«ՀԱՅԵՐ»-ի
հիմնադիր,
գլխավոր խմբագիր
Ժուռնալիստիկան
համարում է
սեփական
«ստորագրության
պատվի»
մասնագիտություն:
Հավատացած է, որ
«Հորինել
պետք չէ՝ ոչ
երկիր, ոչ
պետություն,
ոչ էլ
կենսագրություն:
Պատասխանատվությունն
ըստ ապրված
կյանքի է
լինելու:
Ոչ թե ըստ
հորինվածի»:
Իսկ անքննելի
այս սահմանումը
հեղինակել է իր
ամենաժուռնալիստ
ընկերը՝ Այդին
Մորիկյանը:
«Չափորոշիչային պատերազմի ստվերները…». ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ
«…Տասնօրյակը խրախճանքի մեջ էր: Կանայք վերջապես առանց ամուսինների էին, տղամարդիկ՝ առանց իրենց կողակիցների… Հայոց ավանդական բարոյականության մգլահոտ վանդակից բաց էր թողնվել կրքերի վայրագ բանակը: «Խաչաձև» էր կոչվում տռփամոլության այն Ավարայրը, որ Ալմա Աթայի կենտրոնական հյուրանոցի միջանցքն էր: Մի համարից շեղակի մտնում էին դիմացի համարը՝ կանայք տղամարդկանց մոտ, տղամարդիկ՝ կանանց: Եվ այդպես շարունակաբար՝ մինչև միջանցքի վերջը: Հայֆիլհարմոնիան, օպերային և դրամատիկ թատրոնները, պարի համույթները, երգչախմբերը բեռնաթափվում էին և բեռնավորվում…»:
Որքան էլ զարմանալի թվա, Աղասի Այվազյանի այս խիստ իրապաշտական հուշը մտաբերեցի հանրակրթության «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայոց պատմություն» առարկաների չափորոշիչային պատերազմի առիթով: Մի քանի օր է, ինչ «Հայոց ավանդական բարոյականության մգլահոտ վանդակից» անհոգնել սոցիալական ցանցեր են նետվում կեղծ բարեպաշտական մտասևեռումներ Նարեկացու, Խորենացու, Քուչակի, Սայաթ-Նովայի, ազգային ինքնության, ազգային արժեհամակարգի, ազգային բարոյականության, ազգային նկարագրի ու նմանատաիպ այլ բաների մասին:
Պատկերացրեցի, թե «Հայֆիլհարմոնայի, օպերային և դրամատիկ թատրոնների, պարի համույթների, երգչախմբերի»՝ ազգային ինքնության, արժեհամակարգի, բարոյականության, նկարագրի «տիտաններ» կանայք ու տղամարդիկ «տռփամոլության խաչաձև Ավարայրից» առաջ ի՜նչ հուզումնալից էին հնչեցնում Նարեկացի կամ Ֆրիկ, ու «բեռնաթափվելուց ու բեռնավորվելուց» հետո ի՜նչ իրական էին մատուցում Քուչակ ու Սայաթ-Նովա ղազախական երբեմնի մայրաքաղաքի բեմերում՝ ազգային տարազներում ամուր գրկված…
Վերջին օրերին առանձնակի ուշադրությամբ հետևեցի հանրակրթության «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայոց պատմություն» առարկաների չափորոշիչների մասին «դիսկուրսին»: Առանձնակի ուշադրությամբ կարդացի այդ չափորոշիչները, հայեցակարգերը: Մանրակրկիտ դիտարկեցի հատկապես «Հայ գրականության» 6-12-րդ դասարանների առկա դասագրքերը:
Ես այդ չափորոշիչների մասին մասնագիտական գնահատականներ չեմ հնչեցնի, քանզի, ի տարբերություն սոցիալական ցանցեր նետված հարյուրավորների, ես ինձ կրթության, մասնավորապես ժամանակակից հանրակրթության մասնագետ, փորձագետ չեմ համարում: Դասագրքաստեղծման մասնագետ չեմ համարում: Կրթության կազմակերպման մասնագետ չեմ համարում: Սրանք մասնագիտություններ են, որոնք կոնկրետ գիտելիք են պահանջում: Լույս ճառագող պատգամավոր էլ չեմ, որ մեկ էջանոց պատգամավորական հարցումներում առնվազն հինգ քերականական ու շարահյուսական սխալ անելով հանդերձ, այնուամենայնիվ, պատգամավորի «աստվածաշնորհյալ մանդատի» իրավունքով ներխուժեմ մասնագիտական ոլորտի բավիղներ, ինչպես՝ ամեն տեղ: Ոչ էլ կուսակցական եմ:
Բայց ես ինձ իրավունք վերապահում եմ մասնագիտական իմ հարթությունից անելու հարցադրումներ, խոսելու որոշ գործընթացների մասին, քանզի դրա իրավունքը տալիս են չափորոշիչային այս պատերազմի ստվերները:
Հայաստանում, ցավոք, չկա դիսկուրս: Չկա մասնագիտական դիսկուրս: Չկա որևէ դիսկուրս: Փոխարենը կա կեղծ բարեպաշտություն: Կա որոշակի հասկացությունների՝ ազգային ինքնություն, արժեհամակարգ, ազգային բարոյականություն, ազգային նկարագիր, հայրենասիրություն և այլն, գիտակցված ու չգիտակցված շահարկում: Կա քաղաքական կոնյուկտուրա: Կա քաղաքականություն: Կա չքողարկված ատելություն նույն համքարության այլ անդամի նկատմամբ: Կա խանդ: Կա ժամանակակից աշխարհի կրթական ու գիտական մտքի չափորոշիչային համապատասխանությամբ ամենատարբեր ոլորտային մասնագետների չգոյություն (եզակի բացառությունները չհաշված): Կա ժամանակակից աշխարհի կրթական ու գիտական միտքը կրող ինստիտուցիոնալ կառույցների բացակայություն: Կա ոլորտային կաստայականություն, որն ամեն կերպ պահպանել է փորձում իր ազդեցությունը այս կամ այն ոլորտի վրա: Կա ազատության ու ազատ խոսքի հետ բախված հասարակություն, որը չի գիտակցել «ազատություն», «ազատ խոսք» հասկացությունների խորքը: Կա, վերջին հաշվով՝ մտածողականության մեծ բախում: Դիրքային դաժան ինքնաոչնչացում: Ինստիտուցիոնալ տգիտություն: Կա՝ նորից Աղասի Այվազյանին հիշեմ՝ «ստալինյան մարդու գլխուղեղի կեղևի ու կեղևատակի անսասան թվացող փոխհարաբերություն», կա «երեսի ու աստառի» հանգամանք…
Ի՞նչ ցույց տվեցին գործող դասագրքերի ու չափորոշիչների անգամ պարզ դիտարկումները չափորոշիչային կռվի այս օրերի համատեքստում: Վերը նշվածի տխուր արձանագրումներ միայն:
Որոշ օրինակներ.
8-րդ դասարանի գործող դասագրքով աշակերտներն այսօր ուսումնասիրում են Սունդուկյան, Րաֆֆի, Դուրյան, Մուրացան, Շիրվանզադե, Նար-Դոս, Թումանյան, Իսահակյան, Զոհրապ, Վարուժան, Տերյան, Հեմինգուեյ: Նոր չափորոշիչներով այս ամենին՝ բացառապես նույնությամբ այս ամենին, գումարվել է Մոպասան, Օ՛Հենրի, Մարկ Տվեն, Շերոն Դրեյփեր, Հարփըր Լի, Արամ Պաչյան, Հրաչյա Սարիբեկյան:
Պատկերը գրեթե նույնն է 7-րդ դասարանի դասագրքի համեմատ՝ Չարենցին, Դեմիրճյանին, Ստեփան Զորյանին, Բակունցին, Զարյանին, Մահարուն, Շիրազին, Համո Սահյանին, Կապուտիկյանին, Պարույր Սևակին, Մաթևոսյանին, Սարոյանին նոր չափորոշիչներով գումարված են Թոթովենցը, Հովհաննես Գրիգորյանը, Գրիգը, Պալասիոն, Զուդերմանը:
Պատկերը մոտավորապես նույնն է նաև մյուս դասարանների պարագայում: Կան բացարձակ նույնություններ առկա դասագրքերի ու ծրագրերի հետ, կան սկզբունքային տարբերություններ՝ հօգուտ հայ և համաշխարհային գրականության ու 21-րդ դարի այն սերնդի, որն իր մասնագիտական կարողություններն իրացնելու է, ըստ էության, 21-րդ դարի վերջերին, արագ փոփոխվող այս աշխարհի նոր արագությունների ու նոր չափումների պայմաններում:
Լրացուցիչ ընթերցանության և նախագծային աշխատանքների առաջարկվող գրականության ցանկերում նույնպես կան հայ և համաշխարհային գրականության անուններ ու ստեղծագործություններ, որոնք շատ-շատերի մոտ ինսուլինային պահանջ էին առաջացնում ընդամենը երկու տարի առաջ: Նաև նրանց մոտ, որոնք մեծ հաշվով վերջին 40-50 տարիներին դասագրքաստեղծման, չափորոշիչների ու ծրագրերի ստեղծման ակունքներում են՝ մշտապես ճկված լինելով տվյալ ժամանակաշրջանի քաղաքական իշխանությունների ու համակարգերի պահանջների տակ, կեղծելով պատմություն ու պատմական իրողություններ, նենգափոխելով գրականություն ու գրական ուղղություններ, միտումներ, ձախողելով դասագրքեր ու ծրագրեր: Որքան էլ իրենք այլ բան ասեն:
Ինչի՞ համար է, ուրեմն, աշխարհացունց այս խառնաշփոթը, համազգային այս դատափետումը, ազգայինով սկսվող հասկացությունների այս անդադար շահարկումը: Շահարկումը՝ ատելության լեզվով, խարազանման լեզվով, ոչնչացման լեզվով: Մանավանդ, երբ այդ չափորոշիչները քննարկման փուլում են, փոփոխությունների փուլում են, սպասում են նեղ մասնագիտական լուրջ քննարկումների, ճշգրտումների: Ինչո՞ւ բովանդակության մասին, ըստ էության, խոսք չկա: Եղածն էլ՝ հայհոյախոսություն է հիմնականում: Ինչո՞ւ փոխարենը կա ձևի քննարկում. օ՜, «հայ» բառը հանվել է և մնացել է «Գրականությունը», օ՜ միջնադարյան քնարերգությունը հանվել է, օ՜ Նարեկացին, Խորենացին հանվել են, երբ, իրականում, չեն հանվել: Օ՜, հայրենասիրություն բառը չկա պատմություն առարկայի չափորոշիչներում և այլն:
Սա նման է անաստվածների մոմավառությանը, անհավատների ծիսապաշտությանը: Կամ գուցե մե՜ծ, շա՜տ մեծ խոհափիլիսոփայություն է թաքնված այս «օ՜»-երում, որ հասու չէ շարքային մահկանացուներիս:
Մի կողմից մեդիան է բորբոքում փարիսեցիության, կեղծավորության, պաթետիկ բարեպաշտության կրակները՝ հետապնդելով կաստայական իր շահերը՝ «Ուսուցիչներին վիրավորել է նաև այն հանգամանքը, որ «Հայ գրականություն» առարկան խմբագրվել և դարձել է «Գրականություն»` իր մեջ ներառելով նաև արտասահմանյան գրականություն և հայ ժամանակակից հեղինակների գործեր», ուսուցիչներին հարցնելո՞վ, թե՞ ուսուցիչներին շահարկելով, բայց հարկ չհամարելով ճշտել, որ տարիներով գործող դասագրքերը նույնպես «Գրականության» դասագիրք են և ոչ՝ «Հայ գրականության» և այդ դասագրքերում նույնպես կան արտասահմանյան գրողներ:
Մյուս կողմից ակադեմիկոսական, պրոֆեսորադասախոսական, ամբիոնավարիչական, դեկանափոխդեկանային կաստայությունն է «ընդվզում»՝ ազդեցության կայուն ոլորտը տրհովել է, վերջին 40-50 տարիների ստեղծած բուրգը փլուզվում է:
«Էպոսը լավ է, որ կա, բայց Մաշտոցից հետո ի՞նչ եղավ, ո՞վ է Խորենացին, Բուզանդը, Եղիշեն, Փարպեցին... սա խայտառակություն է, ռետինն առած՝ հայ մարդու միջից ջնջում են նրա հիշողությունը: Այսպես կվարվեր միայն թուրքը, սա հենց թուրքի ձեռագիր է…: Այս ծրագիրը քննարկման ենթակա չէ, որովհետև վերից վար խոտան է…Ինձ չեն ասել և չեն ներգրավել, եթե ներգրավեին, բնականաբար, այսպիսի պատկեր չէր լինի, նորից եմ շեշտում՝ ծրագիրը խոտելի է, նողկալի…»:
«…Այս համակարգում առաջին պլանում է անհատը՝ աշակերտը: Անշուշտ, ժամանակակից դպրոցում պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնել աշակերտի անահատականությանը, ինքնաճանաչման փորձերին: Դպրոցից պետք է դուրս գան սեփական կյանքով ապրելու ընդունակ, սեփական կարծիքներ ու տեսակետներ ունեցող և դրանք պաշտպանելու ընդունակ մարդիկ: Բայց ամենադժվար խնդիրն այն է, որ պետք է գտնել զարգացած, ինքնուրույն անհատի և ժողովրդի, հասարակության ներդաշնակության ճանապարհը: Անհատականությունը պետք է դիտվի ժողովրդի, համայնքի, ընտանիքի, հասարակության միջավայրում, որպես դրանց մասը, բաղադրիչը: Հայկական մշակույթը, հայ գրականությունը դա են հուշում…»:
«…Տերմինները, համաշխարհային գրականությունից և հատկապես ժամանակակից հայ գրականությունից որպես ընթերցանության նյութ առաջարկվող գործերը ոչ միայն խեղդում ու խեղճացնում են հայ գրականությունը, այլև վանում և բացասական վերաբերմունք են առաջացնում հենց իր՝ գրականության նկատմամբ։ Դրդում են գիրք չկարդալու…»։
«…Փաստաթղթում բացակայում է հայրենասիրություն բառը, իսկ ազգային ինքնություն, Հայ առաքելական եկեղեցի և նման այլ տերմինները այն համատեքստում են գործածված, որ դրանց տակ հակառակը պետք է հասկանալ, որովհետև մի բան են տերմինները, մեկ այլ բան է նյութի շարադրանքը և ենթատեքստը…»: (Ընդգծումները՝ իմն են):
Մեջբերումները տարբեր հեղինակներից են, բայց այսպիսին, կամ մոտավորապես այսպիսին է ժամանակակից, փոփոխվող աշխարհում ապրող Հայաստանի ակադեմիկոսական, պրոֆեսորադասախոսական, ամբիոնավարիչական, դեկանափոխդեկանային մտքի ծաղկաքաղային նկարագիրը, որը, սովորաբար, ավարտվում է եղերական, ապոկալիպսիսային եզրահանգումներով. «Ջնջում են հայ մարդու հիշողությունը», «Այսպես կվարվեր միայն թուրքը, սա հենց թուրքի ձեռագիր է»: «Ուզում են ջնջել ազգային հիշողությունը», «Գրականությունը խլում են հայից», «Տեղի է ունենում հայի և հայկականության դեմ խոշորագույն ինտերվենցիա», «Վերացնում են ազգայինն ու քանդում հայ դպրոցը»…
Սա է հայաստանյան «դիսկուրսի» բարեպաշտական հիմքը:
Պերճ Զեյթունցյանի հերոսը «Անավարտ մենախոսություն» ներկայացման մեջ Խորեն Աբրահամյանի անկրկնելի մեկնությամբ մի մենախոսություն է ասում.
«…Մասնագիտություն եք դարձրել հայրենասիրությունը: Ոնց որ կա բժշիկ, դերասան, ինժեներ, մատակարար, նույնիսկ, էնպես էլ՝ հայրենիք սիրողներ: Հայրենիք սիրողի մասնագիտություն: Աստված հեռու տանի էդ մասնագետներից: Բա չե՞ք տեսել, էդ որ ազգի ցավերը շալակած վազում է, մի հարցնող լինի՝ է՜, է՜, էդ ուր ես վազում, բա էդ ցավերը ափսոս չե՞ն, հանկարծ ոտքդ սայթաքի, ընկնես… հազարներ, տասնյակ միլիոններ, ազնվորեն գործ են անում, աշխատում են, ինչ-որ բան են սարքում, բան են շինում, դրանք հայրենասեր չե՞ն, դո՞ւ ես հայրենասեր, ե՞ս եմ հայրենասեր, նա՞ է հայրենասեր, հա՞: Էս ո՞նց եղավ… Էս նոր բա՞ն է: Էդ ո՞նց եղավ, որ իսկական հայրենասիրությունը, տղամարդու հայրենասիրությունը կտրվեց գործից, ընտանիքներից, գնաց բազմեց քեֆի սեղանների գլխին»:
Եթե այսօր գրեր Պերճ Զեյթունցյանը, երևի կգրեր՝ նաև սոցիալական ցանցերի էջերում:
Այո, հայրենասիրություն բառը չկա «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի չափորոշիչներում: Բայց կա նման շարադրանք. «Հայոց պատմություն» առարկայի նպատակը հայկական քաղաքակրթության վերաբերյալ պատմական համակարգված գիտելիքի ձևավորումն է: Առարկան նպաստում է պետականակիր գիտակցություն, ազգային ինքնագիտակցություն և դիմագիծ ունեցող, սեփական ժողովրդի ու պետության դերակատարումը պատմության խորապատկերում գիտակցող քաղաքացու զարգացմանը, ազգային և համամարդկային արժեհամակարգը կրող պատասխանատու քաղաքացու ձևավորմանը»:
Նման շարադրանք կա մեկ այլ չափորոշիչում. «Ձևավորել ազգային ու համամարդկային արժեքներ կրող ազատ, գիտակից ու պատասխանատու անհատ և քաղաքացի՝ ունակ գնահատելու անհատ - հասարակություն փոխազդեցությունները և փոխակերպումները պատմական տարբեր շրջափուլերում»։ (Ընդգծումները՝ կրկին իմն են):
Լա՞վ է շարադրված, թե՞ ոչ՝ այլ խնդիր է: Բայց, այո, հայրենասիրություն բառը չկա: Օ՜, պատկերացնում ե՞ք, հայրենասիրություն բառը չկա չափորոշիչներում: Ոչինչ, որ հայրենասիրության եռագույն շարֆերով փաթաթված՝ երկիրը որպես գույք պարտքի դիմաց վաճառվեց, ոչինչ, որ Նժդեհի ու հայրենասիրության անվան տակ երկիրը թալանվեց, կողոպտվեց, հայրենասիրական տարփողումների տակ ունեզրկվեց հայ ժողովուրդը՝ հանուն մի քանի տասնյակ «նժդեհապաշտների», որոնք շարունակում են պայքարել: Ոչինչ, որ հայրենասիրական դպրոցներում անդադար կեղծվեցին ընտրություններ, ստորացվեցին աշակերտներ ու ուսուցիչներ, թեպետ հայկական եռագույնն ու հայոց պետության զինանշանը փողփողում էին դպրոցների պատերին: Ոչինչ, որ Մովսես Խորենացին վտարվեց մեր իրական կյանքից ու բազմեց մարգարիտասիմոնյանների կրքծքերին: Չափորոշիչներում կար չէ՞ հայրենասիրություն բառը:
Դժվար է չասել, որ արցախյան պատերազմում կռվածների ու զոհվածների սերունդը հիմնականում այն սերունդն էր, որ Նարեկացի ու հայ ժողովրդի պատմություն գրեթե չէր անցել դպրոցներում, որովհետև նրանց դպրոցները սովետական էին, հայ ժողովրդի պատմության դասագիրքն էլ լղարիկ մի դասագիրք էր, որտեղ ամեն ինչ կար՝ պատմությունից, իրականությունից, ճշմարտությունից բացի: Որտեղ ավելին՝ սուտ կար: Սուտ ու կեղծիք: Բայց տղերքը կռվեցին ու զոհվեցին, որովհետև կար ընտանիք, միջավայր, գենետիկ հիշողություն, կային ուսուցիչներ, նվիրյալ մարդիկ, որ Չարենցի «Լենինն ու Ալին» բացում, բայց «Նավզիկե» էին անցնում ու «Պատմության քառուղիներով»:
Ուրեմն Նարեկացին ու Քուչակը չեն խնդիրը, որովհետև Նարեկացի ու Քուչակ, Ֆրիկ ու Խորենացի անցածներից շատերն այսօր գիշերային պորճային խրախճանքներ են անում՝ թաթուլների ու չգիտեմ ինչերի մուղամները քոքած, շատերն էլ հերոսաբար կռվեցին ու զոհվեցին ապրիլյանի օրերին, կռվում ու զոհվում են այսօր՝ Հայաստանի, Արցախի սահմանին:
Երեսպաշտություն անողների, ամեն ինչ քաղաքական կոնյուկտուրային ծառայեցնողների, քաղաքական, կուսակցական շահերը Աստծուց վեր դասողների, «նժդեհապաշտ» անպարագիծ հարուստների ու նրանց խոսափողերի բանակները հարձակվել են ժամանակակից գրողների վրա: Ստորաբար այդ հեղինակների գործերից պոկում են հատվածներ, տողեր, նախադասություններ, բարեպաշտություն են խաղում, իրենց հիվանդ երևակայությամբ նրանց գործերը կապում են իրենց սիրելի դավադրապաշտական տեսությունների հետ, երևակայության իրենց «հորիզոններից» մոտենում են գրականություն երևույթին ու վարկաբեկում են մարդկանց, որոնք գրի մարդու իրենց գործն են անում ու գրականություն են ստեղծում իրենց չարքաշ իրականության մեջ:
Այո, համաշխարհային գրականությունից և հատկապես ժամանակակից հայ գրականությունից որպես ընթերցանության նյութ առաջարկվող գործերը «երբեմն խեղդում ու խեղճացնում են հայ գրականությունը»: Որովհետև մաթևոսյանական անկեղծությունը չունենք, որ ասենք. որ իր ու իր սերնդի հայ և համասովետական գրականությունը «դա թերի գրականություն էր: Թվում էր՝ գեղեցիկ է, յոլա է տանում, բայց ահա արևմուտքի գրականությունը՝ այսօրվա հույժ իրապաշտական, գերիրապաշտական գրականությունը եկավ այս կիսատ խոսքի, եզովպոսյան լեզվի, թերասացությունների գրականությունը խորտակելու, գրասեղանից գրքերը դեն նետելու և ինքը հաստատվելու դրա տեղը: Շատ-շատ եմ ափսոսում, որովհետև դա վերաբերում է ոչ միայն գրականությանը, այլև պատմությանը, արվեստին, ամեն ինչին: Այդքան թուղթ է փչացվել, այդքան ծախսեր են արվել, այդքան ժամանակ է վատնվել, այդքան դերասան-դերասանուհիներ են պառավել կեղծիքի, կեղծ իրականության գեղարվեստականացման վրա…»:
Մաթևոսյանական միտքն ու անկեղծությունը չունենք, որ ասենք. «…Վատը հաղթեց: Վատը հաղթեց: Լավը նշանակություն չունեցավ, որ պարտված չմտնեինք նոր դարաշրջան: Վատ՝ ամեն ինչով՝ տնտեսությամբ: Բարոյականությունից զատ՝ ամեն ինչով՝ տնտեսությամբ, մտքով, առևտրով, ինժեներդ՝ պարտված, կովդ՝ պարտված արևմուտքի կովին, խոզդ՝ պարտված արևմուտքի խոզին, մարդ միավորդ պարտված արևմուտքի միավորին…»:
Եվ այսօր, ժամանակակից աշխարհում կեղծ բարեպաշտության այս զոռբայությամբ ուզում ենք նոր սերնդին կրկին պարտված մտցնել նոր դարաշրջան՝ պարտված «…տնտեսությամբ, մտքով, առևտրով, ինժեներդ՝ պարտված, կովդ՝ պարտված արևմուտքի կովին, խոզդ՝ պարտված արևմուտքի խոզին, մարդ միավորդ պարտված արևմուտքի միավորին…»:
Որպես մեղք է դիտարկվում, որ «…Այս համակարգում առաջին պլանում է անհատը՝ աշակերտը…»:
Էլի՝ մաթևոսյանական մտքի զորությունն ու անկեղծությունը չունենք՝ ասելու համար «…Մի քիչ ավելի ծարավի լինել, քան մենք ենք, օժտվելու տարիքում մեզ մի քիչ ավելի օժտել, համայնքին այսքան չապավինել, տկարությունն այսքան չհանդուրժել՝ ինչքան մենք ենք ապավինում և հանդուրժում ու հանդուրժվում, մի հրեայի, մի գերմանացու չափ աշխատել մեր միավորի, մեր երեխայի վրա...»:
Եթե ինձ մնար, ես անձամբ, այո, ժամանակակից գրողներին չէի դարձնի դասագրքային, այլ կգտնեի ձևը՝ նրանց գրականությունն ընթերցել տալու համար՝ ընդլայնելով գրական անունների ցանկը: Ի վերջո, գլխավորն ընթերցանությունն է: Թող միանգամից չդառնան դասագրքային: Թող ատելության, թշնամանքի սերմը չմտնի ապրողների մեջ, որ լավ գրականություն ստեղծվի: Դասագրքի ժամանակը միշտ էլ կգա: Գրականությունն, այնուամենայնիվ, ժամանակային չափումների մեջ է արժեքավոր, այդ չափումների մեջ է գրականություն:
Գրող Վահրամ Մարտիրոսյանը հրաշալի մի ձևակերպում է տվել: Կարելի է հաշվի առնել. «Դասագրքերում ներառված գրողները զոհեր են։ Եթե կարգին չեն վերլուծվում, ճոռոմաբանությամբ վերապատմվում են, նրանց դպրոցականները ատում են։ Դասագրքերում պետք է ոչ թե «անցնեն» գրողին, նրա ստեղծագործությունները, այլ՝ վերլուծելու, «կազմաքանդելու», խորքային ընթերցանության միջոցով սովորեն հասկանալ, ճանաչել լավ գրականությունը։ Եվ իհարկե պետք է գրական գործեր ընտրվեն, ոչ թե՝ փորձեր, գրական խմբակների մակարդակի։ Սա հեղինակների տարիքի հետ կապ չունի, այլ որակի։ Ընտրված ստեղծագործություններն էլ պետք է իրենցից առավելագույն չափով ուղղություններ, միտումներ ներկայացնեն, ոչ անձանց»։
Եթե ինձ մնար, ավելի համարձակ կմոտենայի բարեփոխումներին, որպեսզի բարեփոխումներն, իսկապես, հեղափոխական լինեին: Որպեսզի բարեփոխումներն, իսկապես, հեղաշրջեին դպրոցը, ուսուցչին, որպեսզի հայ և համաշխարհային ավելի ճշմարիտ գրականությամբ մտնեինք դպրոց, որպեսզի պատմությանն ավելի քննադատաբար մոտենայինք, ավելի անկեղծ, որպեսզի ինքներս մեր երեսին ասեինք այն, ինչը հենց մենք պետք է ասենք մեր երեսին:
Եթե ինձ մնար, ես շատ համարձակորեն դեն կնետեի առկա հոգնած, վախվորած, պռատ դասագրքերը: Դասագրքեր, որոնցում չկա Չարենցի «Պատմության քառուղինեով»-ը: Չկա Մահարու «Այրվող այգեստաններ»-ը այն մեկնություններով, որոնցով պետք է լիներ: Դաշնակցական նախարարի ժամանակ ինչպե՞ս կարելի էր «կազմաքանդել», վերլուծել «Այրվող այգեստանները: Եվ դա բնավ, դաշնակցական նախարարի «մեղքը» չեմ համարում: Չկա Բակունցի «Պրովինցիայի մայրամուտը», չկա «Խոնարհ աղջիկը», չկա Չարենցի առ այսօր արգելված պոեզիան, չկա Տերյանի, Թումանյանի հրապարակախոսությունը, չկա Կոստան Զարյանի «Անցորդը և իր ճամփան», չկա սփյուռքահայ գրականությունն իր լավագույն նմուշներով, չկա Չիլոն և այլն, թեպետ այդ դասագրքերը ստեղծվել են պաշտոնական հայրենասիրության տարիներին, «նժդեհականության» խրոխտ քայլքի ժամանակ:
Եթե ինձ մնար, շատ համարձակորեն այդ հոգնած, մաշված դասագրքերից դեն կնետեի սովետական պաշտոնական հայրենասիրության գրական նմուշները, անկախ այն հանգամանքից դրանք պատկանում են Սևակի, Կապուտիկյանի, Սահյանի, Շիրազի, թե մեկ ուրիշ մեծի գրչին:
Աղասի Այվազյանից, այո, ավելի ցայտուն, ավելի տաղանդավոր գործեր կընտրեի: Բոլորովին այլ հայացքով կմոտենայի Սևակին, Թումանյանին, Տերյանին: Առնվազն Վանո Սիրադեղյանի «Ափսոս էր երեխան» կընդգրկեի, որ համաշխարհային գրականությանն արժանի գործ է, Վազգեն Սարգսյանի պատմվածքներից կընդգրկեի, Լևոն Խեչոյանին այլ հարթությունում կդնեի, Սևակի, Կապուտիկյանի, Վահագն Դավթյանի սիրային քնարերգությունը կդնեի, հայ պոեզիայի ու արձակի, ժամանակակից հայ գրականության, սփյուռքահայ ու օտարագիր հայ գրականության մեկական լավագույն գործերի քրեստոմատիաներ կստեղծեի, որոնք լրացուցիչ ընթերցանության նյութ կլինեին և այլն:
Ի վերջո, կառուցվածքային ու բովանդակային այլ մոտեցումներ կներարկեի գրականության դասագիրք: Դեն կնետեի տասնամյակներով դասագրքից-դասագիրք տեղափոխվող սովետական այս սպանիչ ձևակերպումների շղթան, դատարկ, ոչինչ չասող, աշակերտին գրողից, գրականությունից վանող այս կաղապարները: Այս կաղապարների դատարկությունը նույնիսկ դրանք քննելու ցանկություն չի թողնում.
«Սունդուկյանն ապրել և ստեղծագործել է 19-րդ դարի երկրորդ կեսին…», «Րաֆֆին հայ արձակի խոշորագույն ներկայացուցիչներից է, … պատկերել է իր ժամանակաշրջանի և անցյալի հայ կյանքը…», «Շիրվանզադեն հայ արձակի խոշորագույն ներկայացուցիչներից է…», «…Եղիշե Չարենցը հայ գրականության խոշորագույն դեմքերից մեկն է և իր պատմական նշանակությամբ համարվում է նորագույն շրջանի հայ գրականության հիմնադիրը…» և այլն…
Հեղափոխությամբ, բացարձակ լեգիտիմությամբ իշխանությամբ Հայաստանը պետք է գնար, իրական կրթական հեղափոխական ճանապարհով:
Բայց սա դիսկուրսի հարց է: Ի դեպ, բացառապես մասնագիտական դիսկուրսի, մանկավարժական, մեթոդաբանական դիսկուրսի՝ հիմնված կարիքների գնահատման, լրջագույն փորձաքննության, մանկավարժության կուտակած համաշխարհային փորձի վրա և ոչ երբեք գրական, գրաքննադատական, գրողական, առավել ևս ընթերցողական ճաշակի:
Մի բողոք-ընդվզում էլ կարդացի, որ հարյուրավոր ժամանակակից հայ գրողներ կան, որոնք ընդգրկված չեն նոր չափորոշիչներում…Եթե չեմ սխալվում Հայաստանի գրողների միությունը մոտ 500 անդամ ունի: Գումարած սփյուռքահայ հին ու նոր գրականությունը, դասականները և այլն…այսինքն միայն գրականություն անցնե՞ն դպրոցում:
Ինչևէ՝ բոլոր համքարությունների կարծիքներն ու տեսակետները այս դիսկուրսում պետք է միավորվեին ժամանակակից աշխարհի մանկավարժության մոտեցումներին՝ բացառիկ մասնագետների աշխատասիրությամբ:
Բայց այս դիսկուրսը չկա: Չկա, որովհետև այս համահայկական խարակիրիի մասնակիցների բացարձակ մեծամասնության համար խնդիրը չափորոշիչները չեն, գրականությունը չէ, Նարեկացին ու Խորենացին չեն, հայ ժողովրդի պատմությունը չէ: Եթե դրանք լինեին՝ նյութը, դիսկուրսը կկայանար: Այն փնտրված է նաև չափորոշիչների հեղինակաների ու քաղաքական պատասխանատուների կողմից: Ինչո՞ւ մասնակցայնության փոխարեն գնալ՝ «տո, դու ո՞վ ես է, որ դասագիրք ես ստեղծում» ճանապարհով՝ ենթատեքստում ունենալով՝ «եթե ես կամ»-ը:
«…Դպրոցի խոր ռեֆորմ է հարկավոր: Եվ դա պիտի սկսել դպրոցական շենքից: Ոչ մի կառույց մեկ հեկտարից պակաս տարածություն չպիտի ունենա: Շնչելու տեղ պիտի ունենան երեխաները. 45 րոպե նստելուց հետո ուշագնաց են լինում: 10–12 աշակերտից ավելի չպիտի լինի դասարանի կազմը: Սա էսպես: Դպրոցի առավել կարևոր խնդիրը երեխաներին կյանքից չկտրելն է…: …Չպիտի գուրգուրենք անցյալում կորցրածին չափից ավելի ուշադրություն դարձնելու գաղափարը: Հայոց պատմություն, գրաբար, կրոն... Վախենում եմ, թե սրանց կարևորությունը բացարձակացնելու ճանապարհին հիմա էլ այս ձևով ծայրահեղության մեջ ընկնենք: Հայոց պատմությունը աշխարհի պատմությունից կտրված՝ քեզ նեղմիտ մի բան է դարձնում, չես հասկանում, որ երկրագունդը կլոր է, չգիտես, թե քո պատմությանը զուգահեռ աշխարհում ինչ պատմություն է ծավալվել…:
… Պիտի փոխվեն դպրոցների տեսակները: Ոչ մի լավ դպրոց չպետք է օրինակ դառնա մյուսի համար: Ոչ մեկը չպիտի կրկնի մյուսին: Ինչքան կարո՛ղ, գիտնակա՛ն ուսուցիչ, այդքան տեսակի դպրոց: Հպարտանում ենք. Տաթևի դպրոց ենք ունեցել, Ամարասի... դատարկ խոսքեր են: Ասենք թե վերականգնեցինք Ամարասը, պատերը դրեցինք, սվաղեցինք, պահակ էլ նշանակեցինք մոմ ծախողի հետ: Հետո՞... Կյա՛նք պիտի տալ դպրոցին, երեխաների շունչ ու ջերմություն: Մեծագույն մասնագիտությունը ուսուցչինը պիտի լինի: Հայ ազգային տաղանդը պիտի գնա սնելու ուսուցչի գործը: Իսկ դա հնարավոր է միայն մի դեպքում. պետական միջոցների մեծ մասը պիտի նետվի էդտեղ: Որտեղ որ ոսկին շպրտեցիր՝ եռանդը էդ կողմն է գնալու: Ոսկին դպրոց շպրտենք՝ հայ մտքի կարողությունը, ճկունությունը, նախաձեռնությունն ու գործիմացությունը կնետվի էդ կողմ՝ դպրոցը կզարթնի: Առայժմ մեռած է:
Երկիրը ուսման, պրոֆեսիոնալիզմի կարիք է զգում, լավ քաղաքագետների: Վերևներում կիսալեզու թերուսների մի վիթխարի բանակ է առաջացել: Լավ դպրոց չունենալուց է: Անունը դրել ենք հումանիստական, բայց դպրոց մտնելու հենց առաջին օրվանից երեխան քարոզից ու եռանդի անտեղի վատնումից բացի ոչինչ չի տեսնում…»:
Էլի Հրանտ Մաթևոսյանն է…
Հ.Գ. Հանրակրթության առարկայական չափորոշիչների փաստաթղթերում, հատկապես հայեցակարգերում, իրոք, կան սարսփելի տեքստեր՝ անբովանդակ, հակասություններով, հայերենի չիմացությամբ և այլն:
Իրոք, այս չափորոշիչների ստեղծման աշխատանքային խմբերի կազմումն արվել է պակաս հրապարակայնությամբ, ինչն էլ որոշակի անվստահության տեղիք է տվել ու պարատ հող ստեղծել կոնյուկտուրիստների համար: Նախապես չի խոսվել իրենց բնույթով քաղաքական այդ փաստաթղթերի դերի ու նշանակության մասին, որն էլ հիմք է դարձել դրանց վերագրելու գերբնական հատկություններ:
Խոսակցություն չի կայացել հանրության հետ, որպեսզի զանգվածներին առավել ընկալելի դառնա, որ ժամանակակից աշխարհում անհեթեթ է ապոկալիպսիսային դրսևորումներով խոսել դասագրքերի մասին, այդպիսի դեր հատկացնել դասագրքին, երբ աշխարհը բաց է սովորողի առջև ու մեկ առանձին լավ գրական գործը՝ նույնիսկ ամբողջ երկրի արգելքի դեպքում, կարող է գալ ու մտնել դպրոց՝ փշրելով բոլոր դասագրքերն ու նրանցում ընդգրկվածներին: Թվային աշխարհը նոր նվաճումներ է ունենալու, անկասկած, որովհետև աշխարհը փոխվում է րոպե առ րոպե:
ԿԳՄՍ նախարարությունն, իրոք իրազեկելու, հանրային կապերով զբաղվելու առավել կտրուկ, խորքային ու բովանդակային փոփոխություններ պետք է անի իր ներսում: Այս չափորոշիչների նույնիսկ դրական կողմերը, որոնք բազմաթիվ են ու ակնառու, լավագույնս չեն PR-վել: Չգիտես ինչու, Հայաստանում կաղապարային մոտեցում կա, որ PR-ը վատ գործերը լավ ներկայացնելու գործիք է: Բայց ճիշտ հակառակը՝ PR-ը գործը ներկայացնելու գործիք է պարզապես՝ այդ գործի նկատմամբ լոյալություն ձևավորելու նպատակով: Վատ է: Սարսափելի վատ է նախարարության PR գործառույթի իրականացումը:
Իրական երկխոսություն չի կայացել այս չափորոշիչների շահառուների՝ ուսուցիչների, ծնողական համայնքների միջև, մասնակցայնության առավել մեծ հնարավորություններ չի տրվել այդ չափորոշիչների նախնական մշակման փուլում՝ մինչև դրանք հանրային քննարկումների ներկայացնելը:
Ի վերջո՝ ցույց չեն տրվել այն ճանապարհները, որոնցով ուսուցիչներն ու աշակերտները կառուցելու են այդ չափորոշիչների դպրոցը: Քանի՞ ուսուցիչ է Հայաստանում պատրաստ աշակերտի հետ խոսել Հարփըր Լիից, հենց թեկուզ «Պատմության քառուղիներով»-ից ու «Այրվող այգեստաններից»՝ կազմաքանդելով, ինչպես Վահրամ Մարտիրոսյանն է ասում դրանք և այլն…
Ի վերջո, ոչ մի դասագիրք, ոչ մի չափորոշիչ չի փրկելու ազգը ու չի կործանելու առավելևս: Դասագրքերն ու չափորոշիչները նման գործառույթներ չունեն: Չեն կարող ունենալ: 21-րդ դարն է: Աշխարհը շատ է ժամանակակից: Ուզում ե՞ք էլի Հրանտին մեջբերեմ. «Ազգային գրականությունը մի բան է, որ ազգի հետ կվերանա, այնպես որ տագնապելու բան չկա»: Եթե արվեստային, մշակութային խորքային փոփոխություններ չեն լինելու, արվեստային, մշակութային միջավայր ու մթնոլորտ չի ստեղծվելու, մտածողական, մտքի հեղաշրջում չի լինելու, ընտանիքի, ծնողի, միջավայրի, փողոցի իրական, բովանդակային հեղափոխություն չի լինելու, աշխարհի լավագույն դասագիրքը եթե նույնիսկ ստեղծենք՝ նույնն ենք մնալու:
Սրանք հարցեր են ու բազմաթիվ են այստեսակ հարցերը, որոնց սլաքներն ուղղվում են դեպի ԿԳՄՍ նախարարություն, որը պետք է լրջագույն փոփոխություններ անի իր գործունեության կերպում, այս պարագայում՝ չափորոշիչները պետք է այլ քննարկման դաշտ տեղափոխի, մարդկային, մասնագիտական լուրջ ռեսուրսով պետք է համալրի աշխատանքային խմբերը և այլն…բայց այդ ամենը որևէ կերպ չի կապվում այն ամենի հետ, ինչ մասին խոսեցի:
Արայիկ Մանուկյան