Ժաննա Ղոչիկյան
Ժաննա Ղոչիկյան

 

Գրող:

Հրապարակախոս:

Հեռուստամեկնաբան:
 

«Ձեր ճգնաժամը ժողովրդի ճգնաժամը չէ...». ԺԱՆՆԱ ՂՈՉԻԿՅԱՆ

Եթե թատերաբեմ՝ միակ հանդիսատեսը ժողովուրդն է, եթե մարտադաշտ՝ միակ զոհը ժողովուրդն է: Թատերաբեմում նույն դերակատարներն են, առայժմ անզեն մարտադաշտում՝ միևնույն մարտիկները: Եվ քանի դեռ նախկինների մերժված զանգվածը դեռևս ինքնահերոսացման գործընթացների մեջ է, ասելիքս նրանց մասին կամ նրանց հետ է:

Ա՛յ մերժվածներ ջան, ժողովրդին 20 տարի մերժածնե՛ր ջան, չլինի՞ կարծում եք, թե ժողովուրդը հալումաշ է լինում ձեր կարոտից, տվայտանքների մեջ տառապում է իր՝  հատկապես քսա՛նտարվա թշվառությունը, իր վախեցած լռությունը, իր երեխաների խեղված մանկությունն ու երիտասարդության ա՛ն-ապագա մղձավանջը ետ բերելու կամ թե իր ունեզուրկ, տնազուրկ, իրավազուրկ, ձայնազուրկ տարիները վերադարձնելու համար:

Մի՛ սխալվեք, ինքնախաբ մի՛ եղեք, ձեր ճգնաժամը ժողովրդի ճգնաժամը չէ, ինչպես ժողովրդի ճգնաժամը ձեր ճգնաժամը չէր, ձեր եսապաշտական-նյութապաշտական-աթոռապաշտական երազանքները ժողովրդի երազանքները չեն, ժողովրդի երազանքները ձեզ համար անընկալելի, անընդունելի ու խորթ են:

Երկու տարի է՝ ժողովրդի առաջ համառորեն մի ջան-ջիգյար եք խաղում, մի ժողովրդասեր եք դարձել, մի սրտաճմլիկ դիմելաձև եք ընտրել՝ ժողովու՜րդ ջան, ավելի մտերմիկ՝ ժո՜ղ ջան:

Ի սե՛ր Աստծո

Ժողովուրդն ինքն իրեն փրկել է ձեզնից, ձեր տեսակից, ազատագրել է իրեն՝ ընտրյալ-արտոնյալ, էլիտա հորջորջված մի քանի հարյուրիցդ: Բայց այդ ինչքա՜ն  անպատկառ թափթփուկներ էիք բուծել, ինչքա՜ն խուլիգաններ, որ համարձակություն ունեցան իրենց էությանը հարիր, հենց իրե՛նց բնութագրող կեԽտոտ պիտակներ կպցնել ժողովրդին՝ ստոր, էշ, ապուշ, ոչխար, զոմբի: Այսքանից  հետո՝ ժո՞ղ ջան:

Ժանտախտը ոռնում է երկրում, դուք երկրի կործանումն եք գուժում, հոշոտում եք ժողովրդի ընտրած ու վստահելի կառավարությանը, ամենակեԽտոտ ու ստոր  սադրանք-զրպարտանքների եք դիմում՝ վարչապետին վարկաբեկելու համար, չեք հանդուրժում Ազգային ժողովի գործունեությունը, չեք հաշտվում իշխանական խմբակցության պատգամավորների պատրաստված-խելացի, գրագետ, հավասարակշռված, անգամ երիտասա՛րդ լինելու փաստի հետ:

Ընտրությունից ընտրություն՝ ձեր սին խոստումներն ու վիրավորական ցուցք  բարեգործություններն այլևս անվավեր են,  ձեր սրտաճմլիկ ու կեղծ սերն  առ  Հայրենիք ու ժողովուրդ՝ ուշացած են ու զավեշտի հասնող:   

Ձեր հավերժության առասպելն այլևս հօ՛դս ցնդեց: 5-10-ը հազար դրամով իր ձայնը ծախու ապրանք դարձրած ժողովուրդ դուք այլևս չունե՛ք: Ձեր տվա՛ծն էլ էր ողորմություն, ձեր ստացա՛ծն էլ: Դեռ հարց է, թե ո՞վ ո՞ւմ էր ողորմություն շպրտում:

Ձեր՝ բռնազավթած իշխանության տարիներին հազարավոր ընտանիքներ բռնագաղթեցին երկրից, մի տոմսագնով վաճառեցին ունեցած-չունեցածն ու փախա՜ն իրենց տնից, երկրից, հայրենիքից, ձեզնի՜ց փախան: Ես չգիտեմ, նրանք ետ կգա՞ն, թե՞ ոչ, բայց դուք հաստատ` ե՛տդարձ չունե՛ք:

Ամբարտավան ու հրամայական ոճով դիմում եք անձամբ ընտրյալ վարչապետին և ընդհանրապես՝ իշխանություններին, թե՝ ժողովուրդը հիասթափվել է ձեզնից, ժողովուրդը հասկացել է արդեն, որ իրեն խաբել եք, որ եկել եք միայն թալանելու, հողեր հանձնելու:

Ախր ձեզ մերժելուց հետո, անգամ դրանից առաջ էլ, էդ ե՞րբ է ժողովուրդը ձեզ լիարժեք ու սրտանց՝ ձա՛յն և իր անունից խոսելու իրավու՛նք տվել: Այո, ձեր շուրջը եղել և հիմա էլ ինչ-որ զանգված կա, ինչ-որ խմբեր ու անհատներ, բայց  ոչ ժողովու՜րդ…

Այնպես որ, բավական են ձեր վերահսկիչ-դատավարական խաղերը՝ հրաժարականներ-պաշտոնանկություններ, դատավճիռներ, ֆիզիկական հաշվեհարդարի հաթաթաներ՝ բացահայտ, հասցեական, անսանձ, անամոթ, լկտի…

Իրականում դուք չեք ներում նոր իշխանությանը, չեք հաշտվում այն իրողության հետ, որ սխալներ ու բացթողում, վրիպակներ ունենալով հանդերձ, չձախողեց, չձախողվեց, չեք հաշտվում, որ ժողովուրդը հավատում է, վստահում է իր ընտրյալ և՛ վարչապետին, և՛ Ազգային ժողովին:

Բավական է պղտորեք ու աղտոտեք ժողովրդի միտքն ու հոգին:

Ձեր խոսափողները, ձեր գաղափարախոս (գաղափարախո՞ս) քաղաքագետ կոչվածները, ձեր հանգած նվիրյալներն ու եռանդուն նորելուկներն իրենց կրակոտ ու անհեթեթ ճարտասանությամբ միայն վարկաբեկում են ձեզ, ձեր ունեցած քիչ թե շատ հեղինակությունն ու դրական հետագիծը ոչնչացնում են: Նրանք միայն ձեզ և ձեր լսարանին գոհացնելու համար են իրենց կոտորում: Նրանց գործելաոճը ի վնաս ձե՛զ է:

Մի՛ շարունակեք ժողովրդի ու իշխանությունների միջև սեպ խրելու, անջրպետ դնելու ձեր անիմաստ ու զուր ջանքերը: Ժողովուրդը և՛ հիշողություն, և՛ զգացողություն, և՛ տեսողություն ունի, ժողովուրդը գիտակցում է և կհաղթահարի բոլոր տեսակի վիրուսներին էլ, սոցիալական պարտադրված դժվարություններն էլ, ժողովուրդը դիմացել ու հաղթահարել է սովն էլ, տարատեսակ վախ ու աղետներն էլ, այս ծանր փորձությունից էլ դուրս կգա: Ժողովուրդն այլևս մեկ կամ մի քանի օրվա հացի մասին չի մտածում, նա ավելի առաջ է նայում, նա հեռատես ու լավատես է դարձել:

Իսկ դուք ձեր գործելակերպով այնքան վարկաբեկեցիք ինքներդ ձեզ, որ թվում է, թե ձեր շարքերում արդեն  ձեր հոխորտանքներին  համապատասխան մի արժանավոր ու արժանի վարչապետացու էլ չունեք:  Պահուստայինների մասին չգիտեմ, բայց մի քանի չքողարկվածներ հայտ ներկայացրին. մեկն անպատիվ էր, մեկը շատ հավակնոտ, մյուսը՝ շատ մեծամիտ, բայց սրանք ստվերում մնացին, երբ շողարձակեց ինքը՝ երկրիս թիվ մեկ փեսան՝ առանց դիմակի և պարզվեց նաև՝ անդեմ:

Հիասթափությունն ավելին էր, քան կարելի էր պատկերացնել:

Այ՜ քեզ վարչապետացու, ա՜յ քեզ քիչ է մնում թե՝ Մեսիա:

Թյուր կարծիք չունենաք, թե ժողովուրդը կարող է հավատալ ձեզ, իսկ եթե դուք հույսեր եք փայփայում, ուրեմն ինձ մնում է կրկնել ծեծված դասական հարցը՝ լու՞րջ…: Չլինի՞ թե կարծում եք՝ ժողովուրդը ներել է ձեզ: Ներում են ներում հայցողին: Թե՞ դեռ զարմացած եք՝ ի՞նչ ենք արել, որ: Պատասխանեմ՝ ոչինչ, ուղղակի երկրում հասունացրել եք Հեղափոխության անհրաժեշտությունը: 

Զղջումի, ամոթի, մեղավորության ո՜չ մի զգացում: Այսինքն թե՝ ինչ արել ենք, լա՛վ ենք արել, այսինքն թե՝ ով ինչ կերա՜լ ա, խմա՜լ ա, հալա՛լ ա:

Ձեր միտքն ու հոգին խժռում է ունեցվածքը պահպանելու մոլուցքը, իսկ դրան հագուրդ տալը միայն իշխանությունը վերադարձնելն է, կամ, որ ավելի ազնիվ կլինի ասել, իշխանությունը և՛ս մեկ անգամ բռնազավթելը: Ձեր դրախտային կյանքը վերադարձնելու համար դուք կրկին պատրաստ եք ժողովրդի կյանքը դժոխքի վերածելու, որովհետև ձեր մեջ նաև վրեժխնդրությունն է եռում:

Ընկել եք դռնեդուռ՝ աջակից ու փրկիչներ եք հայթայթում՝ թեկուզ և Հայո՛ց պետությանը, պետական ինքնությանն ի վնաս, միայն թե ձեզ՝ ի՛ նպաստ: Հիմա  եկել ու ժողովրդասեր, հայրենասեր կեցվածք եք ընդունում:

Պատկերացնել կարելի է՝ հավաքվում եք, ասում-խոսում, ծրագրում, պլանավորում, հանձնարարականներ տալիս-առնում, ըստ ծառայության էլ՝ վարձք ու… դե՛, ձե՛զ տեսնեմ՝ մի մասը թատերաբեմ,  մի  մասն էլ մարտադաշտ  է  նետվում:

Դուք  արդեն չե՛ք դիմանում, ժողովու՜րդն էլ չի դիմանում: Ժողովրդի հիշողությունն արթուն է, համբերությունն անսպառ չէ, հնարավոր է, որ մի օր կանգնի ու ասի՝ «հիմի  դատավորը ե՛ս  եմ»:

Հրաժարվեք ժողովրդին ահ ու սարսափի մեջ պահելու, պատերազմի վերսկսվելու վտանգն ու կրակը թեժ պահելու ձեր ապրելաոճից: Ռումբերի մասին ձեր կեղծ ահազանգերը նախազգուշացման տպավորություն են թողնում, ասես անզորությունից պատրաստ եք անգամ երկիրը պայթեցնել, միայն թե՝ գա՛ք, ե՛տ  գաք, վերադառնա՜ք: Իսկ ձեր անուղեղ սպասարկուների՝ թշնամուն ուղղված «էստի համեցեք»-ներից մի պարզ հետևություն կարող ենք անել՝ ձեր շարքերում նաև ԹՄՈՒԿ ԲԵՐԴԻ տիրուհիներ կան: Այո՞:

Հ.Գ.- 1. Մինչ հոդվածը կուղարկեի հրապարակման, երկիրս ռազմադաշտի վերածվեց:  Ինչպե՞ս չվերապրես 1-2 ոչնչությունների՝ թուրք-ազերիներին ուղղված «էստի համեցեք»-ները: Մեկն իրեն Ալիևի դերում էր արդեն տեսնում, որն ընդամենը 3 օրում կարող էր լուծել տնտեսապես հյուծված, կորոնավիրուսի ճանկերում գալարվող Հայաստանի հարցերը, մի նորաթուխ լրբուհի էլ կատաղած դեմք ու հայացքով թուրքիային հուշում էր Հայաստանի հարցում Սիրիայի տարբերակը կիրառել՝ մի շաբաթ և վերջ:

Հավատացին, թուրք ազերիները հավատացին, որովհետև արտաքին թուրքը վստահում է մեր ներքի՛ն թուրքերին:

Արտաքի՛ն թշնամու դեմ զորեղ Բանակ ունենք: Բանակը կասեցրեց թշնամու ներխուժումը, դիրքեր ազատագրեց: Ազգադավները զայրացան, նրանք նոր իշխանությունների հաղթանակներն, իրո՛ք, չեն ներում, և Հայաստանի ներսում Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմը դեռ շարունակվում է: Վայրահաչ ոհմակը լծվել է երեք ճակատով պատերազմող Հայաստանի դեմ նոր թշնամի, թշնամական  նոր երկիր ձևավորելու գործընթացին:

Մեր ողջ պատմության ընթացքում վասալների պակաս չենք ունեցել, օտարների փեշերից կախված ստրկամիտների պակաս չենք ունեցել, մեր երկիրն ու պետությունը ստորադասողների պակաս չենք ունեցել, մեր ներսը ջլատողների պակաս չենք ունեցել, մեր երկիրը օտարների ոտքերի տակ փռողների պակաս չենք ունեցել:

21-րդ դարում ենք արդեն, բայց մենք հազարամյակների պատմություն ունենք, չունե՞նք իրավունք՝ ինքնություն ունենալու, մեր դարավոր քիչ թե շատ բարեկամ երկրի՝ Ռուսաստանի հետ գոնե մի՜ քիչ  իրավահավասար բարեկամություն հաստատելու:

Հայ ժողովուրդը, ժողովրդավար իշխանությունը երբեք չեն ունեցել և չեն ունենա հակառուսական տրամադրություններ կամ ռուսական ռազմաբազան չեղարկելու նպատակ: Բայց ազգադավները դեռ բարբաջում են՝ երկուստեք թշնամանք սերմանելու մարմաջով: Մանր, ճղճիմ արարածների հետ Մեծ տերությունը ի՞նչ է,  քաղաքական խաղե՞ր պիտի խաղա, հաշվի՞ պիտի նստի նրանց հետ, իրենց չարաբաստիկ իշխանությանը պիտի հարությու՞ն տա…:

Հ.Գ.-2. Մեր բզկտված ծովեծով Հայրենիքից մի ափաչափ Հայրենիք ենք փրկել: Չպահպանե՞նք, չպաշտպանե՞նք, չշենացնե՞նք: Հայրենիքի պաշտպան ու պահապան յուրաքանչյուր զինվոր բոլորիս զավակն է, յուրաքանչյուր զինվորի մահը բոլորիս կորուստն է, ցավը, ողբերգությունը: Նրանք բոլորը մեր ազգային հպարտությունն ու հերոսներն են:

 

Ժաննա Ղոչիկյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ