Թեմիկ Խալափյան
Թեմիկ Խալափյան

 


 

«Դրախտի պիսըրը...». ԹԵՄԻԿ ԽԱԼԱՓՅԱՆ

 

Սենյակիս լռության մեջ լսում էի Նարեկացու «Հավուն, հավուն»-ը։

Մեղեդին ու երգչուհին ինձ դուրս էին բերել իրական աշխարհից ու թևածում էի երանելի մի զգացողությամբ, մեկ այլ միջավայրում։ Երգի ավարտին հնչեց տան ներքին հեռախոսի զանգը։ Ես դժկամությամբ վերցրի լսափողն ու պահեցի ականջիս։ Մյուս ծայրից մեկը մեկ-երկու անգամ փչեց լսափողի մեջ։ Դա ինձ ակամա կես դարից ավելի հետ շպրտեց, դեպի այն ժամանակները, երբ դեռ «ալո» բառը մեզ համար գոյություն չուներ։ Հեռախոսի լծակը մի քանի անգամ պտտելուց հետո, մի քանի անգամ փչում էինք ընկալուչի մեջ՝ իբրև «ալո», որ իրական զանգ է, որպեսզի կոմուտատորի մոտ նստածը վերցներ ու ասեր՝ լսում եմ։

Մենք էլ ասեինք․

- Մարուս տոտա, պապային միացրու։

Ես էլ մի երկու անգամ փչեցի լսափողի մեջ։

- Հակո՞բ, - հարցրեց կանացի խզված ձայնը։

- Սխալ տեղ եք ընկել, - ասացի։

- Հոր եմ ընկե՞լ, ասում ես, բալա ջա՛ն,- նորից հարցրեց զանգողը։ Արդեն հստակ հասկանալի էր, որ տարեց կին է։

- Դրախտ ես ընկել,- փորձեցի կատակի տալ։

- Դրա՞խտ։

- Դրախտ։

- Ղորթ ես ասո՞ւմ։

- Ղո՛րթ։

- Իսկապե՞ս։

- Է՛ն աստվա՛ծ։

- Հո՞վ կմտածեր, - երկխոսեց ձայնը ինքն իրեն,- հարսս էլ ամեն աստծու օր ինձ դժոխքի դուռն ա ուղարկում։

Մի պահ տիրեց լռություն։

- Բա, տու հո՞վ ես, բալա ջան։

- Ես, դրախտի գրագիրն եմ։

- Պիսըրը՞։

- Ըհը՛։

- Աշխա՜րhք, աշխա՜րհք, - հառաչանքով ասաց խոսակիցս, - հըվատալս կյամ չի, վար գյանքիս վերջում մի հեռախոսով դրախտի պիսըրի հետ կխոսամ։

- Էդ հարսդ ինչո՞ւ է քեզ անիծում, տատի, դու է՛դ ասա իմանամ։

- Աստծուց պահել եմ, ուրիշին էլ կենգատ չեմ ըրել։ Դե, քեզանից ինչ պահեմ։ Մեր հըրևանի խոխան էր, դրա մերը շատ չար կնեգ էր, օր ու արև չէր տալիս՝ ծեծում ու անիծում էր իր բոլոր խոխոցը։ Մադար աղջիկ էր, մնացածը տղա խոխեք էին։ Երբ մեծացավ, փսակվելու աղջիկ էր, մարդուս ասացի․- արի էս աղջկան մեր տղայի համար օզենք, համ էլ էդ տնից դուրս կըկյա՝ մեղք ա։

Մորը ձեռքից խլեցինք, հարս պիրանք։ Իրար հետան չորս երեխա շարեց։ Ես կործս թողեցի, վար խոխոցը պահեմ։ Վար խոխեքը մի պատառ մեծացան, սա էլ մորը պես սկսեց խոխոցը ծեծել ու անիծել։ Մորից էնքան չարություն կար մեջը, վար ինքը տանջվելու փոխարեն՝ սկսեց մեզ տանջել, խոխոցը։ Մորը դասերը իզուր չէին անցել՝ քե մատաղ։ Մարդ չի իմանա, թե նրա մտքումը ի՛նչ կա։ Նույնությամբ կրկնում է մորը։ Էն ապրած կյանքը օտում է իր էս կյանքին, բալա ջան։ Մորն ասել են՝ չար ես։ Մերը չի իմացել՝ ինչ ա չարը։

Մի քանի անգամ նկատողություն արեցի։ Մի օր էլ իրա մորը օրինակ պիրեցի, ու էդ եղա՜վ, սկսեց ինձ էլ անիծել։ Էլ օր ու արև չի տալիս ինձ, խոսքի տակեն- կլխեն ինձ դժոխքի դուռն ա ուղարկում։ Շա՜տ չար ա, աստված վկա ա, շատ ա չար, բայց մեղք չունի։ Խեղջ ա և շատ չար, մեղքս կալիսա, վար էդքան չար ա, ինքն էլ ա մեղք։ Երեխեքն էլ են չարացել, նրանք էլ են մեղք, ամա խելունք խոխեք են։ Իմ տղան էլ ա մեղք, տղաս հլա դեռ տղա թոռներիս հետ Ղարաբաղումն ա։ Ես էլ եմ մեղք։ Բա մարդ իրա երկրում էլ բռնագաղթված լինի՞, քե մատաղ։

Կինը նորից լռեց, ապա շարունակեց։

Քանի բախտս պացվել ա, դրախտի պիսըրու նհեդ եմ խոսում, կուզեմ էս գիշեր էլ Գաբրիել հրեշտակապետը կյա ինձ տանի, էն աստվա՛ծ։

Կինը նորից լռեց։ Մտածում էի, թե հիմա էլ ինչպես խեղճ կնոջը սփոփեմ։

- Մեր հայի օրենքով,- շարունակեց,- մեռած մարդուն շատ չեն պահում, մի օր ու կես, շա՜տ-շա՜տ՝ էրկու օր։ Հիմի, վար էս գիշեր Գաբրիել հրեշտակապետը ինձ տանի է՜, էգուց չէ՛, էն մի օրվա կեսօրին արդեն դրախտի դռանը առաջ կանգնած կլինեմ։ Օզում եմ հաստատ իմանամ, յանի վար կյամ՝ կընդունե՞ք ինձ։ 

- Քանի՞ տարեկան եք։

- Մի երկու-երեք տարուց իննասուն կլինեմ, բալա ջան։

- Տատի ջան, քե մատաղ, դու վռազիլ մի, երկար ապրի, քո տեղը հաստա՛տ պահելու եմ, արխայի՛ն կաց։

- Վա՜յ քո ցավը տանի բաբոն։ Շատ չեմ ուզում, էնքան ապրեմ վար հետ գնամ իմ ազատված դրախտ երգիրս, իմ ձեռքով իմ տան դրախտի դուռը բացեմ, ներս մտնեմ՝ բոլա։ Դե, որ վախտը կյա էս կյանքից գնալու, կյամ ընգնեմ դրախտ, դրախտում քեզ հո՞ւնց քթնեմ։

- Իմ դռան վրա նկարած թզան տերև կա, տերևի վրա ձգած աղեղի նետի փոխարեն՝ արծվի փետուրի գրիչի նկար։

 

Թեմիկ Խալափյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ