Լիլիթ Ալեքսանյան
Լիլիթ Ալեքսանյան

«ԲԱԶՄԱՇԽԱՐՀ՝ տեսանելիից անդին…». ԼԻԼԻԹ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

 

Ցուցասրահ մտնելուն պես քեզ կլանում է գույների բազմազանությունը՝ իր հետ տանելով տիեզերքներ, որոնց մեդիտացիոն մթնոլորը մի ակնթարթում կտրում է քեզ դրսի աշխարհից, ամենօրյա անվերջանալի վազքից ու ստիպում ինքդ քեզ հետ մնալ մենակ՝ զգալով քո գոյության միաժամանակյա մեծությունն ու փոքրությունը, տարրալուծվել այդ տիեզերքների մեջ և ապրել ու ճանաչել ազատ թռիչքի երջանկությունը։

Տրամադրությունը, նրբերանգների որոշակի տարբերությամբ, ուղեկցում է ամբողջ ցուցադրությունը դիտելու ընթացքում և վերջում, երբ կրկին ոտք ես դնում առօրյա նյութեղեն կյանք, ամբողջացած ու հասունացած լինելու զգացումը քեզ դեռ երկար է ուղեկցում ճանապարհիդ։    

Նարեկ Ավետիսյանի՝ Հայաստանի նկարիչների միության երեք հարկերում ընթացող՝ ընտրված աշխատանքների «Բազմաշխարհ» («Multiverse») անհատական ցուցահանդեսում նկարիչը ներկայացնում է իր՝ 1991-2022 թվականներին ստեղծած աշխատանքները, որոնք դեռևս ուսանողական տարիներից իր առօրեական կյանքի և մասնագիտական ճանապարհի խաչմերուկներում արված փնտրտուքների, բացահայտումների, սեփական արվեստում ձևի ու բովանդակության հայտնագործությունների անթոլոգիան են։

«Բազմաշխարհը՝ Մուլտիտիեզերքը, իրական կյանքի բոլոր հնարավոր զուգահեռ տիեզերքների հիպոթետիկ հավաքածուն է։ Մուլտիտիեզերքի կառուցվածքի, նրա մաս կազմող յուրաքանչյուր տիեզերքի բնույթի և այդ տիեզերքների միջև փոխհարաբերությունների մասին պատկերացումները կախված են ընտրված վարկածից։

Հնարավոր է՝ արվեստագետի ստեղծագործական ուղին ընդամենը մեկ վարկած է բազմաթիվ այլ տարբերակներից, որոնք բոլորն էլ կարող էին լինել։ Կա ևս մեկ վարկած, երբ քո վարկածը զուգահեռ կերպով իրականանում է մի քանի հարթություններում կամ շերտերում։

Ցանկացած տարբերակ ի հայտ է եկել իմ կյանքի ընթացքում տեղի ունեցող իրադարձություների հետևանքով։ Գիտակցաբար թե անգիտակցաբար, մենք լինում ենք մեր ժամանակի պատկերի ձևաստեղծողները և անտեսանելի գաղափարների առարկայացնողները»։   

Ցուցահանդեսի՝ իր կոնցեպտում նկարիչն ինքը շատ հստակ և հակիրճ ներկայացրել է իր բազմաշխարհը՝ ձևավորված առօրյա հոգսերի ու մասնագիտական որոնումների միջև ընկած տարածության մեջ ու ժամանակի ընթացքում։

Դեռևս ուսանողական տարիներին երիտասարդ արվեստագետը որոշեց ոտք դնել աբստրակտի դաշտ՝ կոտրելով ավանդական արվեստի սահմաններն ու անցնելով ֆիգուրատիվից անդին։ Սեփական գոյության ու ստեղծագործության ձևերի ու բովանդակությունների փնտրտուքի ճանապարհին նկարիչն ամբողջովին միայնակ ու ինքնուրույն բացահայտեց իր համար թե՛ արվեստը, և թե՛ կյանքը, որոնք արվեստագետի դեպքում միահյուսված ու զուգահեռ են ընթանում։

Նարեկ Ավետիսյանի՝ ներկայացված երեք շարքերը՝ «Հետքերի կտավներ», «Կրակի կտավներ» և «Ինտերֆրակտալներ», որոնք ստեղծվել են սեփական կարծրատիպերն ու կայուն ձև ստացած պատկերացումները քանդելու և նորովի, բազմաթիվ հնարավոր տարբերակներով ու համադրություններով կրկին հավաքելու, ամբողջացնելու ճանապարհին, յուրաքանչյուրը թեև տարբեր են, բայց ընդհանուր առմամբ լուծում են նոր ձևերի ու բովանդակությունների միատեղ գոյության խնդիրը։

Այդ ճանապարհին խարխափելով արված առաջին քայլերը հաղթահարելուց հետո ամեն քայլի հետ ավելի ամուր զգալով ոտքի տակի հողը, հեղինակը, այնուամենայնիվ, երբեք էլ դեմ չի ամեն վայրկյան այն կրկին թափ տալու և անկայունացնելու՝ հաջորդ հնարավոր ու անկանխատեսելի տարբերակը գտնելու համար։

Նարեկ Ավետիսյանի աշխատանքներում տեսնում ես գույնը, որը ձև է ստանում և ձևը, որն արտահայտվում է գույնի միջոցով, տեսնում ես միևնույն գույների բազմազանութունն ու տարբեր համադրությունները, որոնք միաժամանակ նման են ու շատ տարբեր։

Սուզվելով գույների բազմաշխարհ տիեզերքներում, ընկալում ես տարբերակների, վարկածների բազմազանությունը և հասկանում, որ դրանք չեն սպառվել ու չեն սպառվի, քանի որ տիեզերքներն անսահման են։ Աշխարհները՝ զուգահեռ, ուղղահայաց կամ պարզպես խաչվող, նույնպես բազմազան են ու չունեն վերջ։

Այս ամենը ոչ երևակայության արդյունք է ոչ էլ հեղինակի կամ դիտողի հորինվածք։

Այս ամենը գոյություն ունի երկրի վրա, յուրաքանչյուրիս առօրյա կյանքում, յուրաքանչյուրիս՝ կենցաղային հոգսերով ու խնդիրների լուծման փնտրտուքներով խեղդված կյանքում, հենց այդ հոգսերի ու խնդիրների հաստ շղարշի հետևում թաքնված, որի թաղանթը պատռելով միայն կարելի է թեթևակի հպվել զուգահեռ աշխարհներին։

Ու եթե չվախեցար կամ չկառչեցիր առօրյայի հաստ ու խաբուսիկ կայուն պատերին, եթե հետաքրքրությունդ մի փոքր ավելին եղավ, կամ կորցնելու, քանդված և այլևս չվերականգված լինելու, նորի ու անծանոթի հանդեպ վախը կարողացար հաղթահարել, որպես պարգև կստանաս նուրբ աշխարհների հետ առնչվելու երջանկությունը, որոնք շատ ավելի տեսանելի ու շոշփելի կարող են լինել, և որոնք շատ ավելի մոտ են կյանքին ու մարդուն, քան առօրյան ու երկրային հոգսերը։

Երբ կարողանաս վերացարկվել կոշտ ձևերից ու նյութից, քեզ համար տեսանելի կդառնան զուգահեռ աշխարհներն իրենց բազմազանությամբ, տարբերակներով ու միգուցե մի օր հասկանաս, որ իրական կյանքը հենց զուգահեռ աշխարհներում է, որտեղ ժամանակն ու տարածությունն այլ չափումներով գոյություն ունեն, որտեղ ձևն ու բովանդակությունը տարբեր են նրանցից, որոնք մինչ այդ շրջապատել են քեզ, որտեղ միևնույն գույնն իր բազմաթիվ երանգներով ու ձևերով է դրսևորում, որտեղ անհայտն անմիջապես դառնում է հայտնի և իր յուրօրինակությամբ՝ ընդունելի քեզ համար։

Աշխարհներ, որտեղ կարողանում ես իսկապես որսալ ու բացահատել թաքուն պահերը, որտեղ կարողանում ես լցվել ապրածդ պահերով, որտեղ քեզ իր գաղտնիքներն է շշնջում տիեզերքը և շոշափում ես հավիտենական կյանքը։

Ստեղծագործողը, հատկապես նկարիչը, երջանիկ է այն առումով, որ նրան ի վերուստ տրված է իր ներքին լույսն ու արևը, մռայլությունը, զայրույթն ու ուրախությունը, ապրված վիճակները, զգացողություններն ու ընկալումները դուրս հանելու, դրանք տեսանելի դարձնելու, մարդկանց նոր գաղափարներ ու մտքեր փոխանցելու առավելությունը, ինչի շնորհիվ էլ հնարավոր են դառնում անձնային զարգացումն ու առաջընթացը։

Նարեկ Ավետիսյանի գտած արվեստի ճանապարհը դիտողին թույլ է տալիս մի փոքր ավելին իմանալ կյանքի թաքուն կողմերի մասին, կտավների մեջ կոնկրետ պատկերներ ու ֆիգուրներ փնտրելու փոխարեն միգուցե փորձել ավելին տեսնել ու զգալ՝ դուրս գալով կյանքի անտեսանելի, բայց բացահայտ արահետներ, առօրյա հոգսերից անդին զգալ իրական կյանքի ջերմությունն ու համբույրը, տարերքները, մեղմ և ուժգին քամիները ու դրանցից թաքնվելու, պաշտպանվելու փոխարեն մի փոքր ավելի բաց լինել դրանց հանդեպ, գտնել իր ու տիեզերքի միջև կապը՝ գոյության նոր ու անսպասելի իմաստներով լիքը։

 

Լիլիթ Ալեքսանյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ