«Ցնցոտիների մեջ մարդուն էի տեսել, միգուցե՝ թագավորին…». ԹԵՄԻԿ ԽԱԼԱՓՅԱՆ
Պատերազմը մեզ էլ էր հասել: Չափավոր էլ չէինք կարողանում սնվել, ինչ ճարում էինք, այն էլ ուտում էինք, ոչինչ չէինք շռայլում, ամեն ինչ արժեքավոր էր դարձել բոլորի համար: Մարդիկ կորցրել էին աշխատանքը՝ աղքատացել, ամեն ունեցած հինը պահում էին ավելի նեղ օրվա համար. կոշիկ, շոր, գլխարկ, վերարկու և այլ քուրջ ու փալասից մինչև ավտոմեքենա ու ավտոբուս:
Պատերազմն ավարտվել էր, աղքատությունը շարունակվում էր:
- Այստեղից քաղաքի կենտրոն միայն է՜ն «Երազ»-ն է գնում,- ասաց մարդը հեռվում կանգնած դեղին գույնի «Պազ» մակնիշի ավտոբուսը ցույց տալով,- ուրիշը չկա: - Հրե՜ն կանգնած, տեսա՞ր:
Երևում էր, որ մարդը այդ «Երազից» նոր-նոր էր իջել և տուն էր գնում:
- Տեսա,- ասացի, - բայց դա «Երազ» չի:
- Երազ ա, երա՜զ: - Վերջի ռեյսն ա, գնա, որ հասնես: - Որ գալիս հասնում ա մեր թաղերը, երազ չի՝ բա ի՞նչ ա:
Վերջում կիսաբաց բերանով ծիծաղեց, ադամախնձորը ծնոտի տակ թրթռաց: Ձեռքերից երկու տոպրակ կար կախված, գլուխը թեքեց մի կողմի վրա, բերանի անկյունում ցեխ դառած ծխախոտի կոթուկը թքեց մյուս կողմի վրա, շրջվեց, նայեց ինձ, հոնքերը համերաշխ վեր ձգեց, այսինքն՝ «պակա», գնամ: Գնաց գլուխը կախ:
Ասածն իր դարը վաղուց ապրած «Պազ» մակնիշի ավտոբուս էր: Չորս կողմից փտած, ինչպես ասում են՝ ցեցը կերած: Առջևի դիմապակու հետևից մի խունացած կարտոնի կտորի վրա գրված էր՝ «Երազ» գործարան:
- Թաղի բնակիչներս ենք Երազ անունը կնքել, - քմծիծաղով հարցիս պատասխանեց անթրաշ մի տղամարդ, որն ինքն էլ էր սպասում,- փափախ անող է: Եսիմ: Երևի նրա համար, որ կամ անցյալն էր արդեն երազ դարձել, կամ թե գալիքն է իր պես երազի նման լինելու:
Առաջ տրանսպորտը լավ էր էս կողմերում, հիմի եղածը սա է: Սկսեց պատմություններ անել ժամանակին այլ տեղերում տեսած ավտոբուսների, ավտոների, գնացքների ու ճեպընթացների մասին:
- Նրանցն ուրիշ էր, նրանց տրամվայներն էլ ուրիշ էին, ավտոբուսներն էլ, ամեն ինչն ուրիշ էր: Նույն երկիրն էր, չէ՞: Նրանցն՝ ուրիշ, մերն՝ ուրիշ: Նրանք էլ են ուրիշ, հեչ մեզ նման չեն: Նրանք իրենց եղած ունեցած-չունեցածը պահում էին աչքի լույսի պես, հիմա էլ ունեցածը պահած կլինեն: Մենք՝ չէ,- ասաց, նայեց հեռու մի տեղ՝ շրթունքները անորոշ ծռմռելով:
Վերջացող ծխախոտի եղածը ներս քաշեց, գցեց, ոտքով տրորեց, բռի մեջ հազաց, շրջվեց, թքեց մի կողմի վրա:
- Պատերազմը կապ չունի, եթե չլիներ էլ, մեկ է, պետության ներսում մի բան փոխվի, մենք ինչ ունենք չունենք չենք պահի, քարը քարի վրա չենք թողնի: Բա՛, ախպերս:
«Երազ»-ը սպասում էր իր ուղևորներին: Վարորդը ծխախոտից դեղնած բեղմորուսով, միջին տարիքն անց մարդ էր, մի կապ տասը դրամանոցներ ձախ ձեռքին բռնած, ինքը կրծքով հենված ղեկին, աջ ձեռքի ցուցամատի ու միջնամատի արանքում «Ավրորան» մխելով սպասում էր երազող ուղևորներին:
Կանգառը, որտեղ մարդիկ իրենց երազին էին սպասում, ծխած ծխախոտի դատարկ ճմռթված տուփերի, ծխախոտի կոթուկները թքով ու խլնքով հողին հունցած մի տեղ էր: Որպես կանգառի նշան՝ գերու պես ձեռքերը վեր պարզած երկճղանի ակացիայի միակ ծառն էր, բնի վրա հանգցրած ծխախոտի կոթուկներն էլ տզրուկների պես բնի շուրջ բոլորը:
Ամեն ինչից երևում էր, որ մարդիկ երկու դեպքում էլ երկար են սպասում՝ մեկ «Երազ»-ի գալուն, մեկ՝ գնալուն:
Կյանքում ամենավատ բաներից մեկը սպասումն է: Անընդհատ սպասելիքների մեջ ես, փոքր կամ մեծ սպասելիքների: Փոքր սպասելիքներին դեռ հեշտ ես դիմանում, նրանք շուտ գալիս կամ չեն գալիս, նշանակություն այնքան էլ չես տալիս: Հիմա հերթը հասել էր մեծ սպասելիքներին, էդ «մահ» ասածը մտքիդ մեջ պահած սպասում ես նամակի, մի լուրի պատերազմ գնացածից, սպասում ես պատերազմի վերջանալուն ու իհարկե, ամենակարևորը՝ սպասում ես, թե երբ են վերադառնալու պատերազմ գնացած հարազատդ կամ բարեկամդ, հարևանդ, ընկերդ, ծանոթդ և վերջապես բոլորը, ովքեր գնացել են կռվելու, դրանից հետո սպասում ես չվերադարձածներին, որոնց անհետ կորածներ ենք համարում:
Թե նրանցից քանիսը հետ կվերադառնան, ու դեռ ինչքան շատ բաներ կան, որ պիտի սպասենք, մինչև համոզվենք, որ այլևս ոմանց համար հետդարձ չկա: Վերջապես, սպասում ես, թե երբ կմահանաս, ինչպես, երբ, որտեղ, եթե պատերազմ է, ապա մտածում ես՝ պատերազմի դաշտո՞ւմ, թե՞ պատերազմի դաշտից յոթ սար ու ձոր հեռու մի տեղ կդառնաս հող ու մոխիր: Բայց միշտ սպասում ես, ուրիշ խոսքով ասած, սպասում ես ապրումների, սպասում ես նաև սիրահարվելուն՝ հույսով, թե սերը ինչ-որ բան կփոխի այս ամենի մեջ:
-Դե, վերջապես բոլորս էլ մեռնելուն ենք սպասում,- մտածեցի,- միայն թե աստծո ողորմությամբ դրան ավելի երկար սպասենք:
Հիմա բոլորս սպասում ենք, թե այդ «Երազ» մեքենան երբ տեղից կշարժվի:
Տղամարդկանցից ոմանք մի կողմ քաշված ծխում էին, իսկ կանայք, ովքեր կային, բարձրացել տեղավորվել էին: Դեռ ազատ տեղեր էլ կային, բայց վարորդը ավտոբուսն աշխատեցրեց վերջապես, ծխող տղամարդիկ վրա-վրա ծխախոտի ծուխը ներս քաշեցին, ապա ցուցամատով ու բթամատով ծխախոտի մնացորդը թռցրին ավելի հեռու մի տեղ, մի քանիսն էլ իրենց մաշված կոշիկների ներբանների տակ ճզմեցին, հունցելով խառնեցին հողին ու իրենք էլ բարձրացան: Կանանցից մեկը գլուխը պատուհանից դուրս հանեց, նայեց ճանապարհի հակառակ կողմի վրա կանգնած երկու երեխաներին, որոնք «Երազ»-ի շարժվելուն էին սպասում, որ իրենք էլ գնան, հավանական է, որ կնոջ երեխաներն էին: Նրանք էլ ձեռքները վեր բարձրացրին ու թափահարեցին:
- Երկու օրը շուտ կանցնի, չտխրեք, - ասաց կինը, իր երկու մատներով էլ ցույց տվեց երկու օրերի քանակը ու գլուխը ներս քաշեց:
- Քշի՜, վարպետ, ուշացա՛նք, - ասաց տղամարդկանցից մեկը:
Վերջապես ավտոբուսը տեղից շարժվեց: Դժվար էր ասել՝ գնում էր, թե սողում ճանապարհի երկայնքով: Տեղ-տեղ կանգնում ուղևոր էր վերցնում կամ իջնողների համար էր կանգնում, քիչ սպասում, նորից սողում առաջ: Հասանք քաղաք:
- Ձերժինսկի կա՞ իջնող,- «Ձերժինսկու» անվան գործարանը նկատի ուներ,- հայտարարեց վարորդը: Իջնող չկար, բայց կանգնեց, մարդիկ կային կանգառում տրանսպորտի սպասող:
Երբ դռները բացվեցին, բավական տարիքն առած մի կին, երևի ութսունն անց, համարյա ցնցոտիներ հագին, երկու տռուզ տոպրակները ձեռքին մոտեցավ դռանը, բեռները սկզբից դրեց դռան առաջին աստիճանի վրա և փորձեց մի ոտքը խցկել երկու տոպրակների արանքը՝ վեր բարձրանալու համար։ Ես անմիջապես տեղիցս ելա ու տոպրակները վեր բարձրացրի։ Թեպետ տոպրակները տռուզ էին, բայց բավական թեթև էին։ Կինը ինքնուրույն բարձրացավ, ես իմ տեղը զիջեցի, որ նստի։ Երևի քիչ անփույթ նստելուց էր, թե հոգնած էր, անմիջապես իրեն աթոռին գցեց, թե ինչ, պատուհանի մոտ նստած բավական երիտասարդ կինը, որ իմ կողքին էր նստած, դիտողություն արեց՝ դեմքին տհաճ արտահայտություն տալով.
- Կամա՜ց հա՛, ինձ չկպնե՜ս,- ասաց ու արհամարհական իրեն հնարավորինս հեռու քաշեց ու գլուխը թեքեց պատուհանի կողմը։ Վարորդն էլ իր հերթին վրա տվեց.
- Էդ տոմսի համար փող ունե՞ս, որ նստում ես, այ պառա՛վ։
- Ես կվճարեմ,- ասաց հետևում նստած ուղևորներից մեկը: Հավաստիացրեց վարորդին, որ անհոգ մնա։
Ցնցոտիների մեջ կորած, խեղճ ու կրակ պառա՜վ։ Նա սկզբից խոտորնակի նայեց կողքին նստած կնոջն ու նոր անցավ իր տոպրակների դասավորությանը, որպեսզի ուրիշներին չխանգարի։ Նրա գլխաշորը ցած սահեց գլխից մինչև ուսերը, և իր բավական երկար ճերմակ մազերը ցած կախվեցին՝ ծածկելով դեմքը։
Կողքին նստած կինը նորից դիտողություն արեց.
- Հավաքի մազերդ, այ կնի՛կ,- ասաց,- ոջիլ ա՜, բան ա՜, կլինի մազերիդ մեջ, մեզ էլ չանցնի։
Կինը իր խոսքերին համակիրներ փնտրելու հույսով աչք ածեց շուրջը ու նորից հայացքը պատուհանից դուրս հանեց։
Ծեր կինը ոչինչ չասաց, այս անգամ էլ ուշադրություն անգամ չդարձրեց, տոպրակներից մեկի միջից թել դուրս բերեց և անցավ տոպրակների կանթերը կապելուն: Նա իր չորուկ մատներով անպիսի մի արտահայտիչ շարժումներով էր տոպրակների կանթերը հանգուցում, կարծես ձեռագործ մի բան էր հյուսում: Երբ կանթերը կապեց վերջացրեց, տոպրակները ծնկներին առավ, հարմարացրեց, փեշերը ձգեց ներքև, ձեռքերը տարավ գլխաշորին՝ մազերն ու գլխաշորը կարգի բերելու համար: Ես հանկարծ նրա ճերմակ մազերը ձեռքս առա, կինը անակնկալի եկած շրջվեց ու վարից վեր նայեց հարցական: Նրա ջրոտ աչքերի մեջ այնքան զարմանք ու շփոթմունք կար և այնքան կանացիություն, միևնույն ժամանակ:
- Հիմա ծամ կհյուսեմ,- ասացի՝ թեքվելով դեպի իր ականջն ու ժպտալով։ Ծեր կնոջ բերանի անկյուններում մի թույլ ժպիտ նկատվեց, չընդդիմացավ։ Ես անցա գործի և շատ արագ մազերը հյուսեցի, իսկ կողքիս կանգնած երիտասադ աղջիկներից մեկն էլ ծամը կլոր ոլորեց կնոջ գլխին, իր մազերի միջից մի երկու մետաղական ամրակներ հանեց, ծամը դրանցով ամրացրեց գլխին, գլխաշորը ինչպես հարկն է կապեց, ժպտալով թեքվեց ու նայեց ծեր կնոջ աչքերի մեջ։
Կինը ձեռքը տարավ գլխաշորի տակ, սկսեց տնտղել արվածը, կապածը, գլխաշորի ծայրերի հետևում արած հանգույցը, ապա հանկարծ ձեռքով փակեց բերանը, գլուխը հակեց ծնկներին դրված տոպրակների վրա: Դժվար էր հասկանալ՝ տխրե՞ց, ծիծաղե՞ց դրանից, թե՞ մեկ ուրիշ բան կատարվեց իր ներսում, որ գուցե ուզեցավ զսպել…:
Վարկյաններ անց, մեկ էլ այնպիսի զրնգուն ու առողջ քրքջոցի պես մի ձայն դուրս թռավ ծեր կնոջ բերանից, որ շատերս մնացինք զարմացած։ Ապա նա անմիջապես ձեռքի ափով կտրուկ փակեց բերանը, մի թռուցիկ հայացք ձգեց մեզ վրա: Կարճ ժամանակ լռություն տիրեց: Չգիտեմ՝ ճիշտ վարվեցի, թե չէ,- անցավ մտքովս:
- Տասնութ տարին կլրանա, ինչ մարդս չկա,- ասաց կինը,- կյանքիս մեջ այսպիսի բան տեսած չկայի, որ մեկն իմ մազերը ծամ աներ։ - Մարդս չէր սիրում ծամ արած մազեր, ես մազերս աղջիկ ժամանակներից էլ ծամ արած չկամ,- ասաց, ապա գլուխը նորից հակեց ու մի ձեռքի ափով փակեց աչքերը, ապա խոտորնակի դարձավ ինձ,- մարդս տեսներ, որ մեկը մազերս ծամ է անում, չգիտեմ ի՜նչ կաներ: Նա նորից գլուխը հակեց ու անշարժացավ:
Միգուցե իր ճիչը նրանից էր, որ ծեր կինը մի պահ կարծես պատկերացրեց, թե ինչ կպատահեր ինձ հետ, եթե իր ամուսինը կենդանի լիներ ու կողքից կապած թուրը շրխկացնելով այդ պահին վեր բարձրանար մեր «Երազ»-ն ու թրատեր իր կնոջ մազը ծամ անող ձեռքերս:
Հաջորդ կանգառում տատիկին ցտեսություն ասացի ու իջա: Նա, գլուխը ինչպես հակել էր կրծքի վրա և ձեռքի ափով փակել աչքերը, այդպես էլ մնաց, չնայեց իմ կողմը, ոչ էլ գլուխը բարձրացրեց, միայն գլխի շարժումով պատասխանեց։ Իջնելուց առաջ ես հիսուն դրամանոցը մեկնեցի վարորդին.
- Ստացե՛ք երկու հոգու համար,- ասացի,- տատիկը հետո կիջնի:
Վարորդը վերցրեց հիսուն դրամանոցը, նետեց շարժիչի կափարիչի վրա գցած յուղոտ կտորի տակ, որի վրա շարժիչի թրթռոցից թռչկոտող անքաշ սպիտակ մետաղադրամներ էլ կային: Բռի մեջ բռնած տասը դրամանոցների ձեռքը ու մյուս ձեռքի բթամատը մոտեցրեց բերանին, ավելի շատ թղթադրամների վրա թքեց, քան՝ բթամատի, երեք տասը դրամանոց թքով շաղախված պոկեց բռի մեջ պահած տասնոցներից ու մեկնեց ինձ:
- Ստացի՛ր մանդրըդ, տղա ջան,- ասաց:
Ես իջա ու խառնվեցի մայթով քայլողներին, բայց դեռ ականջներիս մեջ զնգում էր ծեր կնոջ ձայնը։ Քայլում էի, ինձ ու ինձ տալիս-առնում, տեսնես արդյո՞ք դա ծիծաղ էր, թե՞ մեկ ուրիշ բան, չէի կարողանում հասկանալ:
Մի րոպե ինձ նույնիսկ թվաց, թե հիմա կնոջ ամուսինը այսքան մարդկանց մեջ աչքերով ինձ է փնտրում: Ինքը՝ երկար թուրը մի կողքից կախ, մյուսից՝ ատրճանակը, խաչուփաչ պատրոնդաշը ուսերին կապած, ինքը՝ ողջ սպառազեն, կբռնի իմ ձեռքից, ինձ կշրջի դեպի իրեն՝ պատրաստ ինձ թրատելու կամ հենց գնդակահարելու:
Նայեցի շուրջս, սկսեցի աչք ածել չորս կողմս: Առանձնապես ոչինչ չէր կատարվում: Բոլորը իրենց համար, իրենց մտքերի հետ էին, որը գնում էր, որը՝ գալիս:
- Լինելու բան չի,- մտածեցի: - Ի՞նչ եմ հարիֆի պես ապրողների մեջ մեռածին փնտրում, պիղծ ու խարդախ գործ չեմ արել:
Ես միշտ մտածել եմ, թե տեսնես մարդու մեջ ազնվությո՞ւնն է շատ, թե մեկ ուրիշ բանը: Մարդը պիտի ճիշտն ասի՝ ինքն ով է, ինչ է, չխաբի, շիփ-շիտակ խոստովանի իր արած վատ բանը, սրտի մեջ թաքուն պահած քեն ու ոխ չունենա, ինչ վիճակում էլ մարդուն հանդիպի, որտեղ ինչ անելիս լինի, թեկուզ աղբանոցում ուտելիք փնտրող մարդու մեջ կարողանա մարդուն տեսնել: Մտածել եմ, որ դրանից մեր աշխարհը լավը կդառնա, ու երևի հենց դա էր, որ այդ կնոջ նկատմամբ զզվանքս չեկավ: Երբ նա մատների նուրբ շարժուձևերով իր տոպրակների կանթերն էր կապում, այդ պահին ես նրա մեջ մի այլ վեհ բան տեսա: Իսկ կնոջ զարմանքն այնքան անկեղծ էր ու ազնիվ, որ չէր կարող սիրտս չմտնել:
Անկասկած էր, որ «Երազ»-ի մեջ այդ պահին մի ամբողջ շարք հակասություններ պատահականորեն միահյուսվեցին հանկարծակի և արագ։ Երկակի վերաբերմունքը իր սոցիալական դրությանը, միգուցե նաև իր անելանելի վիճակից դուրս գալու հանգամանքը նրան հասցրեցրին այնպիսի ֆիզիկական վիճակի, երբ ելքը այդ ճիչ-քրքիջով պիտի արտահայտվեր:
Հասկացա, որ հակասությունները անհարիր են մարդու առողջությանը: Այդ երկակի վիճակը, ուր հայտնվել էր այդ ծեր կինը, իր հանդեպ լավ ու վատ վերաբերմունքի ընդգծված հակադրության արտահայտությունն էր՝ ճիչը:
Դա հոգեպես առողջ մարդու զրնգուն ծիծաղ չէր: Դա գուցե անցյալի կորստի ու ներկա վիճակի չմարսված վշտի ճիչն էր:
Մեղք չէի գործել ես՝ նրա մազերը հյուսք անելով, այդ ցնցոտիների մեջ՝ մարդուն էի տեսել ու միգուցե՝ թագավորին:
Թեմիկ Խալափյան