Անուշ Սարգսյան
Անուշ Սարգսյան

Գրող

«Չլինի՞ մեղուն է կծել…». ԱՆՈՒՇ ՍԱՐԳՍՅԱՆ


Մորս մասին շատ եմ գրել. երբեմն սրտիս անկյունում վախս երեխայի պես պատիժ կանգնեցրած՝ ցույց եմ տվել իրեն... Կհավանի՞... Հո չափը չե՞մ անցել... Ախր... Մի բան է գրելը... Ազա՜րտ եմ ասել... Մի բան՝ հերոս լինելը... Ամենքն էլ չեն դիմանում...

Մաման համապատասխան հուզմունքով է միշտ արձագանքում. մեկ լացում է, մեկ ծիծաղում, գլուխը տմբտմբացնում, բազմանշանակ, ասես լրացում է անելու, բայց բան չի ասում... Դեռ ասած չկա՝ ինչո՞ւ եմ իր մասին գրում: Ու դա ինձ մանկության բարդույթներից հանում է ու գցում այլ բարդույթի մեջ, քանի որ չեմ հասկանում՝ ինչ կանեի ես, եթե լինեի իր փոխարեն ...

«էդ էլ մի՜ բան էր»,- կասի մայրս ու իր խիստ, երբևէ ունելի չտեսած հոնքերը կբարձրացնի վեր...

Ու ես էդպես էլ չեմ հասկանա, թե նա զղջալո՜վ է ասում, թե՞ ուրախանալով: Բայց որ ամբողջ կյանքում ասաց՝ ոնց անունս Օֆ են դրել, էնպես էլ օֆ-օֆ ասելով է անցել, հաստատ է... Սակայն մի օր վերջնականապես հասկացա, որ մորս էլ է դուր գալիս իր մասին կարդալը:

Մաման երևի հոգու խորքում գրող է եղել: Որովհետև էնքան բարեխղճորեն է միշտ հարևանների դպրոցական երեխաների համար շարադրություններ գրել: Շենքում իրեն հաճախ են ջահել հարսները դիմել էդ խնդրանքով: Ու մաման երբեք չի մերժել. ուշադիր նայել է վերնագրին, վերհիշել իր կարդացած գրքերն ու դուրս գրած ֆրազները, տեսել, որ կարող է տակից դուրս գալ ու... սկսել է... պատմության ամենասկզբից:

Եվ պարտադիր բնության մի սիրուն նկարագրություն կամ արևածագի մի պատկեր էլ կպցրել է շարադրության հենց փակագծերի տակ, որ էտալոնով միշտ գրած ունի իր մտքում, ապա անցել բուն թեմային...

Էս համոզումն է, որ ինձ համարձակություն է տվել երբևէ գրելու մամայի մասին:

Ու էլ ավելի բացվեցի, երբ... մի օր իմ հերթական ծուռ գլուխգործոցը իր մասին կարդալուց հետո ասաց՝ բա ճանճերի պատմությո՞ւնը... Գլուխս թմրեց պահի տակ. ախր, ամենաքաղցր և ուռուցիկ պատմությունը ո՜նց եմ բաց թողել:

Պատմություն, որին կնախանձեր ցանկացած մեկը, ով գրիչ բռնելու ջիղ ու մորս հետևողականությունից ունի, ու ստվերում է թողնում մորս ցանկացած գործունեություն՝ ի սկզբանե խաչ քաշելով նրա գրողական կարիերայի վրա...

Մեղվաբո՜ւյծ եմ ասել. աշխարհի բոլոր մեղվագիտակները գան դասեր առնելու, թե ոնց է մայրս քաղաքի բետոնաբույր շենքի մեջ, պատշգամբի իր պահունի հնոտիքի պահարանում մեղու բուծել, մեղր քամել ու ինքն էլ չի իմացել...

88-ի երկրաշարժից հետո մենք բնակարան ստացանք մեր հին շենքի տեղում: Այն նույն Սադի տակ, որի մասին բազմիցս պատմել եմ: Ես այդ տարի ընդունվել էի համալսարան, ու երկրաշարժի օրը Երևանում էի… Մինչև հասա Կիրովական, իմ ննջարանի սրտում՝ պատուհանի տակ, մի գրկաչափ ճաք էր առաջացել:

Մայրս այլևս չթողեց ներս մտնել. ու ես չկարողացա այդպես էլ հրաժեշտ տալ այն պատերին, որոնց վրա միայն ինձ հայտնի տեղերում գծեր քաշելով՝ բոյովացել էի անցած տարիներին…

Շենքը քաղաքում առաջիններից էր, որ քանդեցին: Մաման հեռախոսվ ասում էր, որ… դժվար է հանձնվել: «Քանի՜ անգամ պայթեցրին, էլի կանգուն էր…»,- արտասվելով պատմում էր նա:

Շինարարության առաջին փուլն էր աղետի գոտում. տաք-տաք: Անհապաղ, ուկրաինացի շինարարների խումբ էր եկել, հսկա խառնարանի մեջ բետոնե հիմքեր լցրել և  հարևանությամբ տեղադրված վագոն-տնակների նախանձոտ հայացքների տակ բարձրացրել նոր շենքը: Այնպես որ, 89-ին այն արդեն պատրաստ էր:

Մենք էքսկուրսիայի մեկնած աշակերտի պես գնում կանգնում էինք սրբացող պատերի առջև ու րոպե-րոպե հաշվում մոտեցող բնակարանամուտը: Երբ ուկրաինացիներն արդեն պաստառներն էին կպցնում ու բնակարանների դռները բանալիներով փակում աշխատանքից հետո, խնդրեցինք, որ թույլ տան՝ տեսնենք հարմարությունները:

Ու… բարձրացանք երրորդ հարկ և առաջին իսկ բաց դռնով մտանք ներս: Կարմրասպիտակ նախշերով որմնաթուղթ էր փակցված միջանցքում. վանաձորյան թախծոտ անձրևների մեջ՝ լուսավոր արև: Ես ձեռքերս քսեցի ու ասացի՝ ինչ էլ ուրա՜խ է… կուզեմ, այ, հենց սա լինի մերը…

Ու դժվար է հավատալ, երբ մի քանի օրից մայրս զանգահարեց և ասաց՝ վիճակահանությունը կայացել է, վստահ էի, որ ասելու է… այդպես էլ եղել է:

Մայրս մեր տան բոլոր իրերը, կահույքը, ջահերը, անգամ լուսամուտները հանել-պահել էր տվել տարբեր ծանոթների տարբեր պահեստային տարածքներում, հնարավոր ու անհնարին վայրերում:

Միշտ եմ զարմացել մամայի էդ հատկության վրա. նա ոչ մի բան չի նետում, որտեղի՞ց նրան իրեր առաջացնելու և տնտեսելու այդքան տաղանդ: Բայց այդ օրերին այդ ամենը ունենալը որքան նյարդայնացնող էր, այնքան էլ՝ փրկարար:

Եվ երբ լուսամուտները, որ բոլորովին նոր էին ու մոսկովյան որակ ունեին, հարյուր հիսուն ռուբլով գնեցին, մայրս տնտեսագետի սակրալ հրճվանք էր ապրում:

Նոր բնակարանում մայրս միանգամից երկու բաց պատշգամբի տեր դարձավ: Նախկին առաջին հարկի անհարմարությունները թեև արդեն չկային, բայց նորերն էին առաջացել: Ու մայրս, որ տուն դառնալու վարպետ է, ձմեռվա կեսին բոլոր խնդիրները լուծելու քաջածանոթ եռքի մեջ էր հայտնվել: Նա հատիկ-հատիկ թափ էր տալիս դատարկվող տուփերը, որոնցից հանվող անհամար գտածոների համար մենք հարմար տեղեր էինք գտնում նոր սենյակների մեջ:

Ու ես, որ միշտ մորս ընդդիմությունն եմ եղել, քթիս տակ խոստանում էի, որ մի օր, երբ նա տանը չլինի, կգտնեմ ամենահարմար տեղը: Թաղամասի աղբարկղերը շենքից մի քանի քայլի վրա էին, և ես դրանց հասնելու ամենակարճ ճանապարհը վաղուց գիտեի:

-Ոչ մի դեպքում.… Փորձվե՜ս,-  մաման անմիջապես ճնշում էր ընդվզումս, ու ես մխիթարվում էի այն հույսով, որ շուտով կմեկնեմ Երևան ու էդ բլուրների միջից մի երկու կարևոր իր գոնե կգտնեմ հետս վերցնելու…

Մայրս շատ շուտով հավաքվեց, ստեղծեց իր ամրոցը ու պաշտգամբներում այնպես պարտակեց ավելորդ իրերն ու հնոտիքը, որ անգամ ես էի դադարել խոստումներիս տեր կանգնել: Ճիշտ է՝ դրսից նայելիս դրանք իրենց հասակով մեկ մղկտացնում էին աչքերս, սակայն… մայրս անդրդվելի էր:

Եվ երևի ես էլ շուտով հարմարվեի նրանց հետ, եթե մի օր հեռախոսով հերթական զանգս անպատասխան չմնար: Նորից զանգ: Զանգ զանգի ետևից: Լռություն…
Իմ հարյուրերորդ զանգին պատասխանեց տատս ու ասաց.

-Պյալա, մաման ու քույրիկն էսօր դուրս են գրվում, էկել եմ շորեր տանեմ, բայց էնքան խառն ա…

-Որտեղի՞ց են դուրս գրվում, տատ:

-Հիվանդանո՜ցիցը, պյալա, էս անտեր ճանճերը հալ չեն թողել վրեքնին, էնքան կծոտել են…

-Ի՞նչ հիվանդանոց, ի՞նչ ճանճեր, տա՜տ…

Հարցս մնաց խոսափողից կախված. չհասկացա՝ ոնց անջատեցի ու թռա…
Երեք ժամից ես Կիրովականում էի, տատիս տանը, որտեղից տատիս հետ ուղևորվեցի դիմացի անտառափեշին գտնվող հիվանդանոցը, որը հայտնի էր Պանսիոնատ անունով:

Սա նեղլիկ բակային փողոցների՝ ոտքով անցնելիք ճանապարհ էր դեպի դիմացի բարձրադիր անտառում տեղակայված նախկին հանգստյան տան մասնաշենք, որի բաժանմունքներից մեկում տեղավորվել էին մայրս ու քույրս մի քանի օր առաջ: Ինձ համար դժվար էր միանգամից հասկանալ, թե ինչ ճանճերի ու խայթոցների մասին կարող էր խոսք լինել, ու ավելի շուտ կատակ կհամարեի, եթե տատիս միամտությունը իր կուսական փայլով ինձ հայտնի չլիներ, ու վստահ չլինեի, որ մի լուրջ-անլուրջ օյին Օֆ-Օֆ մորս հետ, ոնց-լինի, պատահած կլինի:

Մաման դրա վարպետն է, ու եթե մի որոշ ժամանակ նրանից լուր չի գալիս, ուրեմն տարակույս չկա, որ մի կատաղի գլուխգործոց իր գլխին սարքել է…

Հիվանդանոցի ընդունարանում նրանք արդեն մեզ էին սպասում. հագուստներ, անհրաժեշտ իրեր, որ տատս վերցրել էր մեր տնից, տվեցինք հերթապահ սանիտարին՝ հանձնի իրենց: Երբ դուրս եկանք, ես երկար և ուշադիր զննում էի մորս ու քրոջս. նրանք տարօրինակ տեսք ունեին. ոչ այն է՝ ջերմած մարդու գունատություն, ոչ այն է՝ կարմրություն: Մի քիչ ավելի գեր թվացին, ձայնները հազիվ էր լսվում, որ պատահում է, երբ մարդը երկարատև թմրածությունից հետո ուշքի է գալիս:

Տատս փաթաթվեց քրոջս, ապա մորս, որը զարմացել էր, թե որտեղի՞ց եմ հայտնվել ես:

-Տեսա՞ր ինչ բերեցին գլխներիս էդ անշնորհքները, այ բալա,- շշուկով ասաց նա:

Նրա ցածրիկ ձայնը բարձրաձայն լացելու թե ծիծաղելու իմ ակամա պոռթկումը կանխեց անմիջապես, ու ես ընկա երկուսի վրա միաժամանակ՝ գրկումս ինչքան որ տեղ կար:

Տաքսին մեզ մեղվի թևաբախումից էլ արագ հասցրեց մորս տուն, որտեղ ոտք դնելու տեղ չկար. դեռ միջանցքից. աթոռներ՝ շուռ եկած, լողասենյակի ու խոհանոցի դռները՝ կրնկի վրա բաց՝ քամու բերանն ընկած վերջին հոգնած տերևների նման, իսկ հատակին… անթիվ-անհամար մեղուների… դիեր… սև-սև, չարագույժ ու մոլեգնորեն բազում-բազմաքանակ…

Աչքիս առջև մի պահ երևացին նրանց սարսափազդու պարսերը, որ, պարզ էր արդեն, անխնա վրա էին տվել մորս ու առել իրենց անողոք վերմակի տակ… Ծանրագույն ճակատամարտ էր եղել. ես աչքերիս չէի հավատում. միջանցքի սեղանին ու հատակին դիխլաֆոսի տասնյակ սրվակներ կային: Մաման պայքարել էր… պատվով. իմ խեղճ մայրիկ... Նա ձայնը հավանաբար գցել է շքամուտքով մեկ, և հարևանները մի մարդու պես ներս են լցվել ու… իրենք էլ ակամա տրվել շնաճանճերին…

Մամայի լողասենյակում ամենից դաժան տեսարանն էր, այստեղ սպիտակ սալիկները… բոլորը… սևավոր ու դեղին կետ-գծերով էին, իսկ ամբողջ վաննայի մակերեսը սև գիշերվա պես մութ էր…

Մաման սկսեց պատմել դանդաղ. մեկ առ մեկ հիշելով ու ստացած դառնությունը վերադարձնելով յուրաքանչյուր մեղվին՝ առանձին:
-Ձեռքս գցեցի, որ պատշգամբի պահարանից փալաս հանեմ…,- հոգոց հանեց նա:- Տեսնեմ՝ գետնին՝ մեղրի պես մածուցիկ կաթիլներ: Կռացա, որ մաքրեմ՝ հասկացա, որ դռան արանքից են ծորացել: Բայց էդտեղ մուրաբա-բան չեմ պահում. որտեղի՞ց կլինի: Դարակին եղածը լցրի գիրկս: Մի ճանճ դուրս թռավ ու դխկոցով կպավ ճակատիս: Զգացի, որ խայթը թողեց. վազեցի խոհանոց, որ սառը ջրով լվացվեմ:

Ետ եկա… մի քանիսն էին դառել ու գետնի վրայի կաթիլներին էին վրա տվել. ձեռքիս խոնավ շորով սկսեցի սրբել: Ու համ էլ մտածում էի՝ որտե՞ղ բուն դրած կլինեն էդ անտերները: Շուռ տվեցի դարակներն ու ստուգելով անցա ետևի դարակին: Նորից մեկը թռավ: Բունն էդտեղ էր: Եսիմ երբվանից տանը դիխլաֆոս ունեի. բերեցի, որ փչեմ, բայց սրվակը դատարկված էր. հարևանից ուզեցի՝ նրանն էլ մի շունչ էր ու պրծավ:

Որոշեցի գնալ խանութ, մի քանիսն առնել ու ետ գալ: Գիտեմ ախր, որ շան երես ունեն ու եթե բուն են դրել, ինձ հանգիստ թողնողը չեն: Գնացի ու մինչև եկա, օդում մի տաս-քսանը պար էին բռնել: Հիմարի նման բացեցի կափարիչներն ու ընկա դրանց ետևից: Փախան տարբեր ուղղություններով, ես էլ… ոտքս սեղանի ոտքով ընկավ, ընկա գետնին: Մինչև բարձրացա՝ գազազել էին, շատացել: Հասա բնին, ի՜նչ տեսնեմ՝ մի ամբողջ դարակը մեղվի բույն՝ վրան լիքը մեղր: Ու դրանք էլ՝ վրա տված: Ձեռքս երկարացրի, որ հանեմ, հարձակվեցին. էլ չեմ հիշում՝ ոնց ձենս գցած հասա բաղնիք ու ինձ գցեցի վաննան: Էդ պահին քույրդ հասավ. աշխատանքից տուն էր եկել ու սարսափել՝ ձենս լսելով. խեղճ երեխուն էլ էդտեղ գզեցին…

Հարևաններով, ամբողջ շենքով ու թաղով շտապօգնություն էին զանգել ու շուտով մորս և քրոջս՝ այտուցների մեջ կորած, տեղափոխել վերակենդանացման բաժանմունք… Բժիշկն ասել էր՝ ձիու դոզայով թույն են ստացել, ու կաող էր մահացու լինել, և հարկավոր է մի  քանի օր ինտենսիվ մաքրել օրգանիզմներն ու հակաթույն սրսկել…

-Դեմքներս, ըհը, այ բալա, էս միջանցքի հայելուց էլ էն կողմ էր հասել… Իսկ ձեռուոտք էլ չէինք զգում՝ էնքան ուռել ու փքվել էինք…

Վերջին բառերի հետ ես, տատս, քույրս ու մաման հանեցինք վերջին սատկած ճանճին տան վերջին անկյունից ու հոգնատանջ նստեցինք բազմոցին:

-Հիմա… դու էն ասա՝ մեղվապահության որջիդ վե՞րջը երբ ենք տալիս…

Մայրս անմիջապես կռահեց միտքս:

-Ասում ես՝ հանե՞նք պահարաններն ու տանենք սիրածդ վա՞յրը՝ մի քանի քայլի վրա էն կողմի՞,- ժպտաց:

-Բա էլ ի՞նչ. ուրիշ ի՞նչ ես առաջարկում:

-Ասում եմ՝ հլա դրա վախտը չի. հը՞, լավանանք, հլա կպարզվի,- աչքերը փախցրեց նա…

Շնաճանճերից պրծնելուց հետո մայրս ալերգիայի նոր տեսակ ստացավ. տարվա մեջ նա մի քանի անգամ անհասկանալի պատճառով ուռչում է, ապա սրսկվում-նիհարում ու հիշելով հիշում իր անօրինակ մեղվաբուծությունը:

Սակայն, ասում եմ՝ մեղվին հաղթել կա,  երկրաշարժին հաթել կա, մորս բնավորությանը՝ ոչ:

Նա իր պահարանների անձեռնխելիությունը պատգամավորների անձեռնմխելիությունից էլ սրբորեն է պահում, ու ոչ ես՝ իմ թևերով, ոչ քույրս իր ձևերով, չենք կարողանում դրանք հասցնել իմ ուզած վայրը՝ շենքից ընդամենը մի քանի քայլ այն կողմ…

Ու երբ մաման հերթական անգամ ուռչում է, նրա տրտունջին ի պատասխան ընդամենը հեգնում եմ.

-Հո մեղու չի՞ կծել…

Նա աչքերիս մեջ չի նայում, բայց երբ տնից դուրս գալու եմ լինում, վազելով բերում է իր պահունի դարակներում պահած ավելուկ ու հոտավետ կանաչեղեն ու ասում.

-Պետք կգա, բալա, տար հետդ… Մեղուն կծել է, բայց հո խե՜լքս էլ չի՜ կծել…

 

Անուշ Սարգսյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ