Արայիկ Մանուկյան
Արայիկ Մանուկյան

 

«ՀԱՅԵՐ»-ի

հիմնադիր,

գլխավոր խմբագիր

 

Ժուռնալիստիկան

համարում է

սեփական 

«ստորագրության

պատվի»

մասնագիտություն:

 

Հավատացած է, որ 

«Հորինել 

պետք չէ՝ ոչ

երկիր, ոչ

պետություն,

ոչ էլ

կենսագրություն:

Պատասխանատվությունն

ըստ ապրված

կյանքի է

լինելու:

Ոչ թե ըստ

հորինվածի»:

 

Իսկ անքննելի

այս սահմանումը 

հեղինակել է իր

ամենաժուռնալիստ

ընկերը՝ Այդին

Մորիկյանը:

ՉԱՐԵՆՑԻ «ՎԵՐԱԴԱՐՁԸ» «Ինտուրիստի» թիվ 21 սենյակ

 

Այսօր Չարենցի մահվան օրն է:

«…Ականատեսի վկայությամբ՝ Չարենցի աճյունը հողին հանձնվեց 1937 թվականի նոյեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը: Բանաստեղծի՝ վերջապես հանգստացած մարմինը իր հավերժական կացարանը փոխադրեցին փակ մի ֆուրգոնով: Ֆուրգոնին ձի էր լծած, աջ ու ձախ պատերին գրված էր «Հաց»: Ձին ծեր էր, ուժահատ, և երկա~ր տևեց ճանապարհը՝ Երևանի բանտի հիվանդանոցից մինչև…ուրիշ բան տանջալիորեն չորոնելու համար, ասենք՝ մինչև նրա անմահության սկզբի կայարանը: Կեսգիշերվա մութի մեջ հանդիպող հատուկենտ երևանցիները երևի մտածում էին, թե նա իրոք հաց է տանում…

…Մեր ժողովրդի հին, բարի սովորությամբ՝ մարդիկ, երբ հաց են տեսել, ոտքի են կանգնել ու երկյուղած հանել գլխարկները: Ուրեմն, ոտքի կանգնենք Չարենց-հացի էության և հիշատակի առաջ»:

Այս պատկերն ուրվագծել է Վարդգես Պետրոսյանը: Մոտ է՞ իրականությանը, թե՝ ոչ: Էական չէ: Էականը ոտքի կանգնելն է «Չարենց-հացի էության և հիշատակի առաջ»:

Նոյեմբերի 27-ից օրեր առաջ «Չարենց-հացի էության և հիշատակի առաջ» ոտքի կանգնելու հերթական դրսևորումն էր «Ռոյալ թուլիպ գրանդ հոթել Երևանում»՝ Երևանի պատմության մի հսկա ու հակասական ժամանակաշրջան իր մեջ ամփոփող նախկին «Երևան» հյուրանոցում, երեսնականների «Ինտուրիստում»:

Եղիշե Չարենցը «վերադառնում էր»: Այն «Ինտուրիստում», որտեղ տարիներ շարունակ ապրել ու կյանքը վայելել, մսխել էր Եղիշե Չարենցը, բանաստեղծի տուն-թանգարանի տնօրենուհու՝ Անահիտ Ասատրյանի մտահղացմամբ, «Ռոյալ թուլիպ գրանդ հոթել Երևան»-ի տնօրեն Անտոնիո Պետրուչիի աջակցությամբ բացվում էր Չարենցի սենյակը՝ «Ինտուրիստի» թիվ 21 լյուքսը, այսօր՝ թիվ 328-ը:

Յոթ անմոռանալի տարիներ՝ 1928-ից մինչև 1935-ը, ողբերգական 37-ի նոյեմբերի 27-ից երկու տարի առաջ Չարենցն ապրել էր «Ինտուրիստ»-ում: Ժամանակի մեծ մասում՝ որոշ վկայությունների համաձայն, երկրորդ հարկի թիվ 21 համարի լյուքս սենյակում: Այնտեղ, որտեղից Չարենցի պատուհանը նայել է Աստաֆյանին: 

Չարենցի տուն-թանգարանից «վերադարձել» ու ցուցադրվում էին բանաստեղծի փայտե դրվագազարդ գրասեղանը, Underwood մակնիշի հայտնի գրամեքենան, նախշազարդ աշտանակը՝ մոմերով, կոնյակի գավաթներն ու մի ումպ կոնյակ բանաստեղծի սիրելի գրաֆինում, արևելյան ոճի արձանիկներն ու այլ մասունքներ և սրանք շատ մեծ խորհրդավորություն էին հաղորդել հյուրանոցին՝ վերադարձնելով նաև Չարենցի ժամանակների շունչը:

Այո, այս հյուրանոցում էր, որ Չարենցն անցկացրեց իր ու Իզաբելայի հարսանյաց համեստ հանդեսը 1931-ին: Այս հյուրանոցում ու այս սենյակում հանդիպեց իր սիրելիներին, մտերիմներին, ժամանակի երևելիներին, հայոց մեծերից շատերին:

Այստեղ Չարենցը «տուն բերեց» իր երկու դուստրերին՝ Արփենիկին ու Անահիտին:

Երեսնականներին Եվրոպայից Երևան վերադարձած Ավետիք Իսահակյանի որդին՝ Վիգեն Իսահակյանն իր հուշերում 1936-ի օրերի մասին այսպիսի գողտրիկ հիշատակումներ է անում: «Իմացա, որ ճաշի ժամին Քոչարը լինում է «Ինտուրիստի» ճաշարանում, ավելի ստույգ՝ երկրորդ, փոքր սրահում, որը կոչում էին Չարենցի սրահ, որովհետև Չարենցը սովորություն ուներ գալ այդտեղ: Ժամը հինգին գնացի «ինտուրիստ»: Սենյակն արևելյան տեսք ուներ, խալիներ և թախտեր: Մտա: Ոչ Քոչարը կար, ոչ էլ Չարենցը: Մի սեղանի մոտ տեսա փարիզյան ծանոթներիս՝ տիկին Զապել Եսայանին, դերասաններ Լևոն Հարութին, Արման Կոթիկյանին և ուրշների...»:

 «Ինտուրիստը», որտեղ ապրել էր Չարենցը, հայոց երևելիների հանդիպման, ճաշի, սուրճի, կոնյակի, խոսք ու զրույցի վայրն էր:

Ավետիք Իսահակյանը նույնպես մի որոշակի շրջան բնակվել է «Ինտուրիստ» հյուրանոցում, երբ վերադարձել էր տարագրությունից և Վարպետն էլ այդ հյուրանոցի պատշգամբից է խոսել ու դիմել իրեն դիմավորելու, տեսնելու եկած հարյուրավոր երկրպագուների: 

Վիգեն Իսահակյանի հուշերով, Չարենցը «Ինտուրիստի» իր նախկին «կալվածքներում» լինում է նաև 1937-ի մարտի վերջերին, Վիգեն Իսահակյանի հարսանյաց երեկոյի համեստ խնջույքին: Ի դեպ, Չարենցն այդ համեստ սեղանի միակ հյուրն է լինում:

Չարենցին «վերադարձնողներն» այդ երեկո վերադարձրին ոչ միայն Չարենցյան օրերի միջավայրը, այլ նաև այն մթնոլորտը, որ կար Երևանցիներիս սիրելի յոթանասունականներին այստեղ՝ նախկին «Ինտուրիստի», այդ ժամանակ «Երևան» հյուրանոցի  բացօթա ռեստորանում, սրճարանում, որտեղ կարելի էր տեսնել Քոչարին, Մհեր Մկրտչյանին, Ազատ Շերենցին, Լևոն Ներսիսյանին, Վիգեն Իսահակյանին և այլոց: Մի բաժակ սուրճ գնել, վախվորած ակնածանքով նստել նրանց հարևանությամբ ու ականջ դնել նրանց խոսք ու զրույցին: Չարենցյան ոգին կանչող էր երևի:

Շուտով Չարենցի սենյակում կապրեն «Ռոյալ Գրանդ Հոթել Երևան»-ի հյուրերը: Նրանք կբացեն թիվ 328 սենյակի դուռն ու կհայտնվեն Չարենցի թիվ 21 լյուքսում, Աբովյանին կնայեն Չարենցի պատշգամբից: Գուցե նաև կփորձեն իմանալ, թե ով էր Չարենցը: Գուցե նաև մի քիչ Չարենց կտանեն իրենց հետ:

Իսկ այդ օրը հատուկ հյուրը հաղորդավարուհի, դերասանուհի տիկին Լաուրա Աֆրիկյանն էր՝ իտալացի երգիչ և երաժիշտ Ջաննի Մորանդիի նախկին կինը, որ Հայաստանում էր իր արմատների հետ հաղորդակցվելու: Ու հաղորդակցումը Չարենցով էր ու Չարենցի մթնոլորտում:

 

 

Արայիկ Մանուկյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ