Վարդգես Դավթյան
Վարդգես Դավթյան

 

Ծնվել և 40 տարի

ապրել է Երևանում:

 

Մասնագիտու-

թյամբ հոգեբույժ է:

 

Գրել է

առաջին

անգամ

հայոց լեզվով

«Հոգեբուժություն»

դասագիրքը:

 

2000-ին

տեղափոխվել է

ԱՄՆ՝

շարունակելու

իր գիտական,

հետազոտական

և գրական

գործունեությունը:

 

 

«Էդմոն Ավետյանի «մեղքը» և ...». ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆ

 

Ապագա բժիշկներին խորհուրդ եմ տալիս` ովքեր ընտրելու են հոգեբույժի բարդ ու հետաքրքիր մասնագիտությունը, չսպասեն մինչև համալսարանն ավարտեն, դիպլոմ ստանան, այլ իրենց ճանապարհը սկսեն առաջին աստիճանից՝ հոգեբուժարանի սանիտարի, ապա բուժակի պաշտոններից:

Այն ամենը, ինչ կարող եք տեսնել և սովորել կրտսեր ու միջին բուժաշխատողի դերում, հնարավոր է և չտեսնեք ու չիմանաք արդեն հոգեբույժ աշխատելիս:

Ինչո՞ւ: Թեկուզ այն պատճառով, որ 24 ժամ աշխատում եք հիվանդների միջավայրում, հնարավորություն ունենալով անմիջականորեն հետևել նրանց հոգեվիճակի փոփոխությանը, վարքագծին, արարքներին, ինչպես նաև՝ մարդկային անհատականության նրբություններին:

Այդ փորձառությունն ու իմացությունն ինձ շատ օգնեցին հետագայում, բժշկական գործունեությանս մեջ:

Նորքի կլինիկայում փորձառու սանիտարներ ունեինք, որոնք այնքան էին հմտացել, որ կարող էին գուշակել, թե, ասենք, տվյալ հիվանդը ինչ հնարավոր քայլեր կարող է անել՝ իրեն վնասելու համար: Կային բուժքույրեր, որոնք կարողանում էին ճշգրիտ բացատրել, թե կոնկրետ հիվանդի տվյալ հոգեվիճակին ինչպիսի այլ հոգեվիճակ կարող է հաջորդել:

1983 թվականի գարնանն էր:

Մի կիրակի, հերթապահության գնալով, տեսա սանիտար Արմոյին, որը շատ աղմկոտ, բայց շատ բարի սրտի տեր մարդ էր: Հերթափոխը հանձնելով, ասաց. «Հրեն մի նոր հիվանդ են բերել, բայց մի ձևի՝ հիվանդի նման չի, մի ծտի փայ ա ուտում, մի հանգի գրքեր ա կարդում, պապիրոս քաշում... Ասում են պրոֆեսոր ա՝ վերի հարկը քրեհով տված: Սովետի վրա զադ-մադ ա ասել, պիրել (բերել), փակել են...»:

Բուժկաբինետ մտնելով, առաջին գործս գրանցման մատյանը զննելն էր:

Գրված էր. «Էդմոնդ Ավետյան, 54 տարեկան, հարկադիր բուժում, խիստ հսկողություն»:

Հարկադիր բուժում նշանակում էին դատարանի որոշմամբ այն անձանց նկատմամբ, որոնք հանցագործություն էին կատարել հիվանդագին հոգեվիճակում՝ ի վիճակի չլինելով իրենց հաշիվ տալ կատարած արարքի համար:

Էդմոն Ավետյանին մեր կլինիկա էին տեղափոխել Սովետաշենի հիվանդանոցի դատա-հոգեբուժական փորձաքննության բաժանմունքից: Նորքի հիվանդանոցում անհամեմատ մեղմ ռեժիմ էր, բայց մի այլ պատճառ էլ կար. բաժանմունքի վարիչը՝ դոկտոր Եկատերինա Ավետյանը «հիվանդի», ազգականուհին էր, և ներքին կարգով կարգադրված էր Էդմոնդ Ավետյանին հոգեմետ դեղորայք չտալ: Քնելուց առաջ նրան ընդամենը վալերիանի կաթիլներ էինք տալիս:

Այսօրվա պես հիշում եմ այդ հետաքրքիր, արտաքնապես տարօրինակ մարդուն՝ նիհարակազմ, 60-ականների մոդայի սև, հաստ շրջանակ ունեցող ակնոցով, ինքնամփոփ, լռակյաց: Առավոտից երեկո խորասուզված էր ընթերցանության մեջ և գրեթե անընդմիջում ծխում էր՝ մի սիգարեթը մյուսից վառելով:

Հոգեբուժական բաժանմունքի հիվանդասենյակների դռները սովորաբար հանված են լինում, մինչդեռ Էդմոն Ավետյանին տրամադրել էին առանձին սենյակ, դռներով: Նա չէր սիրում ճաշել հիվանդների հետ ընդհանուր ճաշարանում, ուստի նրա ուտելիքը տանում էինք նրա սենյակը:

Իսկ ի՞նչ «մեղք» էր գործել, ի՞նչ «հանցագործություն» էր կատարել:

20-21 տարեկան ջահել էի, շատ չէի հասկանում այն միջավայրի ահավորությունը և այն ձախորդությունները, որ բաժին էին հասել այդ տաղանդավոր, մի ողջ դարաշրջանի խոցերը մերկացրած մարդուն:

Էդմոն Ավետյանի «մեղքն» այն էր, որ նրա մոտ հայտնաբերել էին այլախոհ գրող Սոլժենիցինի նամակները և արգելված գրականություն (Սովետական երկրում կար նման անհեթեթ կատեգորիա՝ «արգելված գրականություն»: Իսկ ՊԱԿ-ի գործակալները, որոնք աշխատում էին նույն հիմնարկներում, որտեղ և նա, հաղորդել էին, որ Ավետյանն «անպարկեշտ» ոտանավորներ է ասում Կոմունիստական կուսակցության հասցեին: Անպարկեշտն էլ այն էր, որ «Ռոմեո և Ջուլիետի» վերջին երկու տողը ձևափոխել՝ դարձրել էր. «...Քանզի չի եղել լուսնի տակ երբեք մի ողբ այնքան խոր, Որքան Կենտկոմի վեպը սըգավոր...»:

Այն ժամանակ մենք շատ բան չգիտեինք այլախոհական շարժման մասին: Չգիտեինք, որ կար խրոխտ, անհնազանդ մտավորականության մի շերտ, որը չէր ընդունում տոտալիտար գաղափարախոսության դոգմաները, որն ավել կամ նվազ ակտիվությամբ հանդես էր գալիս Սովետի կեղծ ճշմարտությունների և վարած ագրեսիվ քաղաքականության դեմ: Նրանց մի մասին տնային կալանքի տակ էին պահում (ինչպես՝ Սախարովին), մի մասին արտաքսում էին երկրից (ինչպես՝ Ալեքսանդր Զինովևին, մյուսներին), ոմանց էլ փակում էին հոգեբուժարաններում (ինչպես, ասենք, Վլադիմիր Բուկովսկուն):

Իմ խնդիրը չէ պարզաբանել, թե մեր ինքնատիպ այլախոհ Էդմոնդ Ավետյանի մոտ կայի՞ն արդյոք բնավորության կամ անձի արտառոց, հիվանդագին որակներ: Ի դեպ, ավելի ուշ, փնտրեցի նրա «Հիվանդության պատմագիրը», բայց չհաջողվեց գտնել. հավանաբար, կամ ոչնչացրել էին, կամ էլ գրավել անվտանգության մարմինների կողմից: Ես հիմա չեմ կարող պատասխանել այդ հարցին (դա էական էլ չէ), բայց կարող եմ ասել, որ Էդմոն Ավետյանը մեր իրականության բարձր ու սակավագյուտ ինտելեկտուալներից մեկն էր, որն իր կյանքի փիլիսոփայությամբ ընդվզել էր հզոր տոտալ-պրոպագանդայի մեքենայի դեմ: Իսկ դա ավելի մեծ «մեղք» էր համարվում, քան թալանը կամ մարդասպանությունը:

Օսկար Ուայլդը մի հեքիաթ ունի հազարոտնուկի մասին: Երբ մեկը նրան հարցնում է, թե առաջ ո՞ր ոտքդ ես դնում, հազարոտնուկը մտածում է, մտածում, ու հանկարծ կորցնում է քայլելու ունակությունը: Ահա, Էդմոնդ Ավետյանի (և մյուսների) «մեղքն» էլ «ընդամենն» այն էր, որ հանդգնություն էր ունեցել «տոտալիտար հազարոտնուկին» ուղղելու նույն հարցը:

 

Վարդգես Դավթյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ