Նուշիկ Միքայելյան
Նուշիկ Միքայելյան

 

Իմ ծննդյան

օրից՝

մինչև 21

տարեկան,

ապրել եմ

Հալեպում:

21-ից՝ մինչ

օրս,

Երևանում եմ...

 

Երգել

սիրում էի,

սակայն

շատ

ավելի

լավ

գրում էի:

Բայց

քանի որ

ավելի վատ

երգում էի՝

քան գրում,

ավարտեցի

Կոմիտասի

անվան

պետական

երաժշտանոցի

վոկալ

բաժինը:

 

Սակայն,

միևնույն է՝

մնացի գրող...

 

 

 

«Ձնհալ…». ՆՈՒՇԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

Սեզա՛րա Էվորայի հանգիստ, տաք ավազի նման հոսող երգերը, իրար ետևից հնչում էին նրա բնակարանից, որի շքամուտքի դուռը թեպետ երկաթյա էր, իսկ տան պատերը՝ հաստ ու քարե, սակայն շենքի մեռելային լռության մեջ անհարմարություն ստեղծելու աստիճան բարձր էին հնչում և արժանանում շենքի սգավոր բնակիչների կշտամբանքին և արցունքների միջից երգերի ուղղությամբ նայող՝ սուր, քննադատական հայացքներին...

Բարձրահարկ բնակարանային այս շենքում միանգամից չորս թաղման արարողություն էր ընթանում այսօր, և թեպետ բոլոր բնակիչներն էլ նրան՝ Իզային հարգանքով էին վերաբերվում իր մենակյաց, համեստ ու շեշտված զուսպ բնավորության համար, սակայն այսօր, երբ ամենաշատն էր պետք լռել ու զուսպ լինել, միակ աղմկողը նա էր շենքում, որտեղ չէր դադարում այցելուների և ցավակցողների հոսքը՝ հատկապես վերջին պատերազմի ընթացքին զոհված երկու երիտասարդ զինվորների ընտանիքների ուղղությամբ։

Իզան անմիջապես գուգլ արեց Սեզարա Էվորայի անունը, ընդամենը հասկանալու համար, թե որտեղ էր ծնվել ու ապրել նա՝ այդ անհունորեն հանգիստ, և կապույտ ու ջերմ ալիքների նման հոգի մեղմացնող երգչուհին, որի ձայնն ասես մոր պես գրկում էր Իզայի մեջքն ու բարձրացնում մարմինը օդ՝ անվերջ պտտեցնելով նրան...

Դռան զանգն էր։

Իզան դանդաղ մոտեցավ դռանն ու արագ բացեց այն, հասկանալով, որ ինչ-որ մեկը սխալմամբ է իր դուռը թակել։ Նա սովոր չէր այցելուներ ունենալ և իր տան հատակը միայն իր ոտքերին էր քսվել։

Դանիել հոպարն էր։ Ամբողջ շենքն էր նրան հոպար կանչում, թեպետ նա զավակներ չուներ, բայց իր հարազատ քրոջ զոհված որդուն սիրում էր զավակից ավելի։

- Իզա ջան... Մեռնեմ քեզ... Սուգը անցնի՝ ինչքան ուզում ես լսի բալես...

Իզան քառասունն անց կին էր, Դանիել հոպարն էլ հազիվ վաթսուն կլիներ, բայց անկախ տարիքից՝ բոլորին «բալես» էր ասում և դա ընդունվում էր բոլորի կողմից՝ առանց որևէ տարօրինակության։

Իզան տակնուվրա չեղավ և առանձնապես չպատասխանեց Դանիել հոպարի խնդրանքին, ով կնճռոտած, մեղմ հայացքով սպասում էր դռան մոտ, որ Իզան գոնե մի բան կասի կամ ներողություն խնդրելով կվազի դեպի հեռուստացույցն ու կանջատի ձայնը։

- Հոպար ջան, մի րոպեով ներս արի՝ բան ցույց տամ,- անսպասելի ասեց Իզան։

- Տանը լիքը մարդ է...Աստղիկը խելագարվելու շեմին...Երեխու դին ինչ բերել են՝ երեխուց ավելի է փոքրացել մարմնով... Ոսկոր է... Թևը բռնած՝ նստում եմ կողքը, որ ձեռից չգնա... Բալա ջան... Ես գնամ՝ դու մի քիչ ձենն իջացնես՝ գոհ ու շնորհակալ կլինեմ։

- Հոպար, Աստղիկին թող իր երեխու հետ... Թո՛ղ մի քիչ... Ինչքան թև տաս՝ էնքան կօգնես, որ փլվի... Մի հարց տամ՝ հետո գնա... Մի՜ հարց...

Դանիել հոպարը երևի հասկացավ, որ ավելի արագ կկարողանար հեռանալ, եթե համաձայներ ներս մտնել ու լսել հարցը. ուստի մտավ և հարցական նայեց Իզային, ով նրա ձեռքից բռնած՝ բերեց ու կանգնեցրեց հեռուստացույցի դիմաց, որի էկրանից այդ բոբիկ ու գիրուկ կինը շարունակում էր երգել։

- Ո՞ւր ծնված կլինի...,- հնչեց Իզայի անակնկալ հարցը։

- Դե, երևի Ամերիկա, է՛լի...- արագ պատասխանեց Դանիել հոպարն ու թույլտվություն հայցող աչքերն ուղղեց դեպի Իզան, հետո՝ դուռը։

- Չէ... Ծնվել է մի կղզում, որը ջրից բացի ոչնչով շրջապատված չէր... Մի քանի տասնյակ հազար բնակչության ճնշող մեծամասնությունը՝ երաժիշտներ... Որբացել է յոթ տարեկանից և մեծացել որբանոցում...Նրան հիմա լսում են ամբողջ աշխարհում՝ միլիոնավոր մարդիկ... Նրա անունով օդանավակայան կա... Բայց դա՜ չէ կարևորը, Դանիել հոպար... Նրա երգի մեջ որտեղի՜ց այսքան հանգստություն... Հըմ՞… Եվ նա երգում է շատ տխուր մարդկանց, տառապող երեխաների մասին, սիրո և ցավի մասին... Եվ ժպտում է...  Եվ հանգստացնում իր երգով... Եվ գրկում մոր պես... Եվ ... ուզում ես պարել... Պտտվել օդում ու կյանքից բացի ուրիշ ոչնչի՛ մասին չմտածել...

Ո՜նց կերազեի հայտնվել այդ կղզում՝ որին ջրերից բացի ոչինչ չի շրջապատում և որտեղ, ասում են՝ անհամար ծիծեռնակներ կան...,- երեխայի երազկոտ հայացքով ասեց և խոնավ աչքերը տխուր փայլեցին...

- Գնա՞նք,- շփոթված ասեց Դանիել հոպարը...

- Կներես, հոպար ջան... Դուք գնացեք... Ես հետո... Հիմա կանջատեմ ձայնը... Ներող եղեք...

Դանիել հոպարն արդեն չկար. հասցրել էր արագ դուրս գալ բազմաբնակարան այս շենքի միակ կղզուց, որտեղ Իզան էր ապրում իր հազարավոր ծիծեռնակների հետ և մեռնելո՛ւ չափ ապրել ուզում...

Լռության ձայնը տարածվեց շենքում... Հնչեց դուդուկի տխուր, տխուր, անվերջ հնչյունը՝ խառնված կանանց հառաչանքներին... Եվ կոշիկների շարժումը լսվեց և մարդիկ՝ դանդաղ, ծանր, սկսեցին շենքի աստիճաններից իջնել ցած՝ որտեղից պետք է ուղղվեին դեպի հայտնի բարձունքը, հուղարկավորելու նրանց, որոնք տարօրինակ հանգստությամբ փակել էին իրենց աչքերը։

Պանթեոնում, հազարավոր ծաղկեթմբերի միջով, զգուշորեն քայլում էին հազարավոր, սևազգեստ մարդիկ... Խնկի ծուխը խառնվում էր մարդկանց շնչին, որոնք ծանր վերարկուների մեջ փաթաթված՝ ճերմակ-ճերմակ գերեզմանատանը սև-սև բազմակետեր էին դառնում...

Իզան, ով բոլորից առաջ էր հասել գերեզմանատուն ամեն օրվա պես, մոխրագույն վերարկուն հագին՝ բրդե ճերմակ շալը ուսերին, նույն պաղ ու մրսող աչքերով, ձյան հավաքված կույտերն էր բահով փխրեցնում, ապա ավլում էր, ավլում, փորձելով չխառնվել թափորին...

Դանիել հոպարն Աստղիկի թևից մտած՝ ոտքերին՝ հազարավոր երկաթե շղթաներ ասես, հատիկ-հատիկ մոտենում էր փոսին, երբ քիչ հեռվում նկատեց Իզային՝ ձյուն մաքրելիս...

Իզան պտտվեց դեպի թափորը ու նրանց հայացքները հանդիպեցին մի պահ...Դանիել հոպարը չգիտեր, որ հարևան Իզան հենց այս պանթեոնում է աշխատում...

Զինվորին՝ վերջին անգամ նայեցին բոլոր հավաքվածները...

Աստղիկի փլվող ճիչը ոչ ոք չլսեց...

Դանիել հոպարն ակամա՝ աչքերն ուղղեց երկինք, որտեղ ծիծեռնակներ չկային...

Իզան շարունակեց մաքրել ձյունն այնպես, կարծես հենց իրենից էր կախված գարնան գալուստը... Կարծես հենց ի՛նքն էր արևի տերը...Կարծես հենց ի՛նքն էր ծիծեռնակներին թաքցրել վերարկուի տակ...

Ու մրմրթաց քթի տակ մի ծանոթ երգ, որն իր ճերմակ շալից էլ տաք՝ գրկեց ուսերն ու օգնեց սիրել... Սիրել սառը, սա՜ռը ձմեռվա հալվող գույնը։

2020 թ.

 

Նուշիկ Միքայելյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ