«ԲԺՇԿԻ նոթեր». ԱՐՄԻՆԵ ՄԻՍԱԿՅԱՆ

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

 

Երբ բժիշկը ոչ միայն նախախնամությամբ է, ոչ միայն հավատարիմ է իր երդմանը, ոչ միայն նվիրյալ է ու ապրում է իր գործով, իր օրով, իր ժամանակով, այլև ստեղծագործող է՝ զգացմունքային ու զգայուն թրթիռների կրող, բժշկի առօրյան դառնում է պոետիկ իրողությունների մի կծիկ, որոնց մեջ կյանքն է, կյանքը՝ իր լույսով, հրաշքի իր սպասումով, հենց իր հրաշքով, ու նույնիսկ կրկնվող օրերը դառնում են բացառիկ, անկրկնելի, անզուգակից, որովհետև տիեզերքում, բնության մեջ չի կրկնվում ոչ մի անցք, ոչ մի դիպված, ոչ մի պատահմունք…

Մենք ամիսներ շարունակ հետևում էինք սիրված ու ճանաչված բժկուհի Արմինե Միսակյանի զգացմունքային նոթերին, որոնք մի կողմից նրա աշխատանքային օրերի խտացված վավերագրումներ էին կարծես, բայց մյուս կողմից մարդկային պատմություններ էին՝ յուրահատուկ պատմություններ, որոնց մեջ երևակվում է մարդը, մարդու բնույթը, սերը, նվիրումը, առասպելն ու իրականությունը, բնությունը, հրաշքը…և ամեն բան, ինչը խորթ չէ մարդուն ու տիեզերքին:

Եվ մեր այդ «հետապնդման» արդյունքը եղավ այն, որ այսուհետ ոչ միայն հրաշալի բժիշկ, այլև storytelling-ի հրաշալի վարպետ Արմինե Միսակյանի պատումները որպես «ԲԺՇԿԻ նոթեր» հատուկ նախագիծ կհայտնվեն «ՀԱՅԵՐ» մեդիահարթակում՝ փոխելու մեզ, փոխվելու, մի քիչ ավելի բարի դարձնելու կյանքը, մի քիչ ավելի լույս սփռելու մեր օրերի վրա, որովհետև կյանքը շարունակվում է նաև Արմինե Միսակյանի «ձեռքի տակով»…       

Եվ ահա վեց պատմություն, որ կյանքի մասին են՝ այնպես, ինչպես կա...

Կարդացեք...

Տարիներ առաջ, երբ բժշկական օրդինատուրայի պրակտիկ դասի էի, բախտ ունեցա առնչվելու մի անմոռանալի դեպքի հետ, որի ճակատագրական հանգուցալուծումը միայն վերջերս շատ պատահաբար բացահայտեցի…

15 տարի առաջ էր...

Սոնոգրաֆիայի կաբինետի դուռը բաց է անում գեղեցկադեմ, վախվորած հայացքով մի կին և բժշկին խնդրում որոշել հղիության ժամկետը, ասելով, որ տանը երեք աղջիկ երեխա ունի ու պիտի հասկանա դեռ` այս մեկը պահում է, թե՝ ոչ:

Բայց սա չէր ամենացնցողը: Ամենացնցողն այն էր,որ արգանդում ոչ թե մեկն էր, այլ... երեքը... երեք բաբախող սրտիկներ,երեք խլվլան տոտիկներ, ԵՐԵՔ ԱՊՐՈՂ ԿՅԱՆՔ…

Մինչ ես իմ ռոմանտիկ խանդավառությամբ փորձում էի քաջալերել շոկի մեջ հայտնված կնոջը, ինքը խնդրեց ստուգել պտուղների սեռը, ասելով, որ եթե գոնե մեկն էլ տղա լինի` կպահի հղիությունը, եթե ոչ...

Մտածելն անգամ սարսափելի էր...

Կյանքումս երևի այդպիսի ջերմեռանդ աղոթք չէի արել մտքումս, ուզում էի տղա սեռ տեսնել, այն էլ այնքան էի խառնվել իրար, որ էկրանը աչքիս շաղախվել էր:

Մինչ բոլորս շունչներս պահած անցնող վայրկյաններն էինք հաշվում` բժիշկը առանց աչք թարթելու հայտարարեց, որ երեքն էլ աղջիկ են...

Ես ի վիճակի չէի հետևելու այդ  հղի կնոջ ապրումներին, ուստի դուրս եկա միջանցքում սպասելու: Երբ նա խորտակված դեմքով դուրս եկավ կաբինետից, մոտեցա, ձեռքերը գրկեցի ու խնդրեցի ձեռք չտալ Աստծո տվածին, չկրել մեղքի ծանր բեռը կյանքում...

Հիշում եմ իմ հուզված խնդրելը օտար կնոջը ....

Ինքը ինձ գրկեց, շնորհակալություն հայտնեց սրտացավությանս համար ու խնդրեց հեռախոսահամարս` խոստանալով, որ կզանգի ինձ ու կասի իր վերջնական որոշման մասին...

Այդպես էլ չստացա սպասված զանգը ու տարիներով հիշում էի ու տանջվում այն մտքից, որ անզորությունից սխալ որոշում է կայացրել:

Օրեր առաջ կանգառում ժպտալով ինձ է մոտենում մի կին ու փորձում ճշտել՝ արդյոք ես բժի՞շկ եմ: Երբ ստանում է իմ «այո»-ն, կորած հարազատ գտնողի հայացքով գրկում է ինձ ու հայտարարում.

«Ես այն երեք ձագուկների մաման եմ, որոնց ծնունդով կրկնապատկվեցին աղջիկներս ու դարձան վեցը մեր ընտանիքում... Վեց սիրուն օրիորդների երջանիկ մամա եմ ու ամեն օր փառք եմ տվել տիրոջը Ձեզ իմ ճամփին հանդիպացնելու, Ձեր բարի խորհրդին հետևելու ու հիմարություն չանելուս համար…»:

իմ փոխադարձ էմոցիաները թողնում եմ ամենքիդ երևակայությանը…

***

Մեր առյուծածին հերոս մայրերից մեկն է, որը թշնամու գնդակից զոհված մինուճար զավակին հետմահու խոստացել էր ետ բերել նրա հոգին իր տուն, արու զավակ ծնել իր Կարենի անունով ու վառ պահել օջախի ծուխը... և տիեզերքի առեղծվածով` վշտակորույս մոր արգանդում բաբախում էին երկու արու զավակների սրտիկներ, որոնց սեռերի որոշումը ամենահուզիչն էր իմ պրակտիկայում...

Տիկին Թինան է՝ գրկում պահած աստվածատուր Կարենին ու Նարեկին, որոնք պահապան հրեշտակների պես ամեն վայրկյան խինդով են լցնում իրենց տառապած մոր հոգին և ստիպում նրան ուժեղ լինել, ապրել ու վառ պահել հերոս որդու հիշատակը...

Աստված առողջ ու անփորձանք կյանք տա մեր հրաշքներին և թող նրանք այսուհետ ապրեն խաղաղ ու ապահով Հայաստանում…

***

Եկել են՝ ջահել, լույսի կտոր զույգ են, ամուսինը բերեց, հատուկ խնամքով կնոջը տեղավորեց «տապչանին», մազերը քնքշանքով ուղղեց ու խելոք տեղավորվեց անկյունի աթոռին:

Ինչ հարց տալիս եմ, կնոջը սինխրոն պատասխանում է հարցերիս (ամեն բան նրա հետ կապված անգիր գիտի), երբեմն մեղմ ժպիտով ուղղում է դեռատի կնոջն ու անհանգիստ հիշեցնում, որ բոլոր գանգատներն ինձ ասի...

Երբ խնդրում եմ, որ թույլ տա կինը պատասխանի, նա անսահման քնքշանքով նայում է երիտասարդ կնոջ կողմն ու թե.

- Ախր, բժշկուհի ջան, ինքն այնքան ամաչկոտ է ու փխրուն, որ անգամ ինձ չի ասում իր խնդիրները: Մի օր գլխացավից ուշագնաց էր եղել, բայց ինձ ամաչել էր ասի, որ գնամ դեղ առնեմ…

Նայում եմ կնոջ` ամուսնուն ուղղված երախտիքով, սիրով լի հայացքին, արցունքակալած աչքերին ու անկեղծ հուզվում նրանց հետ հավասար, հիանում եմ նրանց փոխադարձ նվիրումով ու հասկանում, որ կյանքում ա´յ այս տեսակ Սիրո դեմ անզոր են բոլոր ձախողումները…

Սենյակը լցվում է նրանց լուսավոր էներգիայով և այդ պահերին ավելի ու ավելի եմ սիրահարվում իմ ընտրած մասնագիտությանը:

Իսկ պտղի սեռը փակ ծրարով հանձնում եմ հրաշալի զույգին, որպես նվեր ու չեմ զլանում սուղ ժամանակիս մեջ անգամ իմ բրենդային «սմայլիկը» փաթեթավորել հետը, որպես առհավատչյա հավերժ Սիրո ու Ժպիտի…

Սիրեք ու սեր տարածեք ամենուր, մարդի՜կ, դա է մաքրում բոլորիս հոգին աղտից:

***

Նկարն այսօր վերնագրեցի «Աղոթքի ժամին»...

Աղոթքի դիրքով ձեռքերը վեր պարզած պտուղը 12 տարի ջերմ սիրով սպասված Նարեկն է, որն, իսկապես, մոր բարի սրտի պարգևն էր` Նախախնամության թելադրանքով:

Հիմա պատմեմ Նարեկի մայրիկից:

44 տարեկանում առաջին անգամ մայրության բերկրանքը վայելած այս լավատես ու բարի կինը 12 տարի սիրով ու անտրտունջ պահել, խնամել է ամուսնու առաջին ամուսնությունից ծնված երկու փոքրերին, որից մեծին` աղջկան, հաշմանդամության զգալի խնդիրներով ու, ի դեպ, հենց նա էլ ճիգով ու ջանքով, դժվար տեղաշարժվելով` հղի մայրիկին ուղեկցեց իմ կաբինետ, իսկ հոգատար մայրն էլ խնդրեց, որ աղջիկն անպայման ներկա լինի հետազոտությանը:

Երբ հարցրեցի տիկնոջը, թե սա որերորդ հղիությունն է, պատասխանեց, որ կենսաբանական առումով առաջին, բայց ունի երկու լավ բալիկ, որոնց սիրում է աշխարհի չափ ու կարևոր չէ, որ ինքը չի լույս աշխարհ բերել:

Տեսնել էր պետք մոր ու աղջկա երջանիկ հայացքներով իրար փաղաքշելը` երբ ես մի որևէ լավ լուր էի հաղորդում պտղից: Երբ իմացան սեռը` երջանկությունից արտասվեցին իրար գրկած ու հղին ասաց, որ երեխաները որոշել են տղա լինելու դեպքում Նարեկ դնել եղբոր անունը:

Հետո իրար օգնելով հավաքվեցին ու շնորհակալությունների հեղեղ թափելով դուրս եկան սենյակիցս:

Այս համեստ ընտանիքից սիրո ու համերաշխության խտացած էներգիա էր ժայթքում, որտեղ էական չէին նյութական խնդիրները: Նրանք նախանձելի ինքնաբավ մարդիկ էին` Աստծուց շնորհակալ իրենց ունեցածով ու Նարեկն այդ անսահման սիրո ծնունդն էր:

Թող մեզանում շատ լինեն իսկապես կյանքից գոհ ու երջանիկ ընտանիքներ, որտեղ կմեծանան հոգեպես առողջ ու ազգին պիտանի բալիկներ:

***

Այս հրաշքը իրենց տան չորրորդ աղջիկն է: Ինքը մամային «բերել» էր ինձ մոտ, որ հետազոտենք, շուտով լույս աշխարհ եկող իրենց 5-րդ քույրիկին...

Շատ լուրջ դեմքով պայուսակը գրկած հսկում է մորը...

Ի դեպ, իր սեռն էլ եմ ես հայտնել երջանիկ ու սիրուն մայրիկին, սրանից երկուսուկես տարի առաջ... Տեսնել էր պետք, թե ո՜նց էր գուրգուրում ու պաչպչում մոր ձեռքերը հետազոտությունից հետո, (որովհետև մաման ժամանակին որոշում չէր կայացրել, որ չորրորդ աղջիկն ավելորդ է)...

Այո, սիրելիներս, կան նաև այսպիսի լուսավոր ու համեստ ընտանիքներ, որոնց համար երեխայի ծնունդը ամենաթանկ տոնն է՝ անկախ սեռից:

***

Ինձ հիշել ու հեռավոր շրջանից հետազոտության են եկել երկու հրաշք կանայք՝ մեկը հղիության ֆիզիկական կրող (այսպես կոչված սուրոգադ), մյուսը՝ սպասված հղիության կենսաբանական ծնողը, որին առաջին ծննդաբերության ժամանակ արգանդի աջ կեսը՝ աջ ձվարանի ու արգանդափողի հետ, հեռացրել են...

Տարիներ անց որոշել են ևս մեկ բալիկ ունենալ՝ սուրոգադ մոր օգնությամբ...

Հասնում եմ պատմության բուն կետին....

Պտղի մոտ ամեն ինչ կարգին էր, բոլորը երջանիկ էին...

Վերջում մեր կենսաբանական (իսկական) մայրը հիշեց, որ իր մոտ էլ կան որոշ խանգարումներ և որոշեց ինքն էլ հետազոտվի, ու... պարզվեց, որ կես արգանդով և մեկ ձվարանով կնոջը բնությունը որոշել էր մայրություն պարգևել, և նրանց ընտանիքը համալրվելու էր միանգամից երկու հրաշքով...

Կարիք չկա նկարագրելու էմոցիաների հեղեղը, կարիք կա հավատացնելու բոլոր մայրանալ տենչացող կանանց (որոնք քիչ չեն), որ հրաշքները միշտ կատարվում են, երբ դու անկեղծ ու մաքուր հոգով տենչում ես ու հավատում...

Մեծ սիրով ու անհամբերությամբ, բոլորիդ հոգու երազի իրագործմանը սպասող, ձեր երջանկությունը հավասարապես կիսող, ձեր՝ բժշկուհի Արմինե Միսակյան…

* Բոլոր լուսանկարները հրապարակվում են համաձայնությամբ

 

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ