«ՀԱՅԵՐ»-ի
հիմնադիր,
գլխավոր խմբագիր
Ժուռնալիստիկան
համարում է
սեփական
«ստորագրության
պատվի»
մասնագիտություն:
Հավատացած է, որ
«Հորինել
պետք չէ՝ ոչ
երկիր, ոչ
պետություն,
ոչ էլ
կենսագրություն:
Պատասխանատվությունն
ըստ ապրված
կյանքի է
լինելու:
Ոչ թե ըստ
հորինվածի»:
Իսկ անքննելի
այս սահմանումը
հեղինակել է իր
ամենաժուռնալիստ
ընկերը՝ Այդին
Մորիկյանը:
«Է՜, Հանրային, Հանրային...». ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հանրայինին անդրադառնալ, անկեղծ ասած, չէի ուզում:
Տարիներ շարունակ անդրադարձել եմ: Անդրադարձել են իմ շա՜տ գործընկերներ: Հանրայինի մասին շա՜տ ավելի խորքային է խոսվել: Շա՜տ ավելի հիմնավոր վերլուծություններ են արվել: Ի վերջո, շա՜տ ավելի անթույլատրելի, ոչ պրոֆեսիոնալ երևույթներ են արձանագրվել Հանրայինում, քան, նույնիսկ, վարչապետի ուղերձի հետ կապվածն է՝ սկսած պրոֆեսիոնալ ռեսուրսի փոշիացումից, տեխնիկական հագեցվածության խնդիրներից, կառավարման մոտեցումներից մինչև լուրերի տաղավարը հիմնական շենքից հանելն ու «ոտքի տակ» հարմարեցնելը և այլն:
Եվ ի՞նչ: Ոչինչ:
Ազդանշանի խնդրի հետ կապված, ընդհանուր առմամբ, վարչապետի մամուլի քարտուղարը սխալ չի արտահայտվել: Գործ ունենք ոչ պրոֆեսիոնալ մոտեցումների, պրոֆեսիոնալիզմի բացակայության, թափթփված աշխատելաոճի, գործից անտեղյակների ու նման բաների հետ:
Բայց արդարությունը պահանջում է ասել, որ վարչապետի մամուլի քարտուղարի ու վարչապետի մեդիա պատասխանատուների մասով նույնպես ու նույնքան գործ ունենք ոչ պրոֆեսիոնալ մոտեցումների, պրոֆեսիոնալիզմի բացակայության, թափթփված աշխատելաոճի, գործից անտեղյակների ու նման բաների հետ:
Եթե վարչապետի մամուլի քարտուղարը տիրապետում էր այն ամենին, ինչի մասին մանրամասն գրել է, ուրեմն ինչո՞ւ չի եղել իր պարտականությունների կատարման բարձրակետում:
Մյուս կողմից՝ ուղիղ հեռարձակման պատասխանատուն ասում է. «…Անձամբ եմ տեխնիկական տեսաազդանշանից առաջ ասել․ «Մենք Rec ենք»։ Սա նշանակում է, որ վարչապետը պետք է անհապաղ տեղեկացվեր այս մասին։ Ես ինքս կարող էի հուշել վարչապետին, բայց, ինչպես նշեցի, ես այդ խմբի անդամն եմ եղել՝ տեխնիկական ապահովման տեսանկյունից։ Ո՞վ պետք է ՀՀ վարչապետին ի պաշտոնե տեղեկացներ եթերում լինելու մասին։ Իմ պրոֆեսիոնալիզմը ինձ թույլ չի տալիս ստանձնել ուրիշի աշխատանքային պարտականությունները…»։
Իսկ գուցե «Մենք Rec ենք» ասելուց առա՞ջ «վարչապետը պետք է անհապաղ տեղեկացվեր», ոչ թե «Մենք Rec ենք» ասելուց հետո:
Եվ այն տրամաբանությունը, որ ես անում եմ իմ գործը, դու էլ քոնն արա, ու եթե դու չես անում, ինձ հետաքրքիր չէ վարչապետի կամ երկրի հեղինակությունը ու սա բացատրվում է անգամ պրոֆեսիոնալիզմով, խոսում է այն մասին, որ պրոֆեսիոնալիզմը միայն «rec»-ի տեղն իմանալը չէ:
Հեռուստատեսությունը միշտ եղել է այն պրոֆեսիոնալների տեղը, որոնք պատրաստ են եղել անձը զոհել՝ հանուն հեռուստատեսային գրված ու չգրված օրենքների պահպանման: Հեռուստատեսության իսկական պրոֆեսիոնալի պատիվը սպայի պատվին համարժեք է: Եթե հեռուստատեսության ներկայացուցչին առավել հետաքրքրեր հեռուստատեսության հեղինակությունը, նույնիսկ՝ ոչ վարչապետինը, «կիքսը» չէր լինի:
Վստահ եմ, որ ուղիղ հեռարձակման պատասխանատու երիտասարդն իր գործին տիրապետում է, բայց ակնհայտ է, որ չկա հեռուստատեսություն երևույթի, հասկացության գիտակցումը: Հեռուստատեսային սպայի պատիվը: Իմ ընկալումն այդպիսին է, համենայնդեպս, և դա, ասեմ, այդ երիտասարդի «մեղքը» չէ:
Սակայն մի կողմ թողնենք ուղերձի ազդանշանի հանգամանքը:
Իսկ ո՞վ է վարչապետին, ընդհանրապես, խորհուրդ տվել նկարահանվել աղջամուղջի ֆոնին, իմանալով (թե՞ չիմանալով), որ սև ֆոն է լինելու վարչապետի թիկունքում, որ այդ սև ֆոնն այնուհետև screenshot-ի տեսքով որպես լուսանկար մնալու է պատմության մեջ:
Ո՞վ չի հասկացել, որ հրապարակի ժամացույցի զանգերը «մտնելու» են վարչապետի ուղերձի մեջ:
Ո՞վ է այնպիսի «լույս դրել» վարչապետի վրա, որ աչքերը կկոցվում են՝ մանավանդ, որ դրան գումարվում է նաև «սուֆլյորի» հանգամանքը:
Ո՞վ է այդպիսի «դիսկոմֆորտ» առաջացրել վարչապետի համար: Մի մարդու, որը վարժ հռետորական խոսքի ու հանրության առաջ խոսելու խնդիր չունի: Ո՞վ չի «հաշվարկել» ուղիղ եթերի փիլիսոփայությունը: Եվ ո՞րն է պատճառը, իմաստը, նպատակը, մոտիվը վարչապետին նման անհարմար դրության մեջ դնելու: Հռոմի պապից ավելի «կրեածիվ» լինելու պաթոլոգիա՞ն:
Եվ, առհասարակ, ո՞վ է վարչապետի ուղերձների համար ամեն անգամ մի նոր «կրեածիվ» ֆոն ընտրում, երբ վարչապետի ուղերձները պետք է լինեն Հայաստանի դրոշի ու զինանշանի «ֆոն»-ին: Ձեզ թվում է Սպիտակ տանը մի սենյակ չկա՞, որի պատուհաններից ամերիկյան աղջամուղջն է երևում, իսկ «ոչ պրոֆեսիոնալ» ու «ոչ կրեածիվ» ամերիկացի «տելեվիզյոնշիկներն» ու նախագահի գրասենյակը անհիշելի ժամանակներից նախագահին նկարահանում են նույն տեղում, նույն «ֆոն»-ին: Նույնիսկ՝ նույն գույնի փողկապով:
Նոր տարիներին մի կերպ դիմացել ենք երկրի ղեկավարների գլամուրային տոնածառներին ու սենյակների «պաստանովըչնի» կադրերին, որ հիմա էլ ուղերձների «պաստանովըչնիներ» անե՞ք:
Ի դեպ, մի փոքրիկ «սպռավչկա»: Գիտե՞ք, որ կանգնած խոսելը դժվար է, որովհետև ձեռքերը չեն ունենում հենման կետ: Կանգնած խոսելիս, սովորաբար մարդը չի կողմնորոշվում, թե ինչ անի իր ձեռքերի հետ: Գիտե՞ք, ամբիոնները, որ դնում են կանգնած խոսողների առաջ, նաև հենման կետի համար են: Ձեռքերի տիրապետման արվեստին, սովորաբար տիրապետում են պրոֆեսիոնալ դերասանները, պրոֆեսիոնալ հաղորդավարները, հեռուստատեսության պրոֆեսիոնալ մարդիկ, բայց ոչ երբեք «սովորական մահկանացուները»: Առավել ևս, այդ դիրքը՝ ուղիղ կանգնած տեսախցիկների առաջ, երկրի ղեկավարի համար բարդ դիրք է, որովհետև այդ ամբողջ եթերային լարվածությանը գումարվում է ասելիքի, պատասխանատվության ենթադրյալ լարվածությունը: Իսկ եթերային լարվածությունը նույնիսկ «հազար տարվա» պրոֆեսիոնալներին է հատուկ:
Ու, ընդհանրապես, ձեռքերի խնդիրը հեռուստատեսային արվեստի մաս է: Ինչո՞ւ այս «մանրուքները» չեն հասկացվում, եթե պրոֆեսիոնալներ են:
Ճիշտ այնպես, ինչպես հեռուստադիտողը չի հավատում երգեցիկ արտասանությամբ հաղորդավար աղջնակների հաղորդած լուրերին, (գիտեք ամերիկաներում ու անգլիաներում չկա՞ն աղջնակ հաղորդավարներ, որ ուզում են եթեր դուրս գալ), որովհետև լուրերի ընթերցումը հեռուստատեսությունում որոշակի տարիք է պահանջում, այնպես էլ չի ընկալում երկրի ղեկավարի այդտեսակ ուղերձը: Ճիշտ այնպես, ինչպես չեն ընկալվում հեռուստադիտողին չնայող հարցազրույց տվողները, մոնտաժային «թիթիզությունները» և այլն:
Աղմուկը կանցնի: Գուցե՝ նաև անցել է: Կարևոր է, սակայն, հասկանանք, ի վերջո, որ հեռուստատեսությունը արժեհամակարգ է: Այն հեռուստատեսությունը, որը տարիներով վարժվել է «աստղիկների» հետ աշխատելուն, ամեն ինչ դիտարկում է այդ տեսանկյունից: Այն հեռուստատեսությունը, որտեղ գերիշխում է թատրոնը (ամեն օր ցույց տալ ախտահանվող տաղավարները, անընդհատ ընդգծել «ատրիբուծիկան», հաղորդավարի սեղանի բաժակի գույնը «բռնացնել» շորի հետ և այլն), այդ թատրոնը գերադասում է բովանդակությունից: Արժեհամակարգը նախևառաջ բովանդակությունն է: Հենց բովանդակությունը: Այո, բաժակի գույնը շորի հետ «բռնացնելը» թերևս կարևոր է հեռուստատեսությունում, բայց դա չի կարող գերիշխել բովանդակության վրա:
Հեռուստատեսությունը խելահեղ մի աշխարհ է ու հեռուստատեսությունում հնարավոր է ցանկացած «կիքս»՝ այդ թվում և վարչապետի հետ: Մանավանդ՝ ուղիղ եթերում: Մանավանդ այն հեռուստատեսությունում, որն այնքա՜ն էր հրաժարվել ուղիղ եթերից, որ մոռացել էր հեռուստատեսության այդ հիմնական գործառույթը՝ իր պրոֆեսիոնալ ու ռեսուրսային բոլոր դրսևորումներով: Այն հեռուստատեսությունից, որն ուղիղ եթերի հետ կապված ոչ հեռուստատեսային հնարքներով է աշխատում: (Չմանրամասնեմ: Տեղյակները տեղյակ են):
Այլ բան է երկուստեք պատասխանատուների պատասխանատվություն կրելու ու կամավոր պատասխանատվություն ստանձնելու բարոյականությունը:
Առավել կարևորը, այնուհանդերձ, մնում է արժեհամակարգի խնդիրը: Հանրայինը շարունակում է այլ արժեհամակարգի կրող լինել: Առերևույթ փոփոխություններն այսօրվա Հանրայինում պարտադրված են և ոչ թե ներքին համոզմունք են ու կենսակերպ: Որովհետև, այո՝ «Մշակույթը ապրելու կերպ է, ոչ թե կյանքի զարդարանք…»: Իհարկե՝ Հրանտ Մաթևոսյան: Իսկ հեռուստատեսությունը ռազմավարական գործիք է՝ սկսած տաղավարների, ստուդիաների բաշխման սխեմաներից մինչև եթերային քաղաքականություն ու եթերացանց:
Հ.Գ. Եվ, այնուամենայնիվ, հիշեք, որ ստորների տեղեկատվական պատերազմը շարունակվում է ու մեդիագրագիտության թույլ իմունիտետով հասարակությունն այդ պատերազմում հաղթել-պարտվելու մարտահրավերի առջև է: Բայց առայժմ այդ մարտահրավերը կասեցվում է միմիայն քաղաքական իշխանության բարձր լեգիտիմությամբ ու հասարակության կողմից սիրված վարչապետի հանգամանքով: Բայց՝ առայժմ: Իսկ ստորների թիրախը հենց «առայժմ»-ն է:
Ի դեպ, այդ ախմախ հոլովակը նույնպես արժեհամակարգային դրսևորում է: Թաթուլը մատնում է այն ստեղծողներին:
Հ.Գ. Եվ վերջում՝ ГЦП-ն Հանրայինի պատից կախելը լավ է, թե վատ՝ չգիտեմ, որովհետև հեռուստատեսությունը թանգարան չէ ու «օֆիս» չէ նախևառաջ, բայց մեկ-մեկ պետք է օգտագործել: Վարչապետին էլ պետք է շատ ուշադիր լսել, քանի որ նա աշխատում է բոլորի փոխարեն, նույնիսկ՝ «տելեվիզյոնշիկների» ու կառավարության նիստերին բացատրում է երբեմն, թե ինչպես հանրությանը տեղեկացնել այն ամենի մասին, ինչ կատարվում է Հայաստանում: Ի դեպ, Հանրայինի բազմահազար հեռուստադիտողները կարո՞ղ են Հանրայինից տեղեկանալ, թե կառավարության 14 ծրագրերից ե՞րբ, ինչպե՞ս, ի՞նչ կերպ և այլն պետք է օգտվեն, բացի լուրերի կցկտուր ռեպորտաժներից:
Արայիկ Մանուկյան