Իսկ գիտե՞ք որն է մշակութային քաղաքականությունը, որի մասին ամիսներ շարունակ խոսում ենք, բայց արհամարում եք սառնասրտորեն...
Այն է, որ «Փոքրիկ երգիչները» այսօր պետք է քննարկեին առաջիկա մի քանի տարվա ստեղծագործական ու հյուրախաղային ծրագրերի ժամանակացույցը, այլ ոչ թե բողոքի ակցիա անեին փլուզված պատերի կողքին:
Այո, փլուզվող պատերի «մեջքին կանգնած» մշակույթի նախարարություն ու պատերի տակ նկարվող թաղապետ-նախարար-փոխնախարար-փոխքաղաքապետերի կարիք չկա: Այդ դեպքում, անկեղծ ասած, կրթության, գիտության նախարարության կարիք էլ չկա: Հավատացեք, եթե այդ նախարարությունը չլինի, դպրոցները երեք ամիս, հաստատ, չեն փակվի:
Քանի դեռ ուտելու կամ ճաշից առաջ ձեռքերը լվանալու «մշակույթը», որն իրականում վարքագի՜ծ է, վարքագի՜ծ, շփոթում եք մշակույթի հետ, որը նույնիսկ ամենապարզ, բառարանային բացատրություններում «մարդկային հասարակության նվաճումների ամբողջությունն է արտադրական, հասարակական և հոգևոր կյանքում, և որևէ ժողովրդի այդպիսի նվաճումների մակարդակը որոշակի դարաշրջանում», մեզ նախարարություններ ու պետական կառավարման մարմիններ պետք չեն:
Փակեք մշակույթի նախարարությունը կամ միացրեք սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը, հուշարձանների պահպանությունը տվեք քաղաքաշինությանը (ի դեպ, ո՞ւր է քաղաքաշինության կոմիտեն), սփյուռքի նախարարությունը միացրեք «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Իսկ գուցե փակե՞նք պետությունը: Ֆեյսբուքը կա՝ պետությունն ի՞նչ ենք անում: Մի քիչ էլ Ինստագրամի վրա կենտրոնանանք, ամբողջությամբ բավարար կլինի: Ավելորդ ծախս չէ՞: Ֆեյսբուքին մի բան լինի՝ պետությունը կբացենք: Ահագին փող կլինենք խնայած:
Արայիկ Մանուկյան