«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

«Դրդել քաղաքացիներին` հիանալ միջակությամբ...». ՆՈԱՄ ՉՈՄՍԿԻ

 

 

Նոամ Չոմսկին՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի լեզվաբանության դասախոսը, լեզվաբան, փիլիսոփա, հասարակական գործիչ, բազմաթիվ «բեսթսելեր»-ային գրքերի հեղինակ և քաղաքական վերլուծաբան, ժամանակակից աշխարհի պահանջված մտածողներից է:

Նա արձանագրելով, որ մարդու վարքագծի կառավարումը պետության առաջնահերթություններից է, և որ պետությունը ստեղծված է քաղաքացիների շահերը պաշտպանելու համար, միաժամանակ արձանագրում է սակայն, որ առավել հաճախ իշխանություն ունեցող մարդիկ՝ իրենց դիրքերը պահպանելու համար, փորձում են քաղաքացիներին հենց կառավարել:

Եվ երբ քաղաքացիները սկսում են դժգոհել իշխանությունների վարած քաղաքականությունից, իշխանական օղակները՝ բռնություններից խուսափելու համար, գործի են դնում քարոզչամեքենան, որի հիմնական գործիքը ԶԼՄ-ներն են:

ԶԼՄ-ների միջոցով հասարակությունը մանիպուլացնելու այն տասը մեթոդները, որ առանձնացրել է Չոմսկին, հայտնի են, բայց փորձենք մեկ անգամ ևս «անցնել» դրանցով, անցյալի և ներկայիս իրողություններին սթափ մտքով անդրադառնալու համար: Ուղղակի՝ մտածելու՝ առանց դավադրությունների տեսության, առանց ենթատեքստեր որոնելու և այլն...

Մեթոդ 1. Շեղել ուշադրությունը

Հասարակությունը կառավարելու ամենաառաջին և պարզ մեթոդը՝ ժողովրդի ուշադրությունը շեղելն է քաղաքական և տնտեսական կարևոր իրադարձություններից և որոշումներից՝ լրատվական դաշտը հեղհեղելով աննշան նորություններով:

Այս մեթոդի արդյունքում քաղաքացիները հնարավորություն չեն ունենում կարևոր տեղեկություններ ստանալ ժամանակակից առաջատար տեխնոլոգիաների, տնտեսութան, հոգեբանության, կիբեռնետիկայի և այլ զարգացումների մասին:

Լրահոսը հագեցած է լինում շոու բիզնեսի, դեղին մամուլի, միստիկային վերաբերող անկարևոր նորություններով, որոնք հիմնված են մարդու բնական բնազդների վրա:

Մեթոդ 2. Ստեղծել խնդրահարույց իրավիճակներ և առաջարկել դրանց լուծումները

Այս մեթոդը նաև անվանում են «խնդիր-ռեակցիա-լուծում»:

Ստեղծվում է խնդիր, ինչ-որ «իրավիճակ», որը նախատեսված է հասարակության շրջանում որոշակի արձագանք առաջացնելու համար: Իսկ կառավարող օղակների կողմից առաջարկվող լուծումները առաջին հերթին հենց իրենց են ձեռնտու լինում:  

Օրինակ՝ քաղաքներում աճում են բռնության դեպքերը կամ տեղի են ունենում արյունալի ահաբեկչական հարձակումներ:

Որպես լուծում քաղաքացիներին առաջարկվում է, այսպես կոչված, «անհրաժեշտ չարություն»: Այսինքն՝ անվտանգության ապահովման համար ավելի խիստ օրենքների մշակում և ընդունում, որոնք, սակայն, իրականում ոտնահարում են մարդու քաղաքացիական ազատությունները կամ սոցիալական իրավունքները:

Բայց պետք է հասկանալ, որ ճգնաժամները իրենք իրենցով չեն առաջանում:

Մեթոդ 3. Ներդնել աստիճանական կիրառման մոդելը

Որպեսզի հնարավոր լինի ընդունել հանրության համար ոչ ձեռնտու որևէ օրենք, կիրառվում է աստիճանական, օրեցօր, տարեցտարի ներդրման մեթոդը:

Նախորդ դարի 80-90-ական թվականներին նման կերպով գլոբալ տարածում ստացավ սկզբունքորեն նոր սոցիալ-տնտեսական կարգը՝ նեոլիբերալիզմը:

Եթե այնպիսի երևույթները, ինչպիսիք էին պետության դերը նվազագույնի հասցնելը, մասնավորեցումը, անվստահությունը, ոչ կայուն իրավիճակը, մասսայական գործազրկությունը, ցածր աշխատավարձերը և այլն, իրականություն դառնային միանգամից, ապա արդյունքը անպայման կհանգեցներ արագ հեղափոխության:

Մեթոդ 4. Հետաձգել իրականացումը

Հանրության համար ոչ նպատակահարմար որոշումներ անցկացնելու մեկ այլ մեթոդը այն որպես «ցավալի և անհրաժեշտ» գործողություն ներկայացնելն է, որը, սակայն, ուժի մեջ կմտնի ոչ թե հենց այսօր, այս պահին, այլ մոտ ապագայում:

Որովհետև ավելի հեշտ է համաձայնել որոշակի զոհողությունների ապագայի կտրվածքով, քան՝ տվյալ պահին։

Հասարակությունը միշտ, միամտաբար, հույս ունի, որ «վաղը ամեն ինչ կփոխվի դեպի լավը», իսկ այսօր իրենից պահանջվող զոհողություններից վաղը հնարավոր կլինի խուսափել: Սա հնարավորություն է տալիս քաղաքացիներին ավելի շատ ժամանակ ունենալ՝ համակերպվելու գալիք փոփոխությունների հետ:

Մեթոդ 5. Դիմել հասարակությանը՝ որպես անմիտ երեխայի

Շատ հաճախ հանրության համար նախատեսված քարոզչություն պարունակող ելույթներում օգտագործվում են այնպիսի փաստարկներ, պերսոնաժներ, բառեր և ինտոնացիաներ, որոնք կիրառվում են անչափահաս երեխաների հետ շփումներում:

Որքան շատ են փորձում շփոթեցնել լսողին, այնքան շատ են փորձում օգտագործել ինֆանտիլ լեզվաբանական դարձվածներ: Ինչու՞: Որովհետև, եթե ինչ-որ մեկը շփվում է մարդու հետ այնպես, կարծես նա 12 տարեկան է (կամ ավելի փոքր), ապա, մեծ հավանականությամբ, քարոզչության պատասխան ռեակցիան լինում է քննադատության բացակայությունը: Սա բնորոշ է մինչև 12 տարեկան երեխաներին, և, հետևաբար, ամբոխը ենթագիտակցաբար ունենում է համապատասխան արձագանք:

Խոսքը, հումորն այս պարագայում նախատեսված է լայն լսարանի համար: Հարկ է նաև չմոռանալ, որ արդեն իսկ կիրառվում են վերևում և ներքևում ներկայացված շահագործման մեթոդները, որոնք լրացնում են մեկը մյուսին:

Մեթոդ 6. Շեշտը դնել էմոցիաների, ոչ թե բանականության վրա

Էմոցիաների վրա ազդեցությունը նեյրո-լեզվաբանական ծրագրավորման դասական հնարք է, որն ուղղված է մարդկանց ռացիոնալ վերլուծություն անելու հատկության արգելափակմանը և, հետևաբար, իրավիճակի մասին քննադատական մտածելակերպի արգելափակմանը:

Մյուս կողմից, զգացմունքների վրա ազդեցությունը հնարավորություն է տալիս բացել ենթագիտակցության դուռը, որպեսզի այնտեղ ներարկվեն մտքեր, ցանկություններ, վախեր, հարկադրանք կամ վարքի կայուն մոդելներ:

Այնպիսի հաճախ կրկնվող նախադասություններ, ինչպիսիք են՝ դաժան ահաբեկչությունները, անարդար կառավարությունը, սոված մարդկանց տառապանքը և այլն, կադրից դուրս են թողնում կատարվածի իրական պատճառները և մեղավորներին:

Զգացմունքները տրամաբանության թշնամին են:

Մեթոդ 7. Պահել մարդկանց տգիտության մեջ՝ զարգացնելով միջակությունը

Այս ռազմավարության իմաստը նրանում է, որ մարդիկ չբացահայտեն այն մեթոդները, որոնցով իրենք կառավարվում են կամ ենթարկվում կառավարող օղակների կամքին:

Կրթության որակը՝ հատկապես միջնակարգ հասարակական դպրոցներում, պետք է միջակ լինի, որպեսզի անտեղյակությունը, տգիտությունը, անճաշակությունը դառնա համատարած, և ցածր խավը չկարողանա հաղթահարել դրանք:

Մեթոդ 8. Դրդել քաղաքացիներին հիանալ միջակությամբ

Հասարակության մեջ սերմանել այն գաղափարը, որ տգիտությունը, գռեհիկ հումորները, անդաստիարակությունը ժամանակակից են:

Այս մեթոդը մյուսներից չի տարանջատվում, քանի որ ժամանակակից աշխարհում ցանկացած սոցիալական ոլորտում՝ սկսած կրոնից և գիտությունից, վերջացրած՝ քաղաքականությամբ, մեծ քանակությամբ միջակությունների կարելի է հանդիպել:

Սկանդալները, դեղին մամուլը, ցածրակարգ սերիալները, կեղծ հերոսները, կասկածելի հումորը և կիսապոպուլիստական ակցիաները մտահորիզոնն ընդլայնելու փորձերից հասարակությանը հետ պահելու շատ լավ մեթոդներ են:

Մեթոդ 9. Ուժեղացնել սեփական մեղքի զգացողությունը

Այս մեթոդի միջոցով մարդուն համազում են, որ միայն ինքն է մեղավոր սեփական անհաջողությունների մեջ և որի պատճառը իր միջակ մտավոր ունակություններն են, նպատակասլացության բացակայությունը: Արդյունքում՝ տնտեսական և քաղաքական համակարգի դեմ պայքարելու փոխարեն, մարդն սկսում է զբաղվել ինքնախարազանմամբ, ինչն էլ հանգեցնում է ճնշված հոգեվիճակի և անտարբերության շրջապատում տեղի ունեցողի հանդեպ:

Մեթոդ 10. Իմանալ մարդկանց մասին ավելին, քան նրանք գիտեն

Վերջին հիսուն տարիներին գիտության զարգացումը հանգեցրել է նրան, որ մեծացել է տեղեկատվության հասանելիության անդունդը հասարակ մարդկանց և իշխող վերնախավի միջև:

Կենսաբանության, նեյրոկենսաբանության, կիրառական հոգեբանության շնորհիվ «համակարգը»՝ ինչպես ֆիզիոլոգիայի, այնպես էլ հոգեբանության ոլորտում, առաջատար գիտելիքների է տիրապետում մարդու մասին: «Համակարգը» շատ ավելի գիտելիքներ ունի մարդու մասին, քան մարդը ինքը: Հետևաբար, նա շատ ավելի մեծ իշխանություն և կառավարման շատ ավելի մեծ հնարավորություններ ունի:

 

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ