«ՀԱՅԵՐ»-ի
հիմնադիր,
գլխավոր խմբագիր
Ժուռնալիստիկան
համարում է
սեփական
«ստորագրության
պատվի»
մասնագիտություն:
Հավատացած է, որ
«Հորինել
պետք չէ՝ ոչ
երկիր, ոչ
պետություն,
ոչ էլ
կենսագրություն:
Պատասխանատվությունն
ըստ ապրված
կյանքի է
լինելու:
Ոչ թե ըստ
հորինվածի»:
Իսկ անքննելի
այս սահմանումը
հեղինակել է իր
ամենաժուռնալիստ
ընկերը՝ Այդին
Մորիկյանը:
«Ցտեսություն, ԱՐՏԻՍՏ...»
Յոթանասունականների կեսերն էր: Մենք տասը-տասնմեկ տարեկան էինք: Ռաֆայել Քոթանջյանն արդեն «Սատանան էր»՝ հայտնի անհնարինության աստիճան: Սատանա, որ երգում էր՝ «Անտառի միջին՝ ծաղկած պարտեզ, Պարտեզի միջին՝ փոքրիկ առվակ, Առվակի միջին մի արահետ, Մի քիչ էլ գնաս, թփերի միջին, գուցե կգտնես սուրբ ճգնավորին»:
Երգում էր՝ «Գեղեցիկ կանայք, խորտիկներ համեղ, գինի» ու երգում էր, այո՝ երգում էր մի ծիծաղ, որ գրեթե անհնար էր վերարտադրել:
Երգում էր՝ «Թափառում եմ աշխարհում և որպես հյուր եմ հայտնվում, Մարդկանց անմեղ ու մեղավոր, ես հաճախ եմ այցելում, Հոգին անմեղ ու բարի, մարդկանց մարմնից չեմ հանի, Բայց հոգին սև ու մեղավոր, մարմնից կբաժանեմ, դժոխքի վիհը կնետեմ: Ուրեմն բարի եղեք չհակաճառել, և իզուր տեղը ինձ չխանգարել…»:
«Սատանայի ջրաղացը»՝ Ռուբեն Հախվերդյանի խելառ երգերով, բեմադրությամբ, մտքի խորությամբ ուղղակի քանդում էր խորհրդային կոչված համակարգը:
Քանդում էր հիմնահատակ, որովհետև ասում էր՝ «… Մեծ աշխարհ, ոլոր-մոլոր ճանապարհներ, ճանապարհներ, ո՞ւր եք տանում մարդկանց անհույս ու առանց սեր…»:
Քանդում էր հավատն ու անհավատությունը, որովհետև ասում էր՝ «… Տեր աստված, ո՞ւր ես թողել մարդկանց անտեր, ու թռել վեր»:
Քանդում էր խորհրդային «ստրոյը», որովհետև ասում էր՝ «… Տուր մարդկանց մի քիչ համառություն, որ կյանքում հաղթել կարողանան, Տուր մարդկանց նաև մի քիչ հավատ, որ իրենք իրենց իսկ հավատան…»:
Բայց չէ՞ որ խորհրդային երկրում մարդիկ չէին կարող լինել անհույս ու առանց սեր, նույնիսկ չէին համարձակվի գիտակցել իրենց այդպիսին լինելը: ՉԷ՞ որ խորհրդային «ստրոյ»-ում մարդիկ չէին կարող համառություն երազել, որ կյանքում կարողանան հաղթել, որովհետև իրենց փոխարեն հաղթել էր «կուսակցականների ու անկուսակցականների անխախտ բլոկը» ու իրենք հաղթած էին ի վերուստ:
Գուցե միայն Աստծուն էր կարելի ասել՝ «Տեր աստված, ո՞ւր ես թողել մարդկանց անտեր ու թռել վեր»: Գուցե և չէր կարելի, որովհետև անտեր չէր կարող լինել խորհրդային մարդը: Նրա տերը «Գենսեկն» էր՝ «հարազատ» կուսակցությամբ ու եթե պիտի հայցեր որևէ օգնություն, ուրեմն ոչ թե Աստծուց, այլ «հարազատ» կուսակցությունից:
Իսկ մենք այդ ամենը գիտակցելու էինք հետո: Ոմանք նույնիսկ չէին գիտակցելու:
Մենք տասը-տասնմեկ տարեկան էինք: Մենք ունեինք Ռաֆայել Քոթանջյան «Սատանա», որին սիրում էինք մաքուր, անկեղծ, հիացական սիրով, որին կրկնօրինակում էինք, որի երգերը երգում էինք, կերպարանքն էինք փորձում ընդունել:
Մենք ունեինք Ռաֆայել Քոթանջյան «Սատանա», որին սիրում էին մեր ծնողները ու մենք ենթագիտակցորեն հասկանում էինք, որ մի կարևոր բան կա այդ սիրո մեջ, այնուամենայնիվ, որովհետև երբ պատահում էր, որ ցույց էին տալիս «Սատանայի ջրաղացը», մեր ծնողները մեզ անհասկանալիորեն արագ կանչում էին բակերից ու խաղերից:
Մենք գնում էինք «Պապլավոկ», երկա՜ր նստում էինք «Պապլավոկում», որ բռնացնենք Ռաֆայել Քոթանջյանին Դրամատիկական թատրոնի մայթով անցնելիս, որ տեսնենք մեր «Սատանյին» հեռվից ու Քոթանջյանը գալիս էր՝ իր հեգնական թվացող ժպիտը դեմքին, գալիս էր աներևակայելիորեն գեղեցիկ իր տիկնոջ հետ ու նրանք կարծես եթերային, անիրական էակներ լինեին:
Երևանն այդ տարիներին կարծես թե պակասը չուներ գեղեցիկ մարդկանց, որովհետև «Նկարիչների կաֆեն» կար, որտեղ մի քիչ վախվորած, մի քիչ ամաչկոտ նստում էինք այն սեղաններին մոտ, ուր նստում էին Երվանդ Քոչարը, Լևոն Ներսիսյանը, Ֆրունզը Մկրտչյան, նկարիչներ, որոնց անուններն այն ժամանակ դեռ չգիտեինք, բայց Ռաֆայել Քոթանջյանը կարծես մի ուրիշ Երևան էր, մի ուրիշ ազատություն կար Քոթանջյանի մեջ, մի ուրիշ էսթետիզմ, որը մեզ դուր էր գալիս, որը մեզ ձգում էր:
Հետո, ավելի ուշ, Քոթանջյանը հրաշալի կերպար պիտի կերտեր «Վիշապում:
«Կարծում եք հե՞շտ է լինել անգլուխ քաղաքապետ» պիտի ասեր, իսկ մենք դեռ չգիտեինք ինչ է քաղաքապետը, և որ քաղաքապետերը հիմնականում, ցավոք, անգլուխ են լինում ու անգլուխ էլ մնացին, ու որ բացառիկները նրանցից ապացուցեցին անգլուխության սինդրոմի առկայությունը:
Մեր պատկերացումներում Քոթանջյանը կոմիկ էր, կոմիկ արտիստ, կատակերգու, գուցե՝ խեղկատակ, բայց Քոթանջյանը Լուիջի էր խաղալու ու Լուիջիով ազդարարելու էր խորքային, զգացմունքային դրամատիկ արտիստի իր էությունը, ազդարարելու էր դրամատիկ շերտեր բացահայտելու իր անչափելի կարողությունը, որը, ցավոք, չդարձավ քոթանջյանական արվեստի նոր ճանապարհի սկիզբը:
Մենք չհասկացանք «Սատանայի ջրաղացը»: Մենք չհասկացանք «Վիշապը»: Մենք չհասկացանք «Լուիջիի սիրտը», բայց Ռաֆայել Քոթանջյանը հրաշալիորեն գիտեր ինքն իրեն:
Ու իր այդ ինքնաճանաչողությամբ էր, որ Ռաֆայել Քոթանջյանը հետագայում խաղաց իր բոլոր, բոլոր կերպարները, հանդիսատեսի՝ իր արդեն իսկ ընկալված տեսակի, կերպի ընկալումներում դնելով բացառիկ խորքային շերտեր, բացառիկ զգացմունքային շերտեր՝ գրավելով նոր տարածություններ:
Իր այդ ինքնաճանաչողությամբ էին լեցուն Քոթանջյանի դատավոր Քլեոն՝ Արմեն Խանդիկյանի «Մոռանալ Հերոստրատին», չարագործ Կլավդիոսը՝ Արմեն Խանդիկյանի «Համլետ», Օվուզ Բեյը՝ Արմեն Խանդիկյանի «Մեծ լռություն», Լյուդովիկոս արքան՝ Հրաչյա Ղափլանյանի «Կարմիր և սպիտակ վարդերի պատերազմը» թատերախաղերում, որոնք բախտ ունեցա դիտել:
Ի՜նչ շքեղությամբ կոմիկ արտիստը կերտեց դրամատիկականորեն լեցուն այդ ոչ կոմիկական կերպարները՝ դրանցում թողնելով իր էսթետիզմը, իր ներքին մեծ մշակույթը:
Օվուզ Բեյին Քոթանջյանը խաղաց անվասայլակի վրա, որովհետև ճակատագրական ավիավթարից հետո էր, բայց Քոթանջյանը հենց այդ իրավիճակն օգտագործեց առավել սուր զգացողություններով ներկայացնելու դահիճին:
Քոթանջյանական սարկազմը, քոթանջյանական դիմախաղերը, քոթանջյանական շարժումները բացառիկ էին ու անկրկնելի:
Մենք արդեն տասը-տասնմեկ տարեկան չէինք: Մենք արդեն հասու էինք Քոթանջյանական արվեստին, մենք արդեն հասկանում էինք Քոթանջյան արտիստին: Իրապես արտիստին՝ արտիստ էությամբ, մշակույթով, կերպով:
Մենք արդեն ապրում էինք «Սատանայի ջրաղացի» ծաղրած երկրի օրերը, մենք արդեն մեր ընդվզումն ունեինք, մեր կռիվը, մեր ձգտումները, որոնք գնում, շաղկապվում էին «Սատանայի ջրաղացով» մեզ արթնացնողներին: Շաղկապվում էին՝ գիտակցական ու ենթագիտակցական տարածությունների միահյուսմամբ:
Իսկ «Սատանայի ջրաղացը» չկար, «Վիշապը» չկար, Դրամատիկականի «Համլետը» չկար: Մարդիկ վախ ունեին ու մարդկանց վախը վերացնում էր ժապավենները, փակում էր ներկայացումները, վախը թատերագիտորեն կամ այլ կերպավորմամբ «ջնջում» էր դերասաններին, ռեժիսորներին, որոնք հասկացել էին խորհրդային «ստրոյ»-ում դոմինանտ տողատակային արվեստի նրբությունները:
Անշուշտ, բախտ ունեցա իմ մանկության լեգենդներից շատերի՝ այդ թվում և Ռաֆայել Քոթանջյան լեգենդի հետ բազում շփումներ ունենալ ու մինչև վերջ, մինչև մեր օրերի գաղջում Քոթանջյանը մնաց ճերմակ կոստյումով ու ճերմակ լայնեզր գլխարկով էսթետ ասպետը՝ Երևանի եվրոպացին, Երևանի երևանցին, Երևանի հիշողությունը՝ բացառիկ հարգանքով մարդու, քաղաքի, քաղաքացու, երկրի, հայրենիքի նկատմամբ՝ առանց զգայացունց ֆանֆառների, որովհետև, երբ նա քայլում էր, նրա հետ քայլում էր համամարդկային արժեքային համակարգը, նրա հետ քայլում էր մարդը՝ որը մեծարում է կնոջը, պաշտում է ընտանիքը, աստվածացնում է թոռներին, սիրում է իր կենսատարածքը, և այդ սերը վերածում արվեստի:
Քոթանջյանական արվեստի, որը հորդում էր նրա յուրաքանչյուր շարժումից, ժեստից, բարևից, գլուխ խոնարհելուց, քայլելուց, նստելուց, ծխելուց, խոսքից՝ սիրուն, մաքուր հայերեն խոսքից:
Երբ նա քայլում էր, նրա հետ քայլում էր արվեստը:
Այսօր նրա հետ գնաց իմ մանկությունից մի կտոր ևս:
Նրա հետ գնաց իմ Երևանից մի կտոր ևս՝ ճերմակ կոստյումով, ճերմակ, լայնեզր գլխարկով, արծվաքիթ մի կոթող, երևանյան սիրուն մի խոյակ:
Այսօր նրա հետ գնաց ԱՐՏԻՍՏԸ:
Ցտեսություն, ԱՐՏԻՍՏ:
Արայիկ Մանուկյան