Աթենքի
համալսա-
րանի քաղա-
քագիտության
և պետական
կառավարման
ֆակուլտետի
շրջանավարտ:
Բանա-
ստեղծ,
արձակա-
գիր:
«Չի կարելի մահացած ապրել...». ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բուժի՛ր հիվանդին, ոչ թե հիվանդությունը:
Հիպոկրատ
Ցանկացած խնդիր պետք է ժամանակին լուծում ստանա: Եթե ժամանակին չի լուծվում, դառնում է պատուհաս:
Հայաստանն ունի արտաքին և ներքին չկարգավորված խնդիրների հսկայական մի բույլ: Սակայն լավատես է Հայաստանը, կարծում է, թե ժամանակն հօգուտ իրեն է աշխատում:
Հայտնի է հայի կարգախոսը՝ «դե, եթե երեք հազար տարի դիմացել ենք, կրկին կդիմանանք»: Այդ կարգախոսը տգետ մարդկանց կարգախոսն է: Իր անցյալի մասին տեղյակ ազգը չի կարող ծանոթ չլինել Շահան Նաթալիի՝ «Թուրքերը և մենք» գրքում ամրագրված հետևյալ դրույթի հետ. «...հազար տարի ապրելը դեռ չի ապացուցում անմահություն»: Մանավանդ որ «եթե դարերը անգամ փոխված լինեն, մահացության ախտանիշները նույնն են»:
Չի կարելի մահացած ապրել։ Եվ խոսքս Հայաստանում ներկա մշակութային իրավիճակի մասին է:
Որտեղ էլ ճամփորդեմ, Հունաստանը ինձ վերք է պատճառում, այդպիսին է հույն բանաստեղծ՝ գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Յորգոս Սեֆերիսի բանաստեղծություններից մեկի վերնագիրը: Ինձ շատ մոտ են այդ խոսքերը. «Հունաստան» բառի փոխարեն «Հայաստան» բառը տեղադրենք, և ամեն ինչ հասկանալի է դառնում: Հասկանալի չէ միայն, թե ինչո՞ւ Հայաստանում առ այսօր գոնե մեկ նոբելյան մրցանակի դափնեկիր գոյություն չունի: Հայ մտավորականները (ոչ թե ինտելեկտուալները) այդ հարցի վերաբերյալ համարձակ հայտարարում են, թե հայերի դեմ համաշխարհային մակարդակով դավադրություն կա, չեն թողնում խեղճ հայերին աչքի ընկնել միջազգային ասպարեզում, նեղացնում են ու նեղում:
Հայ մտավորականները մոռանում են Սպարապետ Նժդեհի հետևյալ խոսքը. «...մեր դժբախտությունների համար մեղավոր են ոչ թե բոլորը, բացի մեզնից, այլ նախ և առաջ մենք»: Այդ մասին Գարեգին Նժդեհը գրում է իր «Բաց նամակներ հայ մտավորականությանը» երկում: Գրեթե 100 տարի է անցել, ինչ Սպարապետն իր հարցերն է ուղղել հայ մտավորականությանը, սակայն վերջինը դեռ ի վիճակի չէ հստակ, պարզահնչյուն պատասխան տալ հարցնող կողմին:
Գոյություն ունի նաև մտավորականների (ոչ թե ինտելեկտուալների) մեկ այլ ստվար զանգված, որը պնդում է, թե «բոլորը մեզանից են ամեն ինչ գողացել»:
Վստա՞հ եք, որ այդքան լավ գիտեք ձեր և այլոց մշակույթը՝ հազարամյակների կտրվածքով, որ կարող եք որոշել, թե ով ումից երբ ինչ է «գողացել»: Կա՛մ լավ, ձեզանից գողանում էին, իսկ դուք այդ պահին ի՞նչ էիք անում: Եվ ամենակարևորը՝ ո՞վ և ի՞նչ պիտի գողանար ձեզանից մինչև 405 թվականը: Վերջապես, անընդհատ բողոքող և բոլորին մեղադրող մարդիկ զզվանք են առաջացնում: Թույլերին ոչ ոք չի սիրում: Արժանապատվություն է պետք։
«Գողության» վարկածի մոլեռանդ հետևորդներին խորհուրդ եմ տալիս ծանոթանալ շեքսպիրյան «Համլետ» ողբերգության ստեղծման նախապատմությանը:
Եվ թո՛ղ ձեզ պատասխան լինի Մակար եպիսկոպոս Բարխուդարյանի (1895 թ.) խոսքը. «Այնքան անհոգ ու անտարբեր ենք, որ չգիտենք, թէ ինչ հնութիւններ կան մեր հայրենիքում՝ մեր նախնիքներից մեզ աւանդ մնացած. չգիտենք թէ պատմական փշրանաց ինչ յիշատակարաններ կան թաքնուած մեզ շրջապատող լեռների, ձորերի եւ դաշտերի մէջ. չգիտենք թէ ազգային անցեալ պատմութեան մութ կէտերը լուսաբանող ինչ արձանագրութիւններ կան աւերակ վանքերի եւ անա պատների, մատուռների եւ եկեղեցիների, խաչարձանների եւ տապանաքարերի վերայ եւ մագաղաթեայ գրչագիրների յիշատակարաններում։ Մեր անտարբերութիւնից օգուտ են քաղում օտարներն»։
Մեկ այլ դրվագ`
«Տիգրան Մեծին նվիրված 25 օպերա գոյություն ունի». խրոխտ ասում է հայ արվեստի ներկայացուցիչը: Ինչպիսի՛ հարգանք, ինչպիսի՛ հպարտություն:
Նրա կարծիքն են կիսում համերկրացի քաղքենին, բանվորը, գյուղացին, քաղաքական գործիչը, զինվորականը... Հարգելինե՛րս, իսկ գիտե՞ք, որ 25 օպերայի հեղինակների ցանկում հայ գոյություն չունի: Հետևաբար, հարց. իսկ ո՞ր մի հայ կոմպոզիտորն է օպերա նվիրել Տիգրան Մեծին: Իսկ Գարեգին Նժդեհի՞ն։ 1988 թ. Վերածննդի քաջերի՞ն, Լեոնիդ Ազգալդյանի՞ն։ Իսկ 2016 թ. Ապրիլի հերոսների՞ն։
1996 թվականից առ այսօր նույն հարց եմ տալիս տարբեր նկարիչների. Ինչու՞ պատմական թեմաներով չեք նկարում:
Ահա դասական հոգեցունց պատասխանը. «Պատմական թեման արդիական չէ այսօր». («...իսկ, ե՞րբ է հայկական արվեստում այն արդիական եղել...»):
Գեղարվեստական խնդիրներ գոյություն չունեն այդ ուղղությամբ («...այսինքն, այդքան շատ եք նկարել վերջին 500 տարում այդ թեմայով, որ բոլոր գեղարվեստական խնդիրները լուծված են...»): Բացի այդ, պետք է տրամադրվես, ոգեշնչվես, Մուսան գա («խե՛ղճ Մատեյկո, խե՛ղճ Ալմա-Տադեմա, խե՛ղճ Սուրիկով, խե՛ղճ Դելակրուա... դուք մտածում էիք, թե տաղանդը ամեն օր պետք է աշխատի, բայց արի՛ ու տես, որ պետք է ընդամենը տրամադրվեիք ու սպասեիք, որ Մուսան գա...»):
Այս է այն ոգու սովը, որի մասին գրում էր Ավետիք Իսահակյանը, այս է ստեղծագործ մարդու անկասելի անկման առաջին ախտանիշը։
Նման մանկական արդարացումներն ընդունելի չեն և դատապարտելի են: Հայը, առհասարակ, երեխա է, դժբախտաբար Արևելքի երեխա: Նկատողություն ես անում, նա սկսում է արդարանալ: Չի ուղղում սխալը, կարևոր է՝ ինքը ճիշտ դուրս գա: Այստեղ է հայերի կողմից դեպի «ռուսական շանսոն» ցուցաբերվող հսկայական սերը: «Ռուսական շանսոնը» գործ ունի մի ենթամշակույթի հետ, որտեղ դու պետք է միշտ ճիշտ լինես...
Լա՛վ: Ուզում եք՝ այնքան թեմա ներկայացնեմ պատմական կտավներ ստեղծելու համար, որ Հայաստանում անգամ գյուղերում ստիպված լինեն ցուցասրահներ բացել:
Խնդրեմ, մի քանի օրինակ. «Պապ թագավորը Տերենտիոսի կողմից կազմակերպված խրախճանքին», «Պապ թագավորը՝ կաթողիկոս Ներսեսի և սպարապետ Մուշեղի հետ Նպատ լեռան գագաթին», «Արշակ թագավորը Շապուհ արքայի հետ զբոսնում է պալատի մեջ», «Սահակ Բագրատունին Մորիկ կայսեր առջև», «Դրաստամատ Կանայանը Լոռիում», «Անդրանիկը սբ. Առաքելոց վանքում», «Աշոտ Երկաթի զինվորները հարձակվում են արաբների վրա Սևանա կղզուց», «Ասպետ Բագրատունին թագադրում է դավաճան Մերուժանին», «Հռանդեա. հռոմեական զորքը անցնում է նիզակալծի տակով» և այլն, և այլն, և այլն: Այսքանը միայն առանց մտածելու:
Իհարկե, հասկանում եմ մեր պատվարժան և Մուսային հավատարիմ ծառայող նկարիչներին: Որպեսզի Վարդան Մամիկոնյանը հին հունական զրահներ չկրի, որպեսզի Անդրանիկը զինված չլինի շտուցերով, որպեսզի սբ. Առաքելոց վանքը նման չլինի Նորավանքին, պետք է ամիսներ անցկացնել արխիվներում, ցուցահանդեսներում, թանգարաններում, պետք է շփվել տասնյակ մասնագետների հետ:
Սա Մասիսի բազմաչարչար գագաթը կամ միլիարդ անգամ նկարված յասամանի փունջը չէ... Այս մեկը լուրջ գործ է: Արդո՞ք չկա որևէ փառասեր հայ նկարիչ, որը կարող է նման գեթ մեկ կտավ ստեղծել: Մերկ աղջիկները՝ երաժշտական գործիքներով, Խոր Վիրապի տեսարանը, յասամանի փնջերը, անձրևոտ քաղաքների պատկերը, Հանրապետության հրապարակը չեն կարող զբոսաշրջիկի մոտ հետաքրքրություն առաջացնել հայոց պատմության նկատմամբ:
Առանձին պետք է անդրադառնալ հայկական կինեմատոգրաֆի՝ պատմական թեմաներով սցենարների, պետական օժանդակության և մի շարք այլ կարևոր գործոնների բացակայությանը։ Խելքին մո՞տ է ունենալ այսպիսի պատմություն և չունենալ տարեկան գոնե մի 10 ֆիլմ՝ պատմական թեմաների վերաբերյալ։
Հավատացե՛ք, ավելի շատ է ճանաչվելու Հայաստանը պատմական ֆիլմերով, քան զբոսաշրջիկների այցելությունների աճով։
Այնպես չլինի, որ շարունակվի հայկական կինեմատոգրաֆի խորը նիրհը, և հանկարծ արտասահմանում հայոց պատմության վերաբերյալ գեղարվեստական ֆիլմ նկարահանվի, որում Տրդատ թագավորը Մեսրոպ Մաշտոցի հորեղբոր տղան է լինելու, իսկ Վարդան Մամիկոնյանը՝ բանջարակեր։
Բա՛վ է ժամանակ կորցնել և խրոնոֆագ (ժամանակ ուտող) մնալ։
Ժամանակը առաջ է գնում՝ ոչ հօգուտ հայերի: Ինչ գրվել է նկարիչների մասին, ուժի մեջ է արվեստի մյուս ճյուղերի ներկայացուցիչների համար։ Հայկական մշակույթը ի սկզբանե պասիվ, պաշտպանողական բնույթ կրող մշակույթ է: Դերենիկ Դեմիրճյանը «Հայը» էսսեում գրում է, որ հայը չկարողացավ քարոզել իր կրոնը: Ո՛չ միայն կրոնը, կասենք մենք այսօր, նաև մշակույթը չկարողացավ տարածել: Սակայն տարածելու համար պետք է ճանաչի այն, վերլուծի, մեր օրերի պահանջի հետ հարմարեցնի և ներկայացնի ի լուր աշխարհի՝ urbi et orbi:
Հայկական մտավորական դասը նորելուկ է։ Սկիզբ է առել ոչ վաղ անցյալում, XX դարի ընթացքում ազատվել է ինտելեկտուալ վերնախավից և այսօր հանդիսանում է սովետական մտավորականության ժառանգորդ։ Բայց պետք չէ սովետական մտավորականության այն զանգվածի ժառանգորդ լինել, որի մասին փիլիսոփա, գրող և գիտնական Ալեքսանդր Զինոևը գրել էր. «Բարոյական տեսակետից սովետական մտավորականությունը բնակչության ամենացինիկ և ամենաստոր մասն է: Նրա մտածելակերպը բացառապես ճկուն, ճարպիկ և հարմարվող է։ ... Մտավորականությունը մտածում է սոսկ իր մասին»։
Պետք է ձգտել նմանվել Թումանյանին, Ա. Խանջյանի «ինքնասպանության» վերաբերյալ արձանագրությունը ստորագրելուց հրաժարված հայ բժշկին, Բուլգակովին, Վոյնո-Յասենեցկուն, այն գերմանացի ֆիզիկոսին, որը նացիստական պետության պարագլուխների ներկայությամբ հայտարարել էր, որ ֆիզիկան արիական տեսության հետ ոչ մի կապ չունի։ Մտավորականը պետք է, առաջին հերթին, մարդ լինի և ունենա քաղաքացիական համարձակություն։
Համարձակություն ասելու այն, ինչը ճշմարիտ է, ինչը հավերժ է, ոչ թե այն, ինչ իրեն թելադրում են կողքից կամ դրսից։ Կամ ավելի վատ՝ այն, ինչ իրեն թելադրում է իր նեղ անձնական, ակնթարթային շահը։
Այսպես ավարտեմ՝ եթե գրողը, նկարիչը, երաժիշտը, քանդակագործն իրենց պատասխանատու են հայտարարում ազգի, ժողովրդի հոգևոր-մշակութային կյանքի համար, ուրեմն պետք է պատշաճ կերպով ապացուցեն իրենց խոսքի և գործի համատեղելիությունը, այլ ոչ թե բողոքեն գումարի կամ այլ որևէ բանի պակասից: Եթե չեն կարող նման պատասխանատվություն ստանձնել, ուրեմն թո՛ղ չանեն ամպագոռգոռ հայտարարություններ: Պետք է լինել համարձակ, մտածել մասշտաբային, լայն, մեծ ծավալներով, ոչ թե գավառամիտ լինել և ընդօրինակող:
Պետք է գործել:
Արմեն Գրիգորյան