Անժելա
Սահակյանը
Փարիզում
ապրում է
ավելի քան
15 տարի:
Այդպես է
ստացվել:
Ծնվել է
Ղարաբաղում:
Աշխատել է
հայկական
հեռուստատեսությունում,
գրքեր է
գրել,
ֆիլմեր
նկարահանել:
Այսօր
Փարիզի
հայկական
ռադիոյի
(AYP FM)
մեկնաբանն է,
«Արցախապատում»,
«Հայ մամուլի
տեսություն»
և «Բաց նամակ
ճշմարտության
պարտադրանքով»
հաղորդաշարերի
հեղինակը
և վարողը:
«Գործուղումս»
Ֆրանսիա
մի օր
կավարտվի
ու կվերադառնամ
տուն:
Հաստատ:
«Ցավ ի սիրտ...». ԱՆԺԵԼԱ ՍԱՀԱԿՅԱՆ
Արդեն 40 օր է Ֆրանսիայի հայազգի ականավոր գործիչ Պատրիկ Դևեջյանը մեզ հետ չէ: Այն համընկել է մայիսի 9-ի եռատոնի հետ: Ինչպես ասում են՝ պատահական ոչինչ չի լինում: Մոսկվայում բանտարկված «Ղարաբաղ» կոմիտեի անդամների ազատման, Արցախի հիմնախնդիրը Ֆրանսիայի Ազգային ժողովի ուշադրությանը հրավիրելու, Ֆրանսիայում «Հայաստան» հիմնադրամի ամենամյա դրամահավաքի համար՝ Պատրիկ Դևեջյանն իր ներդրումն ունի: Նվիրյալ հայի հիշատակը վառ կմնա նրան ճանաչողների սրտերում:
ՍԻՐԵԼԻ ՊԱՏՐԻԿ ԴԵՎԵՋՅԱՆ
Երբ աշխարհը ցնցված ամեն օր հայտարարում է, թե որքան կյանքեր խլեց դաժան համավարակը, ընտանիքով տագնապած հետևում ենք ֆրանսիական և հայկական հեռուստաալիքների լուրերին: Առաջին մեր մտահոգությունն այն է, որ (թող մեզ ներեն աշխարհի բոլոր ազգերը, յուրաքանչյուրի մահվան համար մեծ ցավ ենք ապրում) հայերն այդ ցանկում չլինեն, վիճակագրությամբ՝ մենք քիչ ենք:
Եվ հանկարծ մարտի 25-ին տեղեկանում ենք, որ կորոնավիրուսի դրական ախտորոշմամբ Անտոնիի հիվանդանոցում եք, բայց Ձեր ինքնազգացողությունը լավ է, դա հաստատավեց, մարտի 26-ի Ձեր լավատեսական գրառումով.
«Համավարակն ինձ էլ խոցեց, որպես անմիջական ականատես` կարող եմ վկայել բժիշկների և բուժանձնակազմի բացառիկ աշխատանքի մասին: Հոգնած, բայց նրանց շնորհիվ, վիճակս կայուն է, շարունակում եմ հաղթահարել: Մեծ շնորհակալություն բուժաշխատողներին՝ բոլոր հիվանդներին մշտապես օգնելու համար»:
Շտապեցիք անմիջապես շնորհակալություն հայտնել Ձեզ համար հոգ տանող բուժանձնակազմից, այս անգամ Ձեր կանխազգացումն էր թելադրում, որովհետև Դուք շնորհակալության զգացողության մեջ շաղախված մարդ էիք, վախենում էիք չհասցնել…
Կյանքի փորձից է, սա էլ այն դատերից մեկն էր, որ վստահորեն համոզված էիք, որ կշահեք, բայց երբեմն անհիմն պատճառներով ձգձգվում էր, ինչպես Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը, որ որոշել էիք պայքարել մինչև մահ։
Մարտի 28-ի գիշերը, երբ կտրուկ փոխվել էր Ձեր ինքնազգացողությունը, դժվար էր կանխազգալ, թե Ձեր կյանքի վերջին րոպեներին ինչ էիք մտածում, բայց համոզված եմ, որ կիսատ թողած Ձեր գործերի ցանկում գերակշռում էին հայկական ծրագրերը:
Որքան էլ փորձենք չհամակերպվել, մարտի 29-ի լուսաբացը գուժեց Ձեր մահը, քաղաքական գործիչների շրջանում COVID–19 համավարակի առաջին զոհն էիք. Ֆրանսիան, Հայաստանը և Արցախը ցնցված էին:
Քանի օր է` չեմ կարողանում մտքերս ի մի բերել, որովհետև չեմ կարողանում անցյալով զրուցել Ձեզ հետ:
Հայ ժողովրդի համար շատ մեծ հարված է…
ԱՅՍ ԴԱՌԸ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆԸ Ո՛Չ, ՀԱԶԱՐ ԱՆԳԱՄ Ո՛Չ…
Ալեկոծված այս աշխարհում, երբ մոլեգնում է անտեսանելի աղետը, թվում էր թե նա հզորներից ու վառ անհատականություններից պետք է հեռու մնար, հեռու մնար բոլոր նրանցից, ովքեր ապրել են ուզում: Իսկ ո՞վ չի ուզում ապրել, բոլորն ապրել են ուզում՝ անկախ տարիքից, զբաղեցրած պաշտոնից, անգործ ու հուսահատ լինելուց:
Անգամ մահվան ճիրաններում մարդն իր հույսը չի կտրում…
Կյանքը շարունակվում է իր բոլոր դժվարություններով, ճգնաժամերով, ահաբեկչական գործողություններով, համավարակով…
Թանկագին Պատրիկ Դևեջյան, դժվար է կռահել, որ երբ Ձեզ մոտ հայտնաբերեցին այդ չարաբաստիկ վիրուսը, ինչ մտածեցիք այդ պահին, բայց հույս ունեիք, որ կյանքը Ձեր դեմ չար կատակ չի անի, բայց նաև Դուք մարդու այն տեսակն էիք, որ երբեք Ձեզ չեք գերադասել ուրիշներից: Դուք համակերպվեցիք այն փաստի հետ, որ այդ համաշխարհային աղետից անմասն չմնացիք, ավաղ այդ բաժինը ճակատագրական եղավ Ձեզ համար:
Ողջ Ֆրանսիան, Հայաստանը և Արցախը սգում են. Էմանուել Մակրոնն իր ցավակացական խոսքում ասաց. «Ֆրանսիան կորցրեց իր հավատարիմ քաղաքական գործչին, որն իր հետ բերեց մեծ մշակույթ՝ օրենքի հսկայական իմացություն և ազատության ձգտում՝ իր տարածաշրջանի և ազգի ծառայության մեջ: Նա երբեք չէր մոռանում իր ծագումը՝ Հայաստանը սրտում խորապես սիրում էր Ֆրանսիան»:
Նիկոլա Սարկոզիի խոսքը բնութագրում է հավատարիմ գործընկերոջ կորուստ.
«Պատրիկ Դևեջյանը եռանդուն, կատարյալ անկեղծ, նվիրված անձնավորություն էր: Նա մարմնավորեց քաղաքականությունը, ինչպես ես եմ սիրում՝ զգացմունքներով, վստահությամբ: Ես հպարտ եմ, որ նա իմ կողքին է եղել: Ուզում եմ իմ խորը ապրումներն ու անսահման տխրությունը հայտնել նրա մտերիմներին»:
Սրտառուչ էր նաև Ֆրանսուա Օլանդի խոսքը. « Պատրիկ Դևեջյանը մարտիկ էր, նա համարձակորեն հաղթահարեց բազմաթիվ փորձություններ: Նրան հաղթողն ամենախորամանկն էր, քանի որ անտեսանելի էր: Թող նրա և այս պատուհասի բոլոր զոհերի հիշատակը վառ մնա: Այս պայքարը մեզանից պահանջում է ազգային ամենամեծ միասնությունը»:
Դժվար չէ կռահել, թե ինչ կգրեր Ժակ Շիրակը:
Այս խոսքերը բնութագրում են քաղաքական գործչի ու մտավորական մարդու Ձեր տեսակը, Ձեզանով են չափել հայ մարդու խելացիության, ազնվության, հայրենասիրության, ինտելեկտի աստիճանը:
Հայն ու Հայաստանը ֆրանսիացու համար Շառլ Ազնավուր ու Պատրիկ Դևեջյան են, Աշոտ Մալաքյան են և պատահական չէ Ֆրանսիայի չորս նախագահների այցը Հայաստան:
Սիրելի Պատրիկ Դևեջյան, մեծանուն հայ, մինչև Ֆրանսիա տեղափոխվելս, Հայաստանում արդեն գիտեի Ձեր մասին, ողջ հայության համար Դուք հպարտության ու վստահության խորհրդանիշ եք:
Ես ծանոթ էի Ձեր կենսագրությանը. ֆրանսահայ ականվոր քաղաքական գործիչ, նախարար, Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամ, իշխող Ժողովրդական շարժման միության կուսակցության (UMP) գործադիր գլխավոր քարտուղար, Անտոնիի քաղաքապետ, Օ-ԴԵ ՍԵՆ ( HAUTS – DE – SEINE) վարչական նահանգի նախագահ, Ժակ Շիրակի դատը քսան անգամ շահած փաստաբան, Նիկոլա Սարկոզիի վստահելի գործընկեր, Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանության ճանաչման գլխավոր դերակատար, Մոնթե Մելքոնյանի շահերի պաշտպան, (երբ 1982թ. կեղծ փաստաթղթով ձերբակալվել էր Փարիզում), Ֆրանսիայում, Հայաստանում և Արցախում ճանաչված ու սիրված անհատականություն:
Միշտ հպարտության զգացողությամբ եք պատմել, որ Ձեր հայրական պապը Դիարբեքիրից էր, մայրական տատը Սեբաստիայից, հայրը՝ Ռոլան Դևեջյանը, ծնվել է 1901թ. Սեբաստիայում, հետագայում բնակվել են Կոստանդնուպոլսում, Հայոց Ցեղասպանությունից մազապուրծ`1919թ. տեղափոխվում են Ֆրանսիա, այնուհետև մշտական բնակություն հաստատում Փարիզում: Դուք ծնվել եք 1944 թ. մայիսի 26-ին:
Յոթ տարեկանից հաճախում եք Մխիթարյան միաբանության Սևրի Սամուել Մուրադյան վարժարանը: Սովորելով հայերեն ու ֆրանսերեն լեզուներով` Ձեր մեջ կրել եք հայի և ֆրանսիացու վեհ գաղափարները, հոգու խորքում գերակշռելով Ձեր նախնիների ճակատագիրը, մեծացել եք Ձեր հայրիկի հայրենասիրական պատմություններով, Ձեր մեջ ներառելով Արաբոյի, Անդրանիկի սխրագործությունները, Կոմիտասի մեղեդիներն ու տառապած կյանքը:
Դժվար է նկարագրել Կոստանդնուպոլսից Ֆրանսիա ձեր ընտանիքի գողգոթան, սակայն մի պարզ ճշմարտություն կա, մայրդ՝ Մոնիկ Վալուան, լինելով ֆրանսուհի, ընտանիքում պահպանել է հայկական ավանդույթները: Դուք ծնվել ու մեծացել եք սիրո, համերաշխության, հայրենասիրության, ազնվության մթնոլորտում, որը Ձեր ազգանվանը զուգահեռ արժանապատվորեն կրում էիք Ձեր ներսում՝ լավագույն մարդ, որդի, ամուսին, հայր, պապիկ:
Հիշում եմ, առաջին անգամ Ձեզ տեսա 2002 թ. հունվարի 17-ին Փարիզի սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, Անրի Վերնոյի (Աշոտ Մալաքյան) հուղարկավորության արարողությանը: Երեք ամիս էր, ինչ գտնվում էի Փարիզում, տեսախցիկս ոչ մի ակնթարթ բաց չէի թողնում, բացի այն, որ եկեղեցում տխուր առիթով էի, ինձ համար ամեն ինչ հետաքրքիր էր՝ միանգամից մոտիկից տեսնել Ֆրանսիայի և հայ համայնքի հայտնի դեմքեր՝ Շառլ Ազնավուր, Ալեն Դելոն, Ժան Պոլ Բելմոնդո և բազմաթիվ հայեր, որոնք անընդհատ արտասվում էին:
Դաժան ճշմարտություն է, բայց երանի Ձեզ էլ կարողանայինք Անրի Վերնոյի և Շառլ Ազնավուրի նման փառքով ճանապարհել… Չնայած ժամանակը չէր, այնուամենայնիվ, Դուք արժանի էիք:
Ամբողջ հայ ժողովուրդը՝ Ֆրանսիա, Հայաստան, Արցախ, իրենց տներում փակված ամեն օր հիշում ու արտասվում են Ձեզ համար:
Երբ այս չարաբաստիկ համավարակը չքանա, հայկական բոլոր եկեղեցիներում հոգեհանգստյան արարողություններ կլինեն, և Ձեզ ճանաչող, մտերիմ ու սրտակից մարդիկ, կգան ու իրենց հարգանքի տուրքը կմատուցեն Ֆրանսիայի և հայ ժողովրդի արժանի զավակ Պատրիկ Դևեջյանին։
Երկրորդ անգամ Ձեզ տեսա 2002թ. ապրիլի 24-ին, Փարիզում՝ Հայոց Ցեղասպանության խորհրդանիշ Կոմիտասի հուշարձանի բացմանը: Ամբողջ արարողությունը նկարահանել ու տեսաֆիլմ եմ պատրաստել «ԱՊՐԻԼ 24» խորագրով. այս օրերին, կրկին տեսաֆիլմը նայեցի, կարծես նոր նկատեցի, որ տեսախցիկս ամենից շատ կենտրոնացրել էի Ձեր ու Շառլ Ազնավուրի վրա:
Այնուհետև, հայկական միջոցառումներին մոտիկից զրուցելով Ձեզ հետ, ամեն անգամ մտքումս շնորհակալ եմ եղել Ձեր ծնողներին, որ Ձեզ նման հայրենասեր որդի են մեծացրել:
Արդեն իսկ բացահայտ էր Ձեր միջամտությունը, Ձեր շնորհիվ է Ֆրանսիան ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, վկան՝ դեռևս 1986թ. «Վան» ռազմագործողության դատի պաշտպանությունն էր:
Դուք ընդամենը 37 տարեկան էիք, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի չորս անդամների` Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատան գրավման համարձակ քայլը կարողացաք պաշտպանել, ֆրանսիական բարձրագույն ատյանին համոզելով, որ նրանք «ահաբեկիչ» չեն, նրանք պահանջատեր են: Դա Հայ Դատի հաղթանակների առաջին քայլերից էր, և Դուք երդվել էիք՝ որքան էլ երկար ու ձանձրալի, այնուամենայնիվ, պետք է պայքարեք մինչև մահ:
Հայոց Ցեղասպանության ճանաչման Ձեր հետևողական աշխատանքի շնորհիվ է Ժակ Շիրակը Ձեզ ասել. «Գնանք Ծիծեռնակաբերդ ու միասին լաց լինենք»:
2006 թ. սեպտեմբերի 26–ին Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի այցը Հայաստան, մեծ իրադարձություն էր, որին հաջորդեցին Նիկոլա Սարկոզիի ( 06.10. 2011), Ֆրանսուա Օլանդի (12.05.2014), Էմանուել Մակրոնի (12.10.2018) այցերը, բոլորն էլ՝ Ձեր ուղեկցությամբ…
Այսպիսի ազդեցիկ քաղաքական գործիչների այցը Հայաստան, Ծիծեռնակաբերդում ծաղիկներ խոնարհելը, մեծ ազդեցություն ունեն Թուրքիայի ժխտողական դիրքորոշման վրա:
Ամեն տարի, ապրիլի 24-ին, ֆրանսահայ համայնքը պաստառներով, պահանջատիրության արդարացի ձայնով, Փարիզի կենտրոնական փողոցներով քայլում է դեպի թուրքական դեսպանատուն` հիշեցնելով, որ մեր պայքարը կշարունակվի այնքան, մինչև Թուրքիան ընդունի պատմական ճշմարտությունը:
Այս տարի, Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին, այդ երթը չկայացավ, չարաբաստիկ համավարակը դեռ սպառնում է աշխարհին, ազատ տեղաշարժ չկա, կյանքը կանգ է առել, սակայն այս անգամ, ապրիլի 24-ին, մնալով մեր տներում, համայն աշխարհի եկեղեցիներում նույն ժամին զանգերը ղողանջեցին, ու բոլորս միասին, խավարում լույս վառելով, խնկարկեցինք մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը, այդ թվում՝ նաև Ձեր հիշատակը:
Անժելա Սահակյան