«Դատը...». ԹԵՄԻԿ ԽԱԼԱՓՅԱՆ
Մեր տան եղնիկի ձագերից մեկը քիչ տկարացել էր, մի քանի օր էր նրան անտառ բաց չէինք թողնում, որ գել ու գազանի բաժին չդառնար։ Մայր եղնիկի համար տանը կից ընդարձակ վանդակ ունեինք։ Երբ մայր եղնիկի ծննդաբերելու ժամանակները մոտենում էին, վանդակի մեջ էինք պահում՝ անտառ բաց չէինք թողնում մինչև ծննդաբերելը։ Իսկ ծննդաբերելուց հետո ձագերին էինք պահում, իսկ իրեն ազատություն էինք տալիս։ Ինքը կարող էր գնալ անտառ սրտի ուզած ժամանակ ու ետ գալ տուն՝ իր ձագերին կերակրելու։ Շատ ժամանակ անտառ չէր գնում, նախընտրում էր մնալ տանը՝ մեզ հետ։ Այդպես նաև ձագերին էինք պահում՝ մինչև հասուն դառնալը։
Մի օր, ինչպես էր պատահել, աչքաթող էինք արել մեր եղնիկի տկար ձագին, որին տան մեջ էինք պահում, ու սա ինքնագլուխ տնից դուրս էր եկել գնացել։ Դա էլ պարզվեց այն ժամանակ, երբ հայրս կեսօրին տուն եկավ։ Հացրեց մեզ՝ երեխաներիս, թե ձագը ինչպե՞ս է, ուտելու մի բան տվե՞լ ենք, մի բան կերե՞լ է։ Նոր միայն նկատեցինք, որ չկա։ Տան մեջ փնտրեցինք՝ չկար, բակում էլ չկար։ Ժամանակ չկորցրեցինք, ես ու հայրս դուրս եկանք գնացինք անտառի կողմը փնտրելու։ Տնից շատ չէինք հեռացել, մեկի բաղի մոտով անցնելիս լսեցինք, որ մեր գյուղացի որսորդներից մեկը՝ Շամիրը, բաղատիրոջ ծեր կնկան ինչ-որ բան է խորհուրդ տալիս.
- Դու դրան բռնողը չես, Շուշի աքա, Երվանդի կխտարի ձագերից կլինի, դուռը բաց, թող գնա իրենց հանդավարը։ Վիրի կխտարի ձագը անտառից չի գա մտնի քո բաղը։
- Խե՞, Թալիշի քոլումը ինչ կխտար կա՝ Երվանդինն ա՞, իր ոտքով եկել մտել ա բաղս, դու էլ ասում ես Երվանդինն ա։
Սա որ լսեցինք, չափարի այս կողմից ես ու հայրս ներս նայեցինք տեսանք, որ կինը ընկել է ձագի հետևից, որ բռնի, իսկ ձագն էլ կարծում է, թե իր հետ խաղում են, դես է վազում, դեն է վազում, երբեմն մոտ է գնում, հարու տալու փորձեր է անում, ինչպես մեր տանը՝ ինձ հետ։ Երկար այսպես մենք նայում ենք, թե ինչպես է մեր եղնիկի ձագը ծեր կնոջ հոգու հետ խաղում։
- Շուշի աքա, թե համոզ ես, որ վիր ա, մի կողմ քաշվի՝ կրակ տամ վեր քցեմ, - ասաց որսորդը։
Ծեր կինը հոգնել էր, ուժ չէր մնացել, կանգնել ու այս անգամ էլ փորձում էր խաբելով ձագին մոտ բերել բռնելու համար։ Գրպանից ինչ-որ բան հանեց ու մեկնեց իրեն։ Ձագը մոտ չգնաց։ Տեսնելով, որ բան դուրս չի գալիս, քաշվեց մի կողմ ու դարձավ որսորդին.
- Մի կողմ քաշված եմ, դե կրակ տուր վեր քցի անտերին, - ասաց կինը՝ ավելի հեռու գնալով։
- Բա ասում ես՝ իմն ա։
- Իր ոտքով եկել, մտել ա բաղս, իմը չի բա ո՞ւմն ա, Շամի՛ր։
- Դուռը բաց, բաց թող գնա, - ասաց որսորդը, հրացանը ուսին հարմարեցնելով գնաց։
Հայրս ու ես չափարից ներս մտանք, ձագը մեզ տեսնելով մոտ վազեց, եկավ դեմս կանգնեց՝ իր հասանելիք բաժին շաքարի կտորը ստանալու։ Նա էլ ինձ պես՝ շաքար շատ էր սիրում։ Հայրս ոչինչ չասաց ծեր կնոջը։ Ես ու ձագը իրար հետևից վազելով տուն դարձանք։
Երեկոյան, երբ մարդիկ իրենց տան հոգսերը հոգում են և կարող են դուրս գալ գյուղամեջ զրույցի, էդ ժամերին մոտ էր, երբ գյուղի գզիր Խաչին եկավ մեր տուն։
- Գյուղսովետի նախագահը՝ ընկեր Սաշան հանձնարարել է, որ քեզ ու մեկ էլ կխտարին իր ձագերի հետ բերման ենթարկեմ գյուղսովետ, - ասաց գզիրը, ժպիտը կախ գցեց ձեռքի մահակին, ձեռքերը դարսեց մահակի ծայրին, մահակը դեմ տվեց ծնոտին ու սպասեց մեզ։
Եղնիկը մյուս ձագի հետ արդեն տուն էր վերադարձել, երեքով ընկանք գզիրի հետևից, գնացինք գյուղսովետ։ Ներս մտանք, որսորդ Շամիրը և Շուշի աքան նստած էին այնտեղ, գյուղացիներից ուրիշ մարդիկ էլ կային։
- Սրբուհի՛, արձանագրության մատյանները վերցրու եկ, - ձայն տվեց գյուղսովետի նախագահը կողքի սենյակում նստած գրագրին։ Դարակից ծխախոտի տուփը դուրս բերեց, մի հատիկ ամրացրեց մուշտուկին, վառեց ծխախոտը, ապա դարձավ ներկաներիս.
- Էսօր երկու բողոք ունենք։ Մեկը Բալունց Շուշիից, մյուսը Խլափանց Կխտարից։ Բողոքավորները ներկա են։
- Շուշի աքա, հիմի վկաների ներկայությամբ պատմի տեսնենք։
- Ինչ արդեն ասել եմ, Սաշա, էն եմ ասելու, - ասաց Շուշի աքան, - Շամիրը՝ վկա։
Հեր ու տղա էկան իմ ապրանքս իմ բաղի մեջ իրենցով արեցին տարան։ Խե՞, մեր քոլումը ինչքան կխտար կա Խլափանց Երվանդինն ա՞։ Երկնքում ղուշ ա թռչում, ասում են Խլափանցն ա, քոլումը մարդս լբաստրակ էր բռնել, տան ճանապարհին որսկան Մամիկոնը տեսել է, - թե Խլափանցը կլինի, Հաբեթ դայի, բաց թող գնա։ Մարդս էլ բաց ա թողել։ Հենց բաց ա թողել, Մամիկոնը դաստի կրակ ա տվել վեր քցել, կողքից կախ տվել, թե կարող ա սխալվել եմ, որ ասել եմ Երվանդինն ա, նրանցը կրմրավուն ա։ Հայս էլ քոռ ու փոշման եկել ա տուն։ Մնում ա գելն ու արջն էլ իրանցը լինի։
Ներկաները մի լավ ծիծաղեցին, մի քանի բան էլ իրենք ավելացրին ասածին։
- Չէ, բոլորը Երվանդինը չի։ Գյուղում նրանցից զատ՝ ղուշ պահող էլ չկա։ Հալիվորիդ հետ էլ հանաք են արել, բան չկա, Շուշի աքա։ Իսկ էս ձագերից ո՞րն է քոնը, - հարցրեց նախագահը՝ ցույց տալով իմ մոտ կանգնած եղնիկի երկու ձագերին, որոնք երկու կողմերից քիփ կպել էին ինձ ու իրենց մորը։
- Ես ինչ իմանամ, մեծ կնիկ եմ, աչքս լավ չի տեսնում սրանցից որն էր։ Իրար շատ նման են, դրանցից մեկը իմն ա։ Բռնի մեկը, տուր ինձ։
- Տանը հորթ ունե՞ս, Շուշի աքա։
- Ունեմ։ Գառներ էլ ունեմ։
- Շամիրին ուղարկենք հորթին կրակ տա վեր քցի։
- Ինչ է ասո՞ւմ։ Վա՜, խե՞, մեղք չի՞ իմ հորթը։ Կրակ տաք վեր քցեք, կովս կաթից կտրեք։ Ասում եմ՝ սրանցից մեկը մտել ա իմ բաղը։ Դու էլ ասում ես՝ Շամիրին ուղարկենք կրակ տա, հորթը վեր քցի։ Իր ոտքովն ա եկել, է՛ն աստուծ։ Մեկը բռնի տուր ինձ, գնամ, տան հայը սոված ինձ ա սպասում։
- Որ քոնը լիներ, Շուշի աքա, Շամիրին կասեի՞ր կրակ տուր վեր քցի։
- Չկարացա բռնեմ, դես վազ տվի, դեն վազ տվի։ Հոգիս հանեց։ Ինչ արի՝ մոտ չեկավ։ Բա ի՞նչ անեի։
- Կխտարի բողոքը կուղարկեմ մարզային սովետ։ Քեզ մարզային սովետում կքննեն։ Կպարզեն, թե ոնց ես Շամիրին փորձել համոզել, որ հանցագործություն կատարի, անմեղ կխտարի ձագին կրակ տա, վեր քցի։
- Մեծ կնիկ ես տեսել՝ ահ ես տալի՞ս։ Թե՞ տնազ ես անում։ Ամոթ չի՞։
- Հիմի դուրս եկեք գնացեք ձեր տները։ Որը քո հետևից եկավ, էն էլ քոնն է, - ասաց գյուղսովետի նախագահը։ Մենք դուրս եկանք սենյակից։ Դրսում Շուշի աքան էլի փորձ արեց ձագերից մեկին բռնել։ Մայր եղնիկը ձագին պաշտպանելու համար, Շուշի աքայի քամակին հարու տվեց գցեց չափարի տակ, ոտատակ պիտի տար խեղճ կնոջը, եթե ես չգրկեի եղնիկին ու հետ չքաշեի։
Դատը շահած՝ չորսով տուն եկանք։
Հ.Գ. Եղնիկների լուսանկարն արված է հեղինակի Թալիշի տան բակում:
Թեմիկ Խալափյան