Արշալույսը
լրագրող է:
Բնույթով՝
մաքսիմալիստ:
Համոզված է,
որ լավ
գիտելիքից,
ձևավորված
արժեքային
համակարգից
և որակյալ
մասնագետ
լինելուց բացի,
կարևոր են
նաև
միջավայրերը:
Այդտեղ է,
որ մարդն
անընդհատ
ձևավորվում և
ձևավորվում է:
Առավել չի
հանդուրժում
անարդարությունը:
Նաև՝
մեծամտությունը:
Անհաշտ է
բոլոր
տեսակի
կարծատիպերի
հետ:
«ՉԷԻ ՈՒԶԻ կրթությունս միայն ինձ մնար…»
Ասում է Անահիտ Քոքոբելյանը, որ LL.M. (Master of Laws) ծրագրով սովորել է Բըրքլիի համալսարանում:
Երբ որևէ առիթով խնդրում են պատմել Ձեր մասին, առաջինը ինչի՞ց եք խոսում,-հարցնում եմ Անահիտին:
Ընտանիքից,-ասում է:
Ինձ մոտ ամեն ինչ սկսվում է ընտանիքից, բայց չի վերջանում դրանով:
Շատ հարազատ մարդիկ էլ ընտանիքի նման են:
Անահիտ Քոքոբելյանն իրավաբան է: Կրթությունը Հայաստանում ստանալուց հետո շարունակել է Բըրքլիի համալսարանում: Արմատներով հայրական կողմը Իջևանից է, մայրականը՝ Մուշից և Կարսից, իսկ ինքը ծնվել է Իջևանի Աչաջուր գյուղում: Չորս հոգանոց ընտանիքն ավելի ուշ տեղափոխվել է Երևան, սակայն Անահիտի կապը ծննդավայրի հետ շարունակվում է այժմ էլ: Ավելին՝ իրեն իսկական իջևանցի է համարում, քանի որ նրանց նման համառ է, պայքարող, նպատակասլաց և ստեղծագործ: «Ես մտածում եմ, որ մարդը նման է այն բնությանը, որից սերվել է: Մենք ինչքան շատ գետեր ունենք, հայն էլ է այդպես: Քիչ ենք, բայց ինչքան շատ աղմուկ ենք հանում»:
Առողջ և երջանիկ ընտանիքը կարևոր է Անահիտի համար, որին լրացնում է սիրելի մասնագիտություն ունենալը, իսկ մարդկային երջանկությունն ամբողջացնում է հայրենիքը, որը նա համարում է ընտանիքի մեծ տեսակը. «Երբ ԱՄՆ-ում էի և ապրիլյան չորսօրյա պատերազմը եղավ, ինչքան էլ փորձում էի կենտրոնանալ դասերի վրա՝ չէր ստացվում: Այստեղից էլ հասկանում ես, որ հայրենիքն էլ այդ երջանկության սահմանման մեջ շատ մեծ տեղ ունի»:
«ՄՏԱԾՈՒՄ ԷԻՆՔ,ՈՐ ԻՐԱՎԱԲԱՆ ԿԴԱՌՆԱՄ…»
Անահիտը բարձ է գնահատում անհաատականությունը, ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողությունը: Այս ամենի կողքին սիրում է որոշումներ կայացնել ընտանիքի բոլոր անդամների հետ ունեցած քննարկումներից հետո: Մասնագիտության ընտրությունն էլ նման քննարկումերի արդյունք է եղել: Փոքր տարիքում սիրել է դատավորի դեր խաղալ. կերպարը ստացել է մայրիկի զգեստապահարանի և մուրճի օգնությամբ: Ավելի մեծ տարիքում, հիշում է, որ մարդիկ միշտ նրա կարծիքն են հարցրել որոշ հարցերի շուրջ, վստահ լինելով, որ կողմնապահություն չի անի: «Մտածում էինք, որ իրավաբան կդառնամ, բայց երբ եկավ լուրջ ընտրություն կատարելու պահը՝ դժվար էր: Իմ պարագայում նաև տնտեսագիտության տարբերակը կար: Հաճախում էի ասմունքի խմբակ, բեմը շատ մեծ դեր ուներ ինձ համար, դա էլ էր տարբերակ»:
Իրարից տարբեր այս մասնագիտությունների վերջնական ընտրությունն իրավաբնություն է լինում: Անահիտի ընտանիքի միակ անդամն է, որ մաթեմատիկայի ուղղությամբ չի շարունակել: Եղբայրը տնտեսագետ է, հայրը մաթեմատիկայի դասախոս, քաղաքական գործիչ, մայրը նույնպես դասախոսել է:
Անահիտը համարում է, որ տարբեր միջավայրեր մարդուն ինչ-որ բան են տալիս, ուստի նա հաճախ է փոխում այն: Սա եղել է նաև կրթության դեպքում: Սկզբում ընդունվում է Հայաստանի ֆրանսիական համալսարան, այնուհետ ուսումը շարունակում Երևանի պետական համալսարանում, որտեղ մասնագիտանում է միջազգային իրավունքի ոլորտում: «Սա լավ ընտրություն էր, որովհետև մենք միջազգային առևտրի իրավունքին վերաբերող մի քանի առարկաներ ունեինք: Դրանք ինձ շատ-շատ էին հետաքրքրում ու հասակցա, որ ես սիրում եմ իրավունքի այն ճյուղը, որը վերաբերում է բիզնեսին:
Բըրքլիում հենց այդ տարբերակն էլ ընտրեցի»:
Բըրքլիի համալսարանում Անահիտը սովորել է LL.M. (Master of Laws) ծրագրով: ԱՄՆ-ի լավագույն համալսարաններից մեկում կրթությունը շարունակելը եղել է նախապես պլանավորված որոշում: ԱՄՆ-ի ընտրությունը պայմանավորված է եղել կրթության ոլորտում դրա առաջատար լինելով: Դիմելու փուլում որևէ համալսարանի նկատմամբ նախապատվություն չի ունեցել: Դիմել է և կապը պահել է մի քանի համալսարանների հետ միաժամանակ. «Միայն քո փաստաթղթերը չեն տեսնում, այլ քեզ՝ որպես անհատ էլ են ճանաչում: Երկրորդ՝ հասկանում են, որ դու իսկապես հետաքրքրված ես համալսարանով, երրորդ՝ դու ես նրանց ճանաչում: Ես միշտ ասում եմ, որ ցանկացած համալսարան ունի իր դեմքը, բնավորությունը:
Դու պետք է գտնես այն համալսարանը, որը քո բնավորությանը համապատասխան է»:
«ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՍԿՍԵԼ ՀԵՆՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻՑ…»
Անահիտը Հայաստանի ապագան կապում է երիտասարդների հետ, հատկապես նրանց, որոնք կրթությանը շատ մեծ տեղ են տալիս և վերցնում արտասահմանի փորձը: Հայաստանում, ըստ նրա, փոփոխությունները պետք է սկսել հենց կրթության ոլորտից: Փաստում է, որ Հայաստանի և ԱՄՆ-ի համալսարաները իրարից շատ տարբեր են: Կցանկանար մեզ մոտ լիներ այնտեղի կրթական համակարգը: Ընտրությունը հիմնավորում է օրինակներով:
Անահիտը Հայաստանի համալսարաններում առանձնացնում է ուսումնասիրվող նյութի խնդիրը: Ընդունում է, որ հայերեն գրականության բացակայությունը թարգմանության ծախսերով էլ է պայմանավորված, սակայն առաջնահերթ է մատուցվող նյութի ոչ ժամանակակից լինելը և հենց մատուցման մեթոդները. «Իրավունքը զարգանում է ամեն օր: Այն, ինչ սովորեցրել են երեկ, այսօր կարող է պետք չգալ: Հայաստանի համալսարանում մի տենդենց կա, մեզ տալիս են այնպիսի ինֆորմացիա, որը որպես իրավունքի պատմություն էլ ոչ մեկին չի հետաքրքրում»:
Ինչ վերաբերում է դասը մատուցելու մեթոդներին՝ Անահիտ պատմում է, որ Բըրքլիում ունեցել են լեկցիայի տեսքով առարկաներ և դասը հետաքրքիր է եղել՝ դասախոսների պատրաստած նյութի շնորհիվ: Ունեցել են նաև ինտերակտիվ դասեր, որոնք իր համար այնքան էլ արդյունավետ չեն եղել: Ասում է, այդպիսի դասերը հաճախ վերածվում են ոչ պրոֆեսիոնալների խոսակցության, ինչը նրան այնքան էլ դուր չի գալիս: Սակայն Բըրքլիում հասկացել է, որ կարող է լինել գործնական-տեսական մեթոդը, երբ տեսությանը սովորեցնում են գործնականի աչքով նայել:
Համալսարանում նրանք ուսումնասիրել են նախադեպային իրավունք, որի ժամանակ դասախոսը սովորեցրել է, թե նույն օրենքը որ տարբերակով ներկայացնել՝ կախված նրանից պատասխանող կողմ ես ներկայացնում, թե՝ հայցվոր: «Այն, որ իրենց տված ինֆորմացիան նույն քո օրվա նյութն է, դա էլ է մոտիվացնում: Դասախոսը կարող է մտներ ներս և ասեր, այսօր այսպիսի բան է եղել իմ հաճախորդի հետ: Սա պարտադիր է,
որ դուք իմանաք, որովհետև օրինակ 10-ից 6 հաճախորդի հետ դուք այս խնդիրն ունենալու եք»: Այս պրակտիկան Հայաստանի համար կիրառելի է համարում, քանի որ դասախոսելուց զատ, մասնագետները նաև աշխատում են և համակարգին ծանոթ են:
Անահիտը Բըրքլիում բացահայտել է արտասահմանյան մշակույթին բնորոշ մեկ այլ երևույթ՝ ծանոթի արվեստը (networking): Ի տարբերություն Հայաստանի՝ միջնորդը այս դեպքում չի հայտնվում բարեկամական կապերի միջոցով, այլ ուսանողի անձի, ձգտումների, լավ մասնագետ լինելու արդյունքում է դառնում նրա միջնորդը: Մարդկային այս ցանցը ստեղծվում է համալսարանի կողմից կազմակերպվող տարբեր ձևաչափեր ունեցող networking event-ների միջոցով:
Կրթության ոլորտը բարելավելու համար Անահիտը կարևորում է նաև գրադարանների խնդիրը: Ասում է, որ Հայաստանում ուսանողն օրվա ընթացքում շատ ավելի քիչ ժամանակ է հատկացնում կարդալուն: Ճիշտ հակառակն է Բըրքլիում. «Այս պահին Հայաստանի ուսանողները մտածում են ոնց ստանալ վերջնական քննությունները: Սա գալիս է մթնոլորտի պակասից: Բըրքլիում ամեն ինչ արված էր, որ գրադարանը հնարավորնիս հարմար լինի: Տարրական բաներ են, բայց աթոռը՝ բարձրությունից սկսած,
մինչև մեջքի հարամարությունը, այնպես է արած, որ ինչքան էլ երկար նստես, մեջքդ չցավի: Լուսվորությունը, օդափոխությունը քո ուզածով կարողանաս կարգավորել»:
Բըրքլին Անահիտն իր կյանքի ամենալուսավոր կետերից մեկը և ամենաճիշտ որոշումն է համարում: Այն մասնագիտության կողմնորոշման հարցում վստահություն է ներշնչել, իսկ մենակ ապրելը՝ ավելի ինքնուրույն ու դետալներին ուշադրություն դարձնող է դարձրել:
Անահիտն իր երկու մագիստրոսական կրթությունները ստացել է հաջորդաբար՝ քիչ պրակտիկ փորձ ունենալով: Ասում է, հատկապես Բըրքլիում շատ են եղել փորձ ունեցող և ոլորտում աշխատող ուսանողները. «Նկատել եմ, նրանք, ովքեր պրակտիկա ունեն ավելի ճիշտ են կողմնորոշվում, որպես պրոֆեսիոնալ են մտնում համալսարան և հաճախ, իրենց հարաբերություններն էլ դասախոսների հետ արդեն որպես կոլեգաների է: Իմ տարբերակի առավելությունն այն է, որ մտնում ես համակարգ արդեն մասնագիտացված և կրթության հատվածը արած»:
Մասնագիտությունը շատ մեծ հետք է թողնում մարդու վրա, վերջնականապես ձևավորում նրա բնույթը: Անահիտը համոզված է, որ չնայած մասնագիտությունը բնավորության հետ միահյուսված միշտ մարդու հետ է, բայց մարդու և իր մասնագիության միջև գալիս է հրաժեշտ տալու պահը: Սխալ է համարում դրան կառչած մնալը, ավելին, կարծում է, որ այդ բաժանումը լինում է այն դեպքում, երբ մարդը գիտակցում է, որ այն էներգիան, որը պետք էր տալ՝ տվել է և ստացել է իր գործից և այդ ժամանակ է, որ առաջ է գալիս հոբբին:
«ԴՈՒ ՄԻ ՏՈՒՆ ՈՒՆԵՍ ՈՒ ԴԱ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է…»
Անդրադառնալով իր ոլորտում Հայաստանում առկա խնդիրներին՝ ասում է, որ կան օրենքի բացերը, բայց դրանք հնարավոր է շտկել: Ավելի արմատական խնդիրներից է կոռուպցիան: «Սա միայն Հայաստանում չէ խնդիր, մեծ խնդիր է, որ քայքայում է ամբողջ սիստեմը՝ սկսում է իրավական, դատաիրավական համակարգից և անցնում է մնացած բոլոր բնագավառներին»: Կարծում է, որ փոփխությունները լինելու են պրոֆեսիոնալ մասնագետների միջոցով, որոնք գիտակցում են, որ կոռուպցիայից զատ կարող են ուրիշ ձևով գումար աշխատել, քանի որ կայացած և էթիկայի կանոններին խիստ հետևող մասնագետին ավելի դժվար է ճնշելը:
Անահիտը դեռ չի աշխատում, բայց ցանկանում է բիզնես իրավունքի ճյուղում լինել: Նպատակ ունի նաև դասախոսելով զբաղվելու: Դեռևս Հայաստանում կամ ԱՄՆ-ում ապրելու վերջնական որոշում չունի: Հստակ գիտի, որ ցանկացած պարագայում երկու երկրների հետ կապը պետք է անընդհատ պահի:
Կարծում եմ, որ հիմա աշխարհը գլոբալիզացիայի վերին կետում է գտնվում ու ես ինձ էլ համարում եմ նման անձ: Ինչքան էլ պրակտիկ, հեշտ հարմարվող մարդ լինես, դու մի տուն ունես ու դա Հայաստանն է: Եթե ուզում ես, որ քո որդին էլ տուն ունենա ապագայում, դու ունես գերխնդիր՝ Հայաստանին ինչ-որ չափով օգնելու: Չի կարելի ասել, դե միայն ես ինչ կարող եմ անել: Ամեն անհատ կարող է ինչ-որ բան անել ու ցանկացած մեծ ծրագիր սկսվում է փոքր բանից: Չէի ուզի, որ իմ կրթությունը մնար միայն ինձ: Մենք չենք ապրում այնպիսի երկրում, որը բնակչության, տարածքի խնդիր չունի:
Մարդիկ քննադատությամբ են վերաբերվում արտագաղթին, բայց ես դա համարում եմ անհատի որոշում: Միևնույն ժամանակ, կարծում եմ, անկախ նրանից, թե որ երկրում ես ապրում, դու ունես որոշակի պարտավորություններ քո երկրի նկատմամբ:
Արշալույս Բարսեղյան