«ՑԱՎՈՒՄ ԵՄ, որ հետո չհանդիպեցինք...»

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

 

Երևանցիներն անկարող են մոռանալ մի մարդու, ով այնքան էր ձուլված Երևանին, որ դժվար էր Երևանը պատկերացնել առանց նրա ու նրան՝ առանց Երևանի:

Նա քայլում էր քաղաքի փողոցներով, իջնում էր Աբովյանով, գնում էր դեպի ԱԴՐԻ, դեպի «Դերասան», դեպի «Երևան» հյուրանոցի նկարիչների կաֆե, գնում էր դեպի թատերական, դեպի «Պապլավոկ», դեպի համալսարան, «Կազիրյոկ», դեպի  Տերյանի հին շենքը, դեպի «Սկվազնյակ» ու... նկարում էր կինո:

Նա քայլող կինո էր՝ ծանրաքայլ, խոհեմ, արտառոց կինո:

Այդ կինոյի անունը Արա Վահունի էր:

Նրան սիրահարվում էին քաղաքի էսթետ կանայք, սիրում էին ուսանողները, հին երևանցիները, երևանցի դարձող նորերը: Նրա ժամանակ Երևանը մշակույթ էր ու նա այդ մշակույթի տերն էր: Նրա հետ քաղաքի մշակույթը քայլում էր քաղաքում:  

Ու հանկարծ լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի արխիվում հայտնաբերում ենք Արա Վահունու յոթ բացառիկ, երբևէ չհրապարակված լուսանկար, ու կարծես Արա Վահունին վերադառնում է իր քայլքին:

Որտե՞ղ, ի՞նչ հանգամանքներում, ի՞նչ միջավայրում են ծնվել Արա Վահունու այս եզակի լուսանկարները:

«ՀԱՅԵՐԻ»  «Լուսանկարը՝ Հակոբ Բերբերյանի» հատուկ նախագծի նոր շարքի մասին Հակոբ Բերբերյանի հերթական հետաքրքրական պատմությունը:         

«Մենք պայմանավորվել էինք հանդիպել «Նաիրի» կինոթատրոնի մոտ: Ես առիթ ունեցել էի լուսանկարել Արա Վահունուն, բայց դա նրա «Անուշ մայրիկը» ֆիլմի նկարահանումների առիթով էր, ու չեմ կարող ասել, որ այդ ժամանակ ես կարողացել էի Արա Վահունուն «տեսնել»: Դեռ պիտի փորձեմ գտնել այդ լուսանկարները:

Մենք գնացինք մի բնակարան, որը պատկանում էր շատ հայտնի մի նկարչի: Նա կարծեմ Թիֆլիսահայ նկարիչ էր: Նրա աշխատանքները հայտնի էին, աշխատել էր Մոսկվայի Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ տաճարի վերականգնման վրա: Ցավոք, չեմ հիշում այդ նկարչի անունը: Երբ ես աշխատում եմ, ես իմ գործն եմ անում ու փորձում եմ կողմնակի բաներով ինձ չշեղել: Որքան գիտեմ, այդ նկարիչը հիմնականում Երևանում չէր բնակվում ու այդ օրը նա կարծես թե եկել էր Երևան ու մենք լուսանկարները նրա բնակարանում պետք է անեինք:

Վահունին շա՜տ էպատաժային էր, վերին աստիճանի կոռեկտ, բայց շատ բաց ու շատ ազատ: Երևի զարմանալի է, որ այստեղ հակադրություն ենք տեսնում, բայց նրա ազատությունը նրա ներսից էր գալիս: Ընտանիքից էր, կրթությունից, դաստիարակությունից:  Այդ դեպքում հակասություն չի լինում: Որքան գիտեմ, ինքը և բանասիրական կրթություն էր ստացել և նկարչական և ռեժիսորական ու՝ լավ կրթություն: Հայրն էլ՝ Սուրեն Վահունին, մտավորական մարդ էր:

Ես ուզում էի շատ ազատ ոճի մեջ լուսանկարել, բայց բնակարանը շատ հագեցած էր: Շատ անտիկվար իրեր կային, անտիկվարներով լցված տուն էր: Մի պահ զգացի, որ ինքը, կարծես մի քիչ կորում է այդ միջավայրում: Նրա կերպարը մի քիչ փոքրանում ու կորում էր, իսկ ինքն այդ ժամանակ ավելի իմաստնացած, ավելի տարիքը զգացող, խոհեմ մի կերպար էր:

Իրեն ասացի, որ ուզում եմ շատ ազատ լուսանկարել ու այդպես էլ աշխատել եմ: Ոչ մի խաղարկային կադր չկա: Իր էպատաժն իրենն էր, ոչ մի կեղծ բան չկար, հորինված բան չկար: Ինքը հատուկ չէր ստեղծել իր էպատաժային կերպարը: Իր ներսից էր գալիս, բարությունից ու բնութագրում էր իրեն: Ինքը նույնիսկ խոսելուց էր այդպիսին:

Ուզում էի, որ իր այդ կերպարն ու միջավայրը իրար համապատասխանեն: Այդ օրվա իմ աշխատանքի ամբողջ հմայքն ինքն էր, մնացյալը պետք է որպես ֆոն դիտարկել: Ինքն ինձ շատ հոգեհարազատ տեսակ էր: Ինքը կարծես իր տեսակով քեզ իր ներսից էր ընդունում, ոչ թե՝ դրսից:

Պայմանավորվեցինք, որ հետո նորից պիտի հանդիպենք ու նորից պիտի լուսանկարեի: «Ինչ կերպ կուզես, կլուսանկարես»,-ասաց: Ցավում եմ, որ հետո չհանդիպեցինք: Դա ինձ համար դաս է եղել: Մենք մեր մեծերին շատ հեշտ ենք բաց թողնում: Ուկրաինացին կարող է Փարաջանովին տարիներով լուսանկարել՝ առանց առիթի, ուղղակի լուսանկարել, մենք՝ անպայման պիտի առիթ լինի: Երբեմն, որ լուսանկարում եմ, շատերը հարցնում են, թե ինչի համար եմ լուսանկարում: Բայց դա մեր ազգի հիշողությունն է: Պետք է շատ լուսանկարես: Նաև՝ քանակի առումով: «Պեպո»-ի փորձերը որ լուսանկարում էինք «ՀԱՅԵՐ»-ի համար, 560 լուսանկար եմ արել: Անցել են այն ժամանակները, որ ասում էին, թե մեկ կադր եմ լուսանկարել ու ստացել եմ լուսանկարը:  Այդ մեկ կադրը այդ 560-ի մեջ է»: 

 

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ